Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին ապօրինի որսի զոհ է դարձել հազվագյուտ սպիտակագլուխ անգղ՝ գրանցված Կարմիր գրքում․ EcoNews.am

Մարտ 03,2019 10:26 Share

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Love Animals Hate Hunters» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Այս անգամ հավանաբար կրկին ապօրինի որսի զոհ է դարձել հազվագյուտ սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus), որը սակավաթիվ, վտանգված տեսակ է:

Տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում, ինչպես նաև ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Լուսանկարում Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սմբատ Հայրումյանն է, ով լուսանկարն ազատ համացանցային տարածք է բեռնել 2019թ.-ի փետրվարի 4-ին:

«Այս առանձնյակն ամենայն հավանականությամբ 6+ տարեկան է: Տեսակը ներառված է նաև CITES կոնվենցիայի Appendix II-ում և Բեռնի կոնվենցիայի Appendix II-ում: Հայաստանում հաշվվում է սպիտակագլուխ անգղերի 46-54 զույգ: Ապօրինի որսի համար սահմանված է նաև տուգանք՝ 250 հազ. դրամ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանը: Վերջինս նաև ուշադրություն հրավիրեց մեքենայի դիմապակու կոտրված լինելու հանգամանքի վրա:

«Դա կարող է լինել ուժեղ հարվածից, օրինակ՝ վերևից ընկնող 6 կգ քաշով թռչնի, ինչը կարող էր տեղի ունենալ կրակոցի հետևանքով կամ միգուցե էլեկտրալարերի մեջ փաթաթվելու պատճառով, եթե իհարկե լարեր կան այդ տարածքում: Տարբերակ է նաև, որ թռչունը փորձել է թռչել ճանապարհի եզրից, որտեղ միգուցե սնվում էր, իսկ վարորդը նրան հարվածել է մեքենայով»,- մանրամասնեց նա: Հայաստանում սպիտակագլուխ անգղերը հանդիպում են համարյա ամբողջ տարածքով, բացի հանրապետության հյուսիս-արևմուտքից:

Ըստ Կարմիր գրքի տվյալների՝ սպիտակագլուխ անգղի թվաքանակի վրա կարող են ազդել թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարի նպատակով, ապօրինի որսը և սպանելը, թակարդներով բռնելը և թունավորումը թակարդներում դրված կերով, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը: Ուշագրավ են նաև լուսանկարում երևացող մեքենայի պետհամարանիշերը:

Ուսումնասիրելով Սմբատ Հայրումյանի բաց համացանցային տվյալները՝ պարզ է դառնում, որ գոյություն ունի նման պետհամարանիշերով մեքենաների մի ամբողջ «կլան»: «Ավտոմեքենաների կլանի» հետ առավել շատ լուսանկարներ ունեցող, կրկին Կապանի բնակիչ Սամվել Հարությունյանը կամ ինչպես ինքն է իրեն անվանում «Չեչեն Սամոն», հավանաբար որսորդ է: Վերջինս ևս ուշագրավ լուսանկարներ է հրապարակել: Նշենք, որ Կարմիր գրքում սահմանվում է նաև սպիտակագլուխ անգղի պահպանության միջոցառումները. «Անհրաժեշտ է ուժեղացնել ապօրինի որսի վերահսկողությունը, ինչպես նաև վերանայել գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործումը` իրականացնելով այն էկոլոգիապես ավելի անվտանգ մեթոդներով: Ուժեղացնել վերահսկողությունը գիշատիչ թռչունների խրտվիլակների պատրաստման և վաճառքի նկատմամբ: Մշակել տաքսիդերմիստների հավաստագրման և նրանց մոտ բերվող գիշատիչ թռչունների դիակները քննելու համակարգ: Խիստ անհրաժեշտ է կազմակերպել բնակչության էկոլոգիական կրթության դասընթացներ»:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Լուծումը շատ պարզ է: Ես մի առիթով ասել եմ, որ որսորդութեամբ կարող է զբաղուել միայն մտաւոր հիւանդ մարդը: ՑԱՆԿԱՑԱԾ (առանց բացառութեան) տեսակի որսորդութիւն պէտք է քրէօրէն պատժելի լինի: 21-րդ դարում որսորդը եւ յանցագործը պէտք է հոմանիշներ լինեն, իսկ տոյժն ու պատիժը՝ անասելի մեծ, ոչ թէ 250.000 դրամ: Ես չգիտեմ՝ ով պիտի այդ գործն իր վրայ վերցնի: Հաստատը վարչապետը չէ: «Նիկոլը ճառ ասի՞, թէ՞ զանգ կախի»:

    Ձեր երեխաներին օրօրոցից սկսած կրթէք, որ հոգատար լինեն բնութեան նկատմամբ՝ ծառ, կենդանի, օդ, ջուր, հող: Սովորեցրէք նրանց, որ հանքը, ոչ օրգանական աղբը (պլաստիկը եւ այլն) բնութեան մէջ, ծխելը շատ վատ բաներ են:

    Յ.Գ. Սիւնիքը կարծես Աստուծոյ անէծքի տակ լինի: Մի կողմից հանքերի պատճառով հողը դարձել է թունաւոր ու անպիտան, իսկ երկրագործութիւնը՝ վնասակար, միւս կողմից էլ տեղացիներն իրենց ձեռքով վերացնում են վայրի բնութիւնը:
    Երբ տարածքը վերջնականապէս կ’անապատանայ, կարող էք էժան գներով վաճառել յայտնի հարեւանին: Ձեռի հետ էլ Արցախի հարցը կը լուծուի /կատակ է 🙂 /

Պատասխանել Artur Lazarian

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031