Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն իրադարձություններին՝ նույն չափանիշներով

Մարտ 26,2024 10:00

Որ քաղաքական գործիչներն այսօր մի բան են ասում, վաղը՝ մեկ այլ բան, դա ինչ-որ տեղ բնական է: Բայց մի՞թե նույն կերպ պետք է վարվենք մենք՝ շարքային քաղաքացիներս: Կարծում եմ՝ ոչ, եթե մենք ինչ-որ ընդգծված շահեր չունենք:

Ես, օրինակ, վստահ եմ, որ նույնատիպ երևույթներին պետք է վերաբերվել նույն չափանիշներով: Եթե տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ սարքելն անընդունելի էր, ապա 300 դրամ դարձնելը նույնպես անընդունելի պետք է լինի: Եթե կայանման համար տարեկան 12 հազարը շատ էր, ապա 180 հազարն ավելի շատ է:

Եթե 800 հեկտար կորցնելը ողբերգություն էր, ապա հանձնել հարյուր հատ 800 հեկտար եւ շարունակել թշնամուն նվիրել նորանոր 800 հեկտարներ՝ պարզապես աղետ է:

Քաղաքական եւ անձնական նախասիրություններն այստեղ առանձնապես կապ չպիտի ունենան: Ժամանակին քաղաքական պատճառներով Նիկոլ Փաշինյանին հետապնդելը դատապարտելի էր, եւ ցանկացած նորմալ քաղաքացի պետք է դրա դեմ բողոքեր՝ անկախ նրանից, թե ինչպես էր գնահատում նրա քաղաքական գործունեությունը: Բայց ճիշտ նույն ձեւով նորմալ քաղաքացին պետք է վերաբերվի նույն՝ քաղաքական պատճառներով Արմեն Աշոտյանի եւ մյուսների հետապնդմանը: Եվ այդ դեպքում դարձյալ կարեւոր չէ, թե որքանով են համընկնում մեր եւ նրա տեսակետները:

Հայհոյելն ինձ համար անընդունելի է, եւ ինձ բացարձակապես դուր չի գալիս Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի բառապաշարը: Բայց դա քրեական հոդված չէ, եւ հայհոյողների ձերբակալությունից «մասկի-շոու» սարքելը, ձեռքերը ոլորած նկարելն ուղղված է վարչապետի կասկածելի ճաշակը բավարարելուն:

Եթե 2016-ին ոստիկանական գնդի գրավումը «հերոսություն» էր եւ «ապստամբություն», ինչում ինձ այն ժամանակ բավականին էմոցիոնալ փաստարկներով փորձում էին համոզել, ապա 2024-ին ոստիկանության բաժին նռնակով մտնելը նույնպիսի «հերոսություն» է: Ինձ թվում է, որ երկու դեպքում էլ գործ ունենք հանցագործության հետ: Պարզապես այն ժամանակ իմ կարծիքի համար ես արժանանում էի ատելության խոսքի, իսկ հիմա՝ ոչ:

Այդ միջադեպի հետ կապ չունեցող «Մարտական եղբայրություն» միաբանության դեմ իրականացված ոստիկանական գործողությունները նույնպես ակնհայտորեն քաղաքական աստառ ունեն, եւ ուղղված են մեր հասարակության դիմադրողականության թուլացմանը: Դա արձանագրելու համար բացարձակապես պարտադիր չէ լինել այդ միաբանության համակիրը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031