«Ես հարգում եմ «Առավոտ» թերթին, առավել եւս նրա խմբագրին, եւ Արմեն Զաքարյանին։ Ընդունում եմ նրանց հումորը, ուստի ուզում եմ տեղյակ պահել, որ զմուռս կոչվածը ընդամենը փոքրիկ թուղթ է, որով փակվում է քվեատուփի ճեղքը եւ այդ թղթի վրա են ստորագրում։ Այդ թուղթը կոչվում է զմուռս։ Ուրեմն մեխ պետք չէ»,- սա ընտրական օրենսգրքի երկրապահական տարբերակի հեղինակ Վիկտոր Դալլաքյանի պարզաբանումն էր օրերս «Առավոտում» տպագրված մի լուրի առիթով, թե զմուռսի վրա միայն մեխով է հնարավոր ստորագրել։
Մենք էլ մեր կողմից ասենք, որ «Առավոտ» թերթը, առավել եւս նրա խմբագիրն ու Արմեն Զաքարյանը հարգում են Վիկտոր Դալլաքյանին եւ գնահատելով նրա հումորը, ուզում են ասել, որ իրենց իմացած հայերենով կամ բացատրական որեւէ բառարանով զմուռսը երբեք թուղթ չի նշանակել։ Ինչեւիցե՝ սա իբրեւ սկիզբ։ Մինչդեռ Վիկտոր Դալլաքյանի հետ մեր զրույցը շարունակվեց այլ թեմայով՝ թե ինչու ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու «Երկրապահի» նախաձեռնությամբ գումարված այս արտահերթ նիստում ինքը չէ հիմնական զեկուցողը, այլ կառավարությունում խորհրդական աշխատող հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը։ Պարոն Դալլաքյանը տվեց հետեւյալ պարզաբանումը.
– Քանի որ ես զբաղված եմ ընտրական օրենսգրքի քրեական պատասխանատվության մասի վրա աշխատելով, ուր սահմանվում են պատժատեսակներն ու պատժաժամկետները, որը երկուշաբթի ներկայացնելու եմ խորհրդարանի արտահերթ նիստին, ուստի, այդ մասնակի փոփոխությունները, որպեսզի ես շատ չծանրաբեռնվեմ, իսկ դրանք հիմնականում խմբագրական, տեխնիկական բնույթի են, խումբն իմ առաջարկությամբ որոշեց՝ փոփոխությունները կներկայացնի Գագիկ Մինասյանը։
Մենք Գագիկ Մինասյանի ներկայացրած փոփոխություններն ու լրացումները չենք ներկայացնի, մանավանդ, որ դրանք կարող են եւ փոխվել։ Քվեարկությունն էլ 15 օր հետո է տեղի ունենալու, իսկ այդ ընթացքում ամեն ինչ կարող է պատահել։ Տվյալ դեպքում, պարզապես, պետք է արձանագրենք միայն դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հակոբյանի առաջարկը, որը խոսեց թաղապետերին, քաղաքապետերին, համայնքապետերին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու անհրաժեշտության մասին։ Իհարկե, կան մարդու իրավունքների 65 տարբեր չափորոշիչներ, սակայն որեւէ կասկած չկա, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն ի շահ իրենց կօգտագործեն ընտրացուցակների կազմման հնարավորությունը։ Ռուբեն Հակոբյանն ասաց՝ ինքն էլ լիներ, էլի այդպես կվարվեր։
Կարդացեք նաև
Թեման, ըստ էության, շարունակություն գտավ Վիգեն Խաչատրյանի ելույթում, որը ժխտեց ժամանակին Բիսմարկի արտահայտած այն միտքը, թե միայն ապուշներն են սեփական սխալի վրա սովորում։ Վիգեն Խաչատրյանը հայկական միջավայրում դա ձեւակերպում է այսպես. «Խելոքը նա չէ, ով սովորում է ուրիշի սխալի վրա, խելոքը նա է, ով իր սխալը չի կրկնում»։
Այսքանից հետո հռետորն արձանագրեց, թե իմաստ չունի քննարկել մի փաստաթուղթ, որն օրենք չէ, էլ ուր մնաց նրանում լրացումներ ու փոփոխություններ կատարել։
