Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արտահերթ ընտրությունները հետաձգվում են

Մայիս 16,2018 10:15

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության նպատակներից մեկն էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելը: Սկզբնական մտահղացումն էր, որքան հասկանում եմ, ժողովրդի վստահությունը վայելող վարչապետին ընտրելուց հետո կառավարության կողմից խորհրդարան ներկայացնել այնպիսի մի ծրագիր, որը քաղաքական փոխհամաձայնության միջոցով տապալվի, եւ այդպիսով օրինական հիմքեր ստեղծվեն խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Մինչ այդ պետք է փոխվեր Ընտրական օրենսգիրքը եւ Կուսակցությունների մասին օրենքը:
Այսօր կառավարության ծրագիրը «պայմանավորված ձեւով» տապալելու մասին խոսք  չկա: Դա, կարծես թե, ձեռնտու չէ նոր իշխանությանը, որը նոր-նոր է տիրապետում պետական լծակներին: Դա առավել եւս ձեռնտու չէ խորհրդարանական հանրապետական մեծամասնությանը, որը, համենայնդեպս, մոտակա ամիսներին անցկացվելիք ընտրություններում Ազգային ժողովի մանդատ ձեռք բերելու շանսեր չունի:

Ուժերի նման դասավորության պայմաններում եթե արտահերթ ընտրություններն անգամ կայանան, դա տեղի կունենա, հավանաբար, մեկ տարվա ընթացքում: Հեղափոխությունում հաղթած ուժերի համար դա, ի վերջո, այնքան էլ հարմար չէ՝ հեղափոխական էյֆորիան անցնելու է, խնդիրները, որոնք թվում է, թե մի քանի օրում հնարավոր է լուծել, մնալու են, եւ ընտրողները, որոնք այսօր «ընտրելու են սրտով», վաղն «ընտրելու են գլխով»: Էլ չասած՝ առայժմ վստահություն չկա, որ ընտրակաշառքի մեխանիզմները չեն գործելու. «դուշման ՀՀԿ-ին» դա, իհարկե, կարգելվի, բայց «բարեկամ ԲՀԿ-ին», հնարավոր է, թույլատրվի:
Սակայն մեծ հաշվով արտահերթ ընտրությունների հետաձգումը կարող է նաեւ օգտակար լինել, քանի որ այդ ընթացքում գուցե հնարավոր կլինի անցկացնել սահմանադրական փոփոխություններ եւ բարելավել ոչ միայն վերոհիշյալ օրենքները, այլեւ նախագահ-վարչապետ-ԱԺ հարաբակցությունը՝ դարձնելով կառավարման համակարգը ոչ թե վարչապետական, այլ իսկապես խորհրդարանական:

Բացի այդ, մեկ տարվա ընթացքում գուցե ի հայտ գա նոր ընդդիմություն: Առայժմ, որպես ընդդիմություն, ասպարեզում միայն ՀՀԿ-ն է, որի հեղինակությունը, սակայն, չափազանց ցածր է, եւ ցանկացած, թեկուզ արդար քննադատություն հանդիպելու է «բա որ դուք երկիրը թալանում էիք» փաստարկին: Բայց քանի որ այսօրվա իշխանությունը լեգիտիմության մեծ պաշար ունի, այն, հուսով եմ, կնպաստի ազատ խոսքին, քաղաքական ազատ գործունեությանը, ինչն անխուսափելիորեն կբերի ուժեղ ընդդիմության ձեւավորմանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Իշխանության ընտրությունը լուրջ ու բարդ գործ է, հիմա ամեն մի քաղաքացու մասնակցությունը քաղաքական դաշտում նույնն է, ինչ ամեն մի զինվորի մասնակցությունը ռազմադաշտում եւ խնդիրը նրանումն է, որ քաղաքացին պետք է նույնքան մասնագետ լինի քաղաքական հարցերում, ինչքան զինվորն է մասնագետ ռազմական հարցերում: Նորակոչիկ քաղաքացիներով գնալ ընտրությունների նույնն է նորակոչիկ զինվորներով գնալ ռազմաճակատ: Ազգ բանակ գաղափարը ենթադրում է մշտապես զուգահեռներ անցկացնել քաղաքացու ու զինվորի միջեւ: Հայ էության մեջ պետք է ապրի երեք ենթաէություն՝ ուժային արարիչ՝ առողջություն, խելք ոգի, ոչ նյութական արարիչ՝ գիտություն, մշակույթ եւ նյութական արարիչ՝ գործարարություն, հայ քաղաքացին պետք է համարժեք լինի հայ ազնվականին:
    Ասում են, թշնամին ամենալավ խորհրդատուն է, որովհետեւ նա ցույց է տալիս քո թույլ կողմերը, իշխանության համար ավելի լավ է ունենա ընդդիմություն, որը իշխանությանը ցույց կտա նրա թույլ կողմերը, որովհերտեւ ի տարբերություն թշնամու ընդդիմությունը իշխանության հետ ունեն մի գերնպատակ, մի ռազմավարություն:

  2. Ruben says:

    Ընտրողները այսօր «ընտրելու են սրտով»՝ ինչպես 90-ականների սկզբին, վաղն «ընտրելու են ստամոքսով ու գրպանի շահով»: «Գլխով ընտրողները» չափազանց քիչ են: Եւ նորից կհաղթի դեմոկրատական ցենտրալիզմը: Նա «դուխով» գնաց…

  3. Հ.Շ. says:

    Կը ներէք, «սկզբնական մտահղացումը» յօդուածի վերեւ ըսուածը չէր:

    «սկզբնական մտահղացումը» Սերժ Տարգիսեանը վերացնել էր Վարչապետի պաշտօնից: Անկէ ետք, եթէ ոչ բոլոր փողոցայինները, գոնէ Պարոն Փաշինեանը թրաշուելու եւ վերադառնալու էր Ազգային Ժողովի իր պաշտօնին, եւ այդտեղ կայանալու էր մի այլ անձի սահմանադրական ընտրութիւնը որպէս Վարչապետ:

    Անկէ ետք, Պարոն Փաշինեանը շարունակելու էր յայտարարած ծրագիրը՝ Հայաստանում հաստատել իսկական քաղաքական Ընդդիմութիւն, ինքզինք մի քիչ փաստէր որպէս քաղաքական օրինաւոր եւ հասուն գործիչ, ապա տեղի կ’ունենային յաջորդ կանոնաւոր ընտրութիւնները, այս անգամ՝ դուխո՛վ:

    Չդիմանալով ամբոխի աղմուկին, Պարոն Փաշինեանը չգիտցաւ ուր կանգ առնել, հեշտ ու հապճեպ, լպրծուն ճանապարհը ընտրեց, շա՜տ հեռու գնաց, հիմա ել չի գիտեր թէ ոնց է դուրս գալու այս անհեթեթ կացութենէն:

    He bitt off more than he can chew, ինչպէս կ’ըսեն:

    • Հայկազ Պետրոսեան says:

      Կարծում եմ Հ.Շ.ն մօռացել է, որ Ազգային Ժողովում մեծամասնութիւն է ՀՀԿն, այսինքն եթէ Ազգային Ժողովը պէտք է ընտրէր վարչապետ, անկասկած կընտրուէր ՀՀԿից: Ի՞նչ կը փոխուէր երկրում: Նորէն Սերժ Սարգսեան, թերևս, էլ աւելի վատը: Փաշինեանը շատ լաւ էր տիրապետում կացութեանը

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031