Մեր վերքերն խորն են, ցավը՝ մեծ, հետևանքները՝ վիթխարի: Արցախը ծանր վիրավոր է, նա պետք է ապաքինվի, մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերի առջև:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում այսպես բնութագրեց Արցախում իրավիճակը նոյեմբերի 9-ից մեկ տարի անց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Անդրադառնալով օրեր առաջ Շուշիում տեղի ունեցած միջադեպին, երբ Ալիևի՝ Շուշի այցելած օրը Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ էին արձակվել աշխատանք կատարող քաղաքացիների վրա, որոնցից մեկը մահացել էր, երեքը՝ վիրավորվել՝ Բաբայանն ասաց՝ այս քայլերը միտված են մեզ մոտ հակառուսական տրամադրություն արթնացնելուն:
«Այսպիսի դեպքերի առկայությունը չի նշանակում, որ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը չեն իրականացնում: Սրա նպատակը հակառուսականություն առաջացնել է հատկապես ՀՀ-ում. Արցախում նմանատիպ տրամադրություններ չկան: Ով հակառուսական քաղաքականություն է վարում, նա դանակահարում է վիրավոր Արցախին, այդպիսի մարդիկ բարոյազուրկ են»:
Կարդացեք նաև
Բաբայանի խոսքով՝ այսպիսի քայլերով Ադրբեջանը փորձում է նաև վհատություն սերմանել քաղաքացիների շրջանում. «Նման քաղաքականությամբ ցանկանում են երկու նապաստակ խփել՝ հայաթափել Արցախը և փչացնել հայ-ռուսական հարաբերությունները: Բոլորի համար պարզ է, որ եթե չլինեն ռուս խաղաղապահները, չի լինի նաև Արցախը»:
Դիտարկմանը, որ ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում, միևնույն է, ադրբեջանական կողմը շարունակում է սադրանքների գնալ՝ խաղաղ բնակիչներ են զոհվում, գողանում են քաղաքացիների մեքենաները, անասունները, հարցին՝ արդյոք Ադրբեջանի այս քայլերից հետո ռուսական կողմի արձագանքն ինքը համարժե՞ք է համարում, Արցախի արտաքին գործերի նախարարն ասաց՝ այո, այս քայլերով Ադրբեջանը մարտահրավեր է նետում Ռուսաստանին:
«Խաղաղապահ առաքելության յուրահատկությունն այն է, որ նրանք պատժիչ ուժեր չեն: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են նրանց ներգրավվել բախումների մեջ: Բայց մինչև վտանգավոր կարմիր գծերին չմոտենան, նրանք չպետք է բախումների մեջ ներքաշվեն»,- ասաց Բաբայանը:
Ճշտող հարցին՝ այն, ինչ անում է թշնամու կողմն այս օրերին, կարմիր գիծ չէ՞, Բաբայանը բացասական պատասխան տվեց:
Խոսելով գերիների վերադարձման գործընթացից՝ Դավիթ Բաբայանը նկատեց՝ ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք երկիր, որտեղ հայատյացությունը գաղափարախոսություն է:
«Ինչո՞ւ պետք է գերիներ և պատանդներ պահվեն այնտեղ, եթե ռազմական գործողություններն ավարտվել են: Նրանք զվարճանալու համար կտտանքների են ենթարկում զինվորներին, ինչից ստանում են հոգեբանական բավարարվածություն: Նրանք լցված են ատելությամբ, ինչը նույնպես հիվանդություն է»:
Անյուտա ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































