Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուրիս ձեռքը պաչեցի, ժպտաց, գնաց, միացավ մյուս թռչող լույսերին»

Մարտ 03,2021 12:00 Share

Հերոսի մայրը որդու մասին երազ էր տեսել

Արցախյան վերջին պատերազմի մասնակից Արթուր Սարգսյանին մտաբերելիս առաջին բանը, որ նշում են բոլորը, նրա ժպիտն էր՝ չափազանց միամիտ ու բարի, ինչպես այն նկարագրում է նրա դասընկերուհին՝ Մերին։

«Որովհետեւ ինչ ասում էին, առանց մտածելու մի միամիտ բան էր ասում ու ժպտում»,- հիշում է Մերին։

Ոչինչ երբեք չէր ազդում Արթուրի տրամադրության վրա՝ ոչ ընկճված լինելը, ո՛չ էլ անգամ դպրոցում նկատողություններ ստանալը, իսկ նկատողություններ վաստակելն ու դասերը տապալելը նրա մենաշնորհն էին։

«Գիտեք՝ չեմ մոռանա, մի օր շատ լարված ստուգողական էինք գրում ու բոլորիս ուշադրությունը թղթիկի վրա էր։ Հանկարծ վերջին շարքից շատ ուժեղ ձայն լսվեց, բոլորս արագ շրջվեցինք ու տեսանք, որ Արթուրն ընկել էր աթոռի վրա ճոճվելիս։ Բոլորս մոռացանք ստուգողականի մասին ու սկսեցինք շատ բարձր ծիծաղել։ Դրանից հետո ինչքան նմանատիպ ձայն էինք լսում, չէինք զարմանում, գիտեինք, որ Արթուրն էլի ընկել էր աթոռից։ Շատ աշխույժ էր, շատ-շատ, չէր կարողանում հանգիստ նստել իր տեղում»,- պատմում է Արթուրի մյուս դասընկերուհին՝ Լիանան։

Դե իսկ դասից ծլկելու անհավանական եղանակներ մտածելն ու իրականացնելը Արթուրից անպակաս էին՝ շեշտում են բոլորը։
«Մի օր ուզում էր պատմության դասարանի պատուհանից իջնել այդ պատուհանի ներքեւում գտնվող կազմակերպության դռան վրա, բայց դասատուն հետ պահեց, ու ինքը չկարողացավ փախչել։ Շատ ռիսկով էր, էդ պահին մտքին ինչ գար, կաներ, մենակ թե փախչեր»,- ասում է Մերին։

Տ. Շեւչենկոյի անվ. թիվ 42 ավագ դպրոցի տնօրենը՝ Էլեոնորա Թումանյանը, պատմում է, որ շատ առիթներ էին լինում Արթուրին դիտողություններ անելու, իր հետ բացատրական աշխատանքներ տանելու, բայց նա երբեք չէր մոռանում մեծերի հանդեպ հարգանքի ու զսպվածության մասին։

«Ասում էի՝ այ տղա, բա որ մի բան լիներ, դու պատկերացնում ես՝ մեզ ինչ վիճակի մեջ կդնեիր, դպրոցին ինչ վիճակի մեջ կդնեիր։ Ասում էր՝ չէ, ես էնպիսի բան չէի անի, որ դուք ձեզ վատ զգայիք, դպրոցին էլ մի բան լիներ։ Ասելու ընթացքում զգում էի, որ անկեղծ էր, չէր խաբում, աչքերը վառվում էին, չգիտեր ինչպես, բայց փորձում էր ապացուցել, որ, միեւնույն է, գործը նրան չէր հասնի, որ ինձ կամ դպրոցին վնասեր։ Ցանկացած պարագայում իրեն երբեք մի ավելորդ բան թույլ չէր տալիս»,- ասում է տնօրենը։

Դպրոցի փոխտնօրենը՝ Մարիաննա Նավասարդյանը, պատմում է. «Մի օր եկել, ասում էր, ընկեր Նավասարդյան, գնամ էլի, խնդրում եմ, թողեք գնամ, թեմա կա, տղերքը եկել են, գնում եմ ու գամ, խոստանում եմ, կգամ, ձեզ կասեմ, որ ամեն ինչ կարգին է։ Ու եթե ինքը խոստանում էր, որ կգա, անպայման գալիս, ասում էր՝ ընկեր Նավասարդյան, եկել եմ, ամեն ինչ կարգին է»։

