Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը քննեց նախկին ՄԻՊ-ի դիմումը

Հուլիս 07,2022 13:30 Share

Պատասխանողի պնդմամբ՝ պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումը համաչափ է նվազագույն աշխատավարձի ցուցանիշին

Հուլիսի 1-ին վերջապես Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ եւ 9.1-ին հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Գործով որպես պատասխանող էր ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ Ա. Լալայանը: Ըստ դիմողի՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի պետական տուրքի դրույքաչափերի բարձրացման օրենսդրական հիմնավորումներն անընդունելի են:

Մասնավորապես՝ անդրադառնալով նրան, որ նվազագույն աշխատավարձի ցուցանիշը փոփոխվել է 2003 թվականի դրությամբ սահմանված տասներեք հազար ՀՀ դրամից՝ 2020 թվականի դրությամբ վերաճելով 68 000 ՀՀ դրամի՝ դիմողը նկատում է, որ նշված աճին զուգահեռ բարձրացել են նաեւ սպառողական ապրանքների, ծառայությունների եւ այլ շուկայական գները՝ կազմելով 94.1%: Ընդ որում՝ այս աճը որոշ ապրանքների եւ ծառայությունների մասով գրանցվել է նաեւ 2020 թվականին՝ 2019 թվականի համեմատությամբ: Դիմողը գտնում է, որ օրենսդրությամբ նշված ծախսերն էապես նվազեցնող այլ կառուցակարգեր են ներդրվել, ինչպիսին է նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված` դատական ծանուցագրերը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելու կառուցակարգը: Դիմող՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի կարծիքով՝ պետական տուրքի գծով մի շարք արտոնություններ վերացվել են առանց բավարար հիմնավորումների՝ վատթարացնող ազդեցություն ունենալով անձանց վրա: Դիմողը, վկայակոչելով եւ վերլուծելով Սահմանադրական դատարանի 10.03.2016թ. ՍԴՈ-1257, 03.03.2015թ. ՍԴՈ-1192, 10.07.2018թ. ՍԴՈ-1423 որոշումներում, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան վճիռներում դատարանի մատչելիության իրավունքի եւ պետական տուրքի վերաբերությամբ արտահայտված դիրքորոշումները, եզրակացնում է, որ օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափերի գործնական կիրառությունը հանգեցնում է դատական պաշտպանության իրավունքի անհիմն միջամտության եւ սահմանափակման:

Ըստ պատասխանող ԱԺ ներկայացուցչի՝ «Բացի դրանից, վարչական արդարադատության ոլորտում փորձ է արվել ոչ միանման հանգամանքներով գործերի նկատմամբ դրսեւորել տարբերակված մոտեցում՝ համապատասխան պետական տուրքի դրույքաչափերի փոփոխության տեսքով։ Փոփոխություններից անմասն չեն մնացել նաեւ սնանկության դիմումների համար վճարվող պետական տուրքերի դրույքաչափերը՝ նկատի ունենալով, որ սնանկության վարույթը վերաճել էր մատչելի բռնագանձման վարույթի։ Պատասխանողը նշել էր, որ վիճարկվող նորմերով սահմանվել են նաեւ պետական տուրքի առավելագույն դրույքաչափեր՝ ի տարբերություն օրենքի նախկինում գործող խմբագրության»: Պատասխանողը եզրահանգել էր, որ պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը հետապնդում է լեգիտիմ նպատակ, մասնավորապես՝ փոխհատուցել պետության՝ արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը եւ դատարան դիմելու իրավունքի չարաշահումը:

Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համահունչ համարեց «Պետտուրքի մասին» օրենքի վիճահարույց հոդվածները, արձանագրեց, որ. «Պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումը նպաստում է արդարադատության իրականացման առնչությամբ կատարվող ծախսերի եւ եկամտի համամասնության ապահովմանը: Բացի դրանից, պետական տուրք վճարելու պայմանը նպաստում է անձանց՝ դատական պաշտպանության իրավունքից բարեխիղճ օգտվելուն, ակնհայտ անհիմն հայցերը դատարան ներկայացնելու կանխմանը, ինչպես նաեւ «դատարաններում գործերի կուտակման» կանխարգելմանը՝ դրանով իսկ ապահովելով արդարադատության պատշաճ իրականացումը»: Անդրադառնալով դատարանի մատչելիության իրավունքի իրացման պայման հանդիսացող պետական տուրքի դրույքաչափերի փոփոխության անհրաժեշտությանը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ այդպիսի միջոցների հավաքագրումը արդարադատության իրականացման համար կատարված ծախսերի որոշակի փոխհատուցում է, մասնավորապես համաձայն «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, որը սահմանում է պետական բյուջեի եկամտի աղբյուրները, այդպիսիք են՝ ա) հարկային եկամուտները, բ) պետական տուրքերը, գ) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-258-Ն), դ) պաշտոնական դրամաշնորհները, ե) այլ եկամուտներ»: Սահմանադրական դատարանն անդրադարձել էր, որ պետական տուրքեր գանձելու եւ այդ կապակցությամբ «դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման միջեւ հավասարակշռող ազդեցություն ունեցող» պետական տուրքի վերադարձի գործիքակազմին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031