Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին ինչքը զինվորին…

Սեպտեմբեր 09,2022 13:00

ԷՍՍԵ

Բոլորովին վերջերս իր հոգին ավանդեց ՀԱԵ ՇԹ-ի, Գյումրու սբ. Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցու, երկար տարիների հոգեւոր ծառայության անցած, բարեշնորհ սարկավագ՝ Գրիշա Եղիազարյանը։

Մեր մտերմությունը սկսվեց այն օրերից, երբ ես էլ ճեմարանական էի ու հաճախակի էի մասնակցում Սբ. Պատարագներին, Ժամերգություններին։ Երբ միասին էինք՝ նորաբաց ու վերականգնվող եկեղեցիների գմբեթներին խաչեր խնկարկելու ընթացքին։ Սակայն, հիմա չեմ ուզում խոսել նրա կամ իմ հոգեւոր ծառայության մասին, այլ, միայն ուզում եմ անդրադառնալ նրա, վերջին շրջանում, քանիցս հանդիպած ժամանակ մեր զրույցներից մեկին, որն ինձ առավելապես հիշեցրեց աստվածաշնչյան մի իրադարձություն ու համեմատական տանելով տեսա նմանությունը, որն արժանի էր՝ գրոց եւ հիշատակման։

Շոգ ամռան մի երեկո, կանգառում, սպասում էի հասարակական տրանսպորտին։ Հանկարծ նկատեցի, որ Գրիշ սարկավագը մոտեցել էր կանգառում կանգնած միկրոավտոբուսին, եւ ուզում էր բարձրանալ։ Հիվանդությունը, որ սկսել էր տանջել նրան, ազդել էր ոչ միայն մարմնապես ու մաշել հասակը, այլեւ՝ հիշողության կորուստը խեղդում էր հոգին։ Դարձել էր մոռացկոտ, բայց երբեք չմոռացավ՝ տուն-եկեղեցի ճանապարհը, որը, թեեւ բավականաչափ հեռավորությանը, բայց անցնում էր ոտքով։ Ահա, հերթական անգամ, դեպի եկեղեցի քայլելու ճանապարհին հանդիպեցինք.

-Բարեւ Գրիշ սարկավագ։ Ժպիտը դեմքիս կանգնեցի հարց ու փորձ անելու, գիտեի, որ արդեն հիվանդ է։ -Ինչխ ես, -հարցրեցի ես։

-Լավ եմ, եկեղեցի կերթամ։

-Ինչով օգնեմ, Գրիշ սարկավագ։

-Հեչ բանով։ -Ասաց նա ու երկու ձեռքերի մեջ առնելով գլուխս, ճակատս մոտեցրեց շուրթերին ու համբուրեց։ -Տղեդ էկա՞վ, բանակ էր չէ՞, ուդե՞ղ է…

Հետաքրքրող հարցերի պատասխանն ստանալուց հետո քթի տակ արտասանում էր. -Աստված հետն էղնի, Աստված պահապան… Ու այդ ողջ ընթացքում տնտղում էր գրպանները։ Ինչ-որ բան էր փնտրում։ Հիշեցի, որ մի անգամ բանալիների մի ամբողջ տրցակ էր կորցրել, հարցրեցի. -խոմ բալնիքներդ ման չե՞ս գա։

-Մե րոբեմ, ցուցամատը բարձրացնելով կանխեց հարցս։ -Ըհը, գտա։ -Ասաց ու գրպանից երկու հատիկ «կարամել» կոնֆետ հանեց։ -Վերցրա, կուդաս տղիդ։ Ու աչքերի տակից ժպտալով ավելացրեց. -Աստված թող օրհնե զինվորին։

Սկզբից մտածեցի չվերցնեմ, որովհետեւ տղես ծառայության մեջ է, ու տանից, հարյուրավոր կիլոմետրերով հեռու։ Բայց հետո, որոշեցի չնեղացնեմ։ Մարդ ես, ամեն բան հնարավոր է։ Ժպտալով վերցրեցի կոնֆետները, շնորհակալություն հայտնեցի ու խոստացա՝ փոխանցել։ Բայց այդ կոնֆետները արդյոք կմնայի՞ն այդքան, մինչեւ որ գնայի որդուս տեսության։ Ու, երբ բաժանվեցինք իրարից, բախտի բերմամբ, թե՝ պատահմամբ, մայթեզրով, հանդիպակաց քայլելիս, երկու զինվորի հանդիպեցի ու կոնֆետները տվեցի նրանց, ասելով, որ օրհնված են ու, որ սրտանց տալիս եմ, սրտանց վերցնեն։

Գրիշ սարկավագի հետ զրույցն ավարտեցինք, նա գնաց ու դրանից օրեր անց, լսեցի դժբախտ պատահարի լուրն ու հոգով տխրեցի։ Բաժանվելուց, մինչ, արդեն ասածս զինվորներին հանդիպելը, հիշեցի այն այրի կնոջը, որ իր վերջին ունեցած երկու լուման նվիրաբերեց տաճարին, ու ես, ինքս ինձ, կրկնեցի Հիսուսի այն խոսքերը, թե. -«Ճշմարիտ եմ ասում ձեզ, նա ավելին տվեց, քան դուք, որովհետեւ, նա իր վերջինը տվեց»։

Էհ, Գրիշ սարկավագ, քեզ երկար կհիշենք։
Երեկո էր, տանն էի, զանգեց որդիս ու երբ պատմեցի այս պատմությունը, սրտին առավ, մանավանդ, որ իմացավ, թե Գրիշ սարկավագը մահացել էր…

Արա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
Գյումրի

«Առավոտ» օրաթերթ
08.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930