Ընկերներին օգնելուց հետո գնաց ծառայության՝ այս անգամ էլ հայրենիքին օգնելու։ Առաջին վեց ամիսն Արթուրը ծառայել է Հոկտեմբերյանում, հունվարից՝ Ստեփանակերտում։ Սեպտեմբերի 27-ի առավոտ, երբ թշնամին սկսել է ռմբակոծել Ստեփանակերտը, Արթուրին տեղափոխել են Հադրութ։

«Սովորում էր Գյուղատնտեսակսն համալսարանում Պատիվ ունեմ ծրագրով, բայց որոշել էր գնալ, շուտ վերջացնել ծառայությունն ու վերադառնալ, որպեսզի հետո երեք տարի չծառայեր։ Ընկերուհի ուներ, ու նրանք միասին շատ ծրագրեր ունեին կազմած»,- պատմում է Արթուրի մորաքույրը՝ Լիզա Նիկողոսյանը։

«Իր ՀՄՄ-ն իր ամեն ինչն էր, ամբողջ օրը սարքում էր, նայում, որ ամեն ինչ սարքին լիներ։ Հոկտեմբերի 12-ին կռվի մեջ էին եղել։ Իր սարքին ՀՄՄ-ով գնացել էին Ֆիզուլիի կողմերն ու մարտերին մասնակցել։ Արթուրն իր ՀՄՄ-ն թողել էր էնտեղ, իսկ մյուս անսարքը բերել էր, որ սարքեր՝ լավ հասկանում էր դրանցից։ Ընկերներն ասում էին՝ սրտին դարդ էր եղել իր ՀՄՄ-ն թողնելը, ասում էր՝ գնալու եմ ավտոս հետ բերեմ»,- հիշում է մորաքույրը։ «Սիրում էր աշխատել, ինքնուրույն վաստակել ու հոգալ սեփական ծախսերը։ Ավտոլվացման կետ էր բացել, ինքն իրենով աշխատեցնում էր ու նաեւ աշխատողներ պահում»,- ասում է նա։

Բոլորն են փաստում, որ Արթուրը լավագույնին ձգտող էր, իր բոլոր նպատակները միայն դրական էին, ինքն էլ իր նպատակների պես դրական էր ու նույնիսկ մարտի դաշտից տանեցիների հետ այնքան ուրախ ու ինքնավստահ էր խոսում, որ անհանգստանալու տեղ անգամ չէր թողնում։

«Միշտ ասում էր՝ ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է, չմտածեք, ոչ մի անգամ վախի նշույլ անգամ չի եղել իր ձայնում, ինքն էր մեզ հույս տալիս ու անջատում։ Ասում էր՝ 5 վայրկյան ժամանակ ունեք, արագ-արագ խոսում էր ու անջատում, բայց վերջին օրը սիրտը կարծես մի բան վկայում էր։ Այդ օրը շատ զանգեց թե՛ մայրիկին, թե՛ ընկերուհուն։ Ինչ-որ ուրիշ ջերմությամբ էր խոսում, անընդհատ ասում էր՝ գրկում եմ, համբուրում եմ»,-պատմում է մորաքույրը։

Վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 12-ի գիշերը, իսկ 13-ին հեռախոսն արդեն լռել է։ Արթուրն ընկել է հոկտեմբերի 13-ի առավոտյան Կարմիր Շուկա հատվածում՝ ԱԹՍ-ի պայթյունից։ Երկու հոգով են եղել, ընկերը տեղում է մահացել, իսկ ինքը դեռ շնչելիս է եղել։ Ընկերները գրկած հասցրել են հիվանդանոց ու կարծել են, թե փրկվել է, սակայն Երեւան բերելու ճանապարհին էլ չի դիմացել…
Մորաքույրը պատմում է, որ այդ չարաբաստիկ օրը Արթուրի մայրը հետաքրքիր երազ էր տեսել։

«Երազում Արթուրը վազելով տուն էր գալիս։ Ես էլ տեսել էի՝ երկնակամարում ոնց են աստղերն ընկնում՝ իրենց հետեւից լույս թողնելով, այդպես հազարավոր լույսեր էին թռչում երկնքում։ Դրանցից մեկն առանձնացավ ու եկավ պատուհանի մոտ՝ Արթուրս էր, ձեռքը պաչեցի, նայեց, ժպտաց ու էլի թռչելով գնաց, միացավ մյուս թռչող լույսերին»,- պատմում է տիկին Լիզան։

«Գնաց տղես, գնաց,- ասում է տիկին Թումանյանը,- չզարմացա, որ ինքը կարող էր առաջնագծում լինել ու զոհվել հանուն հայրենիքի, որովհետեւ դա էր իրեն ու իր տեսակին բնորոշ։ Առանձնացավ, էլի՛ առանձնացավ իր տեսակով…»։

Անի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031