Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 23,1998 00:00
Shekoyan

Հայրենի ընդդիմության լեզուն, ոճն ու բարոյական նկարագրի հիմնական բաղադրիչները սաղմնավորվեցին 1988-ից սկսած՝ Թատերական (Ազատության) հրապարակում, հանդիսատեսի աչքի առաջ։ Մեր իմացած «Ղարաբաղ» կոմիտեն, կարճ ժամկետում առավելության հասնելով Իգոր Մուրադյանի ղեկավարած նույնանուն կոմիտեի նկատմամբ, իրավունք նվաճեց հանդիսանալ Հայաստանի խորհրդային իշխանությունների հանդեպ հիմնական ընդդիմադիր ուժը։ Դրան, իհարկե, մեծապես նպաստեց նաեւ հանդիսատես-մասնակիցների (ժողովրդի) հոգիներում կուտակված տասնամյակների դժգոհությունն ու ցասումը, եւ ժողովրդի հզոր աջակցության պայմաններում «Ղարաբաղ» կոմիտեն արագորեն վերաճեց աներեւակայելի հզոր մեքենայի, որի համար հանրապետությունում անհնարին ոչինչ գրեթե գոյություն չուներ։ Եթե վստահելու լինենք իրազեկ աղբյուրների այն պնդմանը, թե սույն կոմիտեի գլխավոր ռեժիսորը Վազգեն Մանուկյանն էր, ապա պիտի խոստովանենք, որ նա այդ գործն անում էր գրեթե անթերի։

Ճշգրիտ էին ընտրվում դերակատարները, հմտորեն էր կատարվում դերաբաշխումը։ Բանտարկությունից առաջ արդեն կոմիտեն ոչ թե ընդդիմություն էր, այլ՝ գրեթե իշխանություն, ավելի ճիշտ՝ կիսաիշխանություն։ Եվ, ինչպես յուրաքանչյուր իշխանություն, արդեն իսկ ուներ իր ընդդիմությունը՝ հանձինս Հայրիկյանի խմբի եւ մի քանի այլ խմբերի, որոնք այնքան ծանրակշիռ չէին, որ կարողանային ժողովրդին ու զանգվածին իրենց կողմը թեքել։ Կոմիտեի ալտերնատիվը հիմնականում նախկին քաղբանտարկյալներն էին, որոնք, տարիներ շարունակ Հայաստանի կյանքից ու ժողովրդից կտրված լինելով, չէին կարող խորապես ըմբռնել իրավիճակը եւ լիարժեք մրցակից հանդիսանալ։

Վերադառնանք դերաբաշխմանը։ Եթե Արարքցյանը, Դավիթ Վարդանյանը, Սամսոն Ղազարյանը, նույն Վազգեն Մանուկյանն ու մյուսները հիմնականում զբաղվում էին հետկուլիսյան կազմակերպչական հարցերով, ապա Տեր-Պետրոսյանը, Սիրադեղյանը, Մանուչարյանն ու Ռաֆայել Ղազարյանը հարթակից նաեւ շողշողացնում էին մեր գրական կամ ժողովրդախոսակցական հայերենը՝ իր զանազան ու զարմանազան մակարդակներով, եւ, ինչպես պարզվեց, դա եւս պակաս կարեւոր չէր։ Ավելին, Վազգեն Մանուկյանը հավանաբար հաշվի չառավ միտինգավոր զանգվածի թամաշայասեր լինելու հանգամանքը, այլապես այն ժամանակ նա դժվար թե գլխավոր հռետորի դերը զիջեր ապագա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ինքն իրեն տեւականորեն պահելով ստվերում։

Ավելացնենք նաեւ, որ կոմիտեն բավականին կոշտ ընդդիմություն էր, եւ երբ տարիներ անց արդեն նախագահ Տեր-Պետրոսյանը ընդդիմությունից պահանջում էր կառուցողական լինել, հավանաբար չէր էլ հիշում, որ իրենք ժամանակին բնավ էլ կառուցողական ընդդիմություն չէին։ Ճակատագրի բերումով այնպես ստացվեց, որ կոմիտեի իշխանության գալուց մեկ տարի անց նույն Մանուկյանը մեկուսացվեց (կամ՝ մեկուսացավ) իշխանություններից եւ, լինելով ամենաինֆորմացվածն ու ամենափորձառուն՝ ընդդիմադիրների մեջ, բնականաբար հենց ինքը դարձավ ձեւավորվող նոր ընդդիմության առաջնորդը։ Հավանաբար նրա առաջնորդությունն էր պատճառը, որ տարիներ շարունակ մեր ընդդիմությունը սրբորեն հավատարիմ մնաց «Ղարաբաղ» կոմիտեի որդեգրած գործելակերպին ու մաներային։ Մինչեւ իսկ ՀՅԴ-ն, որն ուներ տասնամյակներ շարունակ ճշտած ու մշակած գործելաոճ եւ առանձնապես հակված չէր միտինգայնությանը, ընդգրկվելով Դաշինքի կազմում եւ խմբվելով նախագահի միասնական թեկնածուի շուրջ, որոշակիորեն ձուլվեց Դաշինքի ռեժիմին եւ ժամանակավորապես կորցրեց սեփական դիմագիծը։

Թե՛ «Ղարաբաղ» կոմիտեի, թե՛ Դաշինքի եւ թե՛ այսօրվա եղած-չեղած ընդդիմության «ծրագիրը» եւ հիմնական ասելիքը տվյալ պահին գոյություն ունեցող իշխանությունների անխնա ու անխտիր քննադատությունն են եղել։ Եվ համապատասխանաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա գլխավորած իշխանության դեմ ընդդիմության քննադատությունը նույնքան անողոք ու ոչնչացնող էր, որքան «Ղարաբաղ» կոմիտեի կոչերն ու վերաբերմունքը՝ Սուրեն Հարությունյանի, Հրանտ Ոսկանյանի ու մյուսների դեմ։ Երկու դեպքում էլ ձեռագիրը նույնն էր, եւ եթե ձեռագրերի նմանությունը հավաստող խորհրդանշաններ փնտրելու լինենք՝ առանձնապես չենք դժվարանա. հենց թեկուզ՝ Ոսկանյանի ու Արարքցյանի ճակատագրերի նմանությունը։ Թե՛ 88-ի եւ թե՛ հետագա իշխանությունների տրտունջները եւս նման էին. նրանք ընդդիմության ներկայացուցիչներին համարում էին լկտի, ծայրահեղական, անհաջողակ, արկածախնդիր, բամբասող եւ այլն։ Թե՛ 88-ի եւ թե՛ հետագա ընդդիմությունների կողմից իշխանությունների հասցեին տրվող որակումները նույնպես կրկնվում էին՝ ծախու, ծախված, ծախող, թալանչի, կաշառակեր, դավաճան, ազգադավ եւ այլն։ Եվ ժողովրդի մի զգալի մասը նրանց հետ ցնծում էր, նրանց հետ տխրում ու ուրախանում էր եւ ոգեւորվում էր հայհոյանքներից ու ոգեշնչվում էր պարսավանքներից եւ մտքով չէր էլ անցկացնում, որ հարթակի ռեպերտուարի պատվիրատուն հենց ինքն է, եւ հենց ի՛ր պահանջով ու հենց ի՛ր ճաշակի համեմատ է վերեւում՝ հարթակում բեմադրվում այդ ամենը։

Իսկ ընդդիմադիրների մտքով նույնիսկ չէր անցնում, որ հարթակից իրենց հնչեցրած ռեպերտուարը միշտ էլ խստորեն համապատասխանեցվել է զանգվածի ճաշակին եւ, փաստորեն, հանդիսացել է զանգվածի (ժողովրդի) սոցիալական պատվերը։ Ընդդիմադիրների կողմից հաճելիորեն ըմբոշխնվող հասարակության ծափերն ու վանկարկումները հանգեցնում էին մի էյֆորիայի, որը հայրենի ընդդիմության ոչ միայն շարժիչ ուժն է, այլեւ՝ հոգեւոր սնունդը։ Ընկերոջ ու անծանոթի, հարեւանի ու բարեկամի քաջալերանքները յուրաքանչյուր ընդդիմադիր գործչի մեջ ներարկում են պաշտպանվածության որոշակի զգացողություն, որը շատ շուտով վերածվում է համոզվածության։

Իրեն որոշակիորեն պաշտպանված զգալով՝ ընդդիմադիրը ժողովրդին եւս մի քանի քայլ իր հետեւից առաջ է տանում՝ շատ հաճախ մոռանալով, որ իրենց դեմ պարզապես պատ է։ Այնուհետեւ, պատի առկայությունը տեսնելով, ընդդիմադիրը փորձում է կանգնեցնել ժողովրդին, բայց արդեն ուշ է լինում։ Ժողովուրդն ընդդիմանում է ընդդիմադիրներին եւ արդեն ինքն է նրան ստիպում առաջ գնալ եւ խփվել պատին։ Ընդդիմադիրներին մնում է երկու ելք (եթե դրանք ելք համարենք). կամ միասնաբար խփվել պատին, կամ՝ ժողովրդին հետ համոզել (որը, հասկանում եք, դժվար գործ է)։ Մի խոսքով, երկու տարբերակներն էլ ռեալ ձախողման են տանում։ Լավագույն տարբերակը, սովորաբար, հետեւյալն է. ժողովրդին հետ ես համոզում, ցրվում են իրենց տները եւ ժամանակավորապես դադարեցնում ես հանրահավաքները՝ մինչ նոր արթնացում։

Այդ ընթացքում, ազատ ժամանակ ունենալով, սկսում ես մտածել արածդ սխալների մասին եւ, որպես կանոն, չես հիշում, որ հենց դո՛ւ ես ժողովրդին սովորեցրել՝ պայքարել մինչեւ վերջ եւ երբեք ճանապարհի կեսից հետ չդառնալ։ Կարճ ասած՝ ընդդիմության կյանքն էլ առանձնապես մի կյանք չէ։ Նույնիսկ, եթե հաջողության էլ հասնես եւ մի օր դառնաս իշխանություն (կամ՝ մի հարմար աշխատանքի անցնես), ժողովուրդն անմիջապես կսկսի քո դեմ գործածել քո իսկ սովորեցրած բառերը, իսկ դրանք, եթե հիշում ես, շատ զազրելի բառեր էին։ Եվ ժողովուրդը (հատկապես միտինգավորները), դրանք անդառնալիորեն սերտելով, թարսի պես երբեք չի մոռանում եւ թարսի պես հաճախ է գործածում։ Մի խոսքով՝ կյանք չէ։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031