Ամերիկյան հեղինակավոր The National Interest պարբերականը հրապարակել է Ամերիկյան ձեռնարկչատիրության ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինի ծավալուն հոդվածը՝ «Ինչո՞ւ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջանցք չեն ստանա» վերտառությամբ: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.
Անցել է արդեն մեկ տարի, ինչ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունեցին զինադադար, որը վերջ դրեց Ադրբեջանի և Արցախի՝ Լեռնային Ղարաբաղում չճանաչված հայկական պետության միջև 44-օրյա պատերազմին։ Պատերազմից հետո Արցախին մնացին փշրանքներ, և Հայաստանը վերադարձրեց ադրբեջանական շրջանները, որոնք գրավել էր Ադրբեջանի հետ առաջին պատերազմի ժամանակ Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո: Համաձայնագիրը, որը հրապարակված է Կրեմլի կայքում, նաև թույլ տվեց Ռուսաստանին երկու կողմերի միջև որպես խաղաղապահ մտցնել մոտ 2000 զինծառայող և կոչ արեց փոխանակել ռազմագերիներին և այլ պատանդներին: Վերջին դրույթում ասվում էր.
Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը կապաարգելափակվեն։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը՝ երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային կապերի վերահսկման համար պատասխանատու է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը։
Վերջին ամիսներին, սակայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձեցին վերաիմաստավորել այդ կետը երկու կարևոր ուղղություններով։ Նախ, նրանք դա մեկնաբանում են որպես իրենց միջանցքի տրամադրում, որը կհատի Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Երկրորդ, նրանք անտեսում են առաջին նախադասությունը, որը նպատակ ունի ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերն ամբողջ տարածաշրջանում: Բայդենի վարչակազմը պետք է հստակ ցույց տա, որ նման վերաիմաստավորումն անհիմն է և անօրինական:
Կարդացեք նաև
Սկզբում թուրքերի մոտ և Կենտրոնական Ասիայի երկրներում լավատեսություն կար, որ տրանսպորտային երթևեկությունը Նախիջևանից (որը Հայաստանի Զանգեզուրի միջանցքով բաժանված է Ադրբեջանի մնացած տարածքից), կարող է աշխուժացնել Արևելյան Թուրքիայի մեռնող տնտեսությունը և ընդլայնել առևտուրն ու զբոսաշրջությունը Կենտրոնական Ասիայում: Ալիևի ամբարտավան ռազմատենչությունը շուտով վերացրեց այդ հնարավորությունը: «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագա շահերին։ Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը՝ անկախ նրանից, թե Հայաստանը դա կուզի, թե ոչ»,- ասել է նա այս տարվա սկզբին Ադրբեջանի պետական հեռուստատեսության եթերում: Այն, որ Ալիևի սպառնալիքից ընդամենը երկու օր հետո պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավաստեց, որ Ադրբեջանը հավատարիմ է եղել դիվանագիտությանը և խուսափել ռազմական ուժից, ցույց է տալիս, որ կամ Պետդեպարտամենտն անկարող է կամ այն, որ Բլինքենը միտումնավոր կերպով խախտել է Ազատության աջակցության ակտը:
Թուրքիան իր հերթին աջակցեց Ալիևի սպառնալիքներին. Թուրքիայի պաշտոնական պետական հեռուստաալիքը մեղադրեց Իոսիֆ Ստալինին, որը Ազգությունների գծով ժողովրդական կոմիսարի պաշտոնը զբաղեցնելիս Հայաստանին է հանձնել Զանգեզուրը, որը, հեռուստաալիքի պնդմամբ, մինչ այդ ադրբեջանական էր: Այստեղ զավեշտն, իհարկե, այն է, որ Ստալինը նույն կերպ Լեռնային Ղարաբաղը` պատմականորեն հայկական տարածքը, հանձնել է Ադրբեջանին: Հավակնություններ ներկայացնելով Զանգեզուրի նկատմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները կասկածի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ալիևի հավակնությունների օրինականությունը։ Նույն կերպ, թուրքական մի հոդվածում ասվում էր. «Զանգեզուրի միջանցքը ամենակարևոր կետն էր հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի», չնայած որ հրադադարի համաձայնագիրը նախատեսում էր տրանսպորտային կապ, այլ ոչ թե պաշտոնական միջանցք:
