«Այսօր մենք մտածում ենք տեխնոլոգիայի մասին՝ որպես թվային նորարարություն, որը նաև ենթադրում է տեխնիկական տարբեր կիրառումներ, այդ թվում արվեստ, ճարտարագիտություն, գիտության տարբեր ոլորտներ։ Ըստ էության տեխնոլոգիան անցնում է բազմաթիվ գործընթացների միջով, որոնք դեր են խաղացել ցեղասպանությունների իրականացման գործում»,- Երևանում կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ «Ցեղասպանության կանխարգելումը նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում» թեմայով պլենար քննարկման ժամանակ այսպիսի դիտարկում արեց Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, Միջազգային իրավունքի ասոցացված պրոֆեսոր Մելանի Օ՛Բրայենը։
Պրոֆեսորն օրինակներ բերեց, թե ինչպես է միջազգային քրեական դատարանը սոցցանցերում տեղադրված տեսանյութերի հիման վրա վարույթներ ընդունել և թե ինչպես է տեխնոլոգիաների զարգացումն ազդել ցեղասպանությունների վրա․ «Երկաթուղային ցանցը հնարավորություն տվեց նացիստներին հրեաների զանգվածային տեղափոխումը համակարգել, խմերները օգտագործում էին տեխնոլոգիական ենթակառուցվածքների կառուցումը՝ ճանապարհները, որպես ստրկական աշխատանքի մաս, որը բազմաթիվ կամբոջիացիների մահվան պատճառ դարձավ»։
Կարդացեք նաև
Նա փաստեց՝ կան գիտնականներ, որոնք տեխնոլոգիան և ցեղասպանությունն ուսումնասիրել են տարբեր եղանակներով։ Օրինակ՝ օգտագործվում է նաև վիրտուալ իրականությունը Կանադայի գիշերօթիկ դպրոցներում կատարվածը հիշելու համար։ Նա հատկապես կարևորեց գիտական համայնքի աշխատանքն ու ասաց․ «Մեր գիտնականների աշխատանքը կարող է կիրառական նշանակություն ունենալ կանխարգելման, պատժման և ցեղասպանության մասին կրթելու առումով»։
Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության նախագահող Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդը, որն աշխատում է նաև Միջազգային քրեական դատարանում, նշեց՝ ակնհայտ է, որ տեխնոլոգիան կարող է նպաստել նախապաշարմունքների տարածմանը, ուժեղացնել մարդու՝ ոչնչացնելու ունակությունը և պարզաբանեց․ «Նոր տեխնոլոգիաները խնդրի մի մասն են։ Բայց դրանք կարող են լինել նաև լուծման մի մասը՝ տրամադրելով հզոր գործիքներ ցեղասպանությունները կանխելու, հասարակությանը պաշտպանելու և պատասխանատվության ենթարկելու ջանքերը խթանելու համար՝ այդ թվում ապացույցների նոր տեսակներ ստեղծելով։ Ցեղասպանությունը մեկ գիշերում տեղի չի ունենում, այն երկար գործընթաց է, որը հաճախ սկսում է բառերով, ատելության ուղերձներով»։
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, ՄԱԿ Ժնևի գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլլեգասը տեղեկացրեց, որ իրենց՝ սեպտեմբերի նիստի ժամանակ հաստատել են մի շարք բանաձևեր՝ կիբերբուլինգի, ապատեղեկատվության, նոր ռազմական տեխնոլոգիաների օգտագործման մասին ու ասաց․ «Մարդու իրավունքների տեխնոլոգիաները միջուկային տեխնոլոգիաների նման մի բան են․ խաղաղության օգտագործման համար հրաշալի երևույթ է, բայց կարող է լինել կործանարար զենք։ Իսկ ո՞վ է նավարկելու այդ գորշ զոնաներում մարդու իրավունքների պաշտպանության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում։ Արդյոք մենք թողնելու ենք, որ միլիարդատերերը որոշե՞ն ինչն է լավ, ինչը վատ սոցիալական հարթակներում»։
Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիnն փաստեց՝ կան երկարաժամկետ ապացույցներ այն մասին, թե ինչպես է տրավմայի ազդեցությունը փոխել ընտանիքներին և փոխանցվել սերնդեսերունդ, ինչի մասին վկայում է հոլոքոսթը։ Այնուհետև շեշտեց․ «Ցեղասպանության վերացումը պահանջում է անցումային արդարադատության հինգ տարրեր՝ ճշմարտություն, արդարություն, վնասի փոխհատուցում, չկրկնվելու երաշխիքներ և հիշողություն։
Այս բոլոր հինգը պետք է իրականանան․ պետությունները չեն կարող ընտրել մեկը կամ մյուսը։ Դրանք բոլորն էլ ուղղված են ճգնաժամերը և մարդու իրավունքների հետագա խախտումները կանխելուն»։ ՄԱԿ հատուկ զեկուցողը նաև կարևորեց զոհերի և նրանց ընտանիքների փոխհատուցման հարցը՝ վստահեցնելով՝ առանց դրա նրանք կրկին զոհ են դառնում։ Նաև հավաստիացրեց՝ նոր տեխնոլոգիաների օգտագործումը հանրային քաղաքականությունն առաջ մղելու հարցում, առանցքային դեր կարող է խաղալ ցեղասպանությունները կանխարգելելու համար»։
Իր ուղերձում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն վստահեցնում է՝ ցեղասպանությունը երբեք պատահական չի լինում․ «Պատմության ընթացքում այս մեծ ոճրագործությունը սկսվում է բառերից, որոնք ատելություն են սահմանում և միմյանց դեմ լարում մարդկանց խմբերի։ Վերջին տարիներին մեդիան մեծ փոփոխություններ է կրել։ Նոր տեխնոլոգիաները, սոցիալական հարթակների տարածումը հաղորդակցման մեջ մեծ հնարավորություն է ստեղծել։ Սա նշանակում է՝ ատելությունը կարող է ավելի արագ տարածվել, քան երբևէ։ Մենք պետք է պայքարենք ռասիստական և ահաբեկչական, ատելության խոսքի դեմ։ Սա է մեր բանաձևի իմաստը, որն անցյալ տարի մենք ընդունեցինք։ Իսկ սա սկսվում է կրթությունից։
Օգտագործելով ՏիկՏոկը և ֆեյսբուքը՝ պետք է պայքարել ցեղասպանության մերժման դեմ, և մենք կոչ ենք անում բարձրացնել նոր սերունդների տեղեկատվական գրագիտությունը և մարդկանց պատրաստել՝ որպես համաշխարհային քաղաքացիներ։ Եթե թվային տեխնոլոգիաները կարող են օգնել մեզ փոխըմբռնման և հանդուրժողականության հարցերում, ուրեմն մենք դրանք այդպես էլ պետք է օգտագործենք։ Թվային դարաշրջանում նոր մարտահրավերներն իրոք մեծ բարդություն են առաջացնում, և մենք առաջարկում ենք բարելավել կրթությունը, ավելի ճանաչելի դարձնել ատելության խոսքը։ Մենք պետք է պայքարենք ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ համատեղ ջանքերով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ






















































