Լրահոս
Օրվա լրահոսը

Այսուհետ կա դատարանի կողմից արտահայտված հստակ դիրքորոշում պայմանական վաղաժամկետ ազատման չափանիշների վերաբերյալ

Նոյեմբեր 11,2015 10:20

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու համակարգը (թե՛ գործող իրավակարգավորման և թե՛ գոյություն ունեցող պրակտիկայի առումով) ունի բազմաթիվ թերություններ, որոնց մասին արդեն տարիներ շարունակ խոսում են ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խմբի դիտորդները։

Վիճակագրությունը փաստում է, որ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված «անկախ» հանձնաժողովների գործունեության արդյունքում էականորեն կրճատվել է պայմանական վաղաժամկետ ազատվող դատապարտյալների թիվը, իսկ ազատման հարցում դրական կամ բացասական եզրակացություն տալու որևէ կանխատեսելի չափանիշ չի գործում:

Հաշվի առնելով տարիներ շարունակ բարձրացվող խնդրի արդիականությունը և հրատապությունը՝ դիտորդական Խմբի փաստաբան Տիգրան Սաֆարյանը ներգրավվեց մի շարք ռազմավարական դատավարություններում։ Դատապարտյալների շահերի պաշտպանության այս մեխանիզմը հնարավորություն է ընձեռնում դատարանում դրական արդյունքի դեպքում ունենալ դատական ակտ, որում որոշակի կերպով հստակություն կմտցվի պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում կիրառման ենթակա չափանիշների հարցում:

2015 թվականի օգոստոսի 28-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, ստանալով Անկախ հանձնաժողովի դրական որոշումը, միջնորդագիր էր ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Ս.Կ․-ին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015 թվականի սեպտեմբերի 18-ին բավարարել է քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը, և Ս.Կ․-ն ազատվել է հետագա պատիժը կրելուց: 2015 թվականի սեպտեմբերի 28-ին Արագածոտնի մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ՝ խնդրելով բեկանել այն և մերժել քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը, ինչը նշանակում է, որ դատախազության վերաքննիչ բողոքը դատարանի կողմից բավարարվելու դեպքում արդեն ազատության մեջ գտնվող դատապարտյալը պետք է վերադառնալ քրեակատարողական հիմնարկ։ Դիտորդական Խմբի փաստաբանը ներգրավվել էր այս գործում Ս.Կ․-ի շահերը պաշտպանելու Վերաքննիչ քրեական դատարանում:

2015 թվականի նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արագածոտնի մարզի դատախազություն բողոքը որով վերջինս խնդրում էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանել և մերժել քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը:

Հատկանշական է, որ դատախազության նման պրակտիկան՝ բողոքարկել դատարանի վաղաժամկետ ազատելու մասին որոշումները, բավականին տարածված է և լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Նման դեպքում ստացվում է, որ դատախազը, որը դատապարտյալին չի ճանաչում, վստահորեն կարծիք է հայտնում, որ դատապարտյալը դեռևս չի ուղղվել և պետք է շարունակի կրել պատիժը, և այս ամենն այն դեպքում, երբ դատապարտյալի հետ տարիներ աշխատող ՔԿՀ վարչակազմը, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած Անկախ հանձնաժողովը և դատարանը գտել են, որ դատապարտյալի հասարակության համար ռիսկայնության աստիճանը ցածր է, նա այլևս կարիք չունի կրել պատժի մնացած մասը։

Դիտորդական Խումբը ողջունում է դատարանի որոշումը, ընդգծելով այն փաստը, որ ընդհանուր իրավասության դատարանների համար այսուհետ կլինի բարձր դատարանի կողմից արտահայտված հստակ դիրքորոշում պայմանական վաղաժամկետ ազատման ներկայիս բարդ գործընթացում կիրառման ենթակա չափանիշների վերաբերյալ:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30