«Գիտեմ, որ անխելք քաջությամբ իրավունք չունեմ ոչ ոքի տխրեցնելու»

«Գիտեմ, որ անխելք քաջությամբ իրավունք չունեմ ոչ ոքի տխրեցնելու»

Հայազգի պատգամավոր Գարո Փայլանը՝ Թուրքիայում տիրող մթնոլորտի մասին

Թուրքիայի ներքաղաքական կյանքում վերջին շրջանում սուր հարցադրումներ ներկայացնող Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորներից հայազգի Գարո Փայլանը հայտնվել է տեղի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նրա նկատմամբ առավել ակնհայտ հալածանքներ սկսվեցին այս տարվա ապրիլի 24-ից հետո. Հայոց ցեղասպանության հիշատակման օրը Թուրքիայի խորհրդարանում  Գարո Փայլանը դատապարտեց 1915 թվականին հայ քաղաքական գործիչների սպանությունը եւ հայտարարեց, որ Թուրքիան պետք է հաշվի նստի իր պատմության հետ: Անհանգստություն առաջացավ, երբ որոշ ժամանակ հետո Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական հանձնաժողովում պատգամավորների անձեռնմխելիության հարցի քննարկումների ժամանակ ծեծկռտուքի կենտրոնում հայտնվեց հենց Գարո Փայլանը: Իր շուրջ ծավալվող իրադարձությունների մասին «Առավոտը» բացառիկ զրույց է ունեցել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորի հետ:

«Թուրքիայի հանրությունը չգիտի իր պատմությունը: Չգիտի նաեւ 1915-ի Հայոց ցեղասպանության եւ այդ օրերի խորհրդարանում գտնվող հայազգի պատգամավորների մասին: Իմ ժողովրդի հանդեպ իրականացված հանցանքները մինչ այսօր անպատիժ են մնացել: Առանց անցյալի հետ առերեսվելու եւ հանցագործների անպատժելիության դեպքում նման իրադարձությունները կշարունակվեն: Ես մինչ պատգամավոր լինելս, որպես ակտիվիստ, փորձում էի աշխատանքներ վարել Ցեղասպանության ճանաչման ճանապարհում: Պատգամավոր դառնալուց հետո էլ խորհրդարան եմ բերել այս նյութը,- ասում է պարոն Փայլանը  եւ հիշեցնում, որ այդ օրը որպես ԺԴԿ-ի խմբակցություն՝ 1915-ին կալանավորված հայ պատգամավորների համար ուսումնասիրման հարցադրում են ներկայացրել:- Հարց ենք ուղղել, թե որտեղ եւ ինչպես են սպանվել, եւ պահանջել նրանց աճյունների վայրի պարզում կատարելու մասին: Ես իմ ելույթում առերեսման եւ բարելավման կոչ եմ արել: 101 տարի անց հայ պատգամավորները կրկին խորհրդարանի օրակարգում են, եւ նրանց լուսանկարները տեղ գտան խորհրդարանի նստարաններում: Իմ ելույթից հետո մի շարք պատգամավորներ հայտնեցին, որ մինչ այդ տեղյակ չեն եղել իմ պատմածների մասին»:

Մեր հարցադրմանը, թե Թուրքիայի խորհրդարանում նման հարց բարձրաձայնելիս ռիսկերի մասին մտածե՞լ էր, պարոն Փայլանը պատասխանում է, որ իրենց կուսակցության բոլոր պատգամավորներն իր նման տարբեր խնդիրների համար պայքարողներ են: Նա նշում է, որ Թուրքիան վերածվում է բռնապետական պետության, եւ նրանց պայքարը հենց դրա՛ համար է: «Մենք Թուրքիայում անցնում ենք այնպիսի դժվար մի շրջան, որտեղ ընդդիմադիր լինելը շատ դժվար է: Իմ կուսակիցներին կալանավորելու եւ նրանց հալածանքի ենթարկման փորձեր են կատարվում: Սակայն մենք, որպես ԺԴԿ, կշարունակենք պայքարել ազատությունների չսահմանափակման, ժողովրդավար Թուրքիայի համար»:

Պարոն Փայլանը նկատում է՝ իր դեմ սկսված սադրանքներից անհանգստացած են աշխարհի տարբեր վայրերում ապրող հայերը, բոլորը նրա անվտանգության հարցն են բարձրացնում. «Աշխարհի տարբեր վայրերից մեզ է հասնում՝ հայ հանրությունը անհանգստանում է իմ անվտանգության համար: Ես, իհարկե, չէի ասի, որ այդ մտահոգություններն անտեղի են, սակայն չեմ ցանկանում հարմարվել այն մտքի հետ, որ ցանկանում են ինձ ճնշել: Իհարկե, գիտեմ, որ անխելք քաջությամբ իրավունք չունեմ ոչ ոքի տխրեցնելու: Փորձում եմ լինել ուշադիր»,- ասում է պարոն Փայլանը:

Նա  մատնանշում է՝ խորհրդարանում սահմանադրական հանձնաժողովում տեղի ունեցած կռվից հետո ստացած հազարավոր նամակներն ապացուցեցին, որ իրենք  մենակ չեն:

«Այո, հանձնաժողովում տեղի ունեցած կռվի մեջ ես հատուկ թիրախ էի: Պլանավորած կռիվ էր: Ատելության հանցանք էր: Ես անձամբ վախ չունեմ: Սակայն այս ֆաշիստական մթնոլորտը հայ համայնքի նկատմամբ, Հրանտ Դինքի արտահայտությամբ՝ «աղավնու հուզմունքի» է նման: Հարձակումից հետո ե՛ւ սփյուռքը, ե՛ւ Հայաստանից մի շարք կազմակերպություններ աջակցության ուղերձներ են ուղարկել։ Ինչպես նաեւ դուք ասացիք՝ դիմումներ, երթեր են եղել, որը եթե անգամ Թուրքիայի համար որեւէ նշանակություն  չունենա էլ, ճնշման գործոն կարող է լինել: Ես կցանկանամ իմանաք, որ դա ինձ համար շատ կարեւոր է»,- ասում է պարոն Փայլանը:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է ընդհանրապես մտածում Թուրքիայի հենց թուրք հասարակությունը հայկական խնդրի մասին. նրանց մեծամասնությունը ընկալու՞մ է իր երկրում տարվող քաղաքականությունը, նրանք պատրա՞ստ են առերեսվել իրենց նախորդների սխալների հետ, եւ արդյոք նրանք այժմ հանդուրժո՞ղ են այդտեղի ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

«Իրականում փոքրամասնությունների խնդիրները բարձրաձայնել փորձող շատ մարդիկ կան, ես այդ խնդիրները խորհրդարանում բարձրաձայնող անձ եմ հիմա: Ժխտումը հանրության մեծամասնության մեջ առկա է: 101 տարվա ժխտման ավանդույթից ենք խոսում, դա անցնել, ջարդել այդքան էլ հեշտ չէ:  Մի քանի տարի է՝ առերեսման հարցում զարգացումներ կային, սակայն քաղաքական միջավայրի նեղացման եւ ազգայնականության բարձրացման հետ միասին Հայոց ցեղասպանության հարցն էլ ռիսկ պարունակող հարցերի մեջ վերադարձավ,- ասում է պարոն Փայլանը եւ շարունակում:- Հատկապես նախկինում մեծ մասամբ հայերի բնակված վայրերում այսօր բնակվող հանրությունը, իր ընտանեկան պատմությունը իմացողները Ցեղասպանության իրականությունը գիտակցում են, սակայն նրանց բարձր ձայնով արտահայտման համար հարմար միջավայր պետք է պատրաստել»:

Պարոն Փայլանը նշում է, որ «Ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականություն» հնարավոր է միայն այն ժամանակ, երբ մենք լուռ ենք մնում. «Երբ անցյալի հետ առերեսվելու կամ էլ առկա խնդիրների վերաբերյալ պահանջներ ենք հայտնում, հատկապես այսօրվա  ժամանակներում անկարելի է դառնում անհանդուրժողականությունը»,- ասում է նա:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ. – Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայում ավարտվել է  Գարո Փայլանի կողմից դեռեւս անցած տարի ներկայացված հայցի հիման վրա ընթացող դատավարությունը: Փայլանը դատարանից պահանջել էր հայերին սպառնալու համար պատասխանատվության ենթարկել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» Կարսի երիտթեւի առաջնորդին: «Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի՞ դուրս գանք» արտահայտության համար դատարանը «ՆlkՖ Ocaklari» (Գաղափարական օջախներ) անվանումով Կարսի երիտթեւի առաջնորդ Թոլգա Ադըգյուզելին  դատապարտել է 7 ամիս 15 օրվա ազատազրկման եւ 11.240 թուրքական լիրա դրամական տույժի (շուրջ 3.800 դոլար): Ադըգյուզելի վերոնշյալ սպառնալիքի պատճառ էր դարձել 2015 թվականի հունիսի 21-ին հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակներում ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի կազմակերպած համերգը:

Փայլանն արձագանքել էր Կարսի դատարանի վճռին` բնութագրելով այն հուսադրող:

 

«Առավոտ»

28,05,2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք