Լրահոս
Օրվա լրահոսը

Ելքի իմ առաջարկը

Նոյեմբեր 11,2020 10:00 Share

Մենք դեռ տաք ենք եւ առօրեական խոսակցությունների մեջ դեռեւս չենք հասկանում, թե մեր ժողովուրդն ինչ պատմական պարտություն է կրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: Ինձ համար ակնհայտ է, որ դրա գլխավոր պատասխանատուն ներկայիս գործադիր եւ օրենսդիր իշխանությունն է: Իհարկե, անցած 30 տարիների ընթացքում էլ եղել են անբարենպաստ զարգացումներ, որոնք խիստ բացասաբար են ազդել այսօրվա իրավիճակի վրա: Բայց դրանք ամենեւին արդարացում չեն՝ ներկա իշխանության աղետալի ձախողումների համար: Թեկուզ այդ արդարացումները հնչեն ամենժամյա «լայվերի» ռեժիմով:

Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, ինչ-որ դավադիր ծրագրի մաս չէ, ինչպես որ հիմա փորձում են ներկայացնել նրա ընդդիմախոսներից ոմանք. նա անկեղծորեն ուզում էր եւ հիմա էլ ուզում է, որ ամեն ինչ լավ լինի: Պարզապես ներկայիս վարչապետն, իմ կարծիքով, չունի պետական գործիչ, երկրի ղեկավար լինելու համար անհրաժեշտ որակներ, իսկ նրա հոգեբանական հատկանիշները՝ ջղագրգիռ, հախուռն բնավորությունը, ինչպես նաեւ ինքնաքննադատության իսպառ բացակայությունը հնարավորություն չեն տալիս նրան սովորելու, ձեռք բերելու այդ որակները:

Պետական բարձր պաշտոնը ենթադրում է նախեւառաջ սթափ հաշվարկներ, ոչ թե ամենօրյա «քլնգող» ելույթներ, «լայվեր»՝ ընդդիմախոսներին «լեզվակոխ» անելու, «լայքերի» եւ «սրտիկների» ակնկալիքով: Մասնավորապես, պատերազմի տարբերակին գնալուց առաջ պետք էր հաշվարկել ռեսուրսները, եւ եթե դրանք չէին բավարարում հաղթելու համար, ապա, պետք էր համաձայնել կարգավորման տարբերակի, որն, իհարկե, նույնպես պատվաբեր չէր, բայց չէր ենթադրում առնվազն 1400 մարդու հասնող զոհեր եւ շատ ավելի շոշափելի ու վտանգավոր տարածքային կորուստներ: Բայց մենք դեռ շատ ժամանակ կունենանք խոսելու այն մասին, թե ինչ պետք ԷՐ անել այս 2,5 տարվա ընթացքում եւ ինչ պետք ՉԷՐ: Հետահայաց մտորումների ժամանակը դեռ կգա:

Հիմա պետք է մտածել, թե այժմ ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի պետության անկումը չշարունակվի:

1/ Իրավապահների միջոցով լիակատար կարգուկանոն է հաստատվում Երեւանի փողոցներում, հուսալի պաշտպանության տակ են առնվում պետական բոլոր կառույցները եւ պաշտոնակատար անձինք, խիստ պատասխանատվության են ենթարկվում ջարդարարները եւ ԱԺ նախագահին բռնության ենթարկողները,

2/ Հայաստանում եւ Արցախում իրավիճակի կայունացումից հետո (հավանաբար, դա կտեւի մոտ երկու շաբաթ) Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկա վարչապետը հրաժարական է տալիս, ընտրվում է նոր վարչապետ, նախարարները ու մյուս պաշտոնյաները ժամանակավորապես շարունակում են կատարել իրենց պարտականությունները,

3/ Ազգային ժողովը սահմանադրական հիմքեր է գտնում ինքնալուծարվելու համար,

4/ անցկացվում են նոր խորհրդարանական ընտրություններ, ձեւավորվում է նոր կառավարություն:

Մնացած երկու ծայրահեղական լուծումները՝ մի կողմից այս իշխանության երկարաձգումը, մյուս կողմից՝ ամբոխի կողմից ինչ-որ «ռեւկոմ»-ի ստեղծումը հղի են անկայունությամբ եւ պետականության քայքայմամբ: Եվ, ի վերջո, մենք դատապարտված չենք որպես իշխանություն ունենալու կա՛մ թալանչիներին, կա՛մ հոգեպես անհավասարակշիռ մարդկանց՝ հայ ժողովուրդը բազմաթիվ արժանավոր զավակներ ունի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան գրում եք, որ ներկայիս վարչապետի մոտ ինքնաքննադատության իսպառ բացակայությունն է: Համաձայն եմ: Ու ենթադրում եք, որ նա հրաժարական պիտի տա: Անիրատեսական առաջարկ է:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, շնորհակալություն Ձեր հստակ դիրքորոշման համար: Ի տարբերություն հրաժարական պահանջող այլ անձանց կամ կուսակցությունների, դուք նշում եք նաև քայլերը: Երկրորդ քայլի իրականանալիությունը, սակայն, հարցեր է առաջացնում: Եթե «պետական գործչի, երկրի ղեկավարի անհրաժեշտ որակներ չունեցող» մեկը ժամանակին հետ չքաշվեց արտաքին արհավիրքը կանխելու համար, ապա ինչքանով հավանական է, որ «հոգեպես անհավասարակշիռ» և իշխանատենչ այդ նույն անձը հրաժարական տա՝ որպեսզի կանխվի արհավիրքը ներսից: Մանավանդ, երբ իրականանա Ձեր նշած առաջին քայլը և, առավելևս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներքին թշնամու դեմ պայքարն ու խառնակչությունը իր միակ տարերքն է:

  3. Միքայել Պետրոսյան says:

    Երկու շաբաթում բանը բանից կանցնի: Ռուս խաղաղապահները արդեն վտարում են հայ բնակչությանը առանց ունեցվածքի, առանց տրանսպորտի, առանց ապահովության:
    Ընտրությունների հալ ու հարաքյաթ չունենք: Նոր վարչապետին պիտի նշանակել մի քանի օրում ակտիվ ուժերի կոնսենսուսով: Ունակ վարչապետ կա, իմ կարծիքով: Կարծում եմ նաև ընդունելի կլինի մեծամասնության համար: Անունը չեմ գրում զգուշանալով ներկա վարչապետից բխող վտանգից:

  4. Սարգիս Զեյթունյան says:

    Փաշինյանն անցել է Ձեր նշած 1-ին կետի կատարմանը (զանգվածային ձերբակալություններ): Երևի դա անում է, որ իրավիճակը հանդարտացնի ու 2 շաբաթից հրաժարական տա:
    Ես արդեն կասկածում եմ, որ նա այսպես լիուլի օգտագործված վիճակում Մոսկվային նույնիսկ ավելի ձեռնտու է, քան Քոչարյանը:

  5. Լավատես says:

    Ամենաանդուրն այս իրողության մեջ այն է, որ մի գիշերվա մեջ որոշումներ են ընդունվում առանց խորհրդակցելու ժողովրդի հետ, սա արդեն իշխանական ավանդույթ է դառնում, հիշենք նախորդն էլ նման գործելաոճից չէր խորշում:
    Հիմա սխալների ուղղում պետք է կատարել:
    Արցախի հիմնախնդրի ռազմավարության բացակայություն, այդ որ հիմարը Արցախին հանեց քաղաքական բանակցություններից, Հայրենիքը միայն անվտանգության երաշխավորն է, Արցախը պետք է հանդես գար միմիայն ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի ռազմավարական պահանջատիրությամբ, որպես անվտանգության երաշխավոր պետք է դիմեր ում ցանկանար’ համանախագահ երկրներին կամ այլ երկրներին, Արցախը պետք է դառնար միջազգային իրավունքի այն փորձաքարը, որի հաջող օրինակին պետք է հետեւեին մյուս պետություն չունեցող տեղաբնիկ ազգերը: Այսպիսով Արցախը հրաժարվում է այլ երկրների քաղաքական միջնորդությունից եւ միմիայն սեփական ուժերով մտնում քաղաքական բանակցական դաշտ:

  6. Քաղաքացի says:

    Հարգելի Արամ Աբրահամյան,

    Ձեր որակումների հետ կարելի է համաձայնվել/չհամաձայնվել, սակայն նրանք իրադարձությունների ֆոնի ներքո այլևս երկրորդական են:
    1. Հրաչյա Արզումանյանը, լինելով լուրջ քաղաքագետ, ազնվորեն ընդունում է “ինքներս մեզ համոզել էինք”, որ Թուրքիան երբև է չի կարող հարձակվել Հայաստանի վրա, քանի որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Այս մոլորությունը նստած է ոչ միայն հայ քաղաքագետների ենթագիտակցության մեջ, այլև ժողովրդի: Այս մեջբերումը, հաշվարկների վերաբերյալ Ձեր պնդման դիմաց, բոլորովին չժխտելով ինքը պնդումը:
    2. Կատարվածը, ենթադրում է կարգավորման Ձեր երկրորդ կետը (հրաժարականներ): Սակայն ես բոլորովին վստահ չեմ, որ դա մեր հասարակության զգալի հատվածի ցանկությունն է ևս: Լսեցի հարգելի Կոմանդոսի զգուշացումը առ այն, որ ռազմաճակատից վերադարձող զինվորը շատ սուր հարցեր կբարձրացնի, իսկ նրա ետևում դիրքավորվել են հայտնի ուժերը: “Պետք է անել այնպես, որ ջրի երես կրկին չբարձրանա կեղտը” (Կոմանդոս):
    3. Ռազմաճակատից վերադարձող զինվորը, ունի ոչ միայն շատ ավելի լավ պատկերացում, ի տարբերություն մեզ բոլորիս, թե ինչն ինչոց է, այլև շատ ավելի մեծ իրավունքներ պահանջելու/չպահանջելու հրաժարականներ: Փաշինյանը կատարվածից հետո այլևս օգտագործված փամփուշտ է, սակայն զինվորը կարող է բեկում մտցնել այս ամենի մեջ, քանի որ “Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, ինչ-որ դավադիր ծրագրի մաս չէ, ինչպես որ հիմա փորձում են ներկայացնել նրա ընդդիմախոսներից ոմանք.” Ժողովուրդը ունի իր “հաշվարկները”:
    4. Փաշինյանը, կորցնելու այլևս ոչինչ չունի (միայն չասեք իշխանությունը), նա կարող է գնալ ոչ ստանդարտ քայլերի ռուսների այս հերթական “կարգավորման հարցում”, քանի որ, ըստ մասնագետների, այդ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, դեռ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԷ:
    5. Այսօր Փաշինյանը ունի ևս մեկ շատ կարևոր խնդիր՝ թույլ չտալ ներքին, այս անգամ ոչ թավշյա բախումը: Այսպիսի հաշվարկ:
    6. Եվ վերջապես, առաջ գնալու համար մենք պետք է հասկանանք, թե որտեղ ենք ձախողել: Թուրքը 25 տարի զինվեց, իսկ ի՞նչ արեցինք /չարեցինք մենք կանխելու համար հերթական “Կարսի” հանձնումը: Փաշինյանը ՄԻԱՅՆ ստորագրվեց այդ իրողության տակ:

  7. Henri says:

    «հայ ժողովուրդը բազմաթիվ արժանավոր զավակներ ունի»:
    Սա միակ մխիթարական կէտն է մեր ներկայ կացութեան։
    Մենք խանդավառ Նիկոլի ՛՛ թաւիշէն՛՛ ,որու վարժաութիւնը կորսնցուցած էինք,մի քիչ երկար հանդուրժեցինք իր ջղագրգիռ ելոյթներն ու գործելակերպը , որ խոտոր կը համեմատէր ներկայ ժամանակներու ,առանց անդրադառնալու որ մեր հանդուրժողականութիւնը աստիճանաւոր կերպով բացասական երանգներ սկսաւ ստանալ .՛՛անհաւասարակշիռ՛՛
    աւելի ճիշտ Original անձի մը առջեւ գտանք ինքզինքնիս և ամէն օր նոր հարցեր կրնար ստեղծել և դառնալ անկարավարելի . ինչ որ պատահեցաւ։Անձնապէս կը համարիմ որ ՛՛ժամանակի ՛՛ հարցը շատ կարեւոր է այս օրերուն-կարելի չէ այս մթնոլորտը երկարացնել-

  8. Hay says:

    Ուրեմն ես ոչ նիկոլական եմ, ոչ պողոս եմ, ոչ էլ զոմբի եմ, այլ սթափ մտածող մարդ, որն ատում է նախկին թալանչիներին: Դուք սխալ եք դատում պ-րն Աբրահամյան, իրականում նախկինները ռուսաստանի հետ միասին ամեն ինչ արեցին, որ հասնենք այս վիճակին և ստիպված ստորագրենք այդ փաստաթուղթը՝ հետագա կորուստներից խուսափելու համար: Պատերազմը սկսվել է ՌԴ-ի դրդմամբ, չեն թողել մեզ օգտագործել մի քանի զենքեր, թույլ չեն տվել հարվածել կարևոր ստրատեգիական թիրախների, իսկ ներսում արդեն մեր դավաճանները դիտմամբ հետ են քաշել ջոկատները՝ թույլ տալով գրավել նոր դիրքեր, թուրքին են հանձնել զենքի պահեստներ, հայտնել են կոորդինատներ և շատ-շատ այլ դավաճանական քայլեր: Այնպես որ այս պահին վարչապետի հրաժարականը նշանակում է, որ իշխանության է գալու հենց այս դավաճանական խուժանը և մենք վերջնականապես խրվելու ենք ճահիճը: Ռուսաստանը մեզ պատժեց՝ ինքնուրույն խաղեր տալու համար և ինչպես միշտ գնաց առևտրի թուրքի և մեր ներքին թուրքի հետ: Մենք այս ազգն ենք:

Պատասխանել Henri

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30