Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե վախեր են, այլ, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, արկածախնդրության չգնալ, բայց սա չի նշանակում, որ մենք այս ամենին զոհ ենք տալու Արցախի նախագահի ինստիտուտը».. Մետաքսե Հակոբյան. «Հրապարակ»

Հունիս 24,2025 10:47

Եկեղեցու դեմ սկսած Փաշինյանի արշավի աղմուկի ու Իսրայել-Իրան հրետակոծության լրահոսում աննկատ մնաց Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը: 5 օր առաջ նրանք տեղեկացրին, որ «հանրապետության նախագահի առաջադրում եւ ընտրություն առայժմ չեն կայացել»:

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցություն պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով իրավիճակին, նախ շեշտեց, թե Արցախի նախագահի ինստիտուտը լուծարված չէ․ համաձայն Սահմանադրության՝ նրա լիազորությունները կատարում է ԱԺ նորընտիր նախագահը, ինչ վերաբերում է իրավիճակին, պատգամավորի գնահատմամբ, այն ֆորսմաժորային է եւ ստեղծվել է դեռ Արցախի Հանրապետության օկուպացիայից ու Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից ի վեր: «Եթե այս ամենը ձեւակերպենք որպես ճնշում, ապա, այո, դեռ այն ժամանակից արդեն կար ՀՀ իշխանությունների ճնշումը: Եթե հիշում եք, դեռ 2023թ․ սեպտեմբերից նրանք ջանք չխնայեցին, որպեսզի մենք չկարողանանք նախագահի ընտրություններ անցկացնել: Այնպես չէ, որ այդ ճնշումների ներքո մենք չենք կարողանա նախագահ ընտրել, պարզապես դրանք մի փոքր դանդաղեցրին ընթացքը»,- ասում է Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ իրենց խմբակցությունն ի սկզբանե դեմ է եղել երկար քննարկումներին ու գործընթացի ձգձգմանը, եւ հակված են եղել միասնական թեկնածու ունենալուն:

Գործընթացը, ըստ Հակոբյանի, ավարտված չէ, քննարկումները շարունակվում են:

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ՀՀ գլխին կախված անվտանգային խնդիրներով ու այն քննարկումներով պայմանավորված, որոնց մասին ՀՀ իշխանություններից բացի որեւէ մեկը տեղեկացված չէ, փորձում են գործընթացը հնարավորինս անթերի ավարտին հասցնել՝ իրավական ու քաղաքական առումով, ու չգնալ, ինչպես պատգամավորը ձեւակերպեց, արկածախնդրության: Արդյո՞ք սա նշանակում է, որ Արցախի քաղաքական էլիտան մտավախություն ունի, որ նախագահ ընտրելով կարող է Փաշինյանի իշխանության կողմից, որն Արցախի պետական ինստիտուտները հռչակել է «ՀՀ անվտանգության համար սպառնալիք», թիրախավորվել ու մեղադրվել, թե սպառնալիք են ստեղծում: «Այո, հենց դա նկատի ունեմ, որովհետեւ ՀՀ իշխանության մեջ, բացի մի քանի հոգուց, որեւէ մեկը չի կարող իմանալ իրականությունը, որովհետեւ իրենք են այդ հակահայ գործունեությունը ծավալում: Վստահ լինելով, որ մեր՝ այսքան չափված-ձեւված գործունեությունը չի կարող որեւէ վտանգ հանդիսանալ ՀՀ-ի համար, մենք մտավախություն ունենք, որ հենց ՀՀ իշխանությունների՝ թշնամու հետ պայմանավորվածության ու հակահայ քաղաքականության շրջանակում կարող են օգտագործել այդ հանգամանքը: Սրանք ոչ թե վախեր են, այլ, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, արկածախնդրության չգնալ, բայց սա չի նշանակում, որ մենք այս ամենին զոհ ենք տալու Արցախի նախագահի ինստիտուտը»,- ասում է Մետաքսե Հակոբյանն ու ավելացնում՝ դա գլխավոր խոչընդոտը չէ, այլ պատճառներից մեկն է, որն առաջացել է այս ֆորսմաժորային իրավիճակում:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30