Քրդական անկախ պետության ստեղծումով կարող է առհավետ փակվել Հայկական հարցը: Վերջին հանրաքվեն խոստանում է տարածաշրջանում լուրջ զարգացումներ, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են մեզ՝ հայերիս հետ:
Այս մասին այսօր «Ազգի» մամուլի սրահում քննարկման ժամանակ ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանն ասաց, որ Իրաքի հյուսիսում քրդական պետություն ստեղծելու գործընթացին մենք չպետք է պասիվ լինենք, պետք է մեր վերաբերմունքը ցույց տանք, աշխատենք մեր կարծիքը տեղ հասցնել: Բայց չենք կարող չգիտակցել, որ ամենաձեռնտու իրավիճակը մեզ համար լռություն եւ չեզոքություն պաշտպանելն է. «Երբ Քրդական պետություն ստեղծելու գործընթացը վերցնում ենք, թե ինչն է մեզ օգուտ, ինչը վնաս, պարզվում է՝ ինչքան պլյուս կա, այնքան էլ մինուս կա, ընդ որում, մինուսները ավելի մեծ վտանգներ են պարունակում իրենց մեջ: Մեր պես պատերազմական երկրի համար պարզապես գնալ եւ քիթը խոթել քրդական գործերի մեջ, անտեղի տեղը թշնամիներ ու բարեկամներ ձեռք բերել՝ հանուն ինչի, ես որպես քաղաքագետ, չեմ պատկերացնում: Օրինակ, ենթադրենք մենք կոչ ենք անում, ասում ենք մեր քուրդ եղբայրները ստեղծում են պետություն, ուռաա՜, Ղարաբաղն էլ թող ինքնորոշվի: Եթե դրանով պրոպագանդիստական քայլ ենք անում, մեր ոտքը քարին կարող է դիպչել: Հստակ երեւում է, որ Իրանը բացասական վերաբերմունք ունի եւ մենք վաստակելու ենք Իրանի ոչ բարյացակամ վերաբերմունքը: Հիմա արժե՞, որ մենք նման հայտարարություն անենք»:
Քեռյանը նկատեց, որ այս օրերին ՌԴ-ի դիրքորոշումն էլ չգիտենք դեռ, հետեւաբար ո՞նց կարող ենք առաջ ընկնել. «Մենք նույն ռազմաքաղաքական դաշինքում ենք: Մենք մի հատ հլը պիտի տեսնենք ռուսների քայլը, դիրքորոշումը: Մեր կարեւոր ռազմաքաղաքական դաշնակցի դիրքորոշումը, Պուտինը ինչ կանի, սա էլ պարզ չի»:
Ըստ նրա, շատ հնարավոր է քրդական ճակատի դեմ թուրքերը մեզ ավելի աջակցեն, քան այսօր քրդերին են աջակցում. «Եթե-ները շատ են, կարող են բաներ փոխվել, որ մենք էլ չհասկանանք ինչ է կատարվում: Այսօր հստակ Քրդստանի ստեղծումը ողջունում է միայն Իսրայելը:
«Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանի խոսքերով՝ «Մեր քաղաքական դաշտը, իր ամբողջության մեջ վերցրած՝ լինի իշխանություն, ընդդիմություն, լինի քաղաքական դաշտում հանդես եկող հասարակական շրջանակներ՝ բոբիկ է: Մեր փորձագիտական շրջանակի գիտելիքները պատշաճ մակարդակով պետք է հասցվի քաղաքական դաշտին: Մեզ հետաքրքրում է մի բան՝ Թուրքիայի քրդերն ակտիվանալո՞ւ են, թե՞ չէ: Մենք պիտի վեր կենանք, ասենք բա մեր հարաբերությունները: Մենք քրդերի հետ պիտի ունենանք հարաբերություններ, բայց դա պետք է անել շատ զգույշ, ոչ թե մատներս տանք՝ ձեռքն էլ հետը կծեն»:
Փորձագետները գտնում են, որ հայերը դինջ են, հանգիստ քնում, վեր են կենում, երբ բազմաթիվ խնդիրների առաջ ենք՝ կամ պետք է մեր պատմությունից հրաժարվենք, կամ, եթե մեր պատմության տերն ենք, բազմաթիվ անելիքներ ունենք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































