Արթուր Էլբակյանը՝ «չօսլայած» Երեւանի ու կյանքի կետադրական նշաններն այլ տեղ դնելու մասին

Արթուր Էլբակյանը՝ «չօսլայած»  Երեւանի ու կյանքի կետադրական  նշաններն այլ տեղ դնելու մասին

Փետրվարի 10-ը հոբելյանական է ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր գրող եւ նկարիչ Արթուր Էլբակյանի համար: Այժմ նա հանգամանքների բերումով ապրում եւ ստեղծագործում է հեռավոր Ամերիկայում, բայց մնացել է նույն երեւանցին՝ բառի ամենախորը եւ մշակութային իմաստով: Արթուր Էլբակյանը սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին:

– Ռեժիսոր, դերասան, գրող, նկարիչ՝ ո՞րն է ավելի հարմար ներսում կուտակվածը պարպելու առումով:

– Այդ բոլորն ինձ համար ինքնարտահայտաման միջոցներ են, որոնք լրացնում են միմյանց: Ամեն բան կախված է ասելիքից ու ներքին կուտակումից: Կան հույզեր, մտորումներ, գույներ, որ միայն բեմում խաղալով չես կարող լիարժեք փոխանցել հանդիսատեսին: Ասելիքդ լրացնում է գրավոր խոսքդ կամ կտավին հանձնած քո մտքերը ու քո ներքին աշխարհը՝ գույների տեսքով:

– UNITED SOLO ամերիկյան փառատոնի մրցանակից հետո ի՞նչ զարգացումներ եղան կապված «Իմ խելագար Շեքսպիրը» մոնոներկայացման հետ:

– Անցած աշնանը Նյու-Յորքում կրկին մասնակցեցի փառատոնին, բայց այս անգամ արդեն հյուրի կարգավիճակով: Կրկին լեփլեցուն դահլիճ, ջերմ ընդունելություն: Արդյունքը եղավ այն, որ «Իմ խելագար Շեքսպիրը» նկատվեց, գնահատվեց, եւ ես դարձա ամերիկյան թատերագիրների գիլդիայի իսկական անդամ: Ներկայացումը խաղալու եմ տարբեր փառատոներում: Ստացել եմ առաջարկներ: Խաղալուն զուգահեռ աշխատանքներ են տարվում պիեսի հիման վրա ֆիլմ նկարահանելու, ինչպես նաեւ նույն գործը վեպի վերածելու ուղղությամբ:

– Մի բազմանշանակ հարց՝ հե՞շտ է լինել 55 տարեկան:

– 55-ն ինձ համար ընդամենը հինգին գումարած հինգ է: Ոչ դժվար է, ոչ էլ հեշտ: Ինձ համար դա ուղղակի թիվ է: 55 գարուն, 55 ամառ, 55… Եղել է ծնունդ, եղել է զարթոնք, եղել է եւ ցուրտ, եղել է աշուն ու կրկին գարուն ու էլի զարթոնք: Ուրիշ հարց, թե ինչքա՞նն եմ ապրել լիաթոք եւ որքա՞ն ժամանակ եմ անիմաստ վատնել: Ինչպես յուրաքանչյուրիս կյանքում: Տեսել եմ ե՛ւ սեր, ե՛ւ զրպարտություն, ապրել եմ նաեւ հիասթափություն, եղել են նաեւ դավաճաններ, համակրողներ, բամբասողներ, իմ ժամանակը ինձնից խլողներ, ինձ հասկացողներ, ջերմ բարեւողներ: Դժվար եղել է: Իսկ հիմա՝ ոչ: Որովհետեւ 55-ն ինձ շատ բան սովորեցրեց: Որովհետեւ ինքս ինձ գտնելու ճամփան անցա: Ինքս ինձ հետ ճիշտ ապրելու բանաձեւը գտա: Արդեն կյանքի կետադրական նշանները այլ տեղ եմ դնում…

– Թատրոնից կինո եւ հակառակը՝ մեկ քայլ է, կա՞ն արդյոք կինոոլորտում հանդես գալու ծրագրեր:

– Արդեն նշեցի «Իմ խելագար Շեքսպիրի մասին»: Դրանից զատ գրել եւ ավարտել եմ «Արշավիրի դուռը» կինոսցենարը եւ մեծ հույս ունեմ այն մոտ ապագայում նկարահանել: Ինչ վերաբերում է ֆիլմերում նկարահանվելուն, թող անհամեստ չհնչի`մինչեւ չլինի հետաքրքիր ռեժիսոր, հրաշալի կինոսցենար, կարեւոր ասելիքով դեր, ու այդ ֆիլմը չունենա համապատասխան լուրջ ֆինանսավորում եւ պրոֆեսիոնալ աշխատանքային կազմ, որեւէ այլ ֆիլմում հայտնվելն անիմաստ եմ համարում: Անգամ աշխարհում շատ հայտնի կինոդերասաններ՝ խաղալով տասնյակ ֆիլմերում, միեւնույն է՝ հիշվում են մեկ-երկու դերով: Ուստի ես կսպասեմ իմ ֆիլմին ու իմ դերին:

– Բարձրագոչ չհնչի, բայց այնուամենայնիվ, որն է Արթուր Էլբակյանի ոգեշնչման աղբյուրը:

-Միակ ոգեշնչման աղբյուրն ինքը կյանքն է եւ իմ ներքին աշխարհը: Երբ ազատվում ես բոլոր տեսակի պայմանականություններից, քեզ խանգարող ու քո վզին փաթաթվող ավելորդ սովորույթներից եւ ապրում ես ներդաշնակ ինքդ քեզ հետ ու ապրում ես քո կյանքը, այնժամ Տեր Աստված, տիեզերքը եւ բնությունը քեզ պարգեւում են ոգեշնչում: Կարեւորը՝ դրանից չշեղվելն է:

– Երկու տասնյակի չափ գլխավոր դերեր եք խաղացել, ձեր մարմնավորած հերոսներից հատկապես ո՞ւմ եք վերջին շրջանում հիշում ու ինչ ներկայացում կուզենայիք վերաբեմադրել, որ ժամանակին արել եք Հայաստանում:

-Չեմ ուզում կրկնվել եւ ասել, որ բոլոր դերերն էլ ինձ համար կարեւոր են եւ թանկ: Անկեղծ ասած` շատերն անգամ ջնջվել են իմ հիշողությունից: Չեմ էլ հիշում` ինչպես եմ խաղացել: Խաղացած դերերի հետ մնացել է հեռավոր ջերմ հիշողություն, պահպանված մամուլ, թատերախոսականներ, որոնց չեմ էլ անդրադառնում: Իսկ բեմադրություններից… եթե ժամանակս ներեր, նոր գործեր անելուց զատ, թերեւս բոլորին էլ կանդրադառնայի: Բոլոր գործերն էլ այսօրվա են եւ կդիտվեին:

– Այսօր ջնջվում են Հին Երեւանի վերջին հետքերը, իսկ Հին Երեւանը ոչ միայն շենքերն են, այլեւ մարդիկ…այդ «աշխարհի» ո՞ր անկյուններն եք կարոտում եւ ի՞նչ մարդկանց…

-Ես այդ ամենի մասին գրել եմ իմ «Մեր մասին» գրքում: Այնտեղ իմ ու իմ սերնդի Երեւանն է: Ոչ «օսլայված» Երեւանը, այլ այնպիսին, ինչպիսին կար: Ինչպես, որ հիշում եմ: Իր լավով ու վատով, իր կենցաղով, մշակույթով ու մարդկանցով: Պարզ ու հասարակ: Գրքիս առիթով շատ երեւանցիների հետ զրուցելուց ես հասկացա, որ բոլորը, այդ թվում եւ ես, կարոտում կամ հիշում ենք, ոչ թե ինչ-որ շինություն կամ խաչմերուկ, այլ մեր անցած ժամանակը, որ թողել ենք այնտեղ: Մեր երտասարդությունը, սերը, անհոգ ապրած տարիները: Կարոտում ենք մեր հուշերը: Մենք ամեն ինչին շատ հուզական ենք մոտենում: Առավել ես մեր հիշողություններին: Ինչ վերաբերում է շենքերին`ցավոք, ես դրա մասնագետը չեմ եւ չեմ կարող որոշել, որ շինությունն է, որ պետք է մնա, որը՝ քանդվի: Այստեղ կրկին միանում է իմ հուզական հիշողությունը… Եթե քանդվում է քաղաքի եւ երեւանցիների համար կարեւոր պատմական նշանակություն ունեցող շենք, իհարկե ես էլ բոլորի նման դեմ եմ, բայց եթե դա կապված է լոկ իմ հիշողության եւ հուզական աշխարհի հետ, ուղղակի ափսոսանք եմ ապրում, եւ իհարկե, տխրում եմ, որ այդ շենքը այլեւս չեմ տեսնելու: Նաեւ հավելեմ, որ մեր Երեւանը առանց այն էլ շատ հարուստ չէ հնից մնացած պատմական շենքերով, ուստի շատ զգույշ է պետք լինել երեւանցիների համար թանկ այս կամ շենքը քանդելու որոշում կայացնելուց:

Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք