Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԸ «ՎԵՐԱՁԵՎԵԼ» Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ

Սեպտեմբեր 14,2002 00:00

ԴԱՏԱՎՈՐԸ «ՎԵՐԱՁԵՎԵԼ» Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանն «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի սպառողներին է ուղարկել իր որոշման ամբողջական տեքստը եւ արդեն հայտնի է, թե ինչ հիմնավորումներով է նա մերժել նրանց հայցը: Մեկնաբանում է սպառողների ներկայացուցիչ Աշոտ Բլեյանը: -Որոշման մեջ նշված է. «Ինչ վերաբերում է «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերություններին եթերից զրկելը, արտոնագիր չտալը եւ Ազգային հանձնաժողովի որոշումները «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների» կոնվենցիայի 10-րդ հոդվածին հակասող ճանաչելու պահանջին, ապա դատարանը գտնում է, որ նշված կոնվենցիայի նորմը վերաբերում է քրեական մեղադրանքի դեպքում, լիակատար հավասարության պայմաններում, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունքին եւ որեւէ կերպ չի առնչվում վիճելի քաղաքացիաիրավական հարաբերությանը»: Պարզվեց, որ Դուք չգիտեի՞ք կոնվենցիայի դրույթները, երբ դատարան էիք դիմում եւ բողոքում տեղեկություններ ու գաղափարներ ստանալու իրավունքի ոտնահարման դեմ: – Պարզվեց, որ անգամ այս 3-4 ամիս տեւող դատական քննությամբ մենք չենք կարողացել դատավորին, տվյալ դեպքում՝ Ռ. Ներսիսյանին, ստիպել, որ բացի արդարադատության նախարարության պաշտոնապես հրապարակած երկհատորյակը, ուր ամփոփված են այն միջազգային պայմանագրերը, որոնց միացել է Հայաստանը: Առաջին հատորում տպագրված է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների» եվրոպական կոնվենցիան: Եվ դրա 10-րդ հոդվածն այդպես էլ կոչվում է՝ «Արտահայտվելու ազատությունը». առանց պետական մարմինների միջամտության՝ գաղափարներ ու տեղեկություններ ստանալու ազատության մասին: Եթե դատավորը գրել է, թե 10-րդ հոդվածը դա չի, ուրիշ բան է, եւ հանկարծ այդ որոշումը մտնի ուժի մեջ, ստացվում է, որ կոնվենցիան պիտի փոխվի. ուրիշ ճար չկա: Որպեսզի դատավորը կարողանա ոտնահարել սպառողների միջազգայնորեն ճանաչված իրավունքը՝ նա գնացել է կոնվենցիան վերաձեւելու ճանապարհով: Կամ էլ պարզապես կարդացել է ուրիշ փաստաթուղթ; – Զանազան զրույցներում Ռուբեն Ներսիսյանը նշել է, թե նման իրավունքի վկայակոչումը նույնն է, ինչ եթե մեկն ասի, թե ունի կրթության իրավունք, եւ ցանկանա առանց քննություն հանձնելու սովորել որեւէ բուհում, կամ հայտարարի, թե ունի ընտրվելու իրավունք եւ առանց ընտրությունների փորձի զբաղեցնել նախագահի պաշտոնը: – Իր մակարդակին բնորոշ դատողություններ են: Քանի որ հենց նույն կոնվենցիայի 10-րդ հոդվածի կետ 2-ը եւ Քաղաքացիական իրավունքների դաշնագրի 19-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում են սահմանափակումներ: Հստակ գրված է, որ արտահայտվելու իրավունքի ազատությունը չի զրկում պետություններին՝ սահմանելու արտոնագրման ինչ-ինչ սահմանափակումներ: Մեր Սահմանադրության 44 հոդվածով էլ սահմանված է, որ իրավունքների այդ սահմանափակումները պիտի որոշվեն ՀՀ օրենքով, եթե դրանք անհրաժեշտ են այլոց իրավունքների ու ազատության, հասարակական անվտանգության եւ այլնի համար: Այսինքն՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանը պիտի պարզապես ցույց տար, որ մրցույթի պայմաններում Ազգային կոչված հանձնաժողովի մտցրած սահմանափակումները կան «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Լիցենզավորման մասին» կամ անգամ հանձնաժողովի Կանոնակարգ-օրենքում: – Սակայն դատավորն իր որոշման մեջ անհրաժեշտ չի համարել անդրադառնալ օրենքներին Ազգային հանձնաժողովի գործունեության համապատասխանությանը՝ նշելով, թե դրա վերաբերյալ արդեն իսկ կան քննված դատական գործեր եւ օրինական ուժի մեջ մտած վճիռներ, իսկ «նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում»: – Տվյալ դեպքում՝ ես դատավորի վճիռն անվանում եմ պաշտոնեական կեղծիք. նա հանցավոր արարք է գործել: Ըստ «Իրավական ակտերի մասին» օրենքի 43 հոդվածի 7-րդ կետի՝ «Իրավական ակտի հղումները պետք է արվեն հստակ եւ ուղղակի»: Իրավական այս ակտում՝ դատարանի որոշման մեջ դատավորը հղում է կատարել այս գործով ինչ-ինչ վճիռների, բայց հստակ եւ ուղղակի պետք է նշված լիներ՝ ո՛ր հանգամանքը, ո՛ր վճռում: Շուրջ 6 էջանոց նրա վճռում բացարձակ չկան նման հղումներ: Իսկ այս դեպքում անգամ դժվար է վիճելը, երբ չգիտես, թե ինչ նկատի ունի նա: Պիտի պարզապես ցույց տաս, որ որեւէ վճռում չեն եղել մեր մատնանշած հանգամանքները: Մենք ստիպված ենք եղել դա անել վերաքննիչ բողոքում: Մի օրինակ՝ մենք նշել էինք, որ հանձնաժողովի ապրիլի 2-ի թիվ 36 եւ 37 որոշումները «Շարմին» եւ «Շողակաթին» արտոնագիր տալու մասին պիտի պարտադիր պաշտոնական հրապարակվեին՝ համաձայն «ՀՀ լիցենզավորման մասին», հանձնաժողովի կանոնակարգ, «Իրավական ակտերի մասին» օրենքների: Իսկ եթե հրապարակված չեն՝ ապա դրանք չունեն իրավաբանական ուժ: Հիմա այս հանգամանքը եթե որեւէ վճռով հաստատված է կամ մերժված՝ ցույց տվեք: Ընդհանրապե՛ս չի եղել նման բան: Կամ՝ մեր հայցադիմումի գլխավոր ասելիքը ո՞րն է, որ ՀՀ օրենքով «Ա1+»-ը եւ «Նոյյան տապանն» ունեն հեռուստահաղորդումներ հեռարձակելու իրավունք, քանի որ հանձնաժողովը գրավոր չի մերժել նրանց հայտը, իսկ համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի՝ այդ դեպքում հայտը համարվում է բավարարված: Հիմա ցույց տվեք, թե այս հանգամանքը ո՞ր գործով է քննարկվել: – Դուք արդեն ներկայացրե՞լ եք վերաքննիչ բողոքը: