Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 18,2000 00:00

ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ Հայտարարություն 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական (տեռորիստական) ակտ կատարելու վերաբերյալ թիվ 62207199 քրեական գործի վարույթը Ալեքսան Հարությունյանի, Հարություն Հարությունյանի, Նաիրի Բադալյանի, Մուշեղ Մովսիսյանի եւ Արթուր Հակոբյանի մասերով կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ զինդատախազության որոշումների վերաբերյալ։ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում կատարվել է ահաբեկչական (տեռորիստական) ակտ, որի վերաբերյալ նույն օրը ՀՀ զինվորական դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ եւ կատարվել նախաքննություն։ Նշված գործով կալանքի են վերցվել ինչպես ահաբեկչական ակտ կատարողները, այնպես էլ, որպես դրդիչներ՝ Ալեքսան Հարությունյանը եւ Հարություն Հարությունյանը, Նաիրի Բադալյանը եւ Մուշեղ Մովսիսյանը։ Հետագայում զինդատախազությունը 02.06.2000 թ. Ա. Հարությունյանի, 16.06.2000 թ. Հ. Հարությունյանի եւ 27.06.2000 թ. Ն. Բադալյանի եւ Մ. Մովսիսյանի նկատմամբ որոշումներ է կայացրել քրեական գործի վարույթը նրանց մասերով կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Ա. Հարությունյանը, Հ. Հարությունյանը, Ն. Բադալյանը եւ Մ. Մովսիսյանը կալանքի են վերցվել եւ նրանց մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 17-61 հոդվածով։ Ըստ կարճման որոշումների, նրանց մեղադրանք առաջադրելու համար հիմք են ընդունվել 1999 թ. հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ահաբեկչական ակտեր կատարած հանցագործների կողմից տրված նույնաբովանդակ եւ առերես ցուցմունքները։ Մեղադրյալներից Նաիրի Հունանյանը հայտնել է, որ՝ «տեռորիստական ակտի նախապատրաստման փուլում 1999 թ. սեպտեմբերի կեսերին ահաբեկչական գործողությունների նախնական ծրագիրը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի հետ քննարկելուց հետո, վերջինիս ցուցումով, զանգահարել եւ հանդիպել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Հարությունյանին, որն էլ, վստահեցնելով, որ տեղյակ է նախապատրաստվող հանցագործությանը, իր աջակցությունն է հայտնել։ Այնուհետեւ, հոկտեմբերի կեսերին պայմանավորվել ու կրկին հանդիպել են, եւ շուրջ 40-45 րոպե տեւած զրույցի ժամանակ Ա. Հարությունյանը բացատրել է, որ ՀՀ Ազգային ժողովի դահլիճը գրավելուց հետո անհրաժեշտ է գումարել Ազգային ժողովի նիստ, որին պետք է հրավիրվի ՀՀ նախագահը եւ, ընդունելով կառավարության հրաժարականը, ստեղծվի Ժամանակավոր կառավարություն՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ։ Այն հարցին, որ եթե ՀՀ նախագահը հրաժարվի ներկայանալ Ազգային ժողովի նիստին, ինչպիսի՞ն պետք է լինեն հետագա գործողությունները, Ա. Հարությունյանն ասել է, որ ՀՀ նախագահի հետ կապված հարցերն ինքը վերցնում է իր վրա եւ բացատրել է Նաիրի Հունանյանին, որ դահլիճը գրավելուց հետո պետք է պահանջի բանակցություններ ՀՀ նախագահի հետ եւ անպայման հրավիրի իրեն, որը հնարավորություն կտա ներկայացնելու հետագա գործողությունների ծրագիրը»։ Բացի Նաիրի Հունանյանի ցուցմունքներից, մեղադրյալ Դերենիկ Բեջանյանը ցուցմունքներ է տվել, որ՝ «1999 թ. հոկտեմբերի 26-ին Նաիրի Հունանյանենց տանը խոսակցության ընթացքում Կարեն Հունանյանն Էդիկ Գրիգորյանի ներկայությամբ պատմել է, որ Նաիրի Հունանյանը նախապես հանդիպել է մի շարք քաղաքական եւ պետական գործիչների, այդ թվում նաեւ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի հետ, որը խոստացել է պետական հեղաշրջումը հաջող ավարտելուց հետո աջակցություն ցույց տալ իրենց»։ Դերենիկ Բեջանյանը նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել նաեւ մեղադրյալ Կարեն Հունանյանի հետ առերես հարցաքննությունների ժամանակ։ Վերջինս սկզբից հրաժարվել է, սակայն երկու օր անց մտաբերել եւ հաստատել է Դ. Բեջանյանի ցուցմունքները։ Մեղադրյալ Էդուարդ Գրիգորյանը նույնպես ցուցմունք է տվել այն մասին, որ՝ «1999 թ. հոկտեմբերի 26-ին Կարեն Հունանյանը ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճը գրավելու եւ հետագա գործողությունները կատարելու պլանը Դերենիկ Բեջանյանին բացատրելիս նշել է, որ դահլիճը գրավելուց հետո, եթե ՀՀ նախագահը հրաժարվի գալ այնտեղ, ապա աշխատակազմի ղեկավար, Նաիրի Հունանյանի ընկեր Ալիկը կհամոզի նրան, կամ էլ ինքը կգա նախագահի փոխարեն»։ Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաեւ մեղադրյալ Արմեն Հարությունյանը։ Ստացվում է, որ մի դեպքում ապացույցները բավարար են համարվել մեղադրանք առաջադրելու եւ որպես խափանման միջոց կալանք ընտրելու համար, իսկ այնուհետեւ, նույն մեղադրյալների հրաժարվելը իրենց տված ցուցմունքներից, բավարար հիմք են դիտվել քրեական գործի մասի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Հարց է ծագում. ո՞վ է ղեկավարել քննչական խմբի գործունեությունը։ Քրեական գործի մասի վարույթը կարճելու մասին որոշումներից կարելի է միանշանակ եզրակացնել, որ քննչական խմբի գործունեությունը ղեկավարել են հանցագործները, որոնք առաջին փուլում մեղադրող ցուցմունքներ են տվել Ա. Հարությունյանի, Հ. Հարությունյանի, Ն. Բադալյանի եւ Մ. Մովսիսյանի նկատմամբ, փաստորեն հանդես գալով քննիչի կամ դատավորի դերում եւ որոնց ցուցմունքները վճռորոշ դեր են խաղացել մեղադրյալների շրջանակը որոշելու համար։ Այնուհետեւ, որոշման մեջ նշվում է, որ մեղադրյալներ Ա. Հարությունյանի եւ Հ. Հարությունյանի վերաբերյալ նախկինում տված ցուցմունքները գրվել են ճնշման տակ եւ ստիպողաբար։ Այսինքն, ստացվում է, որ անցած ամբողջ ժամանակահատվածում քննչական խումբը Ա. Հարությունյանի եւ Հ. Հարությունյանի վերաբերյալ մասերով մեղսագրով ցուցմունքները ստացել է բռնի մեթոդներով, իսկ նրանց՝ քրեական գործին առնչություն չունենալու վերաբերյալ ցուցմունքները հանցագործները տվել են հոժարակամ եւ խղճի թելադրանքով։ Օրինական հարց է առաջանում. ովքե՞ր են բռնի մեթոդներով ցուցմունքներ կորզած անձինք, որտե՞ղ են նրանք եւ ինչպե՞ս են պատժվել։ Պետք է նշել, որ սույն գործով մեղադրյալների նկատմամբ բռնարարքներ գործադրելու վերաբերյալ բողոքներ է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին, որը ժխտել է բռնարարքների առկայության հանգամանքը։ Տարակուսանք է հարուցում նաեւ Ալեքսան Հարությունյանի բնակարանում 16.12.1999 թ. կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերված, ըստ դատաձգաբանական փորձաքննության եզրակացության՝ գործարանային արտադրության Ժ-3154 համարանիշով 15 միլիմետրանոց հրթիռանետի եւ 5,6 մմ տրամաչափի օղակաձեւ բոցավառվող փամփուշտներով կրակող ներպտուտակվող փողով ինքնաշեն սարքի վերաբերյալ քրեական գործի մասը կարճելու որոշումը։ Այս առումով նշենք, որ հանցակազմ է պարունակում ոչ միայն հրազենի ձեռք բերելը եւ օգտագործելը, այլ նաեւ՝ պահելը (ՀՀ քր. օր. 232 հոդված)։ Արդարադատության հասցեին բացահայտ ծաղր է նաեւ Նաիրի Բադալյանի մասով քրեական գործի կարճումը։ Ընդ որում, այդ ապօրինի որոշման անհիմն լինելն ակնհայտ է հենց բուն որոշումից, որի մեջ ասված է՝ «Երեւան քաղաքի բնակիչներ Նաիրի Սուրենի Բադալյանը եւ Նաիրի Հրաչիկի Հունանյանը եղել են ուսանողական ընկերներ։ Հայաստանի Հանրապետության անկախացման տարիներին երկուսն էլ զբաղվել են քաղաքական գործունեությամբ։ 1998 թ. Ն. Բադալյանի եւ Ն. Հունանյանի ընկերական կապը վերականգնվել է եւ նրանք հաճախ հանդիպել են ՀՀ Ազգային ժողովում եւ Ն. Հունանյանենց տանը։ Այդ ընթացքում շարունակվել են Ն. Հունանյանի եւ Ն. Բադալյանի հանդիպումները։ Վերջինը կայացել է Ն. Հունանյանի բնակարանում 1999 թ. հոկտեմբերի առաջին տասնօրյակին։ 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ն. Բադալյանը գնացել է ՀՀ Ազգային ժողով՝ նախօրոք պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ սոցապ նախարար Ռ. Մարտիրոսյանին հանդիպելու նպատակով։ Ժամը 15։50-ին Ն. Բադալյանը, ԱԺ մամուլի կենտրոնի աշխատակից Ա. Ղազարյանից թույլտվություն ստանալով ԱԺ մուտք գործելու համար, վերջինիս կողմից տրված անցաթղթով կենտրոնական մուտքից ներս է մտել եւ մինչեւ 17։05 մնացել է Ազգային ժողովի շենքում։ Ժամը 16։30-ին սկսվել է ԱԺ նիստը։ Ն. Բադալյանը մոտ 20 րոպե սպասելով նիստերի դահլիճին հարող կարմիր միջանցքում եւ չհանդիպելով Ռ. Մարտիրոսյանին, ժամը 17։05-ին դուրս է եկել ԱԺ շենքից եւ, հասնելով ԱԺ անցագրային բյուրոյին, հանդիպել է նախկինում ծանոթ, Ն. Հունանյանի դասընկեր Էդուարդ Գրիգորյանին, որից իմանալով, որ Ն. Հունանյանն անցագրային բյուրոյում է, ներս է մտել անցագրային բյուրո, Ն. Հունանյանին տեսնելով այնտեղ ու իմանալով, որ նա ԱԺ շենք է մտնելու, փոխել է իր մտադրությունը՝ որոշելով նորից ետ վերադառնալ եւ ԱԺ շենքում զրուցել Ն. Հունանյանի հետ։ Ն. Բադալյանը վերադարձել է դարպասների մոտ, միլիցիոներներին խնդրել նորից իրեն ներս թողնել նույն անցաթղթով, հանձնել է անձնագիրը, ստացել նույն անցաթուղթը եւ, բարձրանալով աստիճաններով, սպասել է Ն. Հունանյանին։ Քիչ անց, Ն. Հունանյանը ԱԺ տարածք է մտել իր եղբոր՝ Կարեն Հունանյանի եւ քեռու՝ Վռամ Գալստյանի հետ միասին։ Ճանապարհին Ն. Հունանյանը Ն. Բադալյանից հարցրել է եւ իմացել, որ վարչապետ Վ. Սարգսյանը նիստերի դահլիճում է։ Երբ հասել են դահլիճ տանող աստիճաններին, հանկարծ Ն. Հունանյանը Ն. Բադալյանին կոչ է արել չվախենալ, եւ Վ. Գալստյանի, Կ. Հունանյանի հետ վազել են դեպի նիստերի դահլիճ տանող աստիճանները, անհայտանալով նրա տեսադաշտից։ Ն. Բադալյանը հասցրել է տեսնել, որ Նաիրի Հունանյանն իր անձրեւանոցի տակից դուրս է հանել ինքնաձիգը եւ վազել է դեպի նիստերի դահլիճ։ Հաջորդ պահին լսել է կրակահերթի դղրդոց։ Հասկանալով, որ ԱԺ-ում տեռորիստական ակտ է իրականացվում, թակել է առաջին իսկ պատահած դուռը եւ մտել է մի սենյակ, որտեղ եղել են ԱԺ պատգամավոր Դավիթ Վարդանյանը եւ երկու անծանոթ երիտասարդ։ Նրանք ռադիոյով լսել են դահլիճում կատարվող իրադարձությունները եւ մոտ 10-15 րոպե անց դուրս գալով միջանցք տեսել են ԱԺ դահլիճից սարսափահար հեռացող մոտ 15-20 լրագրողների։ Ն. Բադալյանը նրանց հետ դուրս է եկել ԱԺ շենքից, այնուհետեւ՝ տարածքից, երբ տեսել է ԱԺ տարածք մտնող արտադրական ենթակառուցվածքների նախարար Վ. Շիրխանյանին, Ն. Բադալյանը նրա հետ մտել է ԱԺ տարածք եւ վերջինիս պատմել իր տեսածը։ Այնուհետեւ, նրան տարել են Կենտրոնի ՆԳ բաժին, որտեղ վերջինս կատարվածի մասին բացատրություն է տվել։ Վկա Վիկտորիա Էդուարդի Աբրահամյանը ցուցմունք է տվել եւ առերես պնդել է Ն. Բադալյանին, որ վերջինս Ն. Հունանյանի եւ մյուսների կողմից իրականացվող տեռորիստական ակտի ընթացքում, մինչեւ լրագրողների դահլիճից դուրս գալը, եղել է նիստերի դահլիճում եւ ինքը նրան տեսել է նիստերի դահլիճի վերջնամասի կենտրոնում կանգնած։ Վկա Ն. Դիլբարյանը ցուցմունք է տվել, որ դեպքի օրը, ժամը 16։30-ին նիստը սկսելուց շուրջ 15-20 րոպե անց, ինքը նիստերի դահլիճի վերջին դռնից նայել է դեպի կարմիր նախասրահ եւ տեսել է Ն. Հունանյանին եւ Ն. Բադալյանին պատուհանի մոտ կանգնած զրուցելիս, իսկ երբ տեռորիստները իրենց դուրս են թողել դահլիճից, ԱԺ շենքի միջանցքում տեսել է մեղադրյալ Ն. Բադալյանին, որն իրեն հայտնել է, որ դեպքից առաջ զրուցել է Ն. Հունանյանի հետ։ Վկա Մարգարիտա Ստեփանյանը ցուցմունք է տվել եւ առերես պնդել է Ն. Բադալյանին, որ դեպքի օրը ժամը 15։30-16։30-ի սահմաններում ԱԺ միջանցքում, երկրորդ հարկում ինքը տեսել է Ն. Բադալյանին եւ Ն. Հունանյանին միմյանցից 7-8 մետր հեռավորության վրա կանգնած»։ Այս փաստերը հիմք ընդունելով՝ «05.12.99 թ. Ն. Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 17-61 հոդվածի 1-ին մասով եւ 17-99 հոդվածի 4-րդ եւ 6-րդ կետերով այն բանի համար, որ նա ՀՀ իշխանությունը քայքայելու, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանին, Ռուբեն Միրոյանին սպանելու, այսինքն, տեռորիստական ակտ կատարելու նպատակով, ընդգրկվել է Նաիրի Հունանյանի կողմից կազմակերպված հանցավոր խմբի մեջ եւ, նախապես հանցավոր համաձայնության գալով վերջինիս հետ, իր գործողություններով օժանդակել է տեռորիստական ակտի իրագործմանը, այն է՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ժամը 12։50-ին, ներս մտնելով ԱԺ շենք, ուսումնասիրել է ԱԺ նիստերի դահլիճում տիրող իրավիճակը, վերը նշված պաշտոնատար անձանց առկայությունը ԱԺ նիստում եւ ժամը 17։05-ին դուրս գալով շենքից՝ ԱԺ տարածքում դիմավորել է հանցավոր խմբի անդամներ Ն. Հունանյանին, Վ. Գալստյանին եւ Կ. Հունանյանին, վերջիններիս ուղեկցել մինչեւ նիստերի դահլիճ եւ, երբ նրանք մտել են ներս եւ իրականացրել տեռորիստական ակտը, Ն. Բադալյանը ներս է մտել դահլիճ եւ կազմակերպել լրագրողների ելքը նիստերի դահլիճից»։ Հետագա քննության ընթացքում «08.01.2000 թ. Ն. Հունանյանը ցուցմունք է տվել եւ Ն. Բադալյանի հետ առերես հարցաքննվելիս պնդել, որ վերջինս իմացել է նախապատրաստվող հանցագործության մասին եւ դեպքի օրը Ա. Հարությունյանի հրահանգով իրեն է սպասել Ազգային ժողովում, անցագրային բյուրոյում դիմավորել է իրենց եւ ինֆորմացիա տվել ԱԺ նիստերի դահլիճում տիրող իրավիճակի մասին, եւ երբ իրենց ուղեկցել է մինչեւ նիստերի դահլիճը հարող միջանցքը, ներս մտնելուց առաջ Ն. Բադալյանն իրեն ասել է, որ եթե վարչապետին ու Դեմիրճյանին չսպանեն, դրսից որեւէ օժանդակություն չեն ստանա»։ Եվ հանկարծ Ն. Հունանյանը հրաժարվել է վերը նշված իր ցուցմունքներից եւ դա բավական է եղել, որպեսզի ՀՀ զինդատախազը գտնի, որ «… քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալ Ն. Բադալյանի մասնակցությունը կատարված տեռորիստական ակտին ապացուցված չէ եւ սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»։ Օրինական հարց է առաջանում՝ ինչո՞վ են հերքված բուն նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները, այն է՝ Ն. Հունանյանի, Ն. Բադալյանի, Է. Գրիգորյանի, Վ. Աբրահամյանի, Ն. Դիլբարյանի եւ մյուսների ցուցմունքները։ ՀՀ զինդատախազի կողմից կայացված 27.06.2000 թ. որոշումից բավական է հանել միայն երկու տող կազմող «24.05.2000 թ. Ն. Հունանյանը հրաժարվել է վերը նշված իր ցուցմունքներից՝ նորից պնդելով, որ Ն. Բադալյանի հետ ԱԺ-ում պատահաբար է հանդիպել» բառերը, որպեսզի այդ որոշումը լինի հիմնավորված մեղադրական եզրակացություն Ն. Բադալյանին ՀՀ քր. օր.-ի 17-61 հոդվածի 1-ին մասով, 17-99 հոդվածի 4-րդ եւ 6-րդ կետերով դատի տալու համար։ Վերոգրյալը հավասարապես վերաբերում է նույն օրը կայացրած Մ. Մովսիսյանի մասով քրեական գործը կարճելու մասին որոշմանը, որտեղ, ի լրումն ամենի, ապօրինաբար ռազմամթերք ձեռք բերելը եւ պահելը բնութագրվում է որպես «նվազ կարեւորություն ունեցող» արարք։ Այսպիսով, մի դեպքում՝ Ալեքսան Հարությունյանի տանը պահվող հրազենի փաստն արհամարհվել է զինդատախազության կողմից նրա հարազատների հորինած «առասպելի» հիման վրա, իսկ այս դեպքում՝ Մ. Մովսիսյանի կողմից ապօրինաբար ռազմամթերք ձեռք բերելը եւ պահելը որակվել է որպես «նվազ կարեւորության» արարք։ Զինդատախազի կայացրած որոշումների վերլուծությունը բերում է միանշանակ հետեւության, որ դրանք կազմված են եղել որպես մեղադրական եզրակացություններ, սակայն, ի կատարում քաղաքական պատվերի, մեխանիկորեն վերածվել են քրեական գործերի մասերի վարույթը կարճելու որոշումների։ Միայն այդ որոշումների ծանոթացումը բավարար հիմք է տալիս պնդելու, որ 27.10.99 թ.-ի հանցագործությունն արդեն իսկ բացահայտված է եղել ՀՀ զինդատախազության կողմից։ Հիշյալ որոշումների օգնությամբ խայտառակ փորձ է արվում մեխանիկորեն քողարկելու արդեն իսկ բացահայտված հանցագործությունը։ 08.01.2000 թ. ՀՀ քր. դատ. օր.-ի 128, 129 հոդվածների կարգով ձերբակալվել է եւ 11.01.2000 թ. ՀՀ քր. օր. 184 հոդվածով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ պահպանության եւ անցագրային ռեժիմն իրականացնող դասակի հրամանատար Արթուր Հակոբյանին, որի թույլ տված ապօրինության հետեւանքով՝ նախ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը եւ Վռամ Գալստյանն, առանց անձը հաստատող պատշաճ փաստաթղթերի, անցագիր պատվիրելու իրավունք չունեցող ԱԺ աշխատակցի հայցով ստացել են անցաթուղթ եւ հագուստների տակ քողարկելով ինքնաձիգ հրազեններ՝ մուտք են գործել ԱԺ տարածք եւ գնացել են նիստերի դահլիճ, անարգել անցել են թիվ 2, թիվ 3 եւ նիստերի դահլիճի մոտի պահակակետերով եւ այնտեղ կատարել տեռորիստական ակտ։ Ընդ որում, առաջադրված մեղադրանքում Ա. Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչել, եւ նրա կատարած հանցանքը հիմնավորվել է նախաքննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով։ Վերոհիշյալը շարադրված է ՀՀ զինդատախազի կայացրած որոշման մեջ։ Թվում է, որեւէ կասկած չի կարող լինել Ա. Հակոբյանին իր կողմից մեղավոր ճանաչված հանցագործության համար դատի տալու հարցում։ Սակայն, ինչպես երեւում է, քաղաքական պատվերը ունեցել է այլ բնույթ, եւ ՀՀ զինդատախազը, տոգորված մարդասիրությամբ, գրում է. «Մեղադրյալ Ա. Հակոբյանը նախկինում արատավորված չի եղել, ամուսնացած է, կալանքի տակ գտնվելու ժամանակ զավակ է ունեցել, ընտանիքի միակ կերակրողն է, զղջացել է իր կատարած հանցագործության համար, շուրջ վեց ամիս գտնվել է նախնական կալանքի տակ, ուստի նրա մասով «քրեական գործը կարճել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել»։ Ա. Հարությունյանի, Հ. Հարությունյանի, Ն. Բադալյանի, Մ. Մովսիսյանի եւ Ա. Հակոբյանի մասերով քրեական գործի վարույթի կարճման որոշումներն անհիմն են։ Քննչական խումբն ահաբեկիչ Նաիրի Հունանյանի թելադրանքով գործելու փոխարեն՝ պարտավոր էր հիմնավորել ինչպես նրա, այնպես էլ մյուս մեղադրյալների եւ վկաների կողմից Ա. Հարությունյանի, Հ. Հարությունյանի, Ն. Բադալյանի եւ Մ. Մովսիսյանի դեմ տրված մեղադրող ցուցմունքներն այլ ապացույցներով, որոնք կարող էին ձեռք բերվել, եթե քննչական խումբը մանրակրկիտ, պատշաճ ձեւով եւ հանգամանորեն կատարեր մեղադրյալների հարցաքննությունները եւ առերեսումները։ Մեր համոզմամբ, Ա. Հարությունյանի, Հ. Հարությունյանի, Ն. Բադալյանի, Մ. Մովսիսյանի եւ Ա. Հակոբյանի մասերով քրեական գործը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ զինդատախազի որոշումներն իրենց էությամբ պատմական փաստաթղթեր են՝ ի գիտություն սերունդների, թե ինչպես են քաղաքական պատվեր կատարելու հետեւանքով պատժից ազատվում ծանրագույն հանցագործություն կատարողները։ Սոսկ անմիջական կատարողներին ահաբեկչության մեջ մեղադրելու ցանկությունն արդեն իսկ դրսեւորվել էր ոճրագործությանն անմիջապես հաջորդած օրերին իշխանության առանձին այրերի հայտարարություն-կանխատեսումներում։ Եվ, չնայած, Ա. Հարությունյանի, Հ. Հարությունյանի, Ն. Բադալյանի եւ Մ. Մովսիսյանի ոճրագործությանը մասնակցելու վերաբերյալ նախաքննությամբ ձեռք բերված անհերքելի ապացույցներին, թերեւս զգալով ոճրագործության անմիջական պատվիրատուներին բացահայտելու իրական վտանգը, նախաքննության ավարտական փուլում այդ «կանխատեսումները» վերածվել են հիշյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հրամայական պահանջի։ Ըստ էության, մեղադրական եզրակացության բնույթ կրող վերոհիշյալ որոշումներն անվերապահ վկայում են այն իրական ճնշման մասին, որի մեջ դրվել է նախաքննության մարմինը։ Ա. Հարությունյանի, Հ. Հարությունյանի, Ն. Բադալյանի եւ Մ. Մովսիսյանի մասերով քրեական գործի վարույթը կարճվել է, երբ նախաքննությամբ արդեն իսկ ապացուցված եւ հիմնավորված է եղել նրանց մասնակցությունը 27.10.1999 թ. ահաբեկչության մեջ։ Սա խայտառակ ծաղր է օրինականության հասցեին, որն ընդհանուր ոչինչ չունի իրավական պետության սկզբունքների հետ, ինչպիսին հռչակված է Հայաստանի Հանրապետությունն իր Սահմանադրությամբ, որի համաձայն պետական իշխանության միակ տերը ժողովուրդն է, իսկ պետական բոլոր մարմինները եւ պաշտոնատար անձինք, սկսած հանրապետության նախագահից մինչեւ «ուչաստկովին», ժողովրդին պատկանող իշխանության սոսկ կրողներն են եւ ոչ ավելին։ Ստեղծված իրավիճակում մենք դիմում ենք ժողովրդին՝ կոչ անելով տեր կանգնել իրեն իսկ պատկանող պետական իշխանությանը եւ արժանի գնահատական տալ այդ իշխանությունն ի շահ իրենց գործադրած անձանց հանցագործ խարդավանքներին։ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ զոհվածների հարազատներ՝ ՌԻՄԱ ԴԵՄԻՐՃՅԱՆ, ԳՐԵՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ, ԱՐԾՎԻԿ ՄԻՐՈՅԱՆ, ԼԱՐԻՍԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՍԻԼՎԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ, ԱՐՇԱԼՈՒՅՍ ՔՈԹԱՆՅԱՆ 17.07.2000 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել