ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի վստահեցմամբ՝ վերջին վեց ամսվա ընթացքում բյուջետային մուտքերն ավելացել են և դրանց հիմնական մասն արտացոլվում է վերջին երկու ամսվա հարկային վարչարարության և ստվերի կրճատման մեջ:
«Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման ընթացքում վարչապետի խորհրդականը հավաստիացրեց՝ գնաճի մակարդակն այսօր անհանգստանալու տեղիք չի տալիս. «Գյուղատնտեսական որոշ ապրանքներ, որոնք ամենաճկունն են գնաճի մասով՝ կապված սեզոնայնությունից, դրանց գների փոփոխություններից, երբեմն նույնիսկ կարող է դրանց գների տատանումները էական թվալ, բայց ընդհանուր գնաճի վրա ազդեցությունը փոքր է, որևէ էական ազդեցություն չկա ի տարբերություն նախորդ իշխանությունների ժամանակահատվածի, երբ մենաշնորհի հետ կապված տեսնում էինք չհիմնավորված գների բարձրացում: Գոնե այս պահին որևէ արհեստական գնաճ գերշահույթի հաշվին այլևս չկա»:
Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց՝ ՀՀ-ում հարկ վճարելն այլևս այլընտրանք չունի. «Այն պայմանավորվածությունները, եթե հարկ չվճարենք, ապրանքի արժեքը նվազի, այլևս քննարկման առարկա դառնալ չեն կարող: Հնարավոր է հարկային որոշակի փոփոխությունների արդյունքում տնտեսվարողների գործունեության մեջ փոփոխություններ նկատվեն, բայց ապրանքների գների երկարաժամկետ հատվածում հարկային արդարությունը բերելու է տնտեսական արդարության»:
Վարչապետի խորհրդականի տեղեկացմամբ՝ առաջիկայում հարկային օրենսգրքում տեղի ունեցող բարեփոխումները կլուծեն մի շարք խնդիրներ:
Հարցին՝ հարկային բեռի թեթևացում սպասվո՞ւմ է, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Մի քանի հարկատեսակներով հարկային բեռի փոփոխություններ էականորեն կանդրադառնան հարկ վճարողների վրա: Նաև հարկային համակարգի այնպիսի պարզեցում է նախատեսվում հենց փոքր բիզնեսի մոտ, որ նրանց համար պարզ կլինի հարկային վարչարարությունը»:
Վարչապետի խորհրդականը հայտնեց, որ փորձ է արվում բոլոր հարկատեսակների փոխարեն փոքր և միջին բիզնեսի համար ունենալ հարկային միասնական համակարգ, որը պարզ կլինի, և հաշվի առնելով փոքր բիզնեսի կողմից պետական բյուջե վճարումները, չի բացառվում, որ որոշակի հարկային բեռի թեթևացում լինի:
Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ եթե հաշվի առնենք այն, որ մեր տնտեսությունը ստվերային վիճակում է, արձանագրվում են նման ծավալի փոփոխություններ ու կառավարության կողմից միջամտություն, ուստի բնական է, որ նման դժգոհություն պիտի առաջացներ խոշոր տնտեսվարողների կողմից. «Վերջին վեց ամսվա տվյալներով՝ խոշոր բիզնեսն ավելի շատ է հարկեր վճարել, քան ընդհանուր հարկային գանձումներն են, բնական է, նման ռեակցիա պիտի առաջացներ»:
Ատոմ Մարգարյանի համար հաճելիորեն դրական իրավիճակ է այն, որ նման ցնցումից և համակարգային փոփոխություններից հետո լայնամասշտաբ կապիտալի արտահոսք չունենք: Նա մանրամասնեց. «Դրամի փոխարժեքը զարմանալիորեն ոչ թե բարձրանում է, այլ շարունակում է ամրապնդվել: Այս ֆոնին բնական է բյուջետային իրավիճակում դեֆիցիտը, պետական պարտքի մասով իրավիճակը կայուն է, սա այն միջավայրն է, մակրոտնտեսական ցուցանիշներն են, որոնք շարունակում են նախորդ տարվա թրենդը: Զուտ տնտեսական հայացքով կարծես թե ոչինչ էլ չի եղել: Մյուս կողմից էլ գործազրկության մակարդակը շարունակում է անբնական բարձր մակարդակի վրա մնալ՝ մոտ երեք անգամ ավելի բարձր, քան բնականոն գործազրկության մակարդակն է: Ներդրումային ակտիվությունը բավականին պասիվ է, կան դրական արձագանքներ, ընկալումներ, բայց ըստ էության լուրջ ներդրումային ծրագրեր այս հատվածում չկան և չեն էլ կարող լինել: Ներդրումները սպասում են հեղափոխության ինստիտուցիոնալացման խորհրդարանական ընտրություններով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































