Ոսկեպարի գյուղապետը կարծում է, որ գյուղում ապրելու դժվարությունը պետք է փոխհատուցվի, գյուղացու աշխատանքն էլ` գնահատվի:
Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը 909 բնակիչ ունի, որից 700-ը, ըստ համայնքապետարանի, ռեալ ապրում է գյուղում: Համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ վերջին անգամ Ադրբեջանի կողմից ակտիվ կրակոցներ 2018 թվականին են եղել: «Առայժմ ամեն ինչ խաղաղ է»,- նշում է համայնքի ղեկավարը:
Նրանից տեղեկացանք, որ գյուղը շուրջօրյա ջրամատակարարում չունի, օրվա ընթացքում 1 ժամ խմելու ջուր են ստանում գյուղացիները: Գյուղապետն ասում է, որ մարդիկ հավաքում են ջուրը, ինչը բավականացնում է մինչեւ հաջորդ օրը, բայց ցանկալի կլիներ, որ սահմանամերձ գյուղում 24-ժամյա ջրամատակարարում լիներ:
«Գյուղում ջրաչափեր չկան, մարդիկ ջրի համար մեծ վարձեր չեն վճարում, ամեն ընտանիք ամսական ընդամենը 300 դրամ է վճարում, ինչը չնչին գումար է: Սահմանում ապրելով՝ առայժմ չենք ուզում ջրաչափեր տեղադրել, մարդիկ մի հատ էլ խմելու ջրի համար մեծ գումարներ վճարեն»,-ասում է Սերոբ Մախսուդյանը:
Կարդացեք նաև
Հարցրինք` արդյոք հողերը մշակելիս խնդիրներ չե՞ն առաջանում: «Մեզ մոտ հողագործությունն առանձնապես զարգացած չէ, մենք ակտիվ անասնապահություն ունենք, մեր տարածքները հարմար են դրա համար: Փորձը ցույց է տվել, որ ցորեն ցանելը արդյունավետ չէ` պայմանավորված կլիմայական պայմաններով: Հիմնականում անասնապահությունն է զարգացած եւ մարդկանց ձեռնտու: Հացահատիկ ցանելը օգուտ չէ, բայց հակված ենք այգեգործության, երիտասարդներն արդեն ուզում են զբաղվել այգեգործությամբ»,-ասում է համայնքի ղեկավարը:
Սերոբ Մախսուդյանի հետ զրույցում Ոսկեպարի դպրոցին էլ անդրադարձ եղավ: Նա ասաց, որ դպրոցի պայմանները բարվոք են, դպրոցի մարզադահլիճի եւ երկրորդ մասնաշենքի հետ կապված խնդիրներ ունեն, ու հույս ունեն առաջիկայում դրանք լրացնել:
«Ունենք մշակույթի տուն, որը չի գործում, շենքը կա, բայց համապատասխան աշխատակազմ չկա: Ունենք խաղասենյակ, որտեղ կարող են նարդի, շաշկի խաղալ: Դպրոցահասակ երեխաների համար դպրոցում գործում են ռոբոտաշինության եւ պարի խմբակներ»,-հայտնեց գյուղապետը:
Հարցրինք, թե ե՞րբ է եղել վերջին հարսանիքը: Նա ասաց, որ երկու շաբաթ առաջ են հարսանիք ունեցել, ամուսնացել են եկեղեցիով, կարգով: «Ունենք նաեւ հանդիսությունների սրահ, որը կառուցվել է մեր բարերարի կողմից, բայց երիտասարդները ձգտում են իրենց միջոցառումներն անցկացնել քաղաքում, գնում են Իջեւան, Նոյեմբերյան, երբեմն էլ՝ Երեւան»,-ասաց մեր զրուցակիցը:
Տեղեկացանք, որ գյուղից էլ են մեկնում արտագնա աշխատանքի, թեեւ գյուղում կան որոշ աշխատատեղեր:
«Անցյալ տարի իրականացված մի ծրագրով 10 ընտանիք փոքրիկ դրամաշնորհ է ստացել, եւ մարդիկ ընտանեկան բիզնես են սկսել: Հաստոցներ են ձեռք բերել, գործիքներ, նայած ով ինչ է նախաձեռնել` սկսած վարսավիրությունից մինչեւ բրիկետների, հրուշակեղենի արտադրություն, փայտի, երկաթի մշակում»,-նշեց Սերոբ Մախսուդյանը:
Նրանից տեղեկացանք, որ անասնապահությամբ զբաղվող ընտանիքները մթերքն իրացնելու խնդիր ունեն. «Մեր տարածքի կաթնամթերքը շատ լավն է, էկոլոգիապես մաքուր է, սակայն շատերն իրենց կովերը չեն կթում, որովհետեւ կաթի լիտրը 130 դրամով են վերցնում, մինչդեռ անասնապահությունը շատ ծանր աշխատանք է»:
Սերոբ Մախսուդյանն ափսոսում է, որ գյուղում կաթնամթերքի մշակման որեւէ արտադրամաս, ձեռնարկություն չկա, ասում է` դա ներդրումներ պահանջող նախագիծ է, թեեւ ինքն էլ նման բան հիմնելու ցանկություն ունի: Ուրախ է, որ կառավարությունը գոնե անտոկոս վարկեր է տրամադրելու իրենց, ինչը դրական է անդրադարձել գյուղացիների աշխատելու ցանկության վրա. «Գյուղում պոտենցիալ 20 ֆերմեր ունենք, որոնք 20-50 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեն, եւ ընդամենը հարկավոր է նրանց փոքր-ինչ աջակցել»:
Գյուղապետն ասում է, որ Երեւանում սովորելու մեկնած ուսանողներից քչերն են վերադառնում հայրենի Ոսկեպար, քանի որ նրա խոսքերով՝ քաղաքը ձգում է բոլորին:
«Մենք ողջ երկրում ունենք հետեւյալ խնդիրը` գյուղում ապրելը, գյուղացու, հատկապես սահմանամերձ գյուղի բնակչի աշխատանքը պետք է գնահատվի, դժվարությունը փոխհատուցվի ինչ-որ արժեքով, մարդը ցանկանա ապրել գյուղում: Մենք 2 խնդիր ունենք` եւ սահմանը, եւ աշխատանքի սուղ լինելը: Գյուղացի մարդը աշխատասեր է, արտադրում է, բայց արտադրածը պետք է արժեք ունենա»,-ընդգծում է Ոսկեպար համայնքի ղեկավարը: Նա հավելում է, որ անասուններին արածեցնելիս գյուղացիները նախկինում խնդիրներ էին ունենում, քանի որ հաճախ անասուններն անցնում էին սահմանը, ու մարդը մեկ օրում կորցնում էր իր ողջ ունեցվածքը, այժմ հարցը լուծվել է, որովհետեւ սահմանը եռաշերտ փշալարով է պատված:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
05.06.2019


















































