Լրահոս
Օրվա լրահոսը

Նիստերը «փակելու» հիմնավորումները համոզիչ չեն

Փետրվար 02,2018 10:07 Share

Ճիշտն ասած, ինձ` որպես լրագրողի, կառավարության նիստի դռնբաց լինելն առանձնապես նյութ չի տալիս: «Տրվեցին այսինչ հանձնարարականները», «հաստատվեցին այսինչ նախագծերը»՝ ձանձրալի օֆիցիոզ է: Այդ բոլոր տեղեկությունները ես կարող եմ իմանալ նաեւ պաշտոնական հաղորդագրություններից: Որքան գիտեմ, երբեւէ չի եղել, որ որեւէ նախարար ասի՝ ես չեմ կատարելու այս հանձնարարականը, կամ՝ կառավարությունն իր ընդհանրության մեջ չհաստատի որեւէ նախագիծ: Որովհետեւ ամեն ինչ նախօրոք տրված է, ներկայացված է եւ հաստատված:

Հազարից մեկ, հատկապես ներկայիս վարչապետի օրոք, առաջանում են որոշ սուր պահեր, որոնց մասին հետաքրքիր է պատմել ընթերցողին կամ հեռուստադիտողին: Բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ բավականին տաղտկալի է: «Մեռելատուն»` ինչպես նման գործընթացները շատ դիպուկ բնութագրում է գործընկերներիցս մեկը:

Ազգային ժողովի հետ չես համեմատի՝ այնտեղ ավելի հաճախ են բոցկլտում կրքերը: Չնայած ինձ որ մնար, ես Ազգային ժողովն էլ այդքան չէի լուսաբանի, որքան մենք` լրագրողներս ենք հիմա լուսաբանում: Երբ խաղի արդյունքը նախօրոք հայտնի է, կարելի է գնահատել խաղացողների «տեխնիկական վարպետությունը», բայց ի վերջո պարզ է, թե ով է «գոլ խփելու», եւ ով է «հաղթանակ տոնելու»:

Այսպիսով, կառավարության նիստերի դռնբաց լինելն առանձնապես ոչինչ չի տալիս՝ պարզ է, որ որոշումներն ընդունում են ուրիշ տեղ եւ նիստից առաջ: Բայց երբ հանկարծ որոշում են դրանք դռնփակ անել եւ բերում են տարօրինակ հիմնավորումներ, թե իբր առաջադեմ երկրներում այդպես է, բնականաբար, մեջդ կասկածներ են առաջանում: Իսկ ինչո՞ւ երեկ, այսօր եւ մինչեւ ապրիլի 9-ը այդ «առաջադեմ» փորձը չէր կիրառվում: Ինչո՞ւ են վախենում օտար աչքերից:

Եթե խոսքը պետական գաղտնիքների մասին է, ապա հիմա էլ գոյություն ունեն «զեկուցվող» եւ «չզեկուցվող» հարցեր: Ասում են՝ «եթե չլինեն տեսախցիկներ, մենք բանավիճելու ենք, անկեղծ ենք լինելու, գործընկերների գաղափարների նկատմամբ ավելի քննադատաբար ենք արտահայտվելու»: Հաշվի առնելով Հայաստանի «վերնախավի» բարքերը` ինձ թույլ կտամ դրանում կասկածելու: Ավելի շատ հակված եմ մտածելու, որ ինչպես «շեֆը» որոշի, այդպես էլ կլինի: Այդպես է ոչ միայն կառավարությունում: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ԲՀԿ-ում ինչ-որ մեկը բանավիճի Գագիկ Ծառուկյանի հետ: Կամ ՀԱԿ-ում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Այնպես որ, ենթադրում եմ՝ կան կառավարության նիստերը դռնփակ անելու ինչ-որ լուրջ պատճառներ: Որոնց մասին, բնականաբար, չի խոսվում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Ենթադրելով, որ հաջորդ վարչապետը Ս.Սարգսյանն է լինելու, իսկ ինքը հայտնի է փակ աշխատելաոճով, կառ.նիստերը հարմարեցվում են իրեն:

  2. Artur Lazarian says:

    Վախթանգը պարզ ու յստակ գրել է. յաջորդ վարչապետ Սերժ Սարգսեանը տեսախցիկ չի սիրում:

Պատասխանել Artur Lazarian

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728