Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրովի արդարադատությունը խարխլում է օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքը. ՀՔԱՎ

Ապրիլ 27,2026 19:25 Share

Հատկապես նախընտրական ժամանակաշրջանում քաղաքական մրցակցության թեժացման հետևանքով քաղաքական մթնոլորտն ավելի է լարվում մասնակիցների՝ մեկը մյուսի նկատմամբ հնչեցվող սուր քննադատական հայտարարությունների հետևանքով։ Քաղաքական-հասարակական գործիչներն այս առումով իրենց հրապարակային խոսքում պետք է հանդես գան որպես պատասխանատու անձինք, ովքեր հավակնում են հանրային նշանակության տարատեսակ խնդիրների լուծման նպատակով իշխանություն ձևավորել։

Նախընտրական ժամանակահատվածում նման վարքագիծը կարող է ներկայացվել որպես ապատեղեկատվություն, որի արդյունքում հանրությունը կզրկվի օբյեկտիվ կարծիք կազմելու հնարավորությունից։ Ի վերջո, ոչ օբյեկտիվ հանրային կարծիքի ձևավորումը բացասական ազդեցություն կունենա ընտրողների ազատ և արդար ընտրության վրա։

Քաղաքական գործիչներն իրենց հրապարակային հայտարարություններում հաճախ կիրառում են արտահայտություններ, որոնցում, բացի գնահատողական դատողություններից, մրցակցին թիրախավորում են այնպիսի որակումներով, որոնք պարունակում են մրցակցի կողմից անգամ քրեորեն հետապնդելի գործողությունների իրականացման մասին պնդումներ։

Նման պարագայում անխուսափելի է այնպիսի համոզմունքի ձևավորումը, որ գործ ունենք քրեորեն հետապնդելի գործողությունների մասին պնդումների հետ, որոնց պետք է տրվեն իրավական գնահատականներ ու դրանց ստացման ուղղությամբ պետք է իրավական գործընթացներ նախաձեռնել։

Ելնելով վերոհիշյալ նկատառումներից՝ նախընտրական գործընթացներում հանրության ու ընտրողների հանդեպ քաղաքական պատասխանատու վարքագիծը պահանջում է բացառապես փաստերի հիման վրա, առավել զուսպ ձևով ձևակերպված մեկնաբանությունների, հայտարարությունների ու դիրքորոշումների ներկայացում և, ի վերջո, քաղաքակիրթ հաղորդակցություն ընտրողների հետ։

Իրավական մեխանիզմների կիրառումը և իրավական պատասխանատվության երաշխավորումը կարևոր են կանխելու թե՛ ապատեղեկատվության տարածումը, երաշխավորելու համար թե՛ ընտրողի օբյեկտիվ տեղեկություն ստանալու իրավունքը, թե՛ նաև ժողովրդավարական ու իրավական համակարգի անվտանգությունը։

Այս համատեքստում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացրել հաղորդումներ քաղաքական գործիչների հրապարակային ելույթներում հնչեցված այն հայտարարությունների վերաբերյալ, որոնցում, մեր համոզմամբ, պարունակվում են քրեորեն հետապնդելի գործողություններ։

Նման հաղորդումները հնարավորություն են տալիս գնահատելու իրավապահ մարմինների վարքագիծը, նրանց՝ օրենքով սահմանված լիազորությունների և պարտավորությունների կատարման որակը՝ արդարադատության իրականացման և օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի տեսանկյունից։ Մյուս կողմից, նպատակ ենք հետապնդում հասնելու առանցքային տիրույթում քաղաքական գործիչների պատասխանատու վարքագծի հաստատմանը։

Հաղորդում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ

 

2026 թվականի փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տվել «Դոժդ» /Дождь/ հեռուստաալիքին։
Հարցազրույցի ընթացքում լրագրող Եկատերինա Կոտրիկաձեն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրել էր․ «Գիտեք, որ Ռուսաստանում Ձեզ շատ ակտիվ քննադատում են եկեղեցու հետ դիմակայության համար։ Ինչպե՞ս եք պատասխանում»։ Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ եկեղեցու հետ դիմակայություն չկա, դիմակայություն կա այն մարդկանց նկատմամբ, «որոնք սպասարկում են շահեր, որոնք հաճախ գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առավել ևս սպասարկում են իրենց անձնական, ֆինանսական, ինչպես նաև ինտիմ շահերը»։ Նա նաև հավելել էր. «Ուզում եմ մի օրինակ բերել։ Ենթադրենք, որևէ երկրում, եթե պարզվի, որ X անձը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում եկեղեցում, մանկապիղծ է, և եթե դրան արձագանքեն իրավապահ մարմինները կամ որևէ քաղաքական գործիչ հանդես գա մանկապղծության կամ նմանատիպ բանի քննադատությամբ, դա հարձակո՞ւմ կլինի եկեղեցու վրա։ Չի՛ կարելի թաքնվել այս սև փարաջայի տակ և մտածել, որ դա ինդուլգենցիա է, և կարելի է անել այն, ինչ ուզում ես, իսկ երբ քո հետևից գան, դու կասես, որ դա հարձակում է եկեղեցու վրա»։
Լրագրողը հետաքրքրվել էր՝ ո՞ւմ նկատի ուներ Ալեն Սիմոնյանը, ինչին ի պատասխան վերջինս հայտարարել էր. «Դե, կան բարձրաստիճան, ոչ շատ, մի քանի, ենթադրենք, չորս-հինգ հոգի՝ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք ահա թաղվել են այդպիսի իրավիճակներում։ Բացի այդ, կա նաև փաստաթուղթ, որը հաստատում է, որ ներկայիս անձի (կաթողիկոս Գարեգին Բ-ի-խմբ․) հարազատ եղբայրն աշխատել է, այսինքն՝ տեղեկանք կա, որտեղ նա ստորագրել է՝ աշխատելու Ռուսաստանի արտաքին հետախուզության հետ և այլն»։ Բացի այդ, նա նշել էր, որ «դեռ ավելին, հենց եկեղեցու ներսում՝ եկեղեցու այլ ներկայացուցիչներ նույնպես քննադատել են այդ մարդկանց» (տե՛ս հարցազրույցի հղումը)։
Հարցազրույցում ներկայացված փաստերի վերաբերյալ Կազմակերպությունը նշել է, որ տվյալ հայտարարությունները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված քրեորեն հետապնդելի մի քանի արարքների մասին պնդումներ։
Մասնավորապես, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշյալ հարցազրույցում պնդումներ է հնչեցնում Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածով սահմանված արարքների վերաբերյալ, այն է՝ «16 տարին չլրացած անձին սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կամ մանկական պոռնոգրաֆիա ստեղծել կամ արտադրել առաջարկելը՝ գրումինգ»։
Նույն հարցազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդել է նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության հետ կաթողիկոսի եղբոր համագործակցության մասին, ինչը ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածով քրեորեն հետապնդելի՝ լրտեսություն կատարելու մասին արարք։ Ըստ հոդվածի՝ այն սահմանվում է որպես «Օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ օտարերկրյա հասարակական կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ հանձնելու նպատակով դա հավաքելը, հափշտակելը, շորթելը, պահելը կամ այդ տեղեկությանը ծանոթանալու համար պայման ստեղծելը, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություն հանձնելը կամ հավաքելը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ արարքը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից»։
Այսպիսով, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ հարցազրույցում հայտնել է առնվազն քրեորեն հետապնդելի երկու արարքների մասին, որոնց հիման վրա ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր էին նախաձեռնել քրեական վարույթ և իրականացնել պատշաճ քննություն։
Չսպասելով իրավապահ մարմինների կողմից իրականացվելիք գործողություններին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2026 թվականի փետրվարի 18-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից վերը նշված պնդումներով քրեական գործ հարուցելու պահանջով։ Օրենքով սահմանված 24-ժամյա ժամկետում վարույթ նախաձեռնելու փոխարեն՝ Կազմակերպությունը միայն 19 օր անց՝ 2026 թվականի մարտի 9-ին է ստացել քրեական վարույթ չնախաձեռնելու մասին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչի որոշումը՝ այն հիմնավորմամբ, որ ներկայացված հայտարարություններում բացակայում են հանցանքի հատկանիշները։
Հարց է առաջանում՝ եթե բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ պնդում է, որ առկա են «մանկապղծության մեջ թաղված» անձինք և լրտեսությունը հաստատող կոնկրետ տեղեկանքներ, ապա ինչո՞ւ իրավապահ մարմինը նրան չի հրավիրում բացատրություն տալու և իր տիրապետած փաստերը ներկայացնելու։ Վարույթ չնախաձեռնելով՝ իրավապահները ստեղծում են երկակի իրավիճակ. նրանք կա՛մ թաքցնում են ենթադրյալ ծանր հանցագործությունները, կա՛մ հովանավորում են պաշտոնյայի կողմից հնարավոր սուտ մատնությունը։
2026 թվականի մարտի 17-ին ՀՔԱՎ-ը ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացրել վերադաս բողոք, որի պատասխանը մինչ օրս չի ստացել։
Ի լրումն վերոնշյալի՝ 2026 թվականի մարտի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք» սոցիալական իր էջում հրապարակել էր․ «Եվս մի ընդդիմություն, ով ուզումա մեզ կախի, սպանի։ Չգիտես թե ինչու, դեպքերն էլ ակնհայտ Հայաստանում չեն» վերտառությամբ տեսանյութ (տե՛ս տեսանյութի հղումը)։
Տեսանյութի առաջին հատվածում առկա է «Այ սա է վերջը» գրառումը, որտեղ կանգնած է գործարար Սամվել Կարապետյանը կախաղանի հրապարակի առջև, իսկ հաջորդիվ ամբոխը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ու Աննա Հակոբյանին ուղեկցում են հրապարակային մահապատժի, որը անաչառ դիտորդի մոտ կարող է առաջացնել վախի, տագնապի զգացողություն, և իր բնույթով ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածին՝ «Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը» արարքին։
Այս տեսանյութի կապակցությամբ 2026 թվականի մարտի 20-ին Կազմակերպությունը հերթական հաղորդումն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով նախաձեռնել քրեական վարույթ և իրականացնել համակողմանի ու անաչառ քննություն, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։
Հաղորդում Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունների վերաբերյալ
2026 թվականի փետրվարի 22-ին Տիգրան Ուրիխանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել էր տեսանյութ, որը հեռացվել է հեղինակի կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազություն ՀՔԱՎ-ի ներկայացրած հաղորդումից հետո (հաղորդումը հրապարակելու պահին հասանելի հղումը՝ այստեղ
Տեսանյութում վերջինս հայտարարել էր. «Օպերատիվ կառավարվում է իրականացվում մի շարք կենտրոններից, որոնց նպատակը մեկնա վաճառել էն՝ ինչը պատկանումա Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որի համար Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ծախսելա ժամանակ, կյանք, սերունդներ, սերունդների կյանք, առողջություն, զրկանքներա տեսել ու կրել, և ահռելի-ահռելի սերունդների կենսագործունեությամբ ձևավորված ահռելի ռեսուրսներա։ Հիմա ձեզանից մի կամակատար վիժվածք ղեկավարող համակարգով հանդերձ էդ ամենը խլումա արդեն երկար ժամանակ, ու էս ընտրությունների…ընտրությունների և դրա հետ կապված մի շարք պրոցեսների արդյունքում, եթե ոչինչ չփոխվեց ապա՝ պրոցեսը հասնելուա ավարտին, սա միանշանակա, լուծարվելուա ՍՊ-ի նման Հայաստանի Հանրապետությունը, զրկվելու եք ձեր ունեցվածքից, զրկվելու եք ձեր նախնիների գերեզմաններից, տեսնելու եք էն ինչ որ տեսան արցախցիները, ոտի տակա ընկնելու Հայաստանի Հանրապետությունը, ավարտվելուա․․․»։
Վերոնշյալ հրապարակումը, Կազմակերպության նախնական գնահատմամբ, պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ՝ ուղղված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն, ինչպես նաև բռնության կամ պատժի կիրառման հրապարակային կոչերի տարրեր։
Հիմք ընդունելով վերոգրյալը 2026 թվականի փետրվարի 23-ին Կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: Ի պատասխան հաղորդման՝ 2026 թվականի մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նույն օրը՝ 2026 թվականի փետրվարի 22-ին, Տիգրան Ուրիխանյանի կողմից հրապարակվել էր մեկ այլ տեսանյութ (տե՛ս տեսանյութի հղումը),որտեղ վերջինս հայտարարել էր․ «Մահապատիժ, իմ նախընտրական ծրագիրը մահապատիժ, պետական դավաճանների ու պետական մասշտաբի թալանի համար, վերջ»։ Հարկ է նշել, որ սույն նյութի պատրաստման ընթացքում տեսանյութը դեռևս հասանելի էր, սակայն հրապարակմանը նախորդող վերջնական ստուգմամբ ՀՔԱՎ-ն արձանագրել է, որ այն ևս հեռացվել է հեղինակի էջից։
Քննարկվող հրապարակային խոսքը, ըստ Կազմակերպության գնահատման, համապատասխանում է պատժի սպառնալիքով զուգորդվող արարքի կոչին։ Կազմակերպությունը վկայակոչել է ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ հանցանք է համարվում օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված արարքը, ինչպես նաև 155-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը, որը վերաբերում է սպանությանը՝ ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։
Նշված հայտարարության առնչությամբ Կազմակերպությունը 2026 թվականի փետրվարի 23-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով նախաձեռնել քրեական վարույթ և իրականացնել համակողմանի, լրիվ ու անաչառ քննություն, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։
Հաղորդում ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի հայտարարությունների վերաբերյալ
2026 թվականի մարտի 3-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը ԱԺ ամբիոնից դիմել էր քաղաքացիներին՝ հերքելով այն թեզը, թե աշխարհը փոխվել է, և դրանով պետք է արդարացնել վախն ու անորոշությունը(տե՛ս ելույթի հղումը)։ Միաժամանակ, վերջինս խոսել էր իշխանության և ՀՀ իշխանությունը զավթած օտար հատուկ գործակալական ծառայությունների ու գործակալական ցանցի մասին՝ նշելով. «Աշխարհը մեծապես շարունակում է նույնը մնալ… Բայց դա փոխվել է ոչ թե աշխարհում, այլ մեր երկրում, ավելի կոնկրետ՝ իշխանությունում։ Այդ պետությունում [նախկինում] ահաբեկիչները Հայ առաքելական եկեղեցուն ծառայող սրբազաններն ու հոգևորականները չէին հռչակվում… Եթե ուզում եք խոսել պետությունից, ձեզ ասում են՝ հանցագործ եք, եթե ուզում եք հիշատակել հայրենիքը, ձեզ ասում են՝ ագրեսոր եք, ձեզ անգամ պատրաստ են ասել, որ դուք պիղծ եք, եթե որոշել եք կանգնել Հայ Առաքելական եկեղեցու կողքին»։
Աննա Մկրտչյանն իր ելույթն ամփոփել էր հետևյալ խոսքերով․ «Ուղղակի ձեր պետությունում իշխանությունը զավթված է օտար հատուկ ծառայությունների և գործակալական ցանցի օգնությամբ։ Իրականում կա հնարավորություն սահմանադրական կարգը վերականգնելու՝ անվստահության գործընթաց իրականացնելու միջոցով։ Տեղի չտաք, վերականգնման հնարավորություն, իհարկե, կա»։
Վերոնշյալ հայտարարությունների վերաբերյալ Կազմակերպությունն արձանագրել է, որ դրանք կարող են պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 419-րդ հոդվածով նախատեսված՝ իշխանությունը յուրացնելու, 418-րդ հոդվածով նախատեսված՝ պետական դավաճանության, ինչպես նաև 424-րդ հոդվածով նախատեսված՝ լրտեսության հանցակազմերի հատկանիշներ։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ 2026 թվականի մարտի 5-ին ՀՔԱՎ-ը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Սակայն 2026 թվականի մարտի 19-ին, տվյալ հաղորդման հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչի որոշմամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ այն հիմնավորմամբ, որ հաղորդումը չի համապատասխանում առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդման չափանիշներին։
Չհամաձայնելով նշված հիմնավորման հետ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մարտի 31-ին վերադաս բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որը, սակայն, թողնվել է առանց քննության։ Տվյալ փաստերի առնչությամբ 2026 թվականի ապրիլի 15-ին Կազմակերպությունը քննիչի որոշումը բողոքարկել է դատարան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այն վիճարկելու նպատակով։
Հաղորդում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ենթադրյալ պետական դավաճանության վերաբերյալ հանրային պնդումների մասին
2026 թվականի փետրվարի 7-ին ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Նովոստի Արմենիա»-ին տված հարցազրույցում ենթադրություն էր հնչեցրել, թե «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից 5 միլիարդ դոլար է ընդունել Ղարաբաղը լիակատար հանձնելու դիմաց» (տե՛ս հարցազրույցի հղումը)։Կ․ Զատուլինը մասնավորապես նշել էր. «Փորձեր են եղել գնել Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները։ Եվ նշված գումարը հայտնի է՝ 5 միլիարդ դոլար հարակից շրջանների համար։ Ոչ թե Ղարաբաղի, այլ հարակից շրջանների համար։ Եվ այդ թեման քննարկվել է, այդ թվում ամենաբարձր մակարդակով՝ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ։ Բոլորը տեղյակ էին դրա մասին, քանի որ Լուկաշենկոն միշտ սերտ կապեր է պահպանել Ալիևի հետ։ Եվ Լուկաշենկոն անգամ հրապարակավ է նշել, որ նման գաղափար գոյություն ունի։ Ես գիտեմ, որ դա փոխանցվել է հայկական կողմին։ Եվ որ Սերժ Սարգսյանը (ՀՀ նախկին նախագահը) մեկնել է Ղարաբաղ և խորհրդակցել է Ղարաբաղի ժողովրդի հետ։ Եվ այդ պահին նրանք ասել են. «Ո՛չ։ Մենք ոչինչ չենք զիջի, մենք պետք է ամուր կանգնենք»։ Եվ, գոնե այդ կառավարության՝ Սերժ Սարգսյանի կառավարության հետ, այս հարցի շուրջ բանակցությունները դադարեցվել են։ Ավելին, ոչ ոք Ադրբեջանին չի խոստացել ճանաչել Ղարաբաղի անկախությունը, եթե շրջանները վաճառվեն»,- հայտարարել է Զատուլինը։ «Բայց ես կարծում եմ, որ նա նաև գրպանել է 5 միլիարդ կամ ավելի։ Որովհետև այս կերպ նա ավելի քան հաջողությամբ լուծեց այն խնդիրը, որի առջև կանգնած էին Ադրբեջանն ու Թուրքիան»։
Որպես նույն թեմայի շարունակություն՝ իր ֆեյսբուքյան էջում դեռևս 2020 թվականին հրապարակած «Ռեքվիեմ 2» տեսանյութում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նույնպես արտահայտել էր համանման կարծիք (տե՛ս տեսանյութի հղումը)
«Ես միտումնավոր չեմ պատմել և չեմ արել ոչ մի բացահայտում, բայց ձեզ այսօր կտամ բանալին, որպեսզի դուք հասկանաք, թե ոնց և ինչպես այդ ամենը տեղի ունեցավ, որովհետև ամենատարածված հարցը, որը կա, թե արդյոք այն առաջարկը, որը ժամանակին մերժել էր Սերժ Սարգսյանը, արվել է նաև Նիկոլ Փաշինյանին: Ես բառացիորեն հազարավոր հարցեր եմ ստացել և վստահորեն ասում եմ՝ այո, Նիկոլ Փաշինյանին արվել է այդ առաջարկը: 2018 թվականի հոկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, 5 աստղանի հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը ստացել է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան մի անձից, պաշտոնյայից, որը ներկայացնելով Իլհամ Ալիևի անձը, Նիկոլ Փաշինյանի համար գաղտնի նամակ է փոխանցել: Գաղտնի նամակի պարունակությունը հետևյալն էր. «Մենք՝ Ադրբեջանը, պատրաստ ենք տրամադրել Նիկոլ Փաշինյանին եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի ձևով չեն ասոցացվելու Ադրբեջանի հետ, 5 մլրդ դոլար՝ Արցախի յոթ շրջանի համար: Նիկոլ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018-ի հոկտեմբերին: Այդ առաջարկը եղել է գաղտնի, և դրա մասին գիտեն Իլհամ Ալիևը, իր սուրհանդակը, այն անձը, որը ստացել է այդ առաջարկը, Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը, ու մենք բոլորս: Ես այդ մասին իմացել եմ պատերազմի կեսերին, երբ ես փորձում էի անկեղծ հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հանձնում Արցախը»:
Միքայել Մինասյանը նաև հավելել էր, որ տեղյակ է փոքր ժողովի մասին, որտեղ նամակը ստացած անձը պատմել է սպաներին պետական դավաճանության մասին՝ նշելով․ «Դուք ինձ կհարցնեք՝ ինչ պատասխանեց Նիկոլն այդ հարցին, արդյոք համաձայնել է 5 մլրդ դոլարով վաճառել մեր հայրենիքը, ասեմ, որ ես անկեղծ չգիտեմ, թե ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը և ես կարող եմ վստահորեն պնդել, որ տեսնելով, հիմա արդեն վերաիմաստավորելով անցած 44 օրը, ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ընդունել են Ալիևի առաջարկը և դավաճանել են Արցախի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը, նրանք հայ ժողովրդի թշնամիներն են»:
Համանման պնդումներ էին արվել նաև այլ հանրային գործիչների կողմից։ Միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը 2021 թվականի մայիսի 21-ին, հարցազրույցում նշել էր, որ «Նիկոլ Փաշինյանը Ալիևից կստանա 3,5 միլիարդ դոլար. Ալիև-Փաշինյան գաղտնի կապը պահպանվում է» (տե՛ս տեսանյութի հղումը)։Իսկ «Երևան 2805» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Շահինյանը 2022 թվականի հոկտեմբերի 11-ին, իր հարցազրույցում նշել էր, թե «Ալիևն ասել է 15 միլիարդ է տվել, իսկ Փաշինյանը զարմացած ասել, որ 5 միլիարդ է ստացել» (տե՛ս տեսանյութի հղումը)։
Վերոնշյալ հրապարակային ելույթների վերաբերյալ Կազմակերպությունն արձանագրել է, որ դրանք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով հետապնդելի ծանր արարքների հանցակազմեր, մասնավորապես՝ պետական դավաճանություն (418-րդ հոդված) և տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ (421-րդ հոդված)։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ 2026 թվականի մարտի 6-ին ՀՔԱՎ-ը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով նախաձեռնել քրեական վարույթ, հրավիրել հեղինակներին բացատրություն տալու և տրամադրելու իրենց տիրապետած տեղեկությունները։
Չնայած հաղորդման մեջ ներկայացված հանգամանքներին՝ ՀՀ քննչական կոմիտեն 2026 թվականի մարտի 19-ին կայացրել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին որոշում։ Չհամաձայնելով այդ որոշման հետ՝ Կազմակերպությունը 2026 թվականի մարտի 26-ին վերադաս բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, սակայն բողոքը ևս թողնվել է առանց քննության։
Տվյալ փաստերի առնչությամբ ՀՔԱՎ-ը ներկայումս նախապատրաստվում է վարույթ չնախաձեռնելու մասին որոշումը բողոքարկել դատական կարգով։
Հաղորդում «Տելեգրամ» սոցիալական ցանցի օգտատեր @bagramyan26-ի հայտարարությունների վերաբերյալ
2026 թվականի մարտի 21-ին «Տելեգրամ» սոցիալական ցանցի @bagramyan26 օգտատերն իր էջում կիսվել էր գրառմամբ (տե՛ս հղումը), որտեղ ներկայացվել էր հետևյալը․ «Ինչպես հայտնի է դարձել @bagramyan26-ին, Շիրակի մարզում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Յուդակովի հրամանով վերջին օրերին բազայի ստորաբաժանումների հրամանատարները կանչել են ստորաբաժանումներում ծառայող կամ աշխատող ՀՀ քաղաքացիներին։
Առանձին զրույցների ընթացքում հրամանատարները քննարկել են ՀՀ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու և ռուս գործարար Սամվել Կարապետյանի օգտին քվեարկելու հարցերը։
Մեր տեղեկություններով՝ հրամանատարները կոչ են արել աշխատակիցներին աջակցել Կարապետյանին ընտրություններում և խոսել իրենց հարազատների և ընկերների հետ։
Զորամասերի հրամանատարները նաև զգուշացրել են, որ եթե հրաժարվեն քվեարկել իրենց թեկնածուի օգտին, աշխատակիցները կազատվեն աշխատանքից»։
Վերոնշյալ հայտարարության մեջ նշված հանգամանքները Կազմակերպությունը գնահատել է ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի հատկանիշներ, այն է՝ ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն կամ ընտրությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ 2026 թվականի մարտի 23-ին ՀՔԱՎ-ը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Կազմակերպությունը պահանջել է նշված փաստերի առնչությամբ նախաձեռնել քրեական վարույթ և իրականացնել համակողմանի ու անաչառ նախաքննություն՝ պարզելու ընտրական իրավունքի դեմ ուղղված հնարավոր հանցագործության հանգամանքները, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։
Վերոգրյալ գործերը վկայում են, որ հանրային հարթակներում հնչող մի շարք հայտարարություններ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով հետապնդելի ծանր արարքների հատկանիշներ։ Այս համատեքստում առանցքային է դրանց հիմքով լիարժեք, օբյետիվ և բազմակողմանի քննության իրականացումը։
Ամփոփելով՝ հարկ է արձանագրել, որ Կազմակերպության կողմից ներկայացված և գրեթե նույնական փաստական հիմքեր ունեցող հաղորդումներից քրեական վարույթ է նախաձեռնվել միայն երկուսի հիման վրա, որոնք վերաբերում են բացառապես Տիգրան Ուրիխանյանի հրապարակումներին։ Իրավասու մարմինների նման տարբերակված ընտրողական արձագանքը փաստում է իրավական գործընթացների ընտրովի բնույթը՝ հիմնավոր կասկածներ հարուցելով Հայաստանում ընտրովի արդարադատության կիրառման և դրա համար նպաստավոր համակարգային նախադրյալների գոյության վերաբերյալ։
Իրավասու մարմինների կողմից քրեաիրավական ընթացք տալուց խուսափելը հարցականի տակ է դնում քննության անաչառությունն ու պետականության դեմ ուղղված հնարավոր հանցանքները բացահայտելու մտադրությունը։ ՀՔԱՎ-ի համար այս հարցը պետականության հիմքերին առնչվող խնդիր է, եթե հնչեցված մեղադրանքներն ունեն փաստական հիմքեր, ապա գործ ունենք պետական դավաճանության հետ, իսկ եթե դրանք անհիմն են, ապա տեղի է ունենում հանցագործության մասին սուտ մատնություն: Երկու դեպքում էլ իրավապահ մարմինները պարտավոր են գործել՝ օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքն ապահովելու նպատակով։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողական լինել հանրային հարթակներում հնչող հայտարարությունների օրինականության պահպանման նկատմամբ։ Մեր նպատակն է ապահովել օրենքի գերակայությունը և պաշտպանել ընտրողների՝ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը ապատեղեկատվությունից ու անօրինական ազդեցությունից՝ հատկապես նախընտրական այս պատասխանատու շրջանում։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930