Մեկ շաբաթ առաջ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգեց համակարգի «օլիգարխիայի» մասին` նշելով, որ գիտի նրանց տեղը․ դրանք բուժհիմնարկներն են, որոնք թեեւ դեռ շարունակում են «թպրտալ», բայց․ «Երեւի սկսեմ արդեն անուններ տալ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած եւ միլիոններ մսխած պաշտոնյաների: Դրա ժամանակն էլ կգա… շուտով…»։ Տեղեկություններ շրջանառվեցին, որ նրա ակնարկը նախ եւ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Արա Մինասյանին էր ուղղված, ով Սերժ Սարգսյանի խնամին է՝ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի հայրը:
– Մեկ շաբաթ առաջ նախարարը, անուններ չտալով, բարձրաձայնեց համակարգի «օլիգարխների»՝ բուժհիմնարկների մասին․ ո՞ւմ էր, Ձեր կարծիքով, ուղղված այդ հայտարարությունը։
Այո, ես ծանոթ եմ այդ հայտարարությանը, բայց կարծում եմ, որ նախարարին դեզինֆորմացիա են հասցրել։ Մեզ մոտ չուզողության մի բան կա, որը ցեցի պես տարածվում է․ ղեկավար որ տեսնում են, սկսում են ներվերի հետ խաղալ։ Ինձ թվում է՝ գնում-ասում են՝ սա էսպես է ասել, այն մեկն այնպես է ասել, նյարդային վիճակ են ստեղծում իր մոտ, որպեսզի վերջինս էլ նմանների կարիքն զգա ու պահի իր կողքը։ Նախարարը չպետք է լսի նման մարդկանց՝ ի՞նչ օլիգարխ, առողջապահական համակարգում օլիգարխը ո՞րն է։
– Այսինքն՝ չկա՞ն օլիգարխներ, որոնք վերջին տարիներին աճել–բարգավաճել են։ Ասենք՝ արտոնություններ են վայելել, նրանց են վստահվել ծրագրերը, պետպատվերները եւ այլն։
Օլիգարխ է այն մարդը, որը բազմատեսակ սեփականություններ եւ միլիարդներ ունի, առողջապահությունն այդպիսի խոշոր բիզնես չէ, որ օլիգարխ դարձնի։ Այն մարդիկ, ովքեր օլիգարխ են ու ունեին տարբեր բաներ, զբաղվում են նաեւ առողջապահությամբ։ Կան նման մարդիկ, որոնք նաեւ հիվանդանոց առան։
– Ինչպես, օրինակ, Սամվել Ալեքսանյանը։
․․․Դե, «օլիգարխ» բառը ես այնքան էլ չեմ սիրում, հռոմեական կայսրությունից եկած բառ է, բայց շատ հարուստ մարդիկ էլ կան, որոնք մի հատ վարսավիրանոց են առնում, մի հատ էլ՝ դիագնոստիկ կենտրոն։
– Պարոն Մինասյան, մինչդեռ, եղան մեկնաբանություններ, որ համակարգի օլիգարխների մասին խոսելիս նախարարը նաեւ Ձեզ էր ակնարկում, որ ունեք արտոնյալ կարգավիճակ։
Մեր հիվանդանոցը պետական ամենամեծ հիվանդանոցն է, որն ունի 1700 աշխատող։ Ավելին՝ մենք արտակարգ իրավիճակներում դառնում ենք առաջատար բուժհիմնարկ։ Նույն կարգավիճակն ունեն նաեւ «Հանրապետական» եւ «Էրեբունի» հիվանդանոցները, հետեւաբար՝ դրանից բխող պայմանները մշտապես պահպանվում են՝ ջեռուցում եւ այլն, ինչպես նաեւ կրճատումներ չեն արվում։ Երկու ժամվա ընթացքում մեր հիվանդանոցը կարող է 120 հիվանդ ընդունել ու ճանապարհել։ Այնպես որ՝ կան բազում ֆակտորներ, որոնք պետք է հաշվի առնել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում


















































