Ղազախստանում, պաշտոնական վիճակագրության համաձայն, բնակվում են ավելի քան 25 հազար հայեր: Բնակվում են իրենց վրա չզգալով որեւէ ճնշում: Այդ մասին բացահայտորեն խոսում են թե՛ մեր համայնքի ներկայացուցիչները, թե՛ փաստերը: Մեղմ ասած, Ղազախստանի հայության թիվը չի կրճատվում եւ, նույնիսկ, ընդհակառակը, ինչը նշանակում է, որ այդ երկրում հայերն իրենց այնքան լավ են զգում, որ վերադառնալ մայր հայրենիք չեն շտապում: Հայերը հաջողությամբ աշխատում եւ բիզնես են անում Ղազախստանում: Հենց այն ռեստորանը, որի մոտ տեղի ունեցավ չարաբաստիկ ծեծկռտուքը, պատկանում է հայ համայնքի ներկայացուցիչներին:
Կոնկրետ Կարագանդայում բնակվում են մոտ երեք հազար մեր հայրենակիցներ:
Հասկանալի է, որ նրանք հանգամանքների բերումով կարող էին եւ կարող են դառնալ կենցաղային որեւէ հակամարտության մասնակիցներ, որպիսիք պատահում են աշխարհի որեւէ քաղաքում: Կրկնվեմ, հատկապես ամանորյա գիշերը:
Այն հարցին, թե ո՞վ է փորձում այդ կենցաղային հակամարտությանը հաղորդել ազգային ենթատեքստ, կարելի է առանց դժվարության պատասխան գտնել, թերթելով սոցիալական ցանցերում ժողովրդականություն վայելող բլոգերների մեկնաբանությունների ու գրառումների ժապավենները: Ինտերնետի հայկական եւ ղազախական սեգմենտները հեղեղված են կեղծ հայրենասերների ջղաձգությամբ, որոնք մեկնաբանում են իրավիճակը, մեծամասամբ իրենք էլ չգտնվելով ո՛չ Ղազախստանում եւ ո՛չ էլ Հայաստանում: Այն հարցին, թե ինչո՞ւ են նրանք դա անում, պատասխանելն ավելի բարդ է: Հնարավոր է, այսպիսով, այդ մարդիկ ուզում են քաղաքական դրամագլուխ վաստակել զգայուն թեմայի շուրջ էժանագին սպեկուլյացիաներով: Չի բացառվում, որ իրենց վտանգավոր հռետորաբանությամբ, հայկական կողմի սադրիչները փորձում են խաթարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը: Որովհետեւ նա անձամբ է ցավակցություն հայտնել զոհվածի ընտանիքին եւ կոչ է արել հակամարտությանը չտալ ազգամիջյան երանգավորում:
Ղազախստանյան իշխանություններն իրենց հերթին արդեն սկսել են հետաքննություն ազգամիջյան թշնամանքի հրահրման հարցով եւ հստակորեն հասկացնել են տվել, որ չեն պատրաստվում հակամարտության մասնակիցներին բաժանել ըստ ազգային պատկանելության: Այդ հետաքննության մեջ կլինեն միայն հանցագործներ եւ տուժածներ: Հանցագործները, անկախ իրենց էթնիկ պատկանելիությունից, կկրեն պատիժ: Իսկ տուժողները, նույնպես անկախ իրենց էթնիկ պատկանելիությունից կստանան օգնություն եւ աջակցություն: Եվ այդ դիրքորոշումը ղազախստանյան հայերին հիմք է տալիս համոզված լինելու իրենց ապագայում եւ, ինչպես նախկինում, համարելու Ղազախստանը իրենց տունը, իսկ ղազախներին՝ եղբայր ժողովուրդ:
Այս ամբողջ պատմության մեջ պարզորեն երեւում է, թե որքան կարեւոր ու խորն է հայերի ու ղազախների բազմադարյա եղբայրության, բարեկամության, համագործակցության ու համակեցության պատմությունը եւ որքան ազնիվ կարող է լինել բոլոր նրանց կեցվածքը, ովքեր վճռականորեն պատվար կդառնան մեր երկու եղբայր ժողովուրդների միջեւ թշնամություն, կասկած եւ անվստահություն սերմանելու պրիմիտիվ, չարանենգ եւ, չի բացառվում նույնիսկ՝ երրորդ-չորրորդ կողմերից հատուկ նպատակով իրականացվող քայքայիչ քարոզչական օպերացիաների դեմ:
Արամ ՍԱՖԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում


















































