Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Ավանեսյան. «Արսեն Թորոսյանն իր էջում գրառում ուներ, թե առողջապահությունը զուտ բիզնես է»

Փետրվար 02,2021 16:52 Share

Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստան մեկնող քաղաքացիների համար կորոնավիրուսի թեստի հետ կապված խառնաշփոթի պատճառների մասին խոսելով՝ «Պարացելսիուս» ՀԿ հիմնադիր-ղեկավար Նունե Ավանեսյանը լրագրողներին ասաց. «Առողջապահության նախարարության ստեղծած հավելվածի մասին ուզում եմ մի բան ասել: Նախարարությունն արդեն հունվարի 10-12-ին տեղյակ է եղել, թե որ բժշկական կենտրոններն են միանում: Սակայն այդ մասին նույնիսկ այդ ԲԿ-ներին չեն իրազեկել: Ես անձամբ երեկ զանգել եմ մի քանի ԲԿ, ներկայացել որպես ինքնաթիռի տոմս ունեցող անձ, որը պետք է մեկնի: Ինձ պատասխանել են, թե այդ օրն առավոտյան են իմացել եւ դեռ հնարավոր չէ իրենց կլինիկայից օգտվել:

Մարդը վերջին կես ժամում չի օդանավի տոմսերը գնում: Գիտենք, չէ՞, որ մարդիկ սոցիալական խնդիրներ ունեն, եւ դժվար չէ կռահել, թե ինչպես, ինչ միջոցներով են կարողացել տոմս ձեռք բերել: Երեկ օդանավակայանում եղել են խնդիրներ, երբ ուղեւորները ունեցել են տարբեր այլ լաբորատորիաներում արված թեստերի պատասխանը, բայց մեկնել չեն կարողացել, հենց այդ հավելվածի մասին լաբորատորիաների ուշ տեղեկացված լինելու պատճառով: Այո, պետք է լիներ պիլոտային մի ինչ-որ ծրագիր, որպեսզի երեկ այդ քաոսային վիճակը չստեղծվեր:

Մեկ այլ բան էլ ասեմ: Նշածս լաբորատորիաներից, ուր անձամբ եմ զանգել եւ որոնց անունը առայժմ չեմ հրապարակի, սակայն խոսակցության ձայնագրությունները պահպանել եմ, եղան այնպիսիք, որ պատասխանեցին, թե ոչինչ, որ ուրիշ տեղ է թեստը հանձնվել եւ առաջարկեցին գնալ իրենց մոտ եւ իրենք կես ժամվա ընթացքում կտան թեստի պատասխանը: Մի կողմ թողնենք, որ դա լրացուցիչ ծախս է ենթադրում, բայց ինձ որպես բժշկի ապշեցրեց այն, որ ՊՇՌ թեստի պատասխանի համար նվազագույնը վեց ժամ է անհրաժեշտ: Այսինքն, թեստավորում չեն անում: Կամ եթե անում են՝ Rapid թեստավորում է, ինչն ընդամենը տալիս է մարդու օրգանիզմում հակամարմինների մասին պատասխան: Այսինքն, մարդը ժամանակին վարակված եղե՞լ է, թե ոչ:

Այն խնդրի մասով, ինչը կապված է Android համակարգի հետ: Այն մարդկանց՝ տարեցներին կամ այլոց, որոնք չունեն համապատասխան հեռախոս, գոնե թղթային տարբերակով պետք է թեստի պատասխանը տրամադրել: Ես որպես բժիշկ ոչ մի կերպ չեմ հասկանում. այս ամենն արվում է ինչ-որ բիզնես նպատակո՞վ, թե իսկապես մենք որոշակի ձեւով կանխում ենք կորոնայի տարածումը մեր երկրում նաեւ այն մարդկանց մոտ, ովքեր պետք է մեկնեն այլ երկրներ:

Երբ 2018 թվականին Արսեն Թորոսյանը նշանակվեց առողջապահության նախարար, դրանից առաջ նա իր էջում ուներ մի հայտարարություն, թե առողջապահությունը զուտ բիզնես է: Ստացվում է, որ նրա համար ամեն ինչ բիզնես է, ինչը ընդունելի չէ: Լավ բիզնեսն ինչ-որ չափով դնենք մի կողմ, քանի որ առողջապահության նախարարությունը ունի իր շահույթը, իր ծախսերը: Բայց ամենը բաց է ու այդ ամենը մարդկային կյանքերի հետ գործ ունի: Դրան գումարած սոցիալական բեռը, որ հիմա մարդիկ պետք է կրեն: Այսինքն, արվում է ամեն բան, որպեսզի պատասխանատվությունը մնա ՀՀ հպարտ քաղաքացու վրա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728