Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ ոլորտի հարկ վճարողների և աշխատողների թիվը պակասել է, խոշոր հարկատուներն՝ ավելացել․ JAMnews

Սեպտեմբեր 09,2024 10:35 Share

JAMnews. Վերջին շրջանում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարօրինակ զարգացումներ են տեղի ունենում: Վիճակագրական տվյալների վերլուծությունը ակնհայտ է դարձնում ոլորտում գրանցված կազմակերպությունների ու աշխատողների թվի նվազման տենդենցը: Սրան զուգահեռ վերջին տարիներին աճել է խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՏ ոլորտի կազմակերպությունների թիվը:

Կազմակերպությունների ու աշխատողների թիվը նվազել է

2023 թ.-ի արդյունքներով՝ ՏՏ ոլորտի հարկ վճարողների թիվը կազմել է 10.674: Սա վերջին 5 տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Այս տարվա առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով, սակայն, հարկ վճարող կազմակերպությունների թիվը 1320-ով, կամ 12․4 տոկոսով նվազել է:

Կազմակերպությունների թվի նվազմանը զուգահեռ կրճատվել է նաև ոլորտում աշխատողների թիվը: 2023 թվականին աշխատողների թվաքանակը կազմել է 36 773, 2024-ին՝ 34 814 մարդ: Ստացվում է, որ նախորդ տարվա համեմատ աշխատողների թիվը կրճատվել է 1960-ով, կամ 5.4 տոկոսով:

Տնտեսագետ Աղասի Թավադյանի կարծիքով՝ ոլորտային ցուցանիշների նվազումը պայմանավորված է մի քանի հանգամանքով.

«Առաջին հանգամանքը դա փոխարժեքի տատանումն է: 2021-ից հայկական դրամը բավականին արժեվորվել է, որը թույլ չի տալիս, որպեսզի արտահանումը, այդ թվում ՏՏ ոլորտի ծառայությունների արտահանումը, զարգանա։ Եթե ՏՏ ոլորտի մասնագետը 2021թ.-ին ստանում էր 1.000 դոլարին համարժեք 520.000 դրամ, ապա հիմա դա հավասար է 385.000 դրամի՝ զուգահեռ ապրանքների և բնակարանների վարձակալության գների աճին»:

Ասում է՝ կան և այլ կարևոր գործոններ․ հարկահավաքման մոտեցումները ու արտոնությունների պակասելը․

«Քանի որ կառավարությունը հարկահավաքությունը դարձրել է արդյունավետության չափման հիմնական ցուցանիշ, ամեն տարի նորանոր հարկեր է մտցնում շուկա: Այս իրավիճակում ՏՏ ոլորտին տրված  հարկային արտոնություններն աստիճանաբար դուրս են գալիս։ Հայաստանում հարկային արտոնությունները քչանում են, իսկ մեր հարևան երկրներում՝ ավելանում:

Դրա հետ մեկտեղ, Հայաստանն ու հատկապես Երևանը 2022թ.-ից՝ ռուս ռելոկանտների ներհոսքից հետո, դարձան  մեր տարածաշրջանի ամենաթանկ երկիրն ու քաղաքը: Չորրորդ կարևորագույն գործոնն էլ այն է, որ ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքը ՌԴից մենք չկարողացանք լիարժեք օգտագործել։ Չկարողացանք արտոնություններով շահագրգռել, որպեսզի նրանք մնան Հայաստանում»:

Այս տեսակետը կիսում է նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը: Ի հավելումն նշում է ոլորտի կրճատման ևս մեկ պատճառ.

«Համաշխարհային տնտեսական խնդիրներով ու խոչընդոտներով պայմանավորված վենչուրային ներդրումներն ու ոլորտային պատվերներն արտերկրից նվազել են։ Վենչուրային ներդրումների մասով կրճատումը կազմել է մինչև 60-70%»:

ՏՏ ոլորտի բաղադրիչը՝ երկրի ՀՆԱում

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ՏՏ ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում վերջին տարիներին որոշակի աճ է գրանցել։ 2022 թվականի տարեկան ամփոփ տվյալներով այն կազմել է 3,2%: 2023 թվականի արդյունքներն, ըստ կոմիտեից ստացված գրության, դեռևս պատրաստ չեն: Դրանք հասանելի կլինեն 2025թ.-ի մայիսին:

«Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՏՏ ոլորտը հանդիսանում է երկրի համար կարևոր ռազմավարական ուղղություն, 3,2% չափազանց ցածր ցուցանիշ է: Կարծում եմ, այն շատ ավելի մեծ տոկոս պետք է կազմի երկրի ՀՆԱ-ում»,- ասում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը:

ՏՏ ընկերությունները՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում

Չնայած կազմակերպությունների ու աշխատողների թվի նվազմանը, ՏՏ ոլորտի կազմակերպությունները շարունակում են առաջանցիկ տեղեր զբաղեցնել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում:

2019-ին այդ ցանկում ընդգրկված էր ընդամենը 32 կազմակերպություն: Այս տարվա առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով այդ թիվը հատել է 85-ի սահմանագիծը: Սրան զուգահեռ ավելացել է նաև նրանց կողմից վճարվող հարկերի ծավալը:

«Երբ դժվար ժամանակներ են լինում տնտեսությունում, թույլ խաղացողները ստիպված դուրս են գալիս խաղից կամ մեծ խաղացողները կլանում են նրանց»,- խոշոր հարկատուների ցանկում ոլորտի գլխավոր դերակատարների թվաճն այսպես է բացատրում Աղասի Թավադյանը:

Ինչ են առաջարկում փորձագետները

Տնտեսագետ Աղասի Թավադյան

«Պետք է շարունակել հարկային արտոնություններ տրամադրել: Ընդ որում, հարկային արտոնություններ սահմանել գոտիավորված տարբերակով։ Առավել շահեկան պայմաններ առաջարկել Երևանից դուրս, այլ մարզերում աշխատող մասնագետների համար:

Հարկերը պետք է ավելացվեն տնտեսական իրական աճին համապատասխան: Եվ եթե տնտեսությունն աճ չի ապահովում կամ կրճատվում է, այդ պայմաններում հարկահավաքության աճը կարող է էլ ավելի վատ անդրադառնալ տնտեսության վրա, քանի որ այս պարագայում ոլորտի խաղացողները գայթակղված կլինեն վերադառնալ ստվեր»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30