Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհական Գդանսկի հայկական դեմքը

Հունվար 20,2017 13:30

Լեհական Գդանսկ քաղաքի սրտում՝ Մարիացկա 34-36 հասցեում Գդանսկի հայերի միության նախագահ, ճանաչված գեղանկարիչ Գագիկ Պարսամյանը նախատեսել է հայկական մշակույթի քարոզչության իսկական անկյուն հիմնադրել: «Առավոտի» հետ զրույցում արվեստագետն ասում է, որ նպատակն է ունենալ յուրահատուկ նստավայր ու ճիշտ ներկայանալ օտարերկրացիներին: Իսկ Մարիացկա փողոցում, որտեղ գտնվում է Եվրոպայի գոթական ամենամեծ աղյուսաշար՝ սուրբ Կույս Մարիամի տաճարը եւ արքայական զանգակատունը, հայկական անկյուն ձեռք բերելն արդեն մեծ բարեբախտություն է, քանի որ այս փողոցը զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվածն ու բանուկն է:

Գագիկ Պարսամյանը՝ Մարիացկա 34-36 հասցեում:

Քանի որ մրցույթ էր հայտարարվել, Գագիկ Պարսամյանը խոսուն ծրագիր էր ներկայացրել, քաղաքապետի հետ զրույցում էլ հիշեցրել, որ հայ-լեհական բարեկամության 650-ամյակն է լրանում, իսկ հայերը տարբեր դարերում լուրջ վաստակ են ունեցել Լեհաստանում: Մայիսի 30-ին կկայանա կենտրոնի բացումը, ընդ որում՝ տարածքն անժամկետ է տրամադրվել: Գագիկ Պարսամյանը հավաստիացնում է, որ Գդանսկի հայկական այս «մոլորակում» կլինեն դասախոսություններ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, ամեն ամիս՝ «Ճանաչիր Հայաստանը» խորագրով որեւէ միջոցառում, հայերենի, կերամիկայի, նկարչության դասընթացներ եւ այլն: Նախատեսված են նաեւ «բաց դռների օրեր»: Այդ համատեքստում հայերը կներկայացնեն այլ ժողովուրդների մշակույթը:
Գագիկ Պարսամյանի ջանքերով եւ գործուն մասնակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել, օրինակ՝ Լեհաստանի տարբեր քաղաքներում խաչքարեր են բացվել, կայացել համերգներ, ֆիլմերի ցուցադրություն, հավուր պատշաճի կազմակերպվել է «Կիլիկա» նավի անձնակազմի ընդունելությունը եւ այլն: Հիմնականում բոլոր միջոցառումները կայացել են տեղի քաղաքային եւ մարզային իշխանությունների մակարդակով:

Հայկական խաչքարը:

Մեր զրուցակիցը հուզմունքով է հիշում հատկապես 2009թ. Գդանսկի Պողոս-Պետրոս եկեղեցու բակում Հայաստանից բերված հայկական խաչքարի տեղադրումը՝ Սերովբե վարդապետի օծմամբ եւ Հայկական նրբանցքի բացումը: Իմիջիայլոց, Պողոս-Պետրոս եկեղեցու վանահայր ծայրագույն վարդապետ Ցեզար Անուշեւիչը մեծագույն հարգանք ունի հայերի հանդեպ: Լեհահայերն ասում են, որ նա եւս հայկական արմատներ ունի: Այս եկեղեցում կախված է Թեոդոր Աքսենտովիչի կտավը, սուրբ Կայենի նկարը: Ամեն տարի ապրիլի 24-ին Գդանսկի հայությունը հավաքվում է խաչքարի մոտ:

«Առավոտի» հետ զրույցում Գագիկ Պարսամյանը պատմեց, որ մեծագույն ջանքեր է գործադրել խաչքարի տեղադրումը հաջողելու համար, նա ցույց տվեց բոլորին, այդ թվում Վեհափառին ուղղված նամակները: Ինչ վերաբերում է Գդանսկի քաղաքապետարանի որոշմամբ Հայկական նրբանցքի անվանակոչելուն, Պարսամյանի հավաստմամբ, Գդանսկի քաղաքային խորհրդարանի 26 անդամներից 23-ը կողմ է քվեարկել:


2011-ին հենց Գագիկ Պարսամյանի նախաձեռնությամբ ՀՀ Անկախության 20-րդ ամյակի, նաեւ Մատենադարանի նոր մասնաշենքի բացման առիթով Մատենադարանին նվիրաբերվեց XII դարի Սկեւռայի Ավետարանի նմանահանությունը (ֆաքսիմիլը):
Նկարիչը նշում է, որ Լեհաստանում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված համարձակ քայլեր է ձեռնարկել նաեւ Լեհաստանի Գլիվիցե քաղաքի հայ կաթոլիկ եկեղեցու հովիվ Թադեուշ Զալեւսկին, որի առաջարկով խաչքար է տեղադրվել Գլիվիցե քաղաքում, իսկ այդ առիթով հայկական խումբը բարեգործական համերգ է ունեցել Մազովշեի դահլիճում: Հայկական մշակույթը շեշտադրող միջոցառումներ շատ են անցկացվել Լեհաստանի տարածքում, սակայն բոլորը հնարավոր չէ թվարկել:


Գագիկ Պարսամյանն անդրադարձավ նաեւ 2012թ. հայ 5 ժամանակակից նկարիչների՝ Սեդա Բեքարյան, Հարություն Հարությունյան, Արմեն Խոջոյան, Ադել Հայրապետյան եւ իր սոպոտյան ցուցահանդեսին, 2014թ.-ին էլ Թեոդոր Աքսենտովիչի եւ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսներին, դաշնակահար Արթուր Փափազյանի մենահամերգին: «Այվազովսկու ցուցահանդեսի բացումը 10 տարիների աշխատանքի արդյունք էր, ցավոք, ՀՀ նախագահը չմասնակցեց, բայց Լեհաստանի նախագահը մասնակցեց եւ փառահեղ խոսք ասաց հայերի մասին: 2014թ. Հայաստանում կայացավ տաղանդավոր լեհ ջազմեն Լեշեկ Մոժջերի մենահամերգը: 2015թ. բացվել է Փարավոն Միրզոյանի աշխատանքների ցուցահանդեսը Սոպոտի պետական պատկերասրահում, իսկ 2015-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է լեհ նկարիչ Մացեյ Սվիշեւսկու ցուցահանդեսը»,-նշում է Պարսամյանը:

Նա համեստորեն չխոսեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Գդանսկի պատմության թանգարանում մեկնարկած իր՝ «Ծաղիկների ջրվեժ» խորագրով նկարների ցուցահանդեսների շարքից, որ իրականացվեց Լեհաստանում ՀՀ դեսպանության եւ Գդանսկի քաղաքապետարանի հովանու ներքո եվրոպական 10 քաղաքներում: Ցուցահանդեսում ներկայացված 100 նկարները խորհրդանշում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ ծաղիկների ջրվեժը՝ հայ ժողովրդի վերածնունդը:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ առաջիկա ծրագրերի մասին: Լեհաստանում ապրող ճանաչված նկարիչը ցանկություն ունի Հայաստանի պետական պատկերասրահի 50 գլուխգործոցները ամռանը ներկայացնել Սոպոտ քաղաքի պետական պատկերասրահում, որտեղ ժամանակին Այվազովսկո ցուցահանդեսն էր կայացել` երկու երկրների նախագահների հովանու ներքո: «Կարծում եմ՝ այս ցուցահանդեսը նոր դռներ պետք է բացի մեր առաջ, որովհետեւ Այվազովսկու ցուցահանդեսից հետո մարդիկ ուրիշ աչքով սկսեցին նայել հայերիս»,- նշեց Գագիկ Պարսամյանը: Մի ցուցահանդես էլ Սոպոտի պատկերասրահի տնօրեն Զվիգնեւ Բուսկին է առաջարկել կազմակերպել՝ Գագիկ Պարսամյանի եւ լեհ աբստրակցիոնիստ Հենրիկ Չեշնիկի ցուցահանդեսը` Հայաստանի ազգային պատկերասրահում: Երկու ցուցահանդեսներն էլ կկայանան հոկտեմբերի 4-ին:
Արվեստագետը փաստում է, որ Լեհաստանում հայերին շատ լավ են վերաբերվում, հատկապես մի շրջանակ կա, որ նրա ձեւակերպմամբ, սիրահարված է հայկական մշակույթին. «Լեհեր կան, որ հայկական ծագում չունեն, բայց հրաշալի մարդիկ են եւ ուզում են մոտ լինել մեզ, օրինակ, մի պրոֆեսոր կատակում էր՝ եթե սարում եմ ծնվել, կարո՞ղ եմ ասել, որ ես էլ եմ հայ»:


Հավելենք, որ Գդանսկում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, որը երկու տարվա պատմություն ունի: Այն սկզբում գործել է Պողոս-Պետրոս եկեղեցու կից կառույցում, հետո Գդանսկի գործող դպրոցներից մեկում տրամադրվել է լսարան: Գագիկ Պարսամյանը շեշտեց, որ շատ կուզենար, որ մի սրտացավ հոգեւորական լիներ ու տեր կանգներ իր հոտին, թե չէ, նրա վկայությամբ, լեհահայոց հոգեւոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանը ոչ միշտ է մասնակից լինում հայկական միջոցառումներին, քանիցս հրաժարվել է օծել հայկական խաչքարերը, երիտասարդ զույգերն էլ պսակվում են կաթոլիկ եկեղեցով:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Գդանսկ-Երեւան

Լուսանկարները՝ հեղինակի:

 

«Առավոտ»

19.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031