Էրդողանը խնդրին ավելի նրբանկատորեն անդրադարձավ, քան իր ադրբեջանցի գործընկերը։ Նա ասաց, որ Հայաստանի ղեկավարի հետ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը դադարեցնելու հարցի վերաբերյալ ցանկացած հանդիպումից առաջ Հայաստանը նախ պետք է կատարի Ադրբեջանի պահանջները։ «Աստված տա, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը հաղթահարվի միջանցքների բացմամբ»,- սեպտեմբերին ասել էր Էրդողանը։ Երբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերին ընդունեց, որ Հայաստանի ճանապարհները կարող են բաց լինել ադրբեջանական և թուրքական երթևեկության համար, բայց հայկական վերահսկողության ներքո և առանց ինքնիշխանության կորստի, Ալիևը կրկին վեր դասեց իր հաղթարշավն ու էքսպանսիոնիզմը պրագմատիկ լուծումից. ելույթ ունենալով Էրդողանի հետ համատեղ ասուլիսում՝ Ալիևն ասաց. «Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն Զանգեզուրի միջանցքի իրագործման համար… ամբողջ թյուրքական աշխարհը միավորելու համար»։
Ե՛վ նախագահ Ջո Բայդենը, և՛ Բլինքենը բազմիցս հայտարարել են, որ «դիվանագիտությունը վերադարձել է», բայց երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, այն բացակայում է։ Սա ցավալի է, քանի որ իրական հնարավորություն կա՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղությանը և ամերիկյան շահերի առաջմղմանը: Պետքարտուղարության ոչ պաշտոնական թուրքական լոբբիի և ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» շահառուների շրջանում տարածված տեսակետն այն է, որ Ադրբեջանն ավելի լավ դաշնակից է Միացյալ Նահանգների համար, քան Հայաստանը՝ կապված Երևանի՝ Մոսկվայի և Թեհրանի հետ ունեցած կապերի հետ: Մի կողմ թողնենք, որ իրականում Ադրբեջանի կապերը Ռուսաստանի և Իրանի հետ վերջին տարիներին երկրաչափական աճ են գրանցել: Եթե Վաշինգտոնի նպատակն էր նվազեցնել Հայաստանի կապերը Ռուսաստանի և Իրանի հետ, ապա լավագույն ճանապարհը կլինի ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ վերացնելու Հայաստանի կրկնակի շրջափակումը՝ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և Իրանից նվազեցնելու համար: Թուրքիան պետք է բացի իր սահմանները հայկական առևտրի համար, ինչպես և Ադրբեջանը. Մինչ Թուրքիան հուսով է, որ իր բեռնատարները կարող են Զանգեզուրով հասնել Հայաստան, հայկական մեքենաները նույնպես պետք է կարողանան Երևանից Ստամբուլ շարժվել: Եթե թուրքերը հույս ունեն առանց խոչընդոտների առևտուր վայելել Կենտրոնական Ասիայի հետ մինչև Չինաստանի սահման, ապա Արցախի հայերը պետք է վայելեն նույն անկաշկանդ առևտուրը Թուրքիայի տարածքով մինչև Ֆրանսիա կամ Միացյալ Թագավորություն:
Ալիևը ծաղրում էր 907-րդ հոդվածով բացառությունը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին օգնել ավտոկրատ նավթագազային պետությանը: Ժամանակն է հետ կանչել բացառությունն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցի բռնապետը չի ապացուցի իր հավատարմությունը խաղաղությանն ու դիվանագիտությանը` բացելով Ադրբեջանի սահմանները հայկական առևտրի համար: Նմանապես, եթե Բլինքենն իսկապես ցանկանում է խրախուսել խաղաղությունը տարածաշրջանում, նա պետք է հետ կանչի Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջեֆրի Ֆլեյքին և ուղղորդի նրան վերադառնալ Անկարա միայն այն ժամանակ, երբ կարողանա այնտեղ հասնել Հայաստանի մայրաքաղաքից՝ մեքենայով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































