Չնայած ձեռնարկված քայլերին, այնուհանդերձ տարեսկզբին Հայաստանի տնտեսության մեջ արտաքին ներդրումների ծավալները շարունակում են փոքր լինել։ Սակայն դա չի նշանակում, թե կառավարությունը ձախողել է ներդրումային քաղաքականությունը։ Հազիվ թե կարելի էր սպասել, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր է կտրուկ փոխել ներդրումային վիճակագրությունը։ Առավել եւս՝ նախընտրական ակտիվ զարգացումների շրջանում։
Հայաստանի տնտեսության մեջ ներդրումային հետաքրքրություններն անշուշտ մեծ չեն։ Հատկապես վերջին տարիներին այս ոլորտում պասիվություն է տիրում։ Դրա համար կան տարբեր պատճառներ, որոնք կապված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների հետ։
Վերջին տարիներին տնտեսության մեջ մտնող արտաքին ֆինանսական հոսքերի նվազման հարցում բացասական ազդեցություն է գործել հատկապես որոշ գործընկեր երկրների տնտեսություններում գոյություն ունեցող անբարենպաստ վիճակը։ Խոսքը ինչպես եվրոպական մի շարք երկրների, այնպես էլ Ռուսաստանի մասին է։
Պաշտոնական տվյալներով, անցած տարի Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումները կազմել են ընդամենը 170 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները հասնում են 130 միլիոնի։ Նախորդ տարվա համեմատ կրճատվել են թե՛ զուտ, թե՛ ուղղակի ներդրումները։ Զուտ ներդրումների նվազումը հասնում է 87 միլիոնի։ Նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումները պակասել են 16¬17 մլն դոլարով։
Անցած տարի տնտեսական նշանակության կապիտալ հոսքերը Ռուսաստանից ոչ միայն չեն ավելացել, այլեւ զգալիորեն կրճատվել են։ Այլ կերպ ասած, տեղի է ունեցել կապիտալի արտահոսք, որ գերազանցել է 100 մլն դոլարը։ Ուղղակի ներդրումների բացասական հաշվեկշիռը ավելի քան 50 միլիոն է։
Թեպետ այս տարի Ռուսաստանի տնտեսությունը փորձում է դուրս գալ երկամյա տնտեսական անկումից, այնուհանդերձ ներդրումային հոսքերը տարեսկզբին այդ երկրից շարունակել են պասիվ լինել։ Բայց դա դեռ հիմք չէ երկարաժամկետ հատվածի առումով դատողություններ անելու համար։
Սակայն էական է, որ ավելացել են ուղղակի ներդրումները։ Սա անհամեմատ ավելի կարեւոր ցուցանիշ է տնտեսության համար։
Ս. Բեգլարյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում


















































