Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂԸ ԳՈՐԾԸ «ՓՉԱՑՐԵՑ»

Մարտ 22,2002 00:00

ՏՈՒԺՈՂԸ ԳՈՐԾԸ «ՓՉԱՑՐԵՑ» Երեկ շարունակվեց ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործի դատավարությունը, որն ընդմիջվել էր անցյալ շաբաթ: Ամբաստանյալի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը մեր թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե առաջին նիստում դատարանը վրիպում էր թույլ տվել, երբ չէր քննարկել դատարանի կազմի լիարժեքության, մասնավորապես՝ 12 տուժողներից 10-ի բացակայության, հարցը: Երեկվա նիստում դատավոր Վազգեն Լալայանն ուշացումով անդրադարձավ դրան ու հարցրեց, թե կողմերը հնարավոր համարո՞ւմ են դատը շարունակել տուժողների մեծամասնության բացակայության պայմաններում: Փաստաբան Ռ.Գրիգորյանը միջնորդեց, այնուամենայնիվ, ապահովել նրանց ներկայությունը, ու կողմերը համաձայնեցին դրան: Ապա դատարանը լսեց ամբաստանյալ Մ.Սաղաթելյանին: Վերջինս անդրադառնալով իր դեմ հարուցված քրգործի շարժառիթներին՝ շատ հստակ հայտարարեց. «Իմ ընկերներ Արմենակ Արմենակյանին եւ Վազգեն Սարգսյանին հոկտեմբերի 27-ին սպանեցին: Գտնվելով նախաքննության ամբողջ ընթացքում, դրան մասնակցել եմ կողքից նայելով: Ի պաշտոնե ունենալով հնարավորություններ եւ օպերատիվ տեղեկատվություն, նաեւ այլ ճանապարհով ձեռք բերված նյութեր: Որպես հայ քաղաքացի՝ իմ մեջ կարծիք է ստեղծվել, որ «Հոկտեմբերի 27»-ի գործում կան կազմակերպիչներ, եւ արդեն արտահայտվել եմ՝ ովքեր: Դա պատճառ է հանդիսացել, որ 2000-ի ապրիլի 20-ից աշխատանքից ազատվելուց հետո պետական տարբեր իրավական ատյաններում գտնվող ստրկամիտ պաշտոնյաներ հետապնդեն ինձ. ունեմ բազմաթիվ փաստեր: Այն, ինչ ասացի՝ ես արել եմ եւ պատասխանատու եմ, եթե դրանց մեջ հանցանք կա»: Հարուցված քրգործի մյուս դրվագների մասին Մ.Սաղաթելյանը նախընտրեց առայժմ ոչինչ չասել. «Կասեմ, երբ դատարանը լսի տուժողներին ու վկաներին»: Ի դեպ, հարկ է նշել, որ Մ.Սաղաթելյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել միայն ՆԳ գործակալ Հարություն Գրիգորյանին, իբր, սուտ մատնության դրդելու առնչությամբ: Մեղադրող ու պաշտպանող կողմերի՝ նման պարագայում ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների հրապարակման առնչությամբ կարճ բանավեճից հետո, դատարանն, այնուամենայնիվ, որոշեց, որ վաղաժամ է հիշյալ ցուցմունքները հրապարակել, առավել եւս, որ ամբաստանյալը, սկզբունքորեն, ցուցմունք տալուց չի էլ հրաժարվում: Սահմանված կարգի համաձայն, դատարանն անցավ տուժողների հարցաքննությանը: Իսկ տուժողներից դարձյալ միայն երկուսն էին ներկայացել դատին՝ Միսակ Մկրտչյան եւ Հովհաննես Դավթյան: Առաջինն ասաց, թե ինքը վատառողջ է, ճնշումն է բարձր, ուստի չի կարող ցուցմունքներ տալ կամ կողմերի հարցերին պատասխանել: Դատարանը որոշեց նրան ավելի ուշ անդրադառնալ: Իսկ ահա նախկին աիմական Հովհ.Դավթյանի հարցաքննությունը քրեական գործի տապալման «գույժ» էր մասնավորապես մեղադրող կողմի համար: Տուժողը, պարզվեց, այնքան էլ տուժող չէր՝ մասնավորապես Մ.Սաղաթելյանի գործով: Դատարանի դահլիճում նրա տված ցուցմունքներից պարզվեց, որ վերջինս 96-ի սեպտեմբերի 25-ի դեպքերի՝ ԱԺ-ի գրոհի ժամանակ եղել է խորհրդարանի շենքի տարածքում, որտեղից նրան բերման են ենթարկել ՆԳ 6-րդ վարչության հերթապահ բաժին, որտեղ 10-15 հոգի նրան ծեծի է ենթարկել: Դատարանում տուժողը ի պատասխան ե՛ւ մեղադրողի, ե՛ւ պաշտպանի բազմիցս հայտարարեց, որ իրեն ծեծողների ոչ դեմքն է տեսել, ոչ պաշտոնն է իմացել, չի ճանաչել եւ հիմա ոչ հերքում, ոչ պնդում է, թե իրեն ծեծողներից մեկն էլ Մ.Սաղաթելյանն է եղել, կամ, որ նա մասնակցել է իր խոշտանգումներին: Պարզվում է, որ Հովհ.Դավթյանը իրենից հետո բաժին բերված Աղասի Արշակյանին ու Դավիթ Վարդանյանին ծեծելու ժամանակ է դեմքով տեսել խոշտանգողներին, իսկ ծեծվողները, տուժողի վկայությամբ՝ «Բուդո», «Մուշեղ» անուններն են տվել: Սփրթնած մեղադրողը, որի ոտքի տակից հողը կարծես փախել էր, ստիպված եղավ խոստովանել, որ դա էապես փոխում է իրավիճակը, եւ հրապարակեց տուժողի նախաքննական ցուցմունքները, որտեղ վերջինս՝ ի լրումն արդեն պատմածի, նշել էր նաեւ, թե ինքն անպայման կճանաչի Ա.Արշակյանին ու Դ.Վարդանյանին ծեծողներին: Բայց ահա դատարանում նստած Մուշեղ Սաղաթելյանին՝ որպես վերջիններիս ու իրեն խոշտանգածի, չճանաչեց. չէր տեսել: Մեղադրողը հիշեցրեց, որ՝ ախր, տուժող, դու այլ ցուցմունք ես տվել, քո ձեռքով գրել, ու մեջբերեց այս անգամ նրա ու Մ.Սաղաթելյանի առերես հարցաքննության արձանագրությունը: Միամիտ վկան էլ թե՝ դա ի՞մ ձեռագիրն է: Գնաց, տեսավ, եկավ ու հայտարարեց՝ դա քննիչն է գրել իմ պատմածով: Պարզվեց, որ իր իսկ վկայությամբ՝ իրեն ծեծողներից վիրավորված տուժողը, իհարկե, կուզեր, որ վերջիններս պատասխան տային, որ ընդհանուր առմամբ, գաղափարի հետ համաձայն է, բայց իր պատմածի մոտիվներով քննիչը ցուցմունքն այլ կերպ է շարադրել՝ մի քիչ «հարստացրել» ու «լրացրել» է տուժողի պատմածը: Իսկ, որ առերեսման ժամանակ Մ.Սաղաթելյանին մեղադրել է իրեն եւ այլոց ծեծելու մեջ, նույն տուժողը հետեւյալ կերպ բացատրեց. ինքը նկատի է ունեցել ոչ թե այն, որ Մ.Սաղաթելյանն է կազմակերպել ծեծը, այլ, որ նա այդ կառույցի ղեկավարն է եղել: Եվ այսպես շատ երկար մեղադրողը համոզում էր տուժողին, որ նա ցուցմունք է գրել Մ.Սաղաթելյանի դեմ, հիշեցնում էր պատասխանատվության մասին, պաշտպանը հարցնում էր, թե ծեծողների մեջ ամբաստանյալը եղե՞լ է, թե՞ ոչ, իսկ տուժողը միատոն, երբեմն զարմանքով շարունակում էր պնդել, որ ամբաստանյալ Սաղաթելյանին ինքը չի տեսել, չի հիշում: Կար էլի մի դրվագ: Ըստ նախաքննական ցուցմունքների՝ տուժողն ասել էր, թե իր խցում է եղել ոմն Արտուշ Համազասպյան, որը խոշտանգված է եղել ու ասել է, թե իրեն ծեծել է Մուշեղը: Այս մի պոտենցիալ «տուժողը», իհարկե չի հարցաքննվել, ուստի եւ չի կարող հերքել կամ հաստատել Հ.Դավթյանի ցուցմունքը, որովհետեւ վաղուց արդեն հանրապետությունում չէ: Պարզվեց նաեւ, որ Հ.Դավթյանը ոչ 96-ին, ոչ 2001-ին դատախազությանն ու իրավապահներին ոչ մի բողոք չի հայտնել հիշյալ դեպքերի առնչությամբ: Եվ ուրվագծվեց գործ «թխելու» դասական տարբերակներից մեկը: Պաշտպանի այն հարցին, որ եթե տուժողն իր ծեծողներին չի տեսել, ինչպե՞ս իմացավ, որ դա եղել է հենց Մուշեղը, այն էլ՝ Սաղաթելյան, տուժող Դավթյանը հայտարարեց, թե ինքը «ՀԺ» թերթում տեսել է Մ.Սաղաթելյանի նկարը, իմացել, որ նրան ձերբակալել են, ու ենթադրել, որ դա հենց այն Մուշեղն է: Իսկ թե ինչո՞ւ է 2001-ին բողոքել՝ պատասխանեց. «Ես չեմ բողոքել: Առաջին անգամ մեր տուն՝ Թալին, է եկել դատախազության քննիչ Մանրիկյանը»: Պաշտպանի այն հարցին, թե Մ.Սաղաթելյանի դեմ բողոքելն ի՞ր, թե՞ քննիչի միտքն է եղել, տուժողը պատասխանեց՝ այդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել: Իսկ ահա դատի ավարտին լրագրողներին խոստովանել էր, թե միտքը քննիչն էր հղացել: Այսօր տուժողն ի՞նչ կասի ու կպնդի՞ երեկվա ցուցմունքները՝ կախված է նրանից, թե դատախազությունը նրան «մշակե՞լ» է, թե՞ ոչ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել