Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջապես եկել է դասեր քաղելու ժամանակը»

Օգոստոս 02,2016 14:43

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը համարում է, որ ծանր կորուստներ ունենալով հանդերձ` մենք պարտավոր ենք այս առիթն օգտագործել եւ պետության մեջ իրապես որակական փոփոխություններ անել:

– «Սասնա ծռերի» հանձնվելը, ներկայացված հիմնավորումները ինչպե՞ս եք մեկնաբանում: Տեսակետեր հնչեցին, որ դա նաեւ հուսահատ քայլ էր, ջլատված, անգամ դավաճանության որակումներ հնչեցին:

– Սկսեմ վերջինից: Նրանք, ովքեր նման որակումներ են տալիս, քաղաքական լյումպենացված պարազիտներ են, ովքեր ցանկանում են ուրիշների արյան վրա ձեռքեր տաքացնել: Չեմ կարծում, որ նրանցից որեւէ մեկը պատրաստ է Պավլիկի նման՝ իր տղայի հետ միասին, թեկուզ ամենանվիրական հայրենասիրական նպատակների համար, ինքնազոհության գնալ: Նրանցից ոմանք, անձնական ինչ-որ մանր հաշվարկներից ելնելով, այս տղաներին ընկալում էին որպես մոլեռանդ անձնասպաններ, որոնց մահով պետք է Հայաստանը վերածվեր քաոսի՝ ամենաանկանխատեսելի հետեւանքներով: Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում տղաներն արեցին միակ տրամաբանական քայլը:

Ինչ վերաբերում է ներկայացված հիմնավորումներին. ճանաչում եմ տղաներից մի քանիսին, ովքեր, ըստ էության, առաջնորդում էին այդ շարժումը, գնահատում եմ նրանց անկեղծ մղումները, ներդրումը Արցախի ազատագրական պայքարում, բայց երբեք չեմ կիսել նրանց հավաքական մարտավարությունը: Քաղաքական ուժը, քաղաքական գործիչը, իմ կարծիքով, պետք է ունենա ընդգծված նշաձող, որի դեպքում իշխանության դեմ կամ իշխանափոխության համար պայքարը պետք է չդառնա անուղղակիորեն պայքար պետության դեմ: Այլ խոսքով՝ պետք է պետությունն այդ պայքարի արդյունքում չթուլանա, այդ պայքարը պետք է նպաստի համազգային համաձայնությանը:

Օրինակ՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ընթացքում «Նախախորհրդարանի» որդեգրած մարտավարությունը կամ՝ համակարգից դուրս այլ համակարգեր ստեղծելով՝ իշխանափոխության կոչերը: Գուցե տղաները չընդունեն իմ մոտեցումը, բայց դա իմ համոզմունքն է: Միշտ դեմ եմ եղել անկայունություն ստեղծելու միջոցով պետության ներսում դրական փոփոխությունների ակնկալիքին, առավել եւս՝ զենքի ուղեկցությամբ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, եւ քաղաքական պայքարը պետք է տեղավորվի մեր օրերի տրամաբանության մեջ, պայքարի գործիքակազմն էլ պետք է համահունչ լինի ժամանակի շնչին:

– Տղաների` զենքերը վայր դնելուց հետո տարածած հայտարարության մեջ ԱԱԾ-ն «ահաբեկիչ» եզրույթն օգտագործեց՝ այն դեպքում, երբ այս օրերին բոլորը խուսափեցին նման որակումից: Սա արդեն ուղե՞րձ է:

– Հարցին կարելի է անդրադառնալ, երբ պետական համապատասխան կառույցները միասնաբար տան այս երեւույթի գնահատականը: Բայց համոզված եմ, որ գնահատական տալիս պետք է նկատի ունենալ, որ այդ «ահաբեկչությունը» հասարակության մեջ ունեցավ հազարավոր աջակիցներ: Հետեւաբար որակավորում տալու ժամանակ պետք է երեւույթի բովանդակային բաղադրիչը նկատի ունենալ եւ չընկնել անպայման իրավական եւ քաղաքագիտական դասական որակումներ գտնելու հետեւից: Մեր խնդիրն այսօր դա չէ:

– Եթե փորձենք վերլուծել իրավիճակը` սկսած ամսի 17-ից, «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ-ի գրավումից մինչ օրս, մինչ տղաների հանձնվելը, ըստ Ձեզ՝ որո՞նք էին այն հիմնական եզրահանգումները, որոնք պետք է անեն իշխանությունները:

– Կարեւորագույն հարցը, թերեւս, այս պահին դա է: Պետք է իսկապես այս ամենը տեսնել պատճառահետեւանքային կապի մեջ: Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան իմ էջում գրառել էի. «Կաթիլը քսաներկու տարի շարունակ պրկված անարդարությունների դեմ աղաղակող ճիչով, կոռուպցիայից, կաշառակերությունից ու ամենաթողությունից հաշմված ու բզկտված, համազգային ներուժով ձեռք բերված Արցախյան փառահեղ հաղթանակի արդյունքները փոշիացնելու դեմ հուսահատ պայքարով, մեր իսկ կողմից սեփական աչքերում մխրճված գերանը չտեսնելու և դրսերում մեղավորներ փնտրելու՝ անկյալին հատուկ կենսակերպ որդեգրած և, որ ամենակարևորն է, որպես այս ամենի հիմնական պատճառ՝ 95-ից սկսած և շարունակվող համապետական բոլոր ընտրությունները տոտալ կեղծելու ժողովրդական զայրույթն իր մեջ ամփոփած՝ կաթիլը դղրդոցով ծակեց քարը։ Քանի դեռ ուշ չէ՝ իրական և ժողովրդի կողմից ընդունելի փոխզիջումներով կասեցնել այս գահավիժումը։ Այլապես՝ կաթիլից գոյացած ճեղքը սպառնում է վերաճել ամենակուլ երախի՝ իր մեջ կլանելով մեր պետականությունը, իր հայրենիքում ապրելու՝ մեր երեխաների ապագան։ Հավատացեք, կաթիլը այլևս ծակել է քարը…»:

Ավելացնեմ միայն` ցավոք, ապրիլյան պատերազմից հետո մենք եւ առաջին հերթին՝ իշխանությունը չկարողացանք ճիշտ հետեւություններ անել: Կարծես թե ժողովուրդը լռելյայն, ինչքան էլ դժգոհ էր իշխանության քաղաքականությունից, ասաց` նոր իրավիճակ է, եկեք փոխենք խաղի կանոնները, հասկանանք, որ միասնական օրակարգով կարող ենք պետությանը նետված մարտահրավերներին դիմակայել: Ցավոք, դա դաս չեղավ մեզ եւ առաջին հերթին՝ իշխանության համար, եւ մենք կորցրեցինք այդ կարեւոր պահը: Չգիտեմ, գուցեեւ «Սասնա ծռերի» քայլը չլիներ, եթե մենք գործնականում ճիշտ հետեւություններ անեինք: Վերջապես եկել է դասեր քաղելու ժամանակը:

– Հիմա էլ նոր իրավիճակ է Հայաստանում: Իշխանությունը, նախագահը իր խոստացած հետեւությունները կանի՞:

– Կդժվարանամ ասել` կանի՞, թե՞ ոչ: Բայց կարծում եմ, որ իսկապես էլ նահանջելու տեղ չունենք: Իսկապես կաթոցը ծակել է քարը, եւ մեծ երախ է բացվել, որը եթե մենք չկարողանանք փակել, այն կուլ կտա մեր մնացած ամբողջը: Ուզում եմ հավատալ, որ իսկապես արմատական փոփոխություններ կարվեն, քարոզչականից զատ նաեւ՝ գործնական եւ տեսանելի:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլերով դրանք պետք է դրսեւորվեն:

– Չեմ կարծում, թե այսօր իշխանությանը, նախագահին եւ մյուսներին պարզ չէ ժողովրդի դժգոհության պատճառն ու հիմքերը: Ինձ համար անհասկանալի է, որ կառավարության անդամները կոռուպցիոներներին եւ մոնոպոլիստներին գտնելու համար դիմում են լրագրողներին: Ծիծաղելի է, զավեշտ… Էդ դեպքում ինչո՞ւ եք հայտնվել այդ կարեւորագույն օղակներում, եթե չգիտեք՝ Հայաստանում ով ով է, եւ չգիտեք՝ որն է ձեր իրավունքների սահմանները: Գնացեք հարցրեք Հայաստանում ամենահեռավոր գյուղի ռանչպար հողագործին. անուն առ անուն հասցեներով կմատնանշի նրանց:

Ամեն ինչ շատ տեսանելի եւ հստակ է: Միակ հարցը քաղաքական կամք ունենալն է: Եվ վերջ: Այս իրավիճակում այլընտրանք չկա, քան արմատական, հստակ քայլերով գնալ պատճառների վերացմանը:

