Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Թուխիկյան. «Ցավում եմ, որ Հրանտ Մաթեւոսյանի անունը շահարկումների թեմա է դարձել»

Նոյեմբեր 11,2019 15:44 Share

«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի խնդրի լուծման վերաբերյալ մի շարք հարցերի էր անդրադարձել, խոսելով նաեւ ԿԳՄՍ նախարարության, իր խոսքով, բացակա հայեցակարգի մասին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ նրա ներկայացրած փաստարկների հետ, քանի որ, փոխնախարարի ձեւակերպմամբ, ամեն ինչ  180 աստիճանով նենգափոխված է ներկայացրել Մաթեւոսյանի որդին, այդ թվում այն, ինչ տեղի է ունեցել  սեպտեմբերի 18-ին վարչապետի մասնակցությամբ հանդիպման ժամանակ:

«Վարչապետն է առաջարկել իրար հասկանալ, ոչ թե Դավիթ Մաթեւոսյանը, առաջարկել է նստել մեկ սեղանի շուրջ, որպեսզի Դավիթը ներկայացնի վերջնական իր պատկերացումը, որովհետեւ այդ օրը, վարչապետի եւ մյուս ներկաների համար պարզ չդարձավ, թե հիմնադրամը ինչպես է պատկերացնում կենտրոնի շահագործումը: Նրանք ունեն հայեցակարգ, հաճելի գեղեցիկ ցանկությունների մի փաթեթ, որն իսկապես առաջադիմական է, բայց թե այդ ամենն ինչպես պետք է իրականացնեն, պետությունն ի՞նչ պետք է անի, ինչ պարտավորություններ  պետք է ստանձնի, հիմնադրամն ի՞նչ պարտավորություններ պետք է ստանձնի եւ ինչպե՞ս է բիզնես պլանը մշակելու, պարզ չէր»,-ասաց փոխնախարարը:

Aravot.am-ը հետաքրքրվեց` իսկ նախարարությունն ի՞նչ հայեցակարգով է ուղղորդվում, արդյոք պե՞տք է նոր թանգարաններ ծնվեն,  ինչպե՞ս է դիտարկվելու դրանց բացառիկությունը, անհրաժեշտությունը: «Եթե խոսքը գնում է «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոնի մասին, այդ հայեցակարգն իրենք են մշակում, իրենք ունեն սկզբնական շրջանում մասնագետների կողմից արված հայեցակարգ, բայց այդ հայեցակարգը չի հանգել բիզնես նախագծի, իսկ թե նախարարությունն ինչպիսի պատկերացումներ ունի այսուհետեւ ստեղծվելիք կամ հիպոթետիկ ստեղծվելիք թանգարանների մասին, ունի անշուշտ, բայց խոսքը, տվյալ պարագայում,  դրա մասին չէ:

Վարչապետը հանձնարարական տվեց սեպտեմբերի 18-ին հասկանալու, թե ինչ է սրանից հետո լինելու կամ հիմա լինելու, տաղանդները շատ են, իրենց ծնողների համար թանգարան բացելու ցանկությունները` նույնպես, մենք ո՞ւր ենք հասնելու, եթե բոլոր տարբերակների համար ընտրենք թանգարան բացելու մոտեցումը: Դրա համար մեզ հանձնարարական տրվեց, ինչի շուրջ աշխատել ենք եւ նախարարին ենք ներկայացրել հայեցակարգ` մեր պատկերացումներով, թե ինչպիսին պետք է լինի  պետության քաղաքականությունը, որ դեպքում պետք է  բացի մեծ թանգարան, որ դեպքում պարզապես օժանդակի մեթոդական կամ ստարտափային միջոցով այն փոքրիկ թանգարաններին, որ գուցե կստեղծվեն:

Օրինակ, նույն Հրանտ Մաթեւոսյանի հետ կապված իր ծննդավայր Ահնիձորի տունը պատկերացնում ենք, որ հրաշալի բիզնես-նախագիծ կարող է դառնալ: Այդ ամենը նաեւ  համայնքի  զարգացմանը նպաստող քայլեր կլինեն, պատկերացրեք, որ տունը  եւ տարածքը կարգաբերվեն, եւ դա փոքրիկ հյուրատուն դառնա: Եվ սփյուռքից եւ տեղացիներից շատերը կուզենան գիշերակացով Ահնիձոր գնալ, մնալ այն միջավայրում, որտեղ ապրել ու ստեղծագործել է մեծ գրողը, արդյունքում՝ ե՛ւ ընտանիքը ոտքի կկանգնի, ե՛ւ համայնքը կվերակենդանանա»,-ասում է փոխնախարարը:

Մեր դիտարկմանը, որ նույն  տրամաբանությամբ, կարելի է Թումանյանի երեւանյան թանգարանը ավելորդ համարել, քանի որ Դսեղի թանգարանը կա, տիկին Թուխիկյանը պատասխանեց. «Ինչ արվել է, արդեն արվել է, մենք ասում ենք սրանից հետոյի մասին, խոսքը հետագայում ծնվելիք թանգարանների մասին է: Բացի այդ, երբ մենք ունենանք եւս մեկ Թումանյան կամ եւս մեկ Կոմիտաս, այն ժամանակ կնստենք ու կքննարկենք հասարակության լայն խավերի հետ: Տվյալ դեպքում փոքր թանգարանները կարող են լինել մասնավոր կամ համայնաքային, իսկ պետությունը գլոբալ հարցեր պետք է լուծի, հզոր թանգարաններ ստեղծի: Այսօր մենք ունենք 3 հզոր թանգարան, որոնք ունեն տարածքի խնդիր: Դրա համար չեն կարողանում ամբողջությամբ ներկայանալ` Հայաստանի ազգային պատկերասրահը, գրականության եւ արվեստի թանգարանը եւ պատմության թանգարանը: Հատկապես գրականության եւ արվեստի թանգարանը բացառիկ է, արխիվ թանգարան է, բայց տեղ չունի, լայն հասարակությունը դեռ չգիտի, թե այնտեղ ինչեր կան:

Նշեմ, որ նոր ՊՈԱԿ ստեղծելու մասին գրություն էր գնացել 1-2 տարի առաջ, եւ ֆինանսների նախարարությունից պատասխանել էին, որ բացառիկ դեպքերում, եթե այլ ՊՈԱԿ-ի կամ կառույցի շրջանակներում հնարավոր չէ իրականացնել այդ գործառույթը, միայն այդ դեպքում կարելի է քննարկել… Պայմանավորվեցինք այսպես` հիմնադրամը պետք է ներկայացնի իր բիզնես ծրագիրը, որի տրամաբանությամբ նախարարությունը պետք է վերջնական որոշում կայացնի, վերջինի հիման վրա էլ մյուս կառույցները պետք է դիրքորոշում հայտնեն»:

Ինչ վերաբերում է մշակութային կենտրոնի չարչրկված 3-րդ հարկին, այս մասին էլ Նարինե Թուխիկյանը հայտնեց հետեւյալը. «Ընդունենք, որ ի սկզբանե 3-րդ հարկը կար, հետո ինչ-ինչ պատճառներով, այդ թեման դուրս եկավ մեջտեղից: Երբ որ վարչապետը հարցնում է, թե ինչ ե՞ք անելու 3-րդ հարկում, այդ հարցի պատասխանը չկար: Այդ հարցի պատասխանը չկար նաեւ, երբ ինձ մոտ հոկտեմբերի սկզբին հանդիպեցինք, միջգերատեսչական խորհրդակցություն եղավ: Հստակ ասվել է, որ 55 միլիոնը կես միլիարդից հետո մեծ գումար չէ, հարցն այստեղ գումարը չէ, այլ այն է, որ դուք ուզում եք շահագործել այս շենքը, սակայն պատկերացում չունեք, թե ինչ պետք է անեք: Մեկ Դավիթն ասում էր աշխատասենյակներ կլինեն 3-րդ հարկում, մեկ ասում էր, որ ընթերցասրահ կլինի:

Ընդ որում, բացի այդ 55 միլիոնից, այնտեղ հսկայական նոր ծախսեր կան, արված չէ ներքին հարդարումը, կահավորումը, կառույցի ներսում ապամոնտաժման աշխատանքներ պետք է կատարվեն: Ընդ որում, ամենածախսատար մասը բարձր տեխնոլոգիական կահավորումը պետք է լինի, որի մասին խոսում էր հիմնադրամը: Այսինքն, ստացվում է, որ պետությունը 55 միլիոնով չի ավարտելու իր գործը…Եվ անընդհատ մեղադրել կառավարությանը, որ հարցերն առաջ չեն գնում, ափսոսում է՝ փողը չի տալիս, արդար չէ, մինչդեռ հիմնադրամը չի պատկերացնում, թե իրեն ինչ աշխատողներ, ինչ մասնագիտացումներ են պետք:

Մենք Դավիթ Մաթեւոսյանին տվել ենք ելակետային տվյալներ, թե այդ մակերեսով շինության շահագործումն ինչպես է լինելու, ինչ աշխատողներ կպահանջվեն: Նոյեմբերի 1-ին մենք պետք է վերջնական տարբերակը ներկայացնեինք վարչապետին, որը չարեցինք, որովհետեւ հոկտեմբերի 31-ին Դավիթը պետք է Power Point –ով վերջնական  ներկայացներ: Բայց դա չեղավ, մենք ստացանք մի անհասկանալի գրություն, նենգափոխված մի բան, որը շատ զարմանալի էր: Հետո իմացանք, որ նոյեմբերի 16-ին պատրաստվում են շնորհանդես անել Մատենադարանում»:

Հարցրինք` մասնակցելո՞ւ է շնորհանդեսին: Ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Դեռ չգիտեմ, կմասնակցե՞մ, թե՞ ոչ»:

Հարցրինք նաեւ` երբեւէ  եղե՞լ է թանգարանի ներսում: Նարինե Թուխիկյանն ասաց, որ երբեւէ չի եղել, բայց մակետն է տեսել. «Մակետից արդեն ակնհայտ է, որ այնտեղ փոփոխության կարիք պետք է լինի»: Նա անդրադարձավ նաեւ մշակութային կենտրոնի հարակից այգուն. «Վարչապետի հետ խորհրդակցության ժամանակ Մաթեւոսյան Դավիթը ներկայացրեց, որ տարածքի կանաչապատ գոտին պետք է Ահնիձոր դառնա, ընդ որում, քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ իրենք հայեցակարգ ունեն Երեւանում կանաչ գոտիների վերադիզայնի նախագծեր անելու, եւ այդ հատվածի համար էլ ունեն, բայց պատրաստակամություն հայտնեց հանդիպել ու քննարկել, թե որքանով են իր եւ քաղաքապետարանի ճաշակները, տրամաբանությունը եւ հայեցակարգերը համահունչ…

Սեպտեմբերի 18-ի խորհրդակցությունից հետո էլ  մի ռեպորտաժ տեսա, որտեղ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի ղեկավարն ասում էր, որ 3-րդ հարկը կկառուցվի, այգին Ահնիձոր կլինի, փողոցի մի հատվածը կվերանվանվի  Հրանտ Մաթեւոսյանի անունով: Կարծում եմ` սա հասարկությանը մոլորության մեջ գցելու փորձ է, որովհետեւ նման խոսակցություններ չեն եղել, հստակ չէ` արդյոք այգին Ահնիձոր կդառնա՞, եւ արդյոք երրորդ հարկ կկառուցվի՞, քանի որ այդ հարցերը քննարկման փուլում են»:

Նարինե Թուխիկյանին հարցրինք` սիրո՞ւմ  է Հրանտ Մաթեւոսյանի գրականությունը: «Ես Հրանտ Մաթեւոսյանին շատ եմ սիրում, եւ ցավում եմ, որ նրա անունը շահարկումների մեջ է մտել, որովհետեւ ինքն ըստ էության կապ չունի այս ամենի հետ»:

Հարցրինք նաեւ Մաթեւոսյան ընտանիքի հետ եղած երբեմնի մտերմության մասին: «Սկզբում շատ նեղվում էի, որովհետեւ ե՛ւ Շողեր Մաթեւոսյանի դասընկերուհին եմ եղել որոշ ժամանակ, ե՛ւ Դավիթի հետ է մտերմություն եղել, մենք միասին աշխատել ենք մի պահ, մենք դրացիներ ենք, հիմա ինձ համար շատ դժվար է: Եվ եթե անգամ մտերմությունը չլիներ, միեւնույն է Հրանտ Մաթեւոսյանի ֆենոմենն արդեն կաշկանդում է իր շուրջ պատմությունների առումով»,-պատասխանեց փոխնախարարը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Lilit Harutyunyan says:

    Հետաքրքիր է, կարդացի մի քանի այլ պաշտոնական հայտարարություններ ու համոզվեցի, որ Նարինե Թուխիկյանը ստում է…հայտարարությունները մի բան են ասում, որ ավելի շատ համապատասխանում է Հրանտի որդու ասածին, Նարինեն՝ ուրիշ: Բացի այդ, խոսքը գնում է մշակութային կենտրոնի և ոչ՝ թանգարանի մասին… տիկինը շարունակաբար խոսում է թանգարանի մասին, այնինչ կենտրոնի կառուցման մասին ողջ ծրագիրը հերքում է իր “սովետական թանգարան” լինելու միտքը, որը այս կինը փորձում է շահարկել: Որպես արվեստագետ մտադիր եմ կանգնել Մաթևոսյանների ընտանիքի և ոչ կոռումպացված Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն, մի չար տիկնոջ կողքին: Հրաժարական տվեք…դուք խառնակիչ եք:

  2. Անի Մնացական says:

    Ուրեմն, Հ. Թումանյանի անունը օգտագործած, իր գրպանները դրամքվխցրած տիկինը կանգնել շահարկումներից է խոսում: Շատ եմ լսել, որ Թումանյանի թանգաչանը “փող լվալու” վայր է եղել…էլ չասեմ, որ նախորդ իշխանությունների մտերմիկհարաբերություններն թլ ենք լավ հիշում: Բացի անձնական շահից այս կինը ուրիշ ոչ մի կապ չունի մշակույթի հետ … եթե իր “մտերիմների” ակերն էլ էսպես փայտեր է մտցնում, էլ ինչի մասին է խոսքը: Երեկ սերժենց մերժեց հենց պահը եկավ, վաղն էլ նիկոլենց է մերժելու… ես ավելի շուտ Նարինե Թուխիկյանի հրաժարականը կպահանջեի, քան Հարությունյանի:

  3. Vardan says:

    Ուրեմն պերֆորմանս անելը օք ա ու տենց փող մսխելը, բայց մեր Մեծի անունով մշակույթային կենտրոն կառուցելը, որ մշակույթ ա զարգացնելու, հեռանկարով’ չէ..վատ եք դուք? Բիզնեք հեռանկարների մասին լսել եք? Հանեք Թուխիկյանին գործից, իր գործից բան չի հասկանում հերիք չի, մի հատ էլ փորձում ա”բազառ” ա սարքի

Պատասխանել Lilit Harutyunyan

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930