Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխել տնտեսական վարքագիծը

Փետրվար 14,2019 10:00

Կառավարության ներկայացված ծրագրում հաստատ կան բացեր, սխալներ, «հում»՝ չմշակված դրույթներ եւ այլն: Բայց ընդհանուր գաղափարախոսությունը, որը ԱԺ ամբիոնից ներկայացնում է վարչապետը, իմ կարծիքով, ճիշտ է. տնտեսական զարգացումը պետք է հիմնվի մեր՝ քաղաքացիներիս տնտեսական, կասեի նաեւ՝ քաղաքացիական վարքագծի վրա:

Այդ առումով, այո, անգամ թոշակառու տատիկը պետք է ՀԴՄ կտրոն պահանջի ցանկացած առեւտուր անելուց, հարկեր պետք է մուծեն բոլորը, այդ թվում՝ փաստաբաններն ու երգիչները (այլ հարց է, թե ինչպես է պետք դա կազմակերպել), առանձին ընկերություններ չպիտի մաքսային եւ հարկային արտոնություններ ունենան, ինչպիսի գեղեցիկ ձեւակերպումներով էլ իրենց ցանկությունները հիմնավորեն, մայրաքաղաքի փողոցները պետք է ազատ լինեն գետնին փռված մթերքից:

Նման կտրուկ քայլերը հաստատ բոլորի կողմից ծափահարությունների չեն արժանանա, կլինեն դժգոհներ, շատ հնարավոր են նաեւ էմոցիոնալ արձագանքներ. «Բա ինչ անե՞նք: Թողենք, գնա՞նք էս երկրից: Գնանք Թուրքիա՝ մարմնավաճառությա՞մբ զբաղվենք: Ադրբեջանից քաղաքական ապաստա՞ն ուզենք»: Այս սրտաճմլիկ հռետորաբանությանը հեղափոխությունից առաջ տուրք էին տալիս որոշ կայքեր, սոցցանցերի օգտատերեր եւ, իհարկե, այն ժամանակվա պոպուլիստական ընդդիմությունը՝ «տեսնում եք, ինչ են անում խեղճ ժողովրդի հետ»: Անցած լինի: Հիմա ժամանակն է հաստատել չոր, անողոք, «կույր» կանոններ, որոնք կընդունվեն մեկընդմիշտ եւ բոլորի կողմից կպահպանվեն սրբորեն:

Եվ իսկապես պետք է անկեղծ լինենք ու խոստովանենք, որ, օրինակ, առեւտրականների նման ցույցերը հաճախ կազմակերպում են տոնավաճառների տերերը, որոնք պարզապես չեն ուզում հարկեր մուծել եւ «առաջին գիծ» են ուղարկում իրենց աշխատողներին, իրենցից կախում ունեցող մարդկանց: Այնպես որ, այդ «ժողովրդական բողոքների» տարերայնության վերաբերյալ ես նույնպես կասկածներ ունեմ:

Նախորդ երկու տասնամյակների ընթացքում իշխանությունը հաճախ հետքայլ էր կատարում իր՝ այս դեպքում միանգամայն ճիշտ որոշումներից: Ուրիշ տարբերակ չուներ՝ լեգիտիմության ցածր աստիճանը, օլիգարխիայի (այդ թվում՝ ներմուծողների եւ տոնավաճառների տերերի) հետ «փոխկապակցված» լինելն այլ ելք չէր թողնում: Հիմա այս գործոնները չկան, եւ, հետեւաբար, պետք է արագ կարգի բերել այս ոլորտները: Թե չէ հետո, վախենամ, նմանատիպ գործոններ դարձյալ ի հայտ գան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հիմնական ամէն բան որ անում կամ ասում է այսօր այս իշխանութիւնը, դա 90% յայտնած էր նախապէս, բազմաթիւ առիթներով եւ այլազան ձեւերով, ընտրութիւններէն առաջ, նոյնիսկ յեղափոխութեան սկիզբէն սկսեալ: (Մնացեալ 10%-ն ալ կոչւում է՝ քաղաքականութիւն: Եւ այո, իշխանութեան միտող յեղափոխական որեւէ շարժում քաղաքական բնոյթ կը կրէ, գոնէ այդ չափով: )

    Անոնք որոնք զօրակից էին Փաշինեանական շարժումին, անընդունելի է որ այժմ, այսքան շուտ ու կանուխ, կռնակ դարձնեն անոր, այլախոհներ դառնան, կամ պարզապէս ձեռնածալ, անտարբեր, մէկդի քաշուին եւ սպասեն, կրաւորական դիտող դառնան:

    Փաշինյանը շատ մարդիկ վիրաւորեց, հասնելու համար ուր որ է: Զօրեղ ու կարող մարդիկ, զօրեղ ու կարող, մեծաթիւ համակիրներ ունեցող մարդիկ, որոնք երբեք պիտի չներեն իրեն, եւ ամէն ջանք պիտի թափեն որ ան ձախողի, նոյնիսկ եթէ իրենց համար արդէն խաղը վերջ գտած է, նոյնիսկ եթէ այդ մօտեցումով կրնան վնաս բերել երկրին: Եթէ ասոր վրայ դեռ՝ իր համակիրնե՛րն ալ այսքան արագօրէն պիտի լքեն զինք, ապա դարձեալ պիտի սկսինք մօտենալ Անդունդին ծայրը:

    Անոնք որոնք ասում են թէ Փաշինյանը իր խոստումները չի իրագործում, անկեղծօրէն թող քննեն կացութիւնը՝ իրենք, Փաշինյանի հանդէպ իրենց խոստումները յարգո՞ւմ են, իրենց ստանձնած յանձնառութիւնները գործադրո՞ւմ են:

    Իսկ ամէն դէպքում, տասը ամիսը բնաւ երկար ժամանակ չէ, ամբողջ երկիր մը իր լրիւ էութեամբ ջանալ փոխելու համար: Ներառեալ այդ «ժողովուրդը» որուն անունով եւ աջակցութեամբ Փաշինյանը հասաւ ուր որ է: Կամ նոյնիսկ, սկսեալ այդ ժողովուրդէն:

  2. Ruben says:

    «Կառավարության ներկայացված ծրագրում հաստատ կան բացեր, սխալներ, «հում»՝ չմշակված դրույթներ եւ այլն:»
    Այո, բայց հայերի մեջ ողջամիտ մարդի(կ)ք չկա՞ն…
    «Հիմա այս գործոնները չկան, եւ, հետեւաբար, պետք է արագ կարգի բերել այս ոլորտները: Թե չէ հետո, վախենամ, նմանատիպ գործոններ դարձյալ ի հայտ գան:»
    Գառը փնտրում է, սպասում է հովանավոր գայլին, մարդը՝ արեւին…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728