«Այս պահին դրա հնարավորությունը նվազագույնն է, չնչին, ես լրիվ չեմ բացառում, քանի որ մենք կայուն աշխարհում չենք գտնվում: Իրական զարգացումներում նման սպառնալիքներ դեռ չկան»,- այսօր, «Մեդիա կենտրոնում» կայացած մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ պատասխանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին:
Ավելին, մինչեւ 2023 թվականը՝ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտում իրականացնելը, Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ, Ադրբեջանի կողմից ավելի խիստ հռետորաբանությամբ էին միջանցքի մասին խոսակցությունները: Մինչդեռ, հիմա, փորձագետի գնահատմամբ, դրանք առավել տնտեսական հարթություն են տեղափոխվել: Ադրբեջանական խոսույթում նա նույնիսկ նկատել է Հայաստանի ցանկությանը տուրք տալը այս հարցում եւ կարծում է, որ այն Ադրբեջանի համար այս պահին քաղաքական առաջնահերթություն չէ: Ավելին, գտնում է, որ նույնիսկ մի քիչ ուռճացնում են այն հնարավոր օգուտները, որոնք Հայաստանը կարող է ստանալ այդ ծրագրից:
«Իրանական կողմից եվս կար մի քիչ ուռճացում՝ ռազմական ճանապարհի, որի քարոզչական նպատակը՝ Հայաստանին ավելի զգուշավորության դաշտ մղելն է, որպեսզի ճկուն չլինենք, չգնանք ու չբանակցենք, քանի որ միջանցքի բացումը ամենաշատը ձեռնտու չէ Իրանին ու պատահական չէ, որ դրա հետ կապված մեծացնում են սպառնալիքի չափաբաժինը՝ փորձելով ազդել հայ հասարակության վրա»,- ասաց նա:
Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, հիշեցնենք, օրերս խոսել էր նաեւ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ասելով, որ Ադրբեջանը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրի, մինչեւ ՀՀ-ն իր Սահմանադրությունից չհանի Անկախության հռչակագրին վերաբերվող հատվածը: Նա նաեւ ասել էր, որ Բաքուն առայժմ հետաձգում է «Զանգեզուրի միջանցքի» մասով իր պահանջը, առաջնայինը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է: Պաշտոնական Երեւանն արձագանքել էր ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությանը՝ ասելով, որ տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերվող հոդվածը խաղաղության համաձայնագրից հանվել է փոխադարձ համաձայնությամբ:
Կարդացեք նաև
Խոսելով տարածաշրջանային իրադրության մասին ու այդ համատեքստում անդրադառնալով Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններին, փորձագետը նկատեց՝ այդ երկրների միջեւ ֆոնային հակասություններ են, որոնք ռազմավարական ազդեցություն չեն ունենալու. «Խորքային հակասություններ չկան, կա դերաբաշխում, քանի որ երկու պետությունների հիմնական խնդիրը մնում է թյուրքական մեծ բեւեռի ձեւավորումը նոր աշխարհում, որը տեղի է ունենալու այս բոլոր հակամարտությունների ավարտից հետո, երբ բոլոր ուժային կենտրոնների միջեւ կլինի ինչ-որ համաձայնություն. հիմա այդ պահը չէ, հիմա բոլոր ուժային կենտրոնները, որոնք հավակնություններ ունեն ապագա աշխարհում իրենց դիրքն ու խոսքն ունենալու, գնում են դիրքավորման»:
Իրանի դեմ մեծ պատերազմը, Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ, դեռ զսպվում է ու այս համատեքստում է նա դիտարկում ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգույի այցը Ադրբեջան: Այցի նպատակն, ըստ բանախոսի՝ ՌԴ-ի կողմից ուղերձ հղել Ադրբեջանին, որ որեւէ կերպ չփորձի մաս կազմել հակաիրանական կոալիցիային՝ Հարավկովկասյան տարածաշրջանից: Նա կարծում է, որ ՌԴ-ի շահերից չի բխում, որ Մերձավոր Արեւելքի «կրակը» տարածվի Հարավային Կովկասում, քանի որ ՌԴ-ն Հայաստանում ունի զինված ուժեր. «Չեմ կարծում, որ այս պահին ՌԴ-ն պատրաստվում է եւ ցանկություն ունի Հայաստանից դուրս գալու: Հակառակը, իրենք պլանավորում են վերադառնալ ամբողջ տարածաշրջան: ՌԴ-ի շահը Պաղեստին-Իսրայել հակամարտության մի քիչ թեժացումն է, որոշակի սահմանային տարածքում, ոչ թե ընդլայնումը դեպի Հարավային Կովկաս»:
Փորձագետի դիտարկմամբ, այս օրերին մենք հերթական անգամ ականատես ենք լինում Իսրայել-Պաղեստին հիմնախնդրի ակտիվացման վերջին շրջափուլի շրջանակում լարվածության տարածաշրջանային ընդլայնմանը. վերջին 10 ամիսների ընթացքում նման երեք սրացում է արձանագրվել: Ըստ նրա, տարածաշրջանում լարվածության տարբեր սրացումներ են արձանագրում՝ շարունակելով անորոշությունը թե նեղ, թե լայն տարածաշրջանային իմաստով: Արդյունքում, առանձին խաղացողներ, ովքեր տեսնում են իրենց դիրքերն ու շահերն առաջ մղելու հնարավորություններ, անելու են դա: Դրանցից մեկն էլ Իսրայելն է: Իսկ սադրանքներից մեկն էլ՝ Լիբանան ներխուժման առիթ ստեղծելն է: Փորձագետի դիտարկմամբ, մինչ այժմ եւ այժմ էլ Լիբանանում պատերազմը զսպելը հնարավոր էր՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ջանքերով, բայց Իսրայելը չի նահանջում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































