ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի հետ զրուցել էինք մինչեւ այն պահը, երբ Արա Սահակյանն ինքը հրապարակավ հանձն առավ, որ ժամանակին մի օրենքի քվեարկությունից հետո փոփոխության համար Լեւոն Տեր-Պետրոսյանին էր դիմել։ Այս հարցը պարզաբանելու «Առավոտի» փորձը նախապես ապարդյուն էր եղել՝ Արա Սահակյանը հմտորեն շրջանցել եւ ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր այդ փաստը։
Տեղյակ էինք, որ եւ այդ, եւ այլեւայլ ընդունված օրենքներում արված փոփոխությունները վկայող փաստաթղթեր կան ԱԺ նախագահի տրամադրության տակ։ Բայց այս լուրը ճշտելու փորձն էլ էր, թերեւս, ապարդյուն։ Խոսրով Հարությունյանը չցանկացավ անուններ եւ որոշակի օրենքներ մատնանշել. «Ես միայն կարող եմ ասել, որ ընդունված օրենքներում ընդհանրապես խմբագրական որոշ փոփոխություններ կատարվել են։ (Ավելի ուշ, մեր հարցին ի պատասխան ԱԺ նախագահը ճշտեց, որ ամեն կարգի փոփոխություններ են եղել- Ա. Ի.։) Բոլորս էլ հասկանում ենք, որ կանոնակարգը թույլ չի տալիս լեզվական իմաստով, եթե ոչ կատարյալ՝ գոնե բարեհունչ ձեւակերպումներով օրենքներ ընդունել։ Եվ կյանքն է ստիպում երբեմն քվեարկությունից հետո հիմնական զեկուցողի, ԱԺ նախագահի կամ նրա տեղակալների, նախագահողի հետ համաձայնեցնելուց հետո որոշ փոփոխություններ կատարել։ Նախկինում երբեմն նախագահի աշխատակազմում են անգամ փոփոխումների անհրաժեշտություն նկատել, բայց նորից համաձայնեցրել են։ Սա եղել է։
Ճիշտն ասած, գործընկերներիս խորհուրդ եմ տվել, թե ընդհանրապես այս թեման շատ լուրջ քննարկումների առարկա չդարձնենք։ Չեմ կարծում, թե խիստ անհրաժեշտություն կա անդրադառնալ, ասենք, 1996-ին, օրենքների հիմքերին եւ պաշտոնական հրապարակումներին»։
Եզրակացնենք, որ ընդունված օրենքների խեղաթյուրումների փաստեր, այնուամենայնիվ, առկա են, ուղղակի առայժմ նպատակահարմար չի համարվում օրենքներն էլ, սեփականաշնորհման պես, վերատեսության ենթարկել։
Կարդացեք նաև
Անհրաժեշտ է շեշտել, որ երկու դեպքում էլ եւ, ընդհանրապես, ներկա սխալների համար արդարացում չէ, որ դրանք նախկինում էլ են կատարվել։ Սա վերջերս կարծես միակ փաստարկն է դարձել։
Ա. Ի.


















































