Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք որ դուրսը ապրեինք, հմի մամային դատարան կուտայինք»

Հոկտեմբեր 26,2017 16:00

Հասմիկ Կիրակոսյանը պատմում է,
թե ինչ են արել իր երեխաները, երբ նրանց ծեծել է

«Գյումրին գիտե՞ք ինչ քաղաք է՝ ամեն ընտանիքում կատարվածը բոլորը գիտեն: Սա բաց քաղաք է: Ես միշտ ասել եմ՝ Գյումրիում բջջային հեռախոսներ պետք չեն: Մեկը կնոջը ծեծեց՝ 10 րոպե հետո ամբողջ քաղաքը կիմանա: Մեկը բաժանվեց, մեկը սիրեկան ունի, դա 10 րոպե է տեւում այս քաղաքում, ամբողջը տարածվում է շատ լավ ձեւով»,- «Առավոտի» հետ զրույցում Ընտանեկան բռնության կանխարգելման մասին խոսելիս ասաց Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:

Մենք հետաքրքրվեցինք՝ շա՞տ են Գյումրիում իրենց կանանց ծեծում: Տիկին Կիրակոսյանը պատասխանեց. «Ամբողջը կախված է, թե ինչքան ավանդապահ է տեղի ժողովուրդը, ինչքան շատ ավանդապահ ես, այնքան շատ փակբերան ես: Իմ քաղաքում շատ մարդկանց գիտեմ, որոնք կանանց նկատմամբ բռնություն են կիրառում, չասեմ՝ բռնություն, եթե կինը հարմարվել է, իր ամուսնուն այդպես կարող է սիրել, իրեն դուր է գալիս, երբ իր ամուսինն ասում է՝ կարճ պիտի չհագնես, երկարթեւ պիտի հագնես, մազերդ չպիտի կտրես, չպիտի քսվես, տղամարդիկ որ ներս մտան՝ պիտի դու դուրս գաս, ես տեղ գնացի՝ պետք չի, որ դու ինձ հետ գաս. եթե կինը դրա հետ հարմարվել է՝ ինչ կա: Իհարկե, էվոլյուցիոն պահին դա խանգարում է առաջընթացին, բայց խաղաղ է պահում քո ընտանիքը»:

Տիկին Կիրակոսյանն ասաց, որ ինչ գյումրեցի տղամարդիկ խոպան են գնում, ՌԴ-ում են լինում, որտեղ ամեն ինչ շատ «բաց» է, մի քիչ, այսպես ասած, աչքներն էլ բացվել է, էլ իրենց կանանց շատ փակի տակ չեն պահում. «Շփումն աշխարհի հետ մեծացել է: Այդպիսի ընտանիք չկա, որ անդամներից 2-3-ը ուրիշ տեղ չապրեն: Ուրիշ տեղ են ապրում, եւ այդ մեծ հոսանքի մեջ նա չի կարող մնալ լենինականցի, նա անպայման փոխվում է: Իրենք տեսնում են, որ արդեն կարճ են հագել, կնոջ ձեռքին ծխախոտ կա, դա շփում է, որը փոխում է ավանդական պրոցեսը: Գյումրիում կինը բռնությունների մեջ չէ, ես այդ կարծիքի եմ: Հետո մյուս հարցը կա՝ հիմնականում ընտանիքներում մնացել են կանայք, տղամարդիկ բացակայում են, եւ այդ ղեկը կնոջ ձեռքում է: Տղամարդ չկա, որ բռնություն լինի, արդեն կինն է իշխում իրեն, կինն է ընտանիքը պահում, կինն է երեխեքի հարցերը հոգում»:

Ինչ վերաբերում է ծնողի կամ երեխայի նկատմամբ բռնությանը, Հասմիկ Կիրակոսյանը մի դեպք պատմեց. «Երեխեքս փոքր էին, ես փոքրիս ծեծել էի, լավ հետույքին տվել էի մի քանի հատ: Մեկ էլ հանկարծ ներս եմ մտնում՝ մյուս քույրը, փոքրիկ են, 3 տարվա տարբերությամբ, նա լաց է լինում, ինքն էլ սիրտը լցվել է, ասում է՝ մի լաց, Սոնա ջան, մենք որ դուրսը ապրեինք, մենք հմի մամային դատարան կուտայինք»:

Հասմիկ Կիրակոսյանն ասաց, որ ինքն էլ ավանդապահ է եւ չի ընդունում այդ նախագիծը. «Ընտանիք է, մի օր հայրը կամ մայրը ձայնը կբարձրացնի, մի քիչ կարող է բարձր խոսեն, բայց վերջը ընտանիքը փակ անտառ է, որտեղ մարդիկ ամեն ինչ չպիտի իմանան: Այսօր կռվում են ամուսինները, վաղը այնքան ջերմ են, որ մոռանում են առաջին օրվա իրենց կռիվը, ի՞նչ պետք է, որ կռվի պահին իրենք վեր կենան բարձրաձայնեն, խայտառակ լինեն, որ հետո հետ գալ էլ չկարողանան: Ավելի լավ է՝ զիջես»:

Իհարկե, խոսքը, ըստ տիկին Կիրակոսյանի, անուղղելի մարդկանց մասին չէ, որոնց հետ հնարավոր չէ ապրել: Իսկ փոքր սխալների համար, ըստ նրա, չպետք է ընտանիք քայքայվի. «Ո՞վ է ոստիկանը, որ մտնի ընտանիքի մեջ, մեկը գա հլը մտնի այդ ոստիկանի տունը, տեսնի՝ ամեն ինչ կարգուկանոնո՞վ է: Ամեն ընտանիք իր ներքին աշխարհն ունի: Եթե ահավոր բան է կատարվում, մարդասպանություն, բնական է, պիտի ոստիկանը միջամտի, բայց մնացյալ հարցերը, ընտանեկան վեճերը, որոնք հոգսերի արդյունք են, սիրո ու խանդի արդյունք են, դրա մեջ ոստիկանը չպիտի մտնի»:

 

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

25.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031