Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ մարդիկ երբ խոսում են ազատագրված տարածքները զիջելու մասին, իմ ուղեղում չի տեղավորվում, մենք ի՞նչը զիջենք, այնտեղ ենք, որտեղ այլ զիջելու բան չունենք». Տարոն Սիմոնյան

Ապրիլ 08,2020 17:37

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը առցանց դասընթաց անցկացրեց արցախյան հակամարտության մասին: Դասընթացը կազմակերպվել էր ԵՊՀ ՈւԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը՝ ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովի հետ համագործակցությամբ: Ուսանողները հնարավորություն ունեին առցանց տարբերակով հարցեր ուղղել բանախոսին:

Հարցին՝ «վերջերս Արցախում տեղի ունեցած ընտրությունները որքանով կարող ենք համարել իրավական՝ հաշվի առնելով ԵՄ-ի հայտարարությունը»՝ Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Իրականում թե՛ ԵՄ-ն, թե՛ այլ պետություններ միշտ էլ ասել են, որ չեն ճանաչում Արցախի տարածքում որեւէ ընտրության արդյունք, մինչեւ Արցախի հակամարտության հարցը չլուծվի: Եվ քանի դեռ այդ հակամարտությունը չի լուծվել՝ Արցախը մնացած պետությունների համար պետական միավոր չի համարվում: Դրա համար ԵՄ-ի կամ այլ միջազգային կազմակերպությունների, պետությունների հայտարարությունները կողմնորոշիչ չպետք է լինեն մեզ համար: Մենք պետք է կողմնորոշվենք Արցախում փաստացի տեղի ունեցած ընտրությունների արդյունքով: ԱԺ պատվիրակությունը գնացել էր Արցախ դիտորդական առաքելությամբ ու որպես այդպիսին, մեծ քանակությամբ խախտումներ չէին արձանագրվել, որոշակի թերություններ եղել են: Թերությունները ներկայացվել են Արցախի իշխանություններին ու կոչ է արվել ուշադրություն դարձնել»:

Մեկը հարցրել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմը պիտի ավելի շատ պատմակա՞ն, թե՞ իրավական փաստերով առաջնորդվի եւ խնդրում եմ նշել ամենահամոզիչ փաստարկները, որոնց կիրառման շնորհիվ առավել արդյունավետ կլինեն բանակցությունները հայկական կողմի համար»: Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ երբ չունես իրավական, ռազմական փաստարկներ՝ պատմական փաստարկներն ավելի շատ երկրորդական են. «Արցախում տեղի ունեցածը դասական ինքնորոշման իրավունքի արտահայտություն էր, սա մեր ամենաուժեղ իրավական հիմքն է: Մենք մեր միջազգային գործընկերներին այդ փաստարկն ենք ասում, որ ցեղասպանություն տեսած ժողովուրդը երկրորդ անգամ ցեղասպանության չի ենթարկվի: Կյանքի իրավունքը երաշխավորելու համար, եթե պետք է, մենք նոր տարածքներ էլ կազատագրենք, միայն թե որեւէ մեկի մտքով չանցնի, որ հայ մարդուն իր իսկ հայրենիքում կարելի է սպանել: Դա բավականին լուրջ իրավական փաստարկ է»:

Արդյոք երկու երկրների հասարակություններն երբևէ պատրաստ կլինե՞ն իրական փոխզիջումների, թե՞ ոչ՝ հարցին՝ Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ միգուցե մի քանի սերունդ անցնելուց հետո երկու հասարակությունները պատրաստ լինեն որոշակի զիջումների, բայց պետք է հասկանալ, թե այդ զիջումներն ուր են տանում: Եթե պարզվի, որ այդ զիջումների արդյունքում դու կարող ես կորցնել այն, ինչ ձեռք ես բերել՝ սա չի կարող որեւէ ձեւով դիտարկվել. «Օրինակ, որոշ մարդիկ երբ խոսում են ազատագրված տարածքները զիջելու մասին, իսկ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, շարունակում է պնդել, որ հայը, լինի ՀՀ-ի, Արցախի կամ այլ երկրի քաղաքացի, Ադրբեջանի ժողովրդի թշնամին է, շարունակում է պարգեւատրել անձանց, ովքեր հայ են սպանում, այս պայմաններում հայկական կողմի զիջումն իմ ուղեղում չի տեղավորվում, մենք ի՞նչը զիջենք, մենք այնտեղ ենք, որտեղ այլ զիջելու բան որպես այդպիսին չունենք, որովհետեւ քո հակառակորդը ոչ թե պատերազմական գործողություներում ձեռքբերումների զիջման մասին է խոսում, այլ քո կյանքի իրավունքը զիջելու մասին է խոսում: Մենք ասում ենք՝ հարգելիս, մենք այդ հռետորաբանությամբ չենք կարող իրար հետ բանակցել: Դպրոցական տարիքից սրսկում են երեխաներին, որ հայը թշնամի է, մարդ չէ, այս պարագայում ցանկացած բան մեր կողմից զիջում կհասկանան մեր կյանքի իրավունքի զիջում»:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար ավելի հեռանկարային է ձգտել Արցախի անկախությա՞նը, թե՞ Հայաստանին միանալուն: Այս հարցին ի պատասխան՝ Տարոն Սիմոնյանն ասաց, որ իր սրտին մոտ կլինի խոսել միացման մասին, միասնական հայրենիքի մասին, բայց քանի որ դեռեւս 90-ականներին այս ճանապարհն է ընտրվել, որ անկախություն ձեռք բերի, հետո նոր միանա, կարելի է այսկերպ շարունակել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930