Իրավիճակը պետք է դիտարկել պատճառահետեւանքային համակողմանի տրամաբանության շրջանակներում:

– Այս օրերի զարգացումները ցույց տվեցին նաեւ, որ քաղաքական ուժերն այլեւս ի զորու չեն սպասարկել հանրության սպասելիքներն ու շահը: Հետեւաբար ի՞նչ լուծումներ կան այս դաշտում:

– Գիտե՞ք ինչն էր հետաքրքիր այս ընթացքում` հարթակ բարձրացողները հիմնականում հարձակում էին գործում քաղաքական ամբողջ սպեկտրի, հատկապես՝ ընդդիմության վրա: Բայց բոլորն էլ նկատեցին՝ որեւէ մեկն իրավիճակից դուրս գալու քաղաքական հոդաբաշխ ծրագիր չառաջարկեց: Այսինքն՝ սա առիթ էր, որպեսզի ոմանք ներկայանային, հոխորտային, վիրավորեին բոլորին: Ինքնահաստատման ոչ գրագետ ճանապարհ էր: Հարթակը մնաց առանց քաղաքական ծրագրի եւ կարճ ժամանակ անց վերածվեց բեմի: Եվ վտանգն այն էր, որ այս պայքարը փորձում էին դարձնել արեւելումների, արտաքին կողմնորոշումների պայքար: Ինձ համար միեւնույն է` դա կլինի հակառուսական, թե հակաամերիկյան:

Այնպես, ինչպես պատմության ընթացքում մենք պարբերաբար մեղադրել ենք Բյուզանդիային, Պարսկաստանին, Թուրքիային, սելջուկներին, արաբներին, ռուսներին, ամերիկացիներին, եվրոպացիներին… Մեր պատմությունը բոլորին եւ ամեն ինչում մեղադրելու պատմություն է: Բայց հիմնական մեղավորը՝ մենք, երբեք մեզ չնստեցրինք մեղադրյալի աթոռին: Ակամայից հիշեցի Չարենցի «Պատմության քառուղիներով»-ը: Շշմելու բնորոշում: Այսօր մենք այդ տողերի արանքում ենք եւ շարունակողը:

– Հարթակից քաղաքական պահանջներ չձեւավորվեցին, բայց մարդիկ չեն հանգստանում, դարձյալ փողոց են դուրս գալիս եւ գոռում են՝ «մենք Սասնա ծուռ ենք»: Ձեր դիտարկումներով՝ այս շարժումը կամաց-կամաց կմարի՞, թե՞ պատուհաս կդառնա:

– Կարեւոր հարց է:

Այո, որպեսզի սա չարիք չդառնա, պետք է կարողանալ ճիշտ հարթակ եւ ճիշտ օրակարգ ձեւավորել: Պետք է իսկապես կարողանալ ճիշտ գնահատել իրավիճակը: Եթե ստեղծված իրավիճակին համարժեք մոտեցում չլինի, վաղը կարող են եւ Սասնա ծռեր լինեն, եւ Վանա ծռեր, եւ Լոռվա ծռեր եւ ինչո՞ւ ոչ՝ ապարանյան ծռեր:

Շատ կարեւոր է, թե իշխանության պահվածքն ինչպիսին կլինի: Իսկապես, ուզում եմ հավատալ, որ չի կարող այս ամեն ինչն անհետեւանք մնալ: Քաղաքական դասականներից մեկն ասել է` չկա այնպիսի ծանր վիճակ, որից հնարավոր չէ օգուտով դուրս գալ, եթե հարցը վերաբերում է պետականությանն ու պետության ապագային: Կարող է ստեղծված իրավիճակին տրվեն իրարամերժ գնահատականներ: Այս պահին անհեթեթություն է փնտրել հաղթող-պարտվողների: Եթե պարտվել են, ապա բոլորս միասին ենք պարտվել: Եթե կան հաղթողներ, ապա ընդդեմ Հայաստանի՝ նոր զեկույցների ենթադրյալ հեղինակներն են, որոնք վխտում են միջազգային կառույցներում:

Արդյոք մեր պետությունը, բոլորս միասին կարողացա՞նք հանձնել այս ծանրագույն քննությունը… Ժամանակը ցույց կտա… Բայց ժամանակը կարող է նաեւ շատ անողոք լինել մեր նկատմամբ:

Զրույցը Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ. Գ. Ավելի ուշ, նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես օգտագործեց «ահաբեկիչ եւ ահաբեկչություն» եզրույթները:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031