Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գիրք՝ «Ծեր պրոֆեսորի պատգամը»

Հուլիս 24,2019 12:30

Վերջերս ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր, հրապարակագիր, թարգմանչուհի Անահիտ Խարմանդարյանի «Ծեր պրոֆեսորի պատգամը» ռուսերեն գրքի քննարկումը: Կազմակերպել էր ՀԳՄ-ի ռուսական բաժանմունքը: Վարում էր բաժանմունքի նախագահ, գրաքննադատ Սերգեյ Մուրադյանը:

Արձակագիր, բանաստեղծուհի, թարգմանչուհի, Յուրի Դոլգորիկինի անվան միջազգային մրցույթի դափնեկիր Նելլի Սահակյանը հանգամանորեն ներկայացրեց Ա. Խարմանդարյանի կենսագրությունը, գրական վաստակը, բարձր գնահատեց քննարկվող ժողովածուի լույս ընծայումը:

ՌԴ ԳՄ անդամ, արձակագիր, գրականագետ, հրապարակախոս Կարինա Զուրաբովայի գրախոսականը ներկայացրեց Աստղիկ Խարմանդարյանը:

Արձակագիր, թարգմանիչ, բ.գ.թ., գրքի պատ. խմբագիր Արտակ Վարդանյանը կարեւոր համարեց անցյալի եւ ներկայի կապը հեղինակի ստեղծագործություններում:

Մարինե Բանդուրյանը հակիրճ ներկայացնելով Անահիտի մարդկային հատկանիշները՝ ճակատագրից ու բախտից շնորհակալ եղավ. «Նա մի մեծ հայտնություն է իմ կյանքում»:

Տողերիս հեղինակին էլ բախտ է վիճակվել Խարմանդարյանի հետ մտերմություն հաստատել Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում ուսանելու տարիներին. «Առաջին իսկ օրվանից նա իրեն դրսեւորել է որպես բանիմաց, խոհեմ, նրբազգաց, անարդարության դեմ մարտնչող, հարեհաս, բառիս ամենալայն իմաստով՝ հայուհու վարքագիծ, որի համար հպարտության զգացում եմ ապրել»:

Քննարկումը լուսաբանելու առիթով իր մասնակցությունն էր բերել գրող Գեւորգ Գիլանցը, նաեւ գրող, հրապարակախոս, «Գոլոս Արմենիի» աշխատակից Ալեքսանդր Թովմասյանը:
Ընդհանրացնելով ասենք, որ ժողովածուն նվիրված է «Технарям шестидесятых»: Ինչո՞ւ հատկապես նրանց: Որովհետեւ նրանք այն ժամանակահատվածի մտավորականության անտեսված մասն էին, որոնք այդ ճգնաժամային պայմաններում զօր ու գիշեր աշխատում էին հանուն նոր Հայաստանի բարգավաճման: Հետագայում նրանց վիճակն էլ ավելի ծանրացավ (90-ականներից հետո). ալան-թալան, արտագաղթ, անարդարություն, իշխանության նկատմամբ հավատի կորուստ:

Ժողովածուն ներկայացնում է հեղինակի վաղ եւ ավելի ուշ շրջանների խոհափիլիսոփայական հայացքները, հեգնախառն հումորը…

Վիպակների, պատմվածքների, նովելների գրեթե մեծ մասի հերոսը հասարակ աշխատողն է՝ ոչ մի օրենքով չպաշտպանված «փոքր» մարդը: Բայց վերջինս հավատում է. «Չէ՞ որ որեւէ մեկը հենարան պիտի լինի նրանց, որոնց համար ապրելը ծանր է, դժվար»: Եվ «փոքր» մարդուն կարեկցում, ձեռք են մեկնում իրեն իսկ շրջապատող մարդիկ՝ գործով, խորհրդով, նյութականով…
Ժողովածուի գրեթե բոլոր ստեղծագործությունները տպագրվել են տեղական եւ արտասահմանյան պարբերականներում:

Ուշադրության է արժանի «Ծեր պրոֆեսորի պատգամը» գրքի համանուն վիպակը, որը գրված է հայրենասիրական մղումով՝ ընդդեմ մեր դարավոր ոսոխների, մեր պատմությունը կեղծողների, խեղաթյուրողների…

Հեղինակն իր հերոսի՝ պրոֆեսոր Գրիգոր Մելքոնովիչի միջոցով ազերիական խարդավանքների դեմ մի այլ տեսանկյունից է հանդես գալիս. «Մի՞թե հնարավոր չէ փորձել պաշտպանվել առանց պատերազմելու, առանց ռումբերի…»: Ասել կուզի՝ մեր դիվանագիտությունը կաղում է: «Չէ՞ որ հաղթող կողմը մենք ենք, չէ՞ որ ազերին երբեք Արցախին տիրապետելու իրավունքը չի ունեցել: Չէ՞ որ մինչեւ 1918 թվականը որեւէ հիշատակում չկա այն արհեստածին Ազերբայջան կոչվող «պետության» մասին: Հարցադրումը եւ պատասխանը տեղին է հնչում. պարտվողի կաշկանդիչ հոգեբանությունից ձերբազատվել է պետք: «Եվրոպան ասում է՝ հարցերը պիտի լուծել քաղաքակիրթ ճանապարհով, երկխոսությամբ եւ այլն: Թող այդպես լինի. Հայաստանի մասին կներկայացնի համաշխարհային գրականությունը՝ անտիկ շրջանից մինչեւ մեր օրերը, որոնք լույս կսփռեն ստվերի դեմ: Եվ թող փորձեն հակառակն ապացուցել»:

Միամտություն կլինի հարյուր անգամ ապացուցվածը կրկին ապացուցել, քանզի բոլորիս է հայտնի Ազերբայջանի նավթա-խավիարային քաղաքականությունը եւ նրան սատարող պետությունների շահերը. «Սակայն պետք է պայքարել, առաջ շարժվել, ժամանակն ինքը կթելադրի, թե ինչպես եւ ինչ անել: Եվ ի լուր աշխարհի պիտի հայտարարել, թնդացնել, որ մի կողմից գործ ունեն հնամյա երկրի հետ, մի այլ կողմով՝ բաշիբոզուկների…»:

Վիպակի եզրափակիչ խոսքը հակիրճ է, ուսուցանող: Պրոֆեսորը իր ուսանողներին պատգամում, հորդորում է, որ իր կազմած ցուցակը լրացնեն, նորացնեն եւ ահռելի տպաքանակով գիրք կամ գրքույկ հրատարակեն եւ տարածեն. «Եվ թող այդժամ ազերին փորձի ասել, թե ինքը հնամյա երկիր է»: Եզրահանգումները թողնում ենք ընթերցողին:

Քննարկումից հետո ինձ համար պարզ դարձավ, որ Անահիտ Խարմանդարյանը հավատարիմ է մնացել իր արմատներին: Ծնվել է մտավորականի ընտանիքում: Հայրական պապը՝ Սարդարապատի հերոս, հեծելազորային գնդի շքանշանակիր ասպետ Խորեն Խարմանդարյանն է, մայրականը՝ նշանավոր պետական գործիչ, գրող, մանկավարժ Սիմակ Սահակյանը եւ Կարսի վերջին քաղաքապետ Մարտին Չեբանովի թոռան թոռնուհին:

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ, 

23.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031