Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ընտրությունները` Էրդողանի «Նոր Թուրքիայի» ծնունդ

Հունիս 20,2023 14:54

ՄԱՍ 1

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

  • Իշխող ԱԶԿ-ը տարավ հերթական հաղթանակը և շարունակեց հաղթարշավը։
  • Էրդողանը երրորդ անգամ դարձավ ժողովրդի ուղիղ քվեարկությամբ ընտրված նախագահ։
  • 2023թ․ ընտրությունները խորհրդանշում են Էրդողանի «Նոր Թուրքիայի» ծնունդը։
  • 2023թ․ դառնում է Էրդողանի «Նոր Թուրքիայի հարյուրամյակի» մեկնարկը։
  • «Նոր Թուրքիային» անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։
  • Էրդողանը կոշտացնելու է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Դեռևս 2023թ․ հունվարին Թուրքիայի օրակարգում հայտնվեց հունիսի 18-ին նշանակված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները մայիսի 14-ին անցկացնելու հարցը, ինչը մարտին պաշտոնապես հաստատվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի ստորագրությամբ։ Քանի որ այն ժամանակ ծավալուն հետազոտություն ենք հրապարակել Թուրքիայի նախընտրական զարգացումների թեմայով [1], ուստի այստեղ ցանկանում ենք կենտրոնանալ զուտ մայիսի 14-ի ընտրությունների արդյունքների ու դրանց հետևանքների վրա։ Նախ կներկայացնենք խորհրդարանական, ապա նախագահական ընտրությունների արդյունքները։

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

          Մայիսի 14-ին տեղի ունեցան Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր 26 կուսակցություն, ընդ որում, 13-ը՝ դաշինքներով։ Դաշինքներից ցանկանում ենք առանձնացնել 5-ը՝ Cumhur, Millet, Ata, Emek ve Özgürlük, Sosyalist Güç Birliği։ Իշխող Cumhur («Ժողովուրդ») դաշինքի մեջ մտնում էին (իշխող) «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ՝ Էրդողանի գլխավորությամբ), 2018թ․-ից նրա հետ դաշինքի մեջ մտած «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ՝ Դևլեթ Բահչելիի գլխավորությամբ) և «Մեծ միասնություն» կուսակցությունը (ՄՄԿ՝ Մուսթաֆա Դեսթիջիի գլխավորությամբ), ինչպես նաև նորաթուխ անդամ «Վերստին Ռեֆահ» կուսակցությունը (ՎՌԿ՝ Ֆաթիհ Էրբաքանի գլխավորությամբ)։ Այս 4 կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին իրենց լոգոյով։ Բացի այդ դաշինքին աջակցում էին «Դեմոկրատական Ձախ կուսակցությունը» (DSP) և քրդական-իսլամական HÜDA PAR (թուրքական տարբերակով՝ HÜR DAVA) կուսակցությունը (որն անվանում են «Թուրքական Հզբոլլահ»)․ վերջիններս ընտրություններին մասնակցել են ոչ թե սեփական, այլ ԱԶԿ-ի ընտրացուցակներով (նրանց հավաքած քվեները գումարվել են ԱԶԿ-ի ցուցանիշում)։

Խորհրդարանական ընտրություններում Cumhur դաշինքի հիմնական մրցակիցն ընդդիմադիր վեցնյակի ձևավորած Millet («Ազգ») դաշինքն է, որի մեջ մտնում են քեմալական «Հանրապետա-ժողովրդական» կուսակցությունը (ՀԺԿ, նախագահ՝ Քեմալ Քըլըչդարօղլու), ազգայնական «Լավ» կուսակցությունը (ԼԿ, նախագահ՝ Մերալ Աքշեներ), իսլամական-պահպանողական «Երջանկություն» կուսակցությունը (ԵԿ, նախագահ՝ Թեմել Քարամոլաօղլու), «Ապագա» կուսակցությունը (ԱԿ, նախագահ՝ Ահմեթ Դավութօղլու), «Ժողովրդավարություն ու առաջընթաց» կուսակցությունը (ԺԱԿ, նախագահ՝ Ալի Բաբաջան), ինչպես նաև բավական փոքր ընտրազանգվածով «Դեմոկրատական» կուսակցությունը (ԴԿ, նախագահ՝ Գյուլթեքին Ույսալ)։ Այս դաշինքից ընտրություններում սեփական լոգոյով հանդես են եկել միայն նրա երկու առաջատարները՝ ՀԺԿ-ն ու ԼԿ-ը․ մնացյալ 4-ը ներկայացվել են ՀԺԿ-ի ընտրացուցակներով (ինչը լարվածություն է առաջացրել ՀԺԿ-ի ներսում)։

Երրորդ խոշոր դաշինքը ստացել է «Աշխատանք և ազատություն» (Emek ve Özgürlük) անվանումը, որում ներառվել է երկու կուսակցություն՝ Իբրահիմ Աքընի ու Չիղդեմ Քըլըչգյուն Ուչարի գլխավորած «Կանաչների ձախ» կուսակցությունը (ԿՁԿ, Yeşil Sol Parti) և Էրքան Բաշի գլխավորած «Թուրքիայի աշխատավորական» կուսակցությունը (ԹԱԿ, Türkiye İşçi Partisi)։ Քանի որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ) փակման գործը քննվում է ՍԴ-ում, կուսակցական վերնախավը որոշեց ավելորդ ռիսկերից խուսափելու համար խորհրդարանական ընտրություններում հանդես գալ կուսակցությանը հայացքներով (նաև լոգոյով) մոտ ԿՁԿ-ի անվան ներքո։

Շատ ավելի փոքր, բայց կարևոր դաշինքներից է աջ ծայրահեղական, «աթաթուրքյան» Ata («Հայր/Նախնի») դաշինքը, որում ընդգրկված են Zafer («Հաղթանակ») կուսակցությունը (նախագահ՝ Ումիթ Օզդաղ) և Adalet («Արդարություն») կուսակցությունը (նախագահ՝ Վեջդեթ Օզ)։ Հինգերորդ դաշինքն էլ «Սոցիալիստական ուժերի միությունն» է, որի մեջ մտել են «Թուրքիայի կոմունիստական» կուսակցությունը (ԹԿԿ, նախագահ՝ Քեմալ Օքույան), «Թուրքիայի կոմունիստական շարժումը» (ԹԿՇ, նախագահ՝ Այսել Թեքերեք) և Ձախ կուսակցությունը (ՁԿ, նախագահ՝ Օնդեր Իշլեյեն)։

Առանձին հանդես եկող կուսակցություններից հիշարժան են նախկին ՀԺԿ-ական Մուհարրեմ Ինջեի գլխավորած Memleket («Երկիր/Հայրենիք») կուսակցությունը, նախկին գործարար Հաքան Ուզանի գլխավորած Genç («Երիտասարդ») կուսակցությունը և իր եվրասիական, հակաարևմտյան հայացքներով հայտնի Դողու Փերինչեքի գլխավորած Vatan («Հայրենիք») կուսակցությունը։ Ընտրություններին մասնակցել է նաև 151 անկախ թեկնածու [2]։

Ապրիլի 17-ին Բարձրագույն ընտրական խորհրդի (ԲԸԽ) նախագահ Ահմեթ Յեները հայտարարեց. «Թուրքիայում ընտրողների թիվը կազմում է 60.697.843 մարդ, որի 50.6%-ը (30.710.790) կանայք են, իսկ 49.4%-ը (29.987.053)՝ տղամարդիկ։ Թուրքիայում առաջին անգամ քվեարկելու իրավունք է ստացել 4.904.672 մարդ։ Եթե նախագահական ընտրությունները կարիք ունենան երկրորդ փուլի (մայիսի 28), ապա այդ թիվը կաճի գրեթե 50000-ով, որոնցից 47523-ը՝ Թուրքիայում, իսկ 2435-ը՝ արտերկրում։ Արտերկրում ընտրողների թիվը կազմում է 3.416.098 մարդ (1.595.158 կին և 1.820.940 տղամարդ)» [3]։

2023թ․ քվեարկության համար Թուրքիայում ստեղծվել է 192․214, իսկ արտերկրում՝ 9593 ընտրատեղամաս։ Նախքան քաղաքական դաշինքների ու կուսակցությունների արդյունքներին անդրադառնալը հարկ ենք համարում ներկայացնել Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) 7 աշխարհագրական տարածաշրջանների ու խոշորագույն նահանգների ընտրական ցուցանիշները։

Այս աղյուսակները ցույց են տալիս, որ ռեգիոնների առումով մասնակցության ամենացածր ցուցանիշը կազմել է 82%, իսկ առաջատար նահանգներում այն ավելի բարձր է՝ 87․9%։ Համարվում է, որ մայիսի 14-ի ընտրությունները մասնակցության ցուցանիշով եղել են ամենաբարձրը 1999թ.-ից ի վեր։ Մյուս կողմից էլ վերջին տարիներին Թուրքիայում ընտրություններին մասնակցելու միջին ցուցանիշը կազմել է 75-85%։ Աղյուսակները նաև վկայում են, որ ընտրողների թվաքանակով առաջատար տարածաշրջանը Մարմարա տարածաշրջանն է, իսկ առաջատար նահանգը՝ տվյալ տարածաշրջանում գտնվող Ստամբուլի նահանգը։ Ի դեպ, միայն Ստամբուլի նահանգն ընտրողների քանակով գերազանցում է Թուրքիայի մնացյալ 6 տարածաշրջաններից յուրաքանչյուրին։

Մայիսի 30-ին հրապարակվեցին խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք հրապարակվեցին Պաշտոնաթերթում [4]։

Աղյուսակ 4-ում պատկերված են հիմնական դաշինքների, ինչպես նաև Memleket կուսակցության արդյունքները (անկախ թեկնածուները ստացել են միայն 226․831 քվե՝ 0․42%)։

Նախքան այս պատկերը մեկնաբանելն ընդգծենք, որ այս ցուցանիշների մեջ մտնում է նաև արտասահմանաբնակների քվեարկությունը, որի արդյունքներն ունեն հետևյալ տեսքը․

Թուրքական մամուլն ընդգծել է, որ արտասահմանաբնակների քվեները մեծ ազդեցություն են ունեցել միայն 3 նահանգում, որ ԱԶԿ-ին հաջողվել է այդ կերպ Սպարտայում առաջ անցնել ԼԿ-ից, իսկ Բաթմանում՝ ԿՁԿ-ից։ ՀԺԿ-ին էլ հաջողվել է նույն կերպ Քահրամանմարաշում առաջ անցնել ԱՇԿ-ից [5]։ Կա նաև այլ տեսակետ, որին կանդրադառնանք ԿՁԿ-ի արդյունքները քննելիս։

          Cumhur դաշինք

Այս դաշինքի ցուցանիշը կազմում է 49․46%, ինչը 4․2%-ով զիջում է 2018թ․ նրա ցուցանիշին (երբ նրանում ընդգրկված չէր ՎՌԿ-ը, նաև HÜDA PAR-ը և DSP-ը)։ Cumhur դաշինքի մանդատների թիվը նվազել է 6%-ով՝ 21-ով․ 2018թ․ ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ը համատեղ ստացել էին 344 մանդատ։ Եթե 2018թ․ Cumhur դաշինքի մեջ մտնող ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ը հավաքել էին քվեների կեսից ավելին՝ 53․66%, ապա 2023թ․ համալրված կազմով Cumhur դաշինքի ցուցանիշը չի հասել 50%-ի։

          Millet դաշինք

          2018թ․ ընտրություններում Millet դաշինքը (ՀԺԿ, ԼԿ, ԵԿ՝ առանց ԴԿ-ի) հավաքել է քվեների 33․95%-ը (ԺԱԿ-ը և ԱԿ-ը Millet դաշինքի կազմը համալրել են միայն 2023թ․ հունվարի 26-ին)։ 2023թ․ Millet դաշինքի (ընդդիմադիր վեցնյակի) ցուցանիշը կազմել է մի փոքր ավելի՝ 35․02%։ Եթե 2018թ․ ՀԺԿ-ի, ԼԿ-ի ու ԵԿ-ի ընդհանուր ցուցանիշը կազմել է ավելի քան 17 միլիոն քվե, ապա 2023թ․ Millet դաշինքը հավաքել է ավելի քան 19 միլիոն քվե։ 2018թ․ ՀԺԿ-ն ու ԼԿ-ը համատեղ ստացել են 189, իսկ 2023թ․ Millet դաշինքը ստացել է 212 մանդատ։

Աղյուսակ 6-ը ներկայացնում է 5 հիմնական դաշինքների ցուցանիշները ԹՀ տարբեր տարածաշրջաններում։


Այս աղյուսակը վկայում է, որ Cumhur դաշինքն Էգեյանից բացի հաղթել է բոլոր ռեգիոններում։ Ուշագրավ է, որ Cumhur դաշինքը քրդամետ Emek ve Özgürlük İttifakı դաշինքին հաղթել է արևելյան ու հարավ-արևելյան քրդաբնակ տարածաշրջաններում։ Տոկոսային հարաբերակցությամբ Cumhur դաշինքի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սևծովյան, Millet դաշինքինը՝ Էգեյան տարածաշրջանում, իսկ Özgürlük İttifakı դաշինքինը՝ «Հարավ-արևելյան Անատոլիայում» (այստեղ նրա ստացած քվեները փոքր-ինչ գերազանցել են Մարմարա տարածաշրջանում դաշինքի ցուցանիշը)։

Այդպիսով, չնայած 2018թ․ հետ համեմատ քվեների անկմանը՝ Cumhur դաշինքին, այնուամենայնիվ, հաջողվեց վերստին գերազանցել Millet դաշինքը և խորհրդարանում ստանալ 111 մանդատ ավելի, իսկ եթե հաշվի առնենք Millet և Emek ve Özgürlük դաշինքները միասին վերցրած, ապա՝ 46 մանդատ ավելի։ Ներկայացնենք նաև դաշինքների հիմնական կուսակցությունների ցուցանիշները։

ԱԶԿ

Մայիսի 14-ին ԱԶԿ-ը հավաքել է 19․392․462 քվե և 35․62%, որից 18․586․137-ը (35․32%)՝ Թուրքիայում, իսկ 806․325-ը՝ արտերկրում ու մաքսակետերում (44․44%)։ 2018թ․ հետ համեմատ՝ ԱԶԿ-ի ցուցանիշը նվազել է գրեթե 7%-ով, ինչի հետևանքով այն ստացել է 27 մանդատ պակաս․ 2018թ․ ԱԶԿ-ը հավաքել է քվեների 42․56%-ը (21․338․693 քվե) և ստացել 295 մանդատ։ Եթե 2018թ․ ԱԶԿ-ը հաղթել է Թուրքիայի 81 նահանգից 64-ում, ապա 2023թ․՝ միայն 58-ում։ ԱԶԿ-ի քվեները նվազել են 75 նահանգում, որոնցից ավելի քան 20-ում անկումը կազմել է ավելի քան 10% (Ստամբուլում նրա քվեները նվազել են 6․6%-ով, Անկարայում՝ 7․9%-ով, Անթալիայում՝ 5․9%-ով, Իզմիրում՝ 3․4%-ով)։ ԱԶԿ-ի քվեներն աճել են միայն 6 նահանգում՝ Իգդիր (14.5%), Բաթման (4.3%), Շըրնաք (3.2%), Բայբուրթ (2.5%), Դիարբեքիր (1.8%), Հաքքարի (0.6%)։ Խոսքը հիմնականում քրդաբնակ նահանգների մասին է, ինչը, մեր կարծիքով, հնարավոր է դարձել նաև քրդական HÜDA PAR-ի աջակցության շնորհիվ, որի 4 ներկայացուցիչներ պատգամավոր են դարձել ԱԶԿ-ի ընտրացուցակներով։

Աղյուսակ 5-ը ներկայացնում է ԱԶԿ-ի ցուցանիշները Թուրքիայի ռեգիոններում՝ ցույց տալով, որ ԱԶԿ-ը տոկոսային հարաբերակցությամբ ամենաբարձր արդյունքները գրանցել է Սևծովյան տարածաշրջանում (Էրդողանն արմատներով Ռիզեից է), իսկ ամենացածր արդյունքները՝ Էգեյան տարածաշրջանում (այստեղ ՀԺԿ-ն ունի ամուր դիրքեր)։ ԱԶԿ-ն ամենամեծ թվով քվեները ստացել է Մարմարա տարածաշրջանում՝ գլխավորապես Ստամբուլում ուժեղ դիրքեր ունենալու/հաղթելու շնորհիվ (ԱԶԿ-ի ու մնացյալ կուսակցությունների դեպքում ռեգիոնների մասին ներկայացվող տվյալները նախնական են և աննշան ձևով են տարբերվում վերջնական արդյունքներից)։

Եվ, թեև 2023թ․ ԱԶԿ-ը քանակական անկում է գրանցել, նա շարունակել է մնալ որպես առաջատար կուսակցություն։ ԱԶԿ-ն իր ամենամոտ մրցակից ՀԺԿ-ին գերազանցել է 99 մանդատով։ Եթե հաշվի առնենք, որ ՀԺԿ-ի մանդատներից 39-ը բաժին են ընկնում նրա ընտրացուցակներով հանդես եկած ԺԱԿ-ին, ԱԿ-ին, ԵԿ-ին, ԴԿ-ին, ԼԿ-ին (նախկին ՀԺԿ-ական), Մուսթաֆա Սարըգյուլի գլխավորած «Թուրքիայի փոփոխություն» կուսակցությանը (ԹՓԿ), ապա նրա իրական ցուցանիշը կազմում է միայն 130 մանդատ։ Այդ դեպքում ԱԶԿ-ի ու ՀԺԿ-ի միջև մանդատների տարբերությունը հասնում է 138-ի։ Ինչպես դիպուկ նշում են իշխանամետ փորձագետները, 2023թ․ ընտրությունների արդյունքներով չընդհատվեց, պահպանվեց ԱԶԿ-ի առանձնահատկությունը՝ լինել Թուրքիայի միակ քաղաքական կուսակցությունը, որը 2002-2023թթ․ բոլոր խորհրդարանական ընտրություններում կարողացել է մրցակցել երկրի բոլոր նահանգներում, հետևաբար, նրան կարելի է անվանել «Թուրքիայի մասշտաբով կուսակցություն» (համաթուրքական կուսակցություն)։ 2023թ․ ԱԶԿ-ին հաջողվել է պատգամավորական մանդատներ ստանալ Թուրքիայի 81 նահանգներից 79-ում և 87 ընտրատարածքներից 85-ում (բնակչության մեծ թվաքանակով պայմանավորված՝ Ստամբուլի ու Անկարայի նահանգները բաժանված են 3-ական, իսկ Իզմիրի ու Բուրսայի նահանգները՝ 2-ական ընտրական օկրուգների)։ Դրա մասին վկայում է հաջորդ աղյուսակը [6]։


Այս աղյուսակը վկայում է, որ ԱԶԿ-ն ամենացածր ցուցանիշը գրանցել է 2015թ․ հունիսի 7-ի ընտրություններում՝ չկարողանալով մանդատ ստանալ միայն 5 նահանգում։ ԱԶԿ-ը սովորաբար հաղթում է Թուրքիայի նահանգների մեծ մասում, և եթե հաշվի առնենք նաև երկրորդ տեղ զբաղեցնելը, ապա նա առաջատար դիրքեր ունի Թուրքիայի նահանգների ճնշող մեծամասնությունում։ Ամեն դեպքում 2023թ․ ընտրություններում քվեների մոտ 7%-անոց անկումը, թերևս, կզգաստացնի ԱԶԿ-ի ղեկավարությանը՝ 2024թ․ ՏԻՄ ընտրություններին ավելի լավ պատրաստվելու համար։

          ԱՇԿ և ՎՌԿ

Մայիսի 14-ին ԱՇԿ-ը հավաքել է 5․484․820 քվե և 10․07%, որից 5․283․345-ը (10․04%)՝ Թուրքիայում, իսկ 201․475-ը՝ արտերկրում ու մաքսակետերում (11․10%)։ ԱՇԿ-ն այդպիսով հավաքեց ավելի քան 10%, որով փաստորեն կարող էր հաղթահարել նախկինում գործած 10%-անոց ընտրաշեմը (2022թ․ ընտրաշեմը նվազեցվեց մինչև 7%-ի)։ ԱՇԿ-ի այս ցուցանիշը համադրելի է 2018թ․ նրա ցուցանիշի հետ՝ 5․565․331 քվե և 11․1%։ Թեև 2023թ․ ԱՇԿ-ի քվեները նվազել են 1%-ով, նրա մանդատներն ավելացել են 1-ով։ ԱՇԿ-ի քվեները նվազել են 45 նահանգում (նաև Անկարայում՝ 2․9%, Ստամբուլում՝ 2․06%, Գազիանթեփում (Այնթափ)՝ 2․9%, Բուրսայում՝ 2․1%, Իզմիրում՝ 0․8%, Իգդիրում՝ 19․1%)։ Մեգապոլիսներում այն կորցրել է 8 մանդատ․ Անկարայում ԱՇԿ-ի մանդատների թիվը 5-ից նվազել է 3-ի, Ստամբուլում՝ 8-ից 5-ի, Գազիանթեփում՝ 2-ից 1-ի, Դևլեթ Բահչելիի հայրենի Օսմանիեում՝ 2-ից 1-ի։ ԱՇԿ-ի քվեներն աճել են 36 նահանգում (ամենամեծ աճը գրանցվել է Մուշում՝ 12․87%)։

ԱՇԿ-ը հատկապես «Ներքին Անատոլիայում» բավական շատ քվեներ է խլել ԱԶԿ-ից (20-րդ դարում թուրքական կողմը խեղաթյուրել է հունարեն «Անատոլիա» բառի իմաստը, որը նշանակում է արևելք և Փոքր Ասիա թերակղզու միայն արևմտյան հատվածին առնչվող Անատոլիան տարածել է նաև նրա կենտրոնական ու արևելյան հատվածների վրա՝ ներառյալ Հայկական լեռնաշխարհը)։ ԱՇԿ-ը կարողացել է մանդատներ ստանալ 9 նահանգում (Բալըքեսիր, Բոլու, Չանքըրը, Չորում, Էլազըղ (Խարբերդ), Գիրեսուն, Գյումուշհանե, Սպարտա, Քիլիս, Նևշեհիր, Նիղդե), որտեղ նա մանդատներ չէր ստացել 2018թ․ (2023թ․ այս նահանգներում ազգայնական ընտրազանգվածը հիասթափվել է ԱԶԿ-ից)։ ԱՇԿ-ը մանդատներ է կորցրել Դյուզջե, Էսքիշեհիր և Իգդիր (Ցոլակերտ) նահանգներում։ 2023թ․ ԱՇԿ-ը մանդատ է ստացել 81 նահանգներից միայն 39-ում, որոնցից 5-ը՝ Ստամբուլում, 3-ը՝ Անկարայում, 2-ական մանդատ՝ Ադանայում, Անթալիայում, Քայսերիում (Կեսարիա), Քոնիայում, Բուրսայում (Իզմիրում՝ 1 մանդատ)։ 2018թ․ նման ԱՇԿ-ին այս անգամ նույնպես չի հաջողվել հաղթել որևէ նահանգում։ Ներկայացնենք ԹՀ տարբեր տարածաշրջաններում ԱՇԿ-ի ցուցանիշները։

ԱՇԿ-ն այդպիսով տոկոսային ամենամեծ աջակցությունը ստացել է Սևծովյան ռեգիոնում, իսկ ամենացածր աջակցությունը՝ հարավ-արևելյան նահանգներում։ Միևնույն ժամանակ քանակական ամենամեծ աջակցությունը ստացվել է Մարմարայից ու «Ներքին Անատոլիայից»։

ՎՌԿ-ին հաջողվել է մեկական մանդատ ստանալ Ստամբուլի բոլոր երեք ընտրական օկրուգներում, ինչպես նաև Քոնիայում ու Քոջայելիում՝ ընդհանուր 5 մանդատ։ ՎՌԿ-ն ամենաշատ քվեները ստացել է Բինգյոլում (Բյուրակն)՝ 10%, Մալաթիայում՝ 9․2%, Քարաբյուքում՝ 8․2%, Քահրամանմարաշում (Մարաշ)՝ 5․4%, Ռիզեում՝ 5%։ ՄՄԿ-ը լավ արդյունքներ է գրանցել Սիվասում (Սեբաստիա)՝ 10%, Սինոպում՝ 4․4%, Թոքաթում՝ 2․8%, Քարամանում՝ 2․7%, Քոնիայում՝ 2%։ Ուշագրավ է, որ ԱԶԿ-ի ցուցանիշն այս նահանգների մեծ մասում անկում է ապրել ավելի քան 10%-ով։

ՀԺԿ

Մայիսի 14-ին ՀԺԿ-ը հավաքել է 13․802․183 քվե և 25․35%, որից 13․374․463-ը (25․41%)՝ Թուրքիայում, իսկ 427․720-ը՝ արտերկրում ու մաքսակետերում (23․57%)։ ՀԺԿ-ի քվեները նվազել են 17 և աճել 64 նահանգում։ 2018թ․ հետ համեմատ՝ ՀԺԿ-ը ստացել է 2․7% ավելի (2018թ․ նրա ցուցանիշը կազմել է 11.354.190 քվե և 22․65%)։ Նրա պատգամավորների թիվը 146-ից հասել է 169-ի, սակայն, ինչպես արդեն նշվեց, դրանցից 39-ը բաժին են ընկնում մյուս կուսակցություններին․ 14-ը՝ ԺԱԿ-ին (ՀԺԿ-ի ցուցակով ներկայացրել է 25 թեկնածու), 10-ը՝ ԱԿ-ին (19 թեկնածու), 10-ը՝ ԵԿ-ին (24 թեկնածու), 3-ը՝ պահպանողական ԴԿ-ին, 1-ական՝ ԼԿ-ին ու ԹՓԿ-ին [7]։

ՀԺԿ-ի ընտրացուցակով ԺԱԿ-ի, ԱԿ-ի ու ԵԿ-ի կողմից 34 մանդատ ստանալն իրականացվել է ԱԶԿ-ի հաշվին՝ հաշվի առնելով, որ ԵԿ-ն իր հայացքներով մոտ է ԱԶԿ-ին, իսկ Բաբաջանն ու Դավութօղլուն եղել են Էրդողանի թիմակիցները (նախկին ատգործնախարարներ, վարչապետեր)։ Հետաքրքրական է, որ 43-ամյա ընդմիջումից հետո ՀԺԿ-ին հաջողվել է մանդատ (Թահսին Օջաքլը) ստանալ պահպանողական Ռիզեում։ Մ․ Սարըգյուլը պատգամավոր է դարձել Էրզինջանում (Երզնկա), որտեղ ՀԺԿ-ն չի կարողացել մանդատ ստանալ 2018թ․։ Եթե 2018թ․ ՀԺԿ-ը հաղթել է միայն 6 նահանգում (Էդիռնե, Քըրքլարելի, Թեքիրդաղ, Իզմիր, Այդըն, Մուղլա), ինչպես նաև Անկարայի թիվ մեկ ընտրական օկրուգում, ապա 2023թ․՝ նույն տեղերում, ինչպես նաև Չանաքքալեում (Դարդանել), Անթալիայում, Մերսինում, Էսքիշեհիրում (10 նահանգ+1 ընտրական օկրուգ)։

2019թ․ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Ստամբուլի ու Անկարայի քաղաքապետերի պաշտոնները ստացած ՀԺԿ-ն այս անգամ պարտվել է Ստամբուլի բոլոր 3 ընտրական օկրուգներում և Անկարայի 3 ընտրական օկրուգներից 2-ում։ Ստամբուլում ԱԶԿ-ը հավաքել է քվեների 36․06%-ը և ստացել 40 մանդատ, իսկ ՀԺԿ-ի ցուցանիշները կազմել են միայն 28․33% և 31 մանդատ։ Անկարայում ԱԶԿ-ի ցուցանիշները կազմել են 32․53% և 15 մանդատ, իսկ ՀԺԿ-ինը՝ 30․56% և 13 մանդատ։ Իզմիրում ՀԺԿ-ը հավաքել է քվեների 40․90%-ը և ստացել 14 մանդատ, իսկ ԱԶԿ-ը՝ 25․26% և 8 պատգամավոր։

Աղյուսակ 10-ը վկայում է, որ ՀԺԿ-ը տոկոսային հարաբերակցությամբ ամենամեծ աջակցությունն ունի Էգեյան տարածաշրջանում, իսկ ամենացածրը՝ «Հարավ-արևելյան Անատոլիայում»։ ՀԺԿ-ն ամենաշատ քվեները ստացել է Թուրքիայի ամենազարգացած Մարմարա և Էգեյան տարածաշրջաններից, իսկ ամենաքիչ քվեները՝ արևելյան ու հարավ-արևելյան համեմատաբար հետամնաց նահանգներից (ՀԺԿ-ը հիմնած Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարման տարիները վատ հիշողություններ են արթնացնում քրդերի մոտ): Հավելենք, որ ՀԺԿ-ը կարողացել է հաղթել․

  • Միջերկրածովյան տարածաշրջանի միայն երկու նահանգում՝ Անթալիա և Մերսին (Բուրդուրում, Սպարտայում, Ադանայում, Օսմանիեում, Քահրամանմարաշում, Հաթայում հաղթել է ԱԶԿ-ը),
  • Էգեյան տարածաշրջանի նահանգների միայն կեսում՝ Իզմիր, Մուղլա, Դենիզլի և Այդըն (Մանիսայում, Ուշաքում, Աֆյոնքարահիսարում, Քութահիայում հաղթել է ԱԶԿ-ը),
  • Մարմարա տարածաշրջանի 5 նահանգում՝ Էդիռնե, Քըրքլարելի, Թեքիրդաղ, Չանաքքալե և Բալըքեսիր (Ստամբուլում, Քոջայելիում, Յալովայում, Բուրսայում, Սաքարիայում, Բիլեջիքում հաղթել է ԱԶԿ-ը),
  • չի հաղթել Սևծովյան տարածաշրջանի որևէ նահանգում (Բոլուում, Դյուզջեում, Զոնգուլդակում, Բարթընում, Քարաբյուքում, Քասթամոնուում, Չորումում, Սինոպում, Սամսունում, Ամասիայում, Թոքաթում, Օրդուում, Գիրեսունում, Տրապիզոնում, Գյումուշհանեում, Բայբուրթում, Ռիզեում, Արտվինում հաղթել է ԱԶԿ-ը),
  • «Ներքին Անատոլիայի» միայն 1 նահանգում՝ Էսքիշեհիր (Անկարայում, Չանքըրըում, Քոնիայում, Քարամանում, Քըրըքալեում, Քըրշեհիրում, Աքսարայում, Նիղդեում, Նևշեհիրում, Յոզգաթում, Քայսերիում, Սիվասում հաղթել է ԱԶԿ-ը),
  • չի հաղթել «Արևելյան Անատոլիայի» և «Հարավ-արևելյան Անատոլիայի» որևէ նահանգում (այս տարածաշրջաններում հաղթողներին կամփոփենք ԺԴԿ-ի ցուցանիշները դիտարկելիս)։

Պետք է փաստել, որ թեև 2023թ․ ՀԺԿ-ի ընտրացուցակներում ընդգրկվեցին այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ևս, այնուամենայնիվ, նրան չհաջողվեց նոր ռեկորդային ցուցանիշ գրանցել 21-րդ դարում (21 տարում), ինչի մասին վկայում է հաջորդ աղյուսակը [8]։

Աղյուսակ 11-ից երևում է, որ անգամ համալրված կազմով ՀԺԿ-ը չկարողացավ գերազանցել 2011թ․ իր ռեկորդային ցուցանիշը։ Եվ, թեև 2018թ․ համեմատ ՀԺԿ-ի ցուցանիշը մի փոքր աճել է, կարելի է ասել, որ իրականում ՀԺԿ-ը հետընթաց է գրանցել՝ հաշվի առնելով 2023թ․ նրա ցուցակներով առաջադրված ավելի փոքր կուսակցությունների մասնաբաժինը (ՀԺԿ-ի  մանդատների 29․5%-ը)։ Եթե 2018թ․ ՀԺԿ-ին հաջողվել էր ստանալ 146 մանդատ, ապա 2023թ․ նրա իրական ցուցանիշը կազմել է միայն 130 մանդատ, եթե մի կողմ դնենք մյուս կուսակցությունների ստացած 39 մանդատը։ Սա նշանակում է, որ 21-րդ դարում ՀԺԿ-ը մեծ հաշվով դոփում է տեղում, նրա ցուցանիշները գրեթե անփոփոխ և կանխատեսելի են։ ՀԺԿ-ն ունի կայուն ընտրազանգված և չի կարողանում ընդլայնել այն ի հաշիվ մյուս կուսակցությունների։ ՀԺԿ-ին չփրկեց նաև ընդդիմադիր վեցնյակ ձևավորելը, որն ինքնին պետք է խորհրդանշեր Մ․ Ք․ Աթաթուրքի «6 նետերը» (6 հիմնական սկզբունքները, որոնք 6 նետի տեսքով պատկերված են ՀԺԿ-ի դրոշի վրա)։ ՀԺԿ-ը կարիք ունի նոր լիդերների և հատկապես խարիզմատիկ առաջնորդի (մեր կարծիքով՝ անգամ իր մեղմ հայացքներով հայտնի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն չի կարող հավակնել տվյալ դերին), ինչի շնորհիվ կկարողանա ստանալ ավելի լայն ընտրազանգվածի աջակցությունը (Էրդողանի օրինակը վկայում է, թե որքան կարևոր է խարիզմատիկ լիդերի դերը Թուրքիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում)։

ԼԿ

Մայիսի 14-ին ԼԿ-ը հավաքել է 5․275․981 քվե և 9․69%, որից 5․211․632-ը (9․90%)՝ Թուրքիայում, իսկ 64․349-ը՝ արտերկրում ու մաքսակետերում (3․55%)։ Այս ցուցանիշները համադրելի են 2018թ․ ԼԿ-ի ցուցանիշներին՝ 4․993․479 քվե ու 9․96%։ 2023թ․ ԼԿ-ի քվեները նվազել են 48 և աճել 33 նահանգում։ Նրա մանդատների թիվը չի փոխվել՝ 43։ ԼԿ-ն իր պատգամավորների թիվը 1-ով ավելացրել է Իզմիրում, Հաթայում, Չանաքքալեում և 1-ական մանդատ է կորցրել Էրզրումում (Կարին), Անթալիայում և Մերսինում (Ստամբուլում ու Անկարայում ԼԿ-ը կշարունակի ունենալ 8 և 5 պատգամավոր)։ 2018թ․ նման ԼԿ-ին այս անգամ էլ չի հաջողվել հաղթել որևէ նահանգում։

Ի դեպ, ԼԿ-ի լոգոն օգտագործվել է Գյումուշհանեում, Բիթլիսում (Բաղեշ), Աքսարայում, Յոզգաթում, Բայբուրթում, Մուշում և Չանքըրըում, որոնցում ՀԺԿ-ը և ԼԿ-ն ընտրություններին մասնակցել են միասնական ցուցակով։ Սակայն ԼԿ-ի անվան տակ ազգայնականների ձայներ շահելու ընդդիմության ռազմավարությունը չի աշխատել․ տվյալ 7 նահանգներում Millet դաշինքը՝ ԼԿ-ի ցուցակով, չի կարողացել ավելացնել իր պատգամավորների թիվը։ ԱԶԿ-ից հիասթափված ձայները հիմնականում անցել են ԱՇԿ-ին և ոչ թե ԼԿ-ին (ազգայնական ընտրազանգվածին զգալի վանում է ընդդիմության համագործակցությունը քրդամետ ԺԴԿ-ի հետ):

Հիշարժան է նաև այն, որ ԱԶԿ-ը Սպարտայում 4 մանդատից ստացել էր ընդամենը 1-ը (մեկական մանդատ ստացել էին նաև ԱՇԿ-ը, ՀԺԿ-ը, ԼԿ-ը)։ Սակայն ԼԿ-ը պահանջել է քվեների վերահաշվարկ, ինչի արդյունքում ԱԶԿ-ի քվեներն ավելացել են, և Օսման Զաբունը խորհրդարան է անցել որպես ԱԶԿ պատգամավոր։ Արդյունքում Սպարտայում ԱԶԿ-ի մանդատների թիվը հասել է 2-ի, իսկ ԼԿ-ը չի ստացել որևէ մանդատ [9]։ Ուշագրավ է նաև այն, որ ԱՇԿ հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի դուստր Այյուջե Թյուրքեշ Թաշն Ադանայում խորհրդարան է անցել ԼԿ-ից, իսկ Ալփարսլան Թյուրքեշի որդի Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշն ԱԶԿ-ի պատգամավոր է ընտրվել Անկարայի 1-ին ընտրական օկրուգում։ Այդպիսով, Ալփարսլան Թյուրքեշի երկու զավակները հայտնվել են 28-րդ գումարման խորհրդարանում, սակայն տարբեր կուսակցություններով և անգամ դաշինքներով [10]։

Աղյուսակ 12-ը ցույց է տալիս, որ ԼԿ-ը տոկոսային հարաբերակցությամբ ամենամեծ աջակցությունը վայելում է Էգեյան տարածաշրջանում ու «Ներքին Անատոլիայում», իսկ ամենացածր աջակցությունը՝ քրդաբնակ արևելքում ու հարավ-արևելքում։ Քանակական առումով ԼԿ-ի հենասյուներն են Մարմարայի տարածաշրջանն ու «Ներքին Անատոլիան»։

2023թ․ արդյունքները վկայում են, որ Մերալ Աքշեների ԼԿ-ը վերստին ձախողվեց, որ այն իր ցուցանիշներով շարունակեց զիջել Դևլեթ Բահչելիի ԱՇԿ-ին, որ չկարողացավ դառնալ ազգայնական ընտրազանգվածի թիվ մեկ ընտրությունը և դոփում է իր տեղում։ Չենք բացառում, որ Աքշեները, ում մենք ի սկզբանե համարել ենք Էրդողանի «տրոյական ձի» ընդդիմադիր դաշինքում, միտումնավոր տապալած լինի նախընտրական աշխատանքները, որպեսզի ԼԿ-ը չգրանցի բարձր ցուցանիշ (մայիսի 14-ից առաջ Աքշեները մեղադրվել է 2018թ․ ընտրարշավը միտումնավոր տապալելու համար, ինչի մասին հիշատակել ենք մեր մարտյան հոդվածում)։

          ԺԴԿ (ԿՁԿ)

Մայիսի 14-ին ԺԴԿ-ը հավաքել է 4․803․922 քվե և 8․82%, որից 4․624․094-ը (8․79%)՝ Թուրքիայում, իսկ 179․828-ը՝ արտերկրում ու մաքսակետերում (9․91%)։ 2023թ․ ԺԴԿ-ը գրանցել է շուրջ 3%-անոց անկում, նրա ստացած քվեները նվազել են բոլոր 81 նահանգներում՝ ընդհանուր ավելի քան 1 միլիոնով (2018թ․ նրա ցուցանիշը կազմել է 5.867.302 քվե և 11․7%), իսկ մանդատները՝ 6-ով։ Սա նշանակում է, որ եթե նվազեցված չլիներ ընտրաշեմը, և ԺԴԿ-ը հանդես չգար ԹԱԿ-ի հետ դաշինքով, ապա այս անգամ նա չէր կարողանա հաղթահարել ընտրաշեմը (2015թ․ երկու անգամ, և նաև 2018թ․՝ ԺԴԿ-ը երեք անգամ անընդմեջ հաղթահարել է ընտրաշեմը՝ հավաքելով քվեների 13.12%-ը, 10․76%-ը և 11․7%-ը)։ Չի բացառվում, որ ԺԴԿ-ի քվեների մի մասն անցել է հենց ԹԱԿ-ին։

Թուրքական մամուլի համաձայն՝ ԺԴԿ-ն արտերկրում քվեարկության արդյունքներով 3 մանդատ զիջել է ԱԶԿ-ին (HÜDA PAR-ին)։ Խոսքը Շանլըուրֆա (Ուրֆա), Բաթման և Ադըյաման նահանգների մասին է [11]։ ԺԴԿ-ն ամենամեծ կորուստները կրել է հենց արևմտյան մեգապոլիսներում։ Նախորդ ընտրություններում Ստամբուլում քվեների 12․67%-ը հավաքած և 12 մանդատ ստացած ԺԴԿ-ը 2023թ․ Ստամբուլում հավաքել է քվեների միայն 8․16%-ը և ստացել 8 մանդատ։ 2018թ․ Անկարայում ձայների 6․4%-ը հավաքած և 1 մանդատ ստացած ԺԴԿ-ին այս անգամ չի հաջողվել մանդատ ստանալ Անկարայում, որտեղ նա հավաքել է քվեների 3․07%-ը։ 2018թ․ ԺԴԿ-ն Իզմիրում ստացել է 11․49% և 2 մանդատ, 2023թ․ նրա քվեները նվազել են մինչև 7․5%-ի, իսկ մանդատների թիվը մնացել է նույնը (ԺԴԿ-ի քվեները զգալիորեն նվազել են արևմտյան գրեթե բոլոր նահանգներում): Այդպիսով, ԺԴԿ-ը, որը 2018թ․ Թուրքիայի երեք ամենաբազմամարդ նահանգներում ստացել էր 15 մանդատ, այս անգամ բավարարվեց դրանցում միայն 10 մանդատ ստանալով։

ԺԴԿ-ն անկում է գրանցել անգամ «Թուրքական Քրդստանի մայրաքաղաք» («ԺԴԿ-ի ամրոց») համարվող Դիարբեքիրում (Տիգրանակերտ)․ նախորդ ընտրություններում ԺԴԿ-ը հավաքել էր քվեների 65․54%-ը, ինչն այս անգամ նվազել է մինչև 61․19%-ի։ Արդյունքում, Դիարբեքիրում ԺԴԿ-ի մանդատների թիվը նվազել է 1-ով՝ 9-ից մինչև 8-ի։ Փոխարենը ԺԴԿ-ը մանդատների թիվը մեծացրել է Էրզրումում, Հաքքարիում ու Բիթլիսում․ ԺԴԿ-ն 8-ամյա ընդմիջումից հետո մանդատ (Մերալ Դանըշ Բեշթաշ) է ստացել Էրզրումում [12], որտեղ նախընտրական արշավի ժամանակ քարկոծել էին Ստամբուլի ՀԺԿ-ական քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ ԺԴԿ-ին հաջողվել է մանդատներ ստանալ 23 նահանգում, որոնցից 13-ում նա հաղթել է․ ԺԴԿ-ը 8-ական մանդատ է ստացել Ստամբուլում ու Դիարբեքիրում (1.176.611 ընտրող), 6 մանդատ՝ Վանում (724.847 ընտրող), 4-ական՝ Շանլըուրֆայում (1.253.232 ընտրող) ու Մարդինում (556.505 ընտրող)։

Այս աղյուսակը վկայում է, որ ԺԴԿ-ը գրեթե աջակցություն չի վայելում Սևծովյան տարածաշրջանում և «Ներքին Անատոլիայում», իսկ ամենախոշոր աջակցությունը վայելում է հիմնականում քրդաբնակ «Արևելյան Անատոլիայում» և «Հարավ-արևելյան Անատոլիայում», ինչպես նաև Մարմարա տարածաշրջանում (Ստամբուլը համարվում է քրդաբնակ ամենամեծ քաղաքն աշխարհում)։ Ուշագրավ է, որ ԺԴԿ-ը քրդաբնակ այդ տարածաշրջաններում չի կարողացել հավաքել քվեների նույնիսկ 35%-ը, ինչը խոսում է քրդերի պառակտվածության մասին։ Քրդերի զգալի մասը սեփական քվեն տալիս է ԱԶԿ-ին/Էրդողանին՝ պայմանավորված մի շարք գործոններով․ քրդաբնակ նահանգներում խոշոր ենթակառուցվածքների կառուցում, ԱԶԿ-ի որոշակի բարեփոխումներ և բարեփոխումների նախաձեռնություն, իսլամական գործոնի խաղարկում։ Պետական հիմնարկներում աշխատող, Թուրքիայի վերելքից, երկրի ուժեղ լիդեր ունենալուց գոհ քրդերը, PKK-ի դեմ պայքարի համար ստեղծված «գյուղական պահապանները» նույնպես կարող են իրենց քվեն տալ իշխանություններին։ Քրդաբնակ նահանգներում իշխանությունների օգտին է քվեարկում նաև դրանցում տեղակայված զինվորականների ընտանիքների զգալի մասը։

ԺԴԿ-ի այս ցուցանիշների անկման գլխավոր պատճառն իշխանությունների հալածանքներն ու հակաքայլերն են՝ սկսած կուսակցությանը պետական ֆինանսավորումից զրկելու փորձերից մինչև կուսակցական վերնախավի «գլխատում» (ազատազրկում) և դատական ճանապարհով կուսակցությունը փակելու փորձ (ինչն էլ ԺԴԿ-ին դրդեց հանդես գալ այլ անվանմամբ)։ Կարևոր է նաև Էրդողանի կողմից քուրդ ընտրազանգվածին թե՛ ահաբեկելու, թե՛ տարբեր միջոցներով (Դիարբեքիրի բանտի փակում, աշխատավարձերի ու թոշակների բարձրացում, ենթակառուցվածքների կառուցում, իսլամական գործոնի խաղարկում) սիրաշահելու քաղաքականությունը։ Արդյունքում, 2023թ․ թուլացած ԺԴԿ-ը ստացած քվեների ցուցանիշներով ԱԶԿ-ին զիջել է թե՛ «Արևելյան Անատոլիայում», թե՛ «Հարավ-արևելյան Անատոլիայում»։ ԺԴԿ-ին հաջողվել է հաղթել «Արևելյան Անատոլիայի» 14 նահանգներից միայն 6-ում՝ Հաքքարի, Վան, Թունջելի, Մուշ, Աղրը և Իգդիր (Մալաթիայում, Էլազըղում, Էրզինջանում, Բինգյոլում, Բիթլիսում, Էրզրումում, Կարսում, Արդահանում հաղթել է ԱԶԿ-ը) և «Հարավ-արևելյան Անատոլիայի» 9 նահանգներից 5-ում՝ Դիարբեքիր, Մարդին, Շըրնաք, Սիիրթ (Սղերթ) և Բաթման (Շանլըուրֆայում, Գազիանթեփում, Ադըյամանում, Քիլիսում հաղթել է ԱԶԿ-ը)։ Եվ, այնուամենայնիվ, ԺԴԿ-ը շարունակում է մնալ ամենաշատ մանդատներ ստացած երրորդ խոշոր կուսակցությունը (ԱԶԿ-ից ու ՀԺԿ-ից հետո)։

Cumhur և Millet դաշինքների հանդեպ որպես «երրորդ ուղի» ներկայացող Ata դաշինքի ցուցանիշը կազմել է 2․43%, որից 2․23%-ը բաժին է ընկնում Ումիթ Օզդաղի ՀԿ-ին, 0․2%-ը՝ ԱԿ-ին։ Դաշինքը չի ստացել որևէ մանդատ։ Նույնը պետք է ասել քվեների 0․29%-ը հավաքած SGB դաշինքի մասին։ Որևէ մանդատ չեն ստացել նաև Մ․ Ինջեի ՀԿ-ը և մյուս փոքր կուսակցությունները, անկախ թեկնածուները։

          Այդպիսով, 2023թ․ մայիսի 14-ի խորհրդարանական ընտրությունները մեծ հաշվով չառաջացրեցին մեծ փոփոխություններ, չգրանցվեցին խոշոր անակնկալներ։ Յուրաքանչյուր խոշոր կուսակցություն ավելի ուժեղ գտնվեց այն տարածաշրջաններում ու նահանգներում, որոնցում ավանդաբար ունի ուժեղ դիրքեր։ ԱԶԿ-ը հաղթեց 87 ընտրական օկրուգից 62-ում, ՀԺԿ-ը՝ 12-ում, ԺԴԿ-ը՝ 13-ում։ Cumhur դաշինքը ստացել է 600 մանդատներից կեսից ավելին (323), ինչը (50%+1՝ 301 մանդատ) նրան հնարավորություն է տալիս ձևավորել սեփական կառավարություն: Սա նշանակում է, որ 268 մանդատ ստացած ԱԶԿ-ն ունակ չէ ձևավորել միակուսակցական կառավարություն, որ նա պետք է կոալիցիոն կառավարություն ձևավորի ԱՇԿ-ի հետ։ Ստացվում է, որ նաև ընտրություններից հետո պահպանվում է ԱՇԿ-ից (Բահչելիից) ԱԶԿ-ի (Էրդողանի) կախվածությունը, և եթե ԱՇԿ-ն առաջիկայում դուրս գա կոալիցիայից, ապա Թուրքիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ ԱՇԿ-ի աջակցությունն ԱԶԿ-ին անհրաժեշտ է նաև հետագա ընտրությունների համար։ Այս պատկերին ականատես ենք եղել նաև 2018թ․ ընտրություններից հետո, երբ ԱԶԿ-ը չէր կարողացել ստանալ առնվազն 301 (295) մանդատ, իսկ Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել էր (52․59%) ԱՇԿ-ի ընտրազանգվածի աջակցությամբ։ Այս ամենը վկայում է, որ Դևլեթ Բահչելին կշարունակի մնալ Թուրքիայի «ստվերային նախագահ» և մեծ ազդեցություն ունենալ Էրդողանի որոշումների վրա։

2023թ․ ընտրությունների արդյունքներով Cumhur դաշինքը, սակայն, ունի լուրջ խնդիրներ, քանի որ չի կարողացել ստանալ ո՛չ պատգամավորական մանդատների 3/5-ը (360 մանդատ)՝ օրինագծերը (ասենք, նոր Սահմանադրության նախագիծը) քվեարկության դնել կարողանալու և չհաստատման դեպքում հանրաքվեի հանել կարողանալու համար, ո՛չ էլ քվեների 2/3-ը (400 մանդատ)՝ օրինագծերը խորհրդարանում հաստատելու համար։ Էրդողանը քանիցս հայտարարել է, որ իր «Նոր Թուրքիային» անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը կփոխարինի 1980թ․ ռազմական հեղաշրջումից հետո ընդունված «ռազմական» Սահմանադրությանը․ Էրդողանը 2007թ․, 2010թ․ և 2017թ․ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեներով (ՍԲՀ) զգալի փոփոխել է այն։ Սա նշանակում է, որ Էրդողանը փորձելու է համակիրներ գտնել նոր գումարման խորհրդարանում, որտեղ ունի ընտրության մեծ հնարավորություն՝ սկսած ԱԶԿ-ին հայացքներով մոտ ԵԿ-ից, իր նախկին թիմակիցներ Բաբաջանի ու Դավութօղլուի կուսակցություններից և վերջացրած ԼԿ-ով։

2023թ․ մարտին Թուրքիայում նախընտրական զարգացումների վերաբերյալ մեր ծավալուն հոդվածում կանխատեսել էինք իշխող Cumhur դաշինքի հաղթանակը մեկ հիմնական պայմանով՝ եթե դատական ճանապարհով փակվի ԺԴԿ-ը, որի վերնախավին կարգելվի 5 տարով զբաղվել քաղաքականությամբ։ Կանխատեսել էինք, որ ԺԴԿ-ի փակման դեպքում ԱԶԿ-ը, ըստ էության, մրցակից չի ունենա արևելյան ու հարավ-արևելյան նահանգներում և կստանա տեղի մանդատների ճնշող մեծամասնությունը։ Սակայն Էրդողանը չգնաց այդ քայլին՝ թերևս վախենալով, որ ԺԴԿ-ի փակումը քրդերին կվանի իրենից և բացասաբար կազդի նախագահական ընտրություններում սեփական ցուցանիշի վրա։ Արդյունքում ԱԶԿ-ը պարտվեց քրդաբնակ նահանգների մեծ մասում՝ ներառյալ Էրդողանի մշտական թիրախում գտնվող «Դիարբեքիր-Վան-Մարդին» եռանկյունին (ԱԶԿ-ը ԺԴԿ-ի հաղթած 13 նահանգներում կարողացավ ստանալ 57 մանդատից միայն 16-ը․ 2 մանդատ բաժին է ընկել ՀԺԿ-ին, իսկ մնացյալ 38-ը՝ ԺԴԿ-ին)։ Էրդողանն այժմ ԱԶԿ-ի համար ելքեր պետք է փնտրի՝ 2024թ․ ՏԻՄ ընտրություններում քրդաբնակ նահանգներում և հատկապես «Դիարբեքիր-Վան-Մարդին» եռանկյունում հաղթելու համար․ ԱԶԿ-ն այդ եռանկյունում պարտվել է թե՛ 2014թ․, թե՛ 2019թ․ ՏԻՄ ընտրություններում։ Նման դեպքում Էրդողանը գործի է դնում «Բ» պլանը՝ քուրդ նորընտիր քաղաքապետերը մեղադրվում են ահաբեկչություն (PKK) սատարելու համար, պաշտոնանկ են արվում/ազատազրկվում և նրանց փոխարեն նշանակվում են հոգաբարձուներ։

Չնայած կանխատեսումներին՝ ընդդիմությունը չկարողացավ հաղթել խորհրդարանական ընտրություններում, ինչը հիասթափություն ու խնդիրներ առաջացրեց ընդդիմադիր վեցնյակում (մայիսի 22-ին թուրքական մամուլը գրեց, որ Դավութօղլուի ԱԿ-ի 11 հիմնադիր ու ղեկավար անդամ հրաժարական են տվել, ինչը, սակայն, հերքվեց կուսակցության տարածած հայտարարությունում) [13]։ Ընդդիմադիր դաշինքը չափազանց խառնիճաղանջ է, ըստ էության, բաղկացած է միմյանց հակասող/բացառող ուժերից (ներառյալ դաշինքին համակրող ԺԴԿ-ը)․ նրանց հիմնականում միավորել է Էրդողանից ձերբազատվելու գործոնը։ Խարիզմատիկ առաջնորդի բացակայությունը նույնպես բացասաբար է ազդել ընդդիմադիր դաշինքի ցուցանիշների վրա։

Իշխող դաշինքը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, ինչն իր կնիքը թողեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների վրա։ Թուրք փորձագետներն ընդգծում էին, որ եթե Քըլըչդարօղլուն հաղթի երկրորդ փուլում, բայց չունենա խորհրդարանական մեծամասնություն, ապա դա հետագա հինգ տարում հանգեցնելու է կողմերի միջև լուրջ խնդիրների․ Թուրքիայում չի հաստատվի քաղաքական կայունություն։ Մենք նույնպես կարծում ենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները լավ հնարավորություն էին Էրդողանի համար՝ վերստին առաջ քաշելու իր «կա՛մ ես, կա՛մ քաոս» չարչրկված թեզը, որը նա հաջողությամբ բանեցնում էր դեռևս 2015թ․ նոյեմբերյան խորհրդարանական ընտրություններից առաջ։

 ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

[1] Հայկ Գաբրիելյան, 2023թ․ մայիսի 14-ի «Հին և Նոր Թուրքիայի» վճռորոշ բախմանն ընդառաջ, ՄԱՀՀԻ, 21․03․2023․

[2] Seçimde 13 siyasi parti tek başına, diğerleri ittifak çatısında yarışacak, NTV, 10.04.2023.

[3] YSK Başkanı Yener: Seçmen sayısı 64 milyon 113 bin 941, Yeni Şafak, 17.04.2023.

[4] Genel seçim sonucu Resmi Gazete’de, TRT Haber, 30.05.2023.

[5] Sertuğ Çiçek, 47 oyla vekil kaybeden parti var: Partiler illerdeki son vekillikleri kaç oyla kazandı, yurt dışı seçmen nerelerde sonucu değiştirdi?, T24, 24․05․2023

[6] Baki Laleoğlu, 2023 Seçimlerini Anlamak | İki Sandık Arası Sonuçlar, SETA, 18.05.2023.

[7] Millet İttifakı seçim analizi: CHP listesinde 6 partiden 39 vekil, NTV, 16.05.2023.

[8] 14 Mayıs 2023 seçim sonuçları: CHP’nin oyları son 21 yılda nasıl değişti?, Euronews, 14․05․2023․

[9] YSK Kararını Verdi: Osman Zabun Resmen Milletvekili, Gazete32, 24․05․2023․

[10] Alparslan Türkeş’in kızı İYİ Parti’den, oğlu AKP’den aday olmuşlardı… Milletvekili seçildiler mi? İşte yanıtı, Halk TV, 15․05․2023․

[11] Yurt dışı oyları Yeşil Sol Parti’ye 3 vekil kaybettirdi, Gazete Duvar, 19․05․2023․

[12] HDP’nin oyları neden geriledi?, Rudaw, 16.05.2023.

[13] Gelecek Partisi’nden “11 kurucu istifa etti” haberine yalanlama, T24, 22․05․2023․

 Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ

Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա)

քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

 «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930