Դավիթ Շահնազարյանն էլ նախընտրեց չխոսել օրենսգրքի բովանդակության մասին, եւ առանձնապես շեշտադրեց խնդրի իրավական կողմը։ Նա առավելապես կարեւորեց ընտրական օրենսգրքի շուրջ առաջանալիք միջազգային արձագանքը, նշելով, թե այսպես ճանապարհ չկա դեպի Եվրոպայի խորհուրդ։ Նա նույնիսկ կասկած հայտնեց, թե այս ծածկադմփոցը շատ էլ միտումնավոր է արվում, որպեսզի այսօրվանից տարակույսներ ծնվեն ընտրությունների նկատմամբ եւ բուն քվեարկության ժամանակ տեղի ունենալիք կեղծիքները առանձնակի ուշադրության չարժանանան։ Դավիթ Շահնազարյանը ելքեր առաջարկեց, որոնց դահլիճը չփորձեց իսկ արձագանքել՝ անվստահություն հայտնել կառավարությանը, պաշտոնանկ անել Ռոբերտ Քոչարյանին, այլապես վերադարձ է լինելու դեպի անցյալ, որին բնորոշ էր պետականության բացակայությունը։
Հաջորդ հռետորը՝ Վահագն Խաչատրյանն ակնհայտորեն տեղյակ չէր քրեական օրենսգրքի մանրամասներին, ուստի հայտարարեց, թե գիտե էլի ինչ վրիպակներ գոյութուն ունեն ընտրական օրենսգրքում, բայց դրանց մասին չի ասի, հետո կասի։
Հարկ է արձանագրել, որ ԱԺ այս նիստը բացառիկ էր նաեւ իր ընթացքով։ Գոնե ես չեմ հիշում որեւէ նախադեպ, երբ խմբակցությունը ելույթ ունեցած լինի արտահերթ խոսքով ամբիոն ելած ԱԺ նախագահից հետո։ Այս փաստարկով էլ նիստը նախագահող Ալբերտ Բազեյանը հրաժարվում էր ձայն տալ «Հանրապետություն» խմբակցության ներկայացուցչին, սակայն քանի որ Տեր Հուսիկը պարզեց, թե կանոնակարգում չկա այդպիսի տող, ուր գրված լինի, որ Խոսրով Հարությունյանից հետո ելույթ ունենալու իրավունք չկա, ուստի ձայն տրվեց Արա Սահակյանին։ Իսկ նա ամբիոն էր բարձրանում երկրորդ անգամ՝ Խոսրով Հարությունյանի այն ելույթից հետո, թե ՀՀՇ-ն անհանդուրժող եղավ նոր իշխանության նկատմամբ իշխանափոխության առաջին իսկ օրվանից։
Արա Սահակյանը տրամագծորեն հակառակ կարծիքին էր։ Նա արձանագրեց, որ ՀՀՇ վարչությունը եւ նրա նախագահն այս ամբողջ ընթացքում որեւէ քաղաքական քայլ չեն արել այս իշխանության դեմ, չեն ասել, որ այս իշխանությունը լեգիտիմ չէ, չեն ցուցանել, որ ասենք՝ 162 մլն դոլարն ամենեւին էլ ներդրում չէ, այլ գումարը տնօրինողի կամքից առկախ մի հաշվեհամար, որ այս մեկ տարվա ընթացքում ընդամենը 20 մարդ է իրենցից հետո հեռացվել աշխատանքից, ուրեմն՝ մնացածն այս նոր իշխանության հետ է, որ եթե նույնիսկ ՀՀՇ վարչության 60 անդամներն ունեն դղյակներ, ապա մնացած 1000-յակը ո՞ւմ բաժինն է։ Շատ հետաքրքիր էր Արա Սահակյանի հատկապես վերջին հարցադրումը, մոտավորապես հետեւյալ ձեւակերպմամբ՝ լավ, եթե մենք մեր քույրերի եւ եղբայրների համար էինք անում, այս նոր իշխանավորները քույրեր ու եղբայրներ չունե՞ն, մինուճարնե՞ր են։
Ալբերտ Բազեյանն, իհարկե, հանդես եկավ պատասխան խոսքով, ասելով, թե իրենք կայուն եւ հանգիստ իրավիճակ են ուզում։ Մինչ այդ խաղաղության կոչով էր հանդես եկել նաեւ ԱԺ մյուս փոխնախագահը՝ Յուրի Բախշյանը, իսկ Հովհաննես Իգվիթյանն էլ իր ելույթում նոր միավոր էր ավելացրել քաղաքական բանահյուսությանը՝ կոճակակոխության մթնոլորտ։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ


















































