Այս շաբաթ Ազգային ժողովում Հանրային հեռուստատեսության հաշվետվության ժամանակ ընդդիմադիր գործիչները բողոքում էին, որ իրենց Հ1-ի եթեր չեն կանչում: Այդ խնդիրն, իհարկե, կա, բայց այնքան սուր չի դրված, որքան 10-15 տարի առաջ: Վստահ եմ, որ ինչ-որ սահմանափակումներ կան, բայց դրանք առաջվա պես խիստ եւ իմպերատիվ չեն: Իսկ եթե համեմատենք այսօրվա եւ քոչարյանական «Հայլուրը», ապա դժվար չէ նկատել, որ այն ժամանակ ընդդիմության հասցեին վայրահաչում էին, իսկ այսօր պարզապես ձայն չեն հանում: Դա էլ, իհարկե, ճիշտ մոտեցում չէ, բայց որոշակի առաջընթացն ակնհայտ է: Ի դեպ, այսօր էլ երկրորդ նախագահին համակրող կայքերում կարելի է հանդիպել «այն» «Հայլուրը» հիշեցնող տեքստեր: Հետեւաբար՝ դա ոճ է, աշխարհընկալում, որը զգալի փոփոխություններ չի կրել:
Այդքանով հանդերձ կա օբյեկտիվ, կասեի նաեւ՝ ստեղծագործական խնդիր: Դասական «դեմ առ դեմ» տիպի հարցազրույցն, իմ կարծիքով, հնացած եւ բավականին ձանձրալի ֆորմատ է՝ չնայած թե՛ ես, թե՛ գործընկերներս շարունակում ենք այդ ֆորմատում աշխատել: Համենայնդեպս, Հայաստանում դա, ինձ թվում է, սպառված ժանր է: Բանն այն է, որ մեզանում նման քաղաքական շոուների «նյութը» խիստ սահմանափակ է: 131 պատգամավորից քիչ թե շատ հոդաբաշխ մտքեր կարող են արտահայտել 35-40-ը, մի այդքան էլ «արտախորհրդարանական» քաղաքական գործիչ կա, նույնքան՝ «քաղաքագետ» կամ մարդիկ, որոնք իրենց այդպես են կոչում: Այդ 120 հոգին ամեն օր պտտվում են մամուլի ակումբներում, կայքերում, թերթերում, եթերներում: Ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ այդ մարդիկ որեւէ թարմ կամ հետաքրքիր միտք կարտահայտեն:
Ես, օրինակ, նախօրոք գիտեմ, թե ինչ են նրանք ասելու, ում են ջախջախելու, ում են փառաբանելու: Երբ ես կանչում եմ ընդդիմադիրի, նա կես ժամում 135 անգամ արտասանում է «ժողովուրդ» բառը դրական համատեքստում (մենք՝ ժողովուրդս) եւ «Սերժ Սարգսյան»՝ բացասական համատեքստում: Եթե կանչեմ իշխանամետի, նա 40 անգամ կասի «մարդակենտրոն» եւ «բարեփոխված»: Ռուսամետը կպատմի, թե ինչ հրաշալի եւ ճշգրիտ հարվածներ են հասցրել ռուսները ահաբեկիչներին, իսկ ամերիկամետը՝ թե ինչ «սխալ տեղեր» են ընկնում ռուսական հրթիռները: Մեր նպատակն, իհարկե, ընթերցողներին կամ հեռուստադիտողներին գործիչների եւ փորձագետների տեսակետները փոխանցելն է: Բայց ես ենթադրում եմ, որ քաղաքականությամբ հետաքրքրվողներին այդ տեսակետները վաղուց արդեն հայտնի են: Դե, իսկ մնացածները նման հաղորդումներ չեն նայում եւ նման նյութեր չեն կարդում:
…ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերջերս գրել է, որ մեր քաղաքական մշակույթից պետք է վերանան ռուսամետները, ամերիկամետներն ու եվրոպամետները, հասարակությունը պետք է մերժի այն գործիչներին, որոնք այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի «պատրիոտներն» են: Կարծում եմ՝ դա անվիճելի է: Բայց առաջարկում եմ անել նաեւ հաջորդ քայլը ու մերժել առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների մոլեռանդ երկրպագուներին:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Մի բան էլ ես ասեմ.
Երբ «դեմ առ դեմ» հաղորդմանը հրավիրվում են Վ. Էնֆիաջյանն և Լ. Սարգսյանը, այսինքն միայն վերջերս Ս. Սարգսյանի ՛՛մսաղացով՛՛ անցածները, ապա այստեղ ձևաչափը որևէ մեղք չունի, պարզապես ՛՛հեռուստամթերքն՛՛ է սխալ ընտրված, կարծում եմ, այստեղ կարելի էր ՛՛քով-քովի՛՛, կամ թեկուզ ՛՛վեր-վերի՛՛ տարբերակն ընտրել, իսկ ինչ վերաբերում է առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների մոլեռանդ երկրպագուներին մերժելու գաղափարին, ապա դա, ըստ իս՝ թվացյալ արդարամտություն է, քանի որ ի տարբերություն երրորդի, առաջին երկուսը այսօր չունեն իրենց օգտին քվեարկող բանակ, ՛՛օտար՛՛ ընտրազանվածի դեմ գործող ոստիկանություն, անձնական օգտագործման ԱԱԾ, դատախազություն, դատական համակարգ և այլն, բացի այդ, ի տարբերություն իր նախորդների, երրորդն ունի ՛՛հոսքերից՛՛, այլ ո՛չ թե խոսքերից տպավորվող ՛՛ընտրազանգված՛՛:
Այնպես որ, ՛՛խփիր բոլորին, և և՛ արդարամիտ կերևաս, և շեֆի պատվերը կատարած կլինես՛՛ սկզբունք արդեն շատ է չարչրկված ը ըստ երևույթին երևակված:
Մի նվնվա, որ քո երկրի ինտելեկտուալ ռեսուրսը չափազանց փոքր է՝ թերթիդ էջերը լցնելու և խելքը գլխին հաղորդումներ արտադրելու համար։ Եթե ինքդ կարող ես արտադրել ավելի որակով հաղորդումներ, ինչու ես մնացել երկրում, որտեղ այդպիսի արտադրության համար՝ անհրաժեշտ ռեսուրսներ չկան?