Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք մի քանի քայլեր, որոնց մի մասն արդեն սկսված է, մի մասն էլ նախաձեռնվում են, որպեսզի ավելի մեղմվի ազդեցությունը». ԲՏԱ փոխնախարարը՝ ՏՏ ոլորտին աջակցության մասին

Նոյեմբեր 11,2022 17:06 Share

«Տարբեր երկրների ՏՏ մասնագետներին բաժանում է ընդամենն ինքնաթիռի տոմսը, որովհետև պարզապես իր համակարգչով տեղափոխվելով այլ երկիր, այդ պահից սկսած ինքը կարող է աշխատել այդ երկրում: Այս առումով սա վերաբերվում է բոլոր երկրներին և անկախ այն հանգամանքից՝ այդ ընկերությունները տեղափոխվում, հիմնավորվում և աշխատում են այլ երկրում՝ իրենց համար տեղափոխումը շատ մեծ դժվարություններ չի ենթադրում: Այս առումով Հայաստանն, այո՛ մրցունակ պետք է լինի, ոչ թե պետք է խոսենք մեր երկրի առկա վիճակի, տնտեսական վիճակի, չգիտեմ պայմանների, ենթակառուցվածքների, դրանցում առկա փոփոխությունների մասին, այլ պետք է համեմատենք հատկապես այն երկրների հետ, որոնք մրցակից երկրներ են համարվում»: Այսպես պատասխանեց ԲՏԱ նախկին նախարար Հայկ Չոբանյանն այն հարցին, որ տարադրամի փոխարժեքի պատճառով ՏՏ ոլորտի ընկերությունները վնասներ են կրում, աշխատակիցների կրճատումներ են լինում, ընկերություններ են փակվում, իսկ որոշներն էլ պատրաստվում են տեղափոխվել արտերկիր:

Հայկ Չոբանյան

Նրա խոսքով, պետք է հաշվի առնել արտարժույթի փոխարժեքն այն երկրներում, որոնք մրցակից են համարվում մեր երկրին. այն է՝ Արևելյան Եվրոպայի երկրները, Հնդկաստանը, Ղազախստանը, բոլոր այս երկրներում արտարժույթի անկումն, ըստ էության, նպաստում է արտահանմանը: «Մեր երկրում մենք տեսնում ենք ազգային արժույթի բարձրացում: Ես չեմ ուզում գնահատական տալ՝ բարձրացումը կամ նվազումը լավ է կամ վատ է, բայց ես ուզում եմ ասել, որպեսզի մենք կարողանանք շարունակել աշխատել այս երկրում և պահել ոլորտը երկրում՝ մենք պետք է մրցունակ լինենք այն երկրների համեմատությամբ, որոնք մեզ մրցունակ են համարվում»:

Հարցին, թե ըստ ՏՏ ընկերությունների խնդիրն այնքան լուրջ է, որ ոչ հրատապ լուծումների դեպքում կորուստները շատ մեծ կլինեն, ընկերությունները կփակվեն, Հայկ Չոբանյանը պատասխանեց. «Մեր առաջին քննարկումները վերաբերվում էին փոխարժեքի հանդեպ որոշակի քաղաքականությանը, դրա համար առաջին քննարկումները Կենտրոնական բանկի հետ էին, սակայն քննարկումների արդյունքում հասկացանք, որ դա ռիսկային ուղղություն է համարվում պետության և Կենտրոնական բանկի կողմից: Դրա համար գործընթացը գնաց սուբսիդավորման ճանապարհով, դեռևս հուլիսին ներկայացրեցինք նախագիծ, որով առնվազն 50 տոկոսով կփոխհատուցվեր արտահանող ընկերությունների վնասները, որպես դրա շարունակություն` էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրեց նոր նախագիծ, որով, կարծում ենք 30-50 տոկոսով կփոխհատուցի այն վնասները, որոնք որ ընկերությունները կրել են 2022 թվականին: Դա ժամանակավոր լուծում է համարվում, որպես երկարաժամկետ լուծում դիտարկում ենք տարբեր այլ գործիքներ, որոնց մեջ մտնում է նաև հեջավորման գործիքը, որն իրենից ենթադրում է, որ ընկերությունները կարող են բանկերի հետ միասին, որևէ ժամանակահատվածով փոխարժեք ֆիքսել և իրենց նոր հաճախորդներին հետ պայմանագիր կնքել այն փոխարժեքով, որով որ ամրագրված էր տվյալ ժամանակահատվածի համար»:

Հիշեցնենք, որ օրերս ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները հանդես գալով մամուլի ասուլիսով, հայտարարեցին, որ դեռևս 5 ամիս առաջ են բարձրաձայնել դոլարի արժեզրկման հետևանքով ոլորտում առաջացած խնդիրների մասին, սակայն կառավարությունը մինչ օրս ոչինչ չի ձեռնարկել: Նրանք տեղեկացրեցին, որ մշակվել է մի նախագիծ, համաձայն որի նախատեսվել է ՏՏ ընկերություններին փոխհատուցել եկամտահարկի վերադարձով՝ այս տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար, սակայն նախագիծն այդպես էլ կառավարության նիստ չի մտել:

Ավետ Պողոսյան

Այս առնչությամբ դիմեցինք նաև ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանին: «Այդ հարցի վերաբերյալ մտահոգություններ, իհարկե, կան, դրան ավելանում են նաև ընդհանուր տենդենցները ՏՏ ոլորտում աշխատատեղերի, դերաբաշխման, ընդհանրապես համաշխարհային շուկայի, բայց Հայաստանի պայմաններում մենք դա դիտարկում ենք արտահանման հետ կապված խնդիր, այսինքն` դոլարի կուրսի ազդեցությունն ընդհանրապես արտահանման վրա է անդրադառնում, այդ թվում, ՏՏ սեկտորում աշխատող ընկերությունների և այդ կոնտեքստում մենք ունենք մի քանի քայլեր, որոնց մի մասն արդեն սկսված է, մի մասն էլ նախաձեռնվում են, որպեսզի ավելի մեղմվի ազդեցությունը: Կարծում եմ, մենք արագ արձագանքում ենք, մենք կապի մեջ ենք տնտեսվարողների հետ, այնպես որ չեմ կարծում, որ ուշացած կլինի»:

Հարցին, թե ի՞նչ տարաձայնությունների կան շահագրգիռ գերատեսչությունների միջև, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հավաստմամբ, նախատեսված ժամկետում՝ սեպտեմբերի 27-ին կառավարության նիստ չի մտել՝ Պողոսյանն ասաց. «Ծավալների, ձևի, ժամկետների վերաբերյալ քննարկումներից հետո կմտնի կառավարություն»:

Հարցը փորձեցինք պարզաբանել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, նախարարի մամուլի քարտուղարը չպատասխանեց մեր զանգերին, ավելի ուշ հետ զանգահարած հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցը տեղեկացրեց, որ մամուլի քարտուղարը մարզում է: Մինչ այս պահը Էկոնոմիկայի նախարարությունից որևէ պարզաբանում չունենք, տրամադրելու դեպքում պատրաստ ենք ներկայացնել նաև նրանց տեսակետը:

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930