Լրահոս
Օրվա լրահոսը

«Բակում ինձ ասում էին շրջազգեստով փոքրիկ Վիսոցկի»․ Շուշան Գեւորգյան

Օգոստոս 08,2020 23:38

Aravot.am-ի զրույցը Շուշան Գեւորգյանի հետ։

-Շուշան, շատերը քեզ գիտեն իբրև ռեժիսոր: Ինչպե՞ս եղավ անցումը երգարվեստ, պատմիր մի փոքր քո մասին:

– Այո, մասնագիտությամբ ռեժիսոր եմ: Բայց հայ երգը լսել եմ ավելի վաղ, քան նույնիսկ կսկսեի խոսել: Մայրս պատմում է, որ «Արի իմ սոխակը» միակ տարբերակն էր ինձ` չարաճճի երեխայիս, քնեցնելու համար: Առհասարակ, մեր երաժշտական գերդաստանում լավ երգելը, ձայն ունենալը ոչ մեկի չէր զարմացնում: Բայց իմ երգելը «զարմացրեց» բոլորին (ժպտում է):

-Ինչո՞ւ։

– Մեր մեծ ընտանիքում, որտեղ արդեն 4-5 սերունդ բոլորը հրաշալի ձայներ ունեին, մինչև 15-16 տարեկան միակ «ագռավը» ես էի (կատակում է՝ խմբ․): Այսինքն ձայնս խռպոտ էր, բակում ինձ ասում էին  «շրջազգեստով փոքրիկ Վիսոցկի», ընտանիքում ևս բազմաթիվ սուր մականուններ ունեի։ Հիշում եմ՝ ինչպես էի տխրել, երբ նույնիսկ դպրոցական երգչախումբ ինձ չընդունեցին (ժպտում է):

Բայց ամեն ինչ փոխվեց հասունացման տարիքում.  երբ շատ պատանիներ այդ շրջանում կորցնում են երգեցիկ ձայնը, մի հրաշքով իմ կոկորդում հակառակ գործընթացը տեղի ունեցավ:

– Հիմա ձեզ մոտ ստեղծագործական ակտիվ փուլ է. ինչպե՞ս եք կատարում երգերի ընտրությունը։

– Ճիշտն ասած՝ առանց «հաշվարկի»՝ սեփական զգացողությամբ: Երգը պիտի կատարողի ամեն նյարդի հետ խոսի. այդ է չափանիշը: Արվեստի առաքելությունը մարդուն ցնցելն է, որ արթնացնի նրա մեջի լավագույնը, մաքուրը, իսկականը: Մենք գործ ունենք մարդու զգացմունքների հետ, իսկ զգացմունքը կարելի է արթնացնել միայն անկեղծությամբ` չխաբելով:

-Գիտեմ, որ ունեք նոր տեսահոլովակ: Կխնդրեմ պատմեք այդ մասին:

-Տեսահոլովակը նկարահանվել է Մոսկվայում, «ինտերնացիոնալ» թիմով. միայն ես և ռեժիսորն էինք հայ: Իմ վարպետը մի լավ խոսք ուներ` «Մի փորձեք զարմացնել աշխարհին, այս խեղճուկրակ աշխարհն առանց այդ էլ շատ է զարմացած»,  մենք այդպես էլ արեցինք` չձգտեցինք «զարմացնել», այլ պարզ ու նուրբ, առանց սյուժեի, պոետիկ լեզվով փորձեցինք պատկերել երգի եթերայնությունը և թաքցնել երգչուհու թերությունները (կատակում է՝ խմբ.): Ռեժիսորը Ասպետ Շերմազանյանն է:

-Ասպե՞տ, հետաքրքիր է:

– Այո՛, սա այն դեպքն է, երբ մարդ լիովին համապատասխանում է իր անվանը: Ասպետը շատ տաղանդավոր, մեծ ապագայով երիտասարդ կինոռեժիսոր է, ծագումով` լոռեցի; ВГИК-ի լավագույն շրջանավարտներից մեկը: Արդեն մի քանի վառ, հետաքրքիր ֆիլմերի հեղինակ է: Առաջիկայում մենք էլի կունենանք նորություններ:

-Անկախ ոլորտից` միշտ հետաքրքիր է մարդու ուրույն տեսակը: Բայց ազդեցություններն անխուսափելի են. ո՞վ է քեզ ձևավորել իբրև անհատ:

– Մարդն իր միջավայրի ծնունդն է. հուսամ ՝ անհամեստ չի հնչի, բայց այն ընտանիքում, որտեղ ես եմ մեծացել, պետք էր ուղղակի ԼՍԵԼ: Լսել տատիս զուլալ ձայնը` ապարանյան մեր ֆոլկլորի կատարումներով, հորս մոգական երգը` օպերային արիաների, աշուղական երգերի, կոմիտասյան կատարումներով: Տեսնել, լսել, զգալ հորեղբորս` պատմաբան, Արցախյան գոյապայքարի  մարտիկ Համլետ Գևորգյանին ու նրա օրինակով հասկանալ՝ որն է իսկական,  լուռ, գործուն հայրենասիրությունը…. Սա շատ զգայուն  թեմա է։

– Եվ վերջում`ի՞նչ սպասենք ձեր թիմից առաջիկայում։

– Անկեղծ ասած` սկզբունք ունեմ արդեն արված գործերից խոսելու: Այնպես որ, հենց նոր աշխատանք ունեցանք` «ձայն կհանեմ», իսկ քանի որ խոսեցիք թիմից, ասեմ, որ իմ կողքին են ընկերներս, հրաշալի մարդիկ, առանց որոնց ես ոչինչ չէի կարող անել: Անասելի շնորհակալ եմ բոլորին ու երբեք չեմ մոռանա իրենց անշահախնդիր, մեծ ներուժն ու հավատն առ մեր գործը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31