Լրահոս
Օրվա լրահոսը

Է, զայրանայիք 1998-ին

Մարտ 22,2002 00:00

Է, զայրանայիք 1998-ին «Առավոտում» (26.02.2002թ.) տպագրված «Քաղաքացին դատի է տվել քաղաքապետարանին» հրապարակումիցս հետո խմբագրություն այցելեց Արաբկիր համայնքի Ադոնցի փ. 5բ 3 տանը կից շինության հեղինակը՝ Հայկ Ավետիսյանը։ Վերջինս եւ քաղաքապետարանի ներկայացուցիչը պատասխանող էին ճանաչվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում։ Հ. Ավետիսյանը հրապարակման մեջ տեղ գտած որոշ փաստարկների հետ համամիտ չէր։ Մասնավորապես, քաղաքապետարանի երկու որոշումների առթիվ (իր կողմից ինքնակամ շինությունը քանդելու, ապա՝ կասեցված որոշման)։ Նա գտնում էր, որ քաղաքապետարանն էլ կարող է սխալվել։ Իսկ ահա… իմ հարցադրմանը՝ «իսկ լրատվամիջոցը չի՞ կարող սխալվել», նա գտնում էր՝ միանշանակ ոչ։ Քաղաքապետարանը ժամանակին գտել էր, որ Հ. Ավետիսյանի կողմից կառուցված ինքնակամ կառույցը ապօրինի է եղել, հակասանիտարական եւ չի համապատասխանում ճարտարապետական ընդունված նորմերին։ Վերջին դեպքում հանդգնել էի օգտագործել «չճարտարապետական» բառը, ինչն ակնհայտորեն դուր չէր եկել քաղաքացուն։ «Հայցվոր Քնարիկ Բենիկյանը,- գրել էի ես,- վերոնշյալ ինքնակամ կառույցի համար բավականին նյարդեր է քայքայել», պատասխանողը պնդում էր, որ ինքն ավելի է քայքայել։ Իսկ ես նկատի էի ունեցել պետական-պատկան մարմիններին ուղղված քաղաքացու (որն այսօր Ամերիկայում է) դիմում-բողոքների տարափը։ Հ. Ավետիսյանը վիճարկում էր նաեւ Ք. Բենիկյանի օրինական ներկայացուցչի՝ Ջիվան Միքայելյանի հայցը նույնպես։ Վերջին դեպքում կարող եմ ասել, որ Ջ. Միքայելյանը Ք. Բենիկյանի ամուսինն է եւ նաեւ հայցվորը, որի հայցը լսվել էր Կենտրոնի դատարանում… Այնուամենայնիվ, Հայկ Ավետիսյանը մեզ տրամադրեց (Գայանե Կարախանյանի նախագահությամբ) դատարանի վճիռը։ Ըստ այս փետրվարի 25-ի վճռի, Ջիվան Միքայելյանի հայցն ընդդեմ քաղաքապետարանի եւ Հայկ Ավետիսյանի՝ մերժվել է։ Հայցը մերժվել էր, քանի որ գործի նյութերը, պարզվել էր, որ քաղաքապետի 1037 որոշմամբ «պարտավորեցվել էր պատասխանող Հայկ Ավետիսյանին մեկամսյա ժամկետում Ադոնցի փ. 5բ. 3 տանը կից ապօրինի շինությունը քանդել եւ տեղափոխել շինաղբը, իսկ 701 որոշմամբ կասեցվել է 08.12.98թ. թիվ 1037 որոշումը»։ Հրապարակման մեջ նաեւ այն միտքն էի արտահայտել, որ քաղաքապետի իրարամերժ որոշումների արդյունքում ինչ է տեղի ունեցել։ Ուշագրավ է, որ մեկ հրապարակումը ավելի բուռն արձագանք ունեցավ, քան այն, որ 1998-ից սկսված վեճը չի ավարտվել եւ ելքը դեռ գտնված չէ։ Ի դեպ, դատարանում ներկայացվել էին նաեւ փաստաթղթեր, ըստ որի՝ Հ. Ավետիսյանին քաղաքապետարանի ՃՔ վարչության կողմից համաձայնեցված նախագծի համաձայն պարտավորեցվել էր լուծել իր տանիքի անձրեւաջրերի հեռացման հարցը, «լուծել մակերեւութային ջրերի հեռացման խնդիրը շենքի ճակատային հատվածից, որպեսզի կանխվի Քնարիկ Բենիկյանի բնակարան թափանցող խոնավությունը եւ տեղափոխի զուգարանը»։ Ինչը եւ արվել է։ Սակայն ինչո՞ւ, ի՞նչ տրամաբանությամբ է սույն քաղաքացիական վեճը մնում առկախ։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել