«Առավոտի» «Այլ օրակարգ» ծրագրի հյուրը՝ «ՀայաՔվե» միավորման խորհրդի անդամ Աննա Կոստանյանն է։
«Բոլոր քաղաքական ուժերը հնարավոր և անհնար ձևով խոսեցին, իրար սևացրեցին, վիրավորեցին և քաղաքական խոսույթը ապականեցին։ Նաև այս անգամ իշխանության կողմից կտրուկ քայլերը ընդդիմադիր ուժերի նկատմամբ շատ ավելի ընդգծված էին՝ խոսքը սահմանափակելու, սպառնալիքների տարափը ծանրացնելու, նաև սպառնալիքներին հաջորդող գործողությունների տեսանկյունից»,- ամփոփելով նախընտրական քարոզարշավի հիմնական փուլը՝ ասում է «Առավոտի» «Այլ օրակարգ» ծրագրի հյուրը՝ «ՀայաՔվե» միավորման խորհրդի անդամ Աննա Կոստանյանը։
Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ ոչ միայն ընդդիմադիր գործիչների, այլ նաև իրենց ձայնը Նիկոլ Փաշինյանի համար լսելի դարձնող քաղաքացիներին էր փորձ արվում լռեցնելու ։ Անգամ իրավապահ համակարգը լծվեց այս գործին, և ամենաակնառու օրինակը արցախցի գործիչ Արթուր Օսիպյանն է, ով կալանավորվեց և արդեն 15 օր հացադուլի մեջ է գտնվում։ Հիշեցնում է նաև Անդրանիկ Թևանյանի հետ կատարվածը և փաստագրում՝ այս անգամ իշխանությունն ավելի կոշտ խոսք ու գործ ունեցավ։
Միջազգային դիտորդական առաքելությունների արձանագրմամբ՝ քարոզչությունն անցել է բևեռացված, պառակտող և կոշտ մթնոլորտ է ձևավորել ներքին կյանքում։ Միայն չեն հստակեցրել, որ գործող իշխանության ջանքերն այս ամենում ամենամեծն են եղել։
Կարդացեք նաև
Միջազգային դիտորդական առաքելություններից մեր զրուցակիցը օբյեկտիվ գնահատականներ չի սպասում, քանի որ տարբեր միջազգային կառույցներ և այրեր՝ քաղաքական նպատակադրումներով, իրենց բացահայտ և անուղղակի աջակցությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին․ «Բնականաբար, որոշ բացթողումներ պետք է արձանագրեն, քանի որ դրանք այնքան ակնառու են, որ չարձանագրել հնարավոր չէր՝ այդ կազմակերպությունների լեգիտիմությունը և հեղինակությունը կասկածի տակ դնելով»։
Քաղաքական այրերը, օրինակ, խոսում են հետընտրական զարգացումների մասին․ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ քարոզարշավի սկզբում մտահոգություն հայտնեց, որ դրանք կործանարար կլինեն Հայաստանի համար, Ռոբերտ Քոչարյանը վերջերս հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն կստանա, եթե փորձի կեղծիքներով իր հաղթանակն առաջ մղել։
«Ի տարբերություն քաղաքական մյուս առաջնորդների, Նիկոլ Փաշինյանը շատ լավ քաղաքական հոտառություն ունի, շատ լավ զգում է հանրային տրամադրությունները և իր զգացողություններն ուղիղ ձևով արտահայտում է էկրանից այն կողմ, երբ հանդիպում է մարդկանց, ովքեր համարձակվում են իրեն անհարմար հարցեր տալ, իրենց կարծիքն արտահայտել, և ստիպված է լինում մանիպուլյացիաների կամ հիստերիկ գոռգոռոցների դիմել, որպեսզի ճնշի այդ մարդկանց ձայնը։
Ենթադրում եմ, որ ամեն ինչի ունակ կարող է լինել։ Որովհետև իշխանությունը կորցնելուց հետո ինքը հասկանում է, որ իրավական պատասխանատվության է ենթարկվելու, կանգնելու է դատարանի առաջ և հերթով, շարքով, կարգով պատասխան է տալու ութ տարիների ընթացքում իր հակապետական գործողությունների համար։ Կարծում եմ՝ ունակ է ցանկացած քայլի՝ իշխանությունը պահելու համար։ Եվ նա դա ցույց է տվել, օրինակ, «Սրբազան» շարժման ժամանակ, Բաղրամյան պողոտայում»,- ասում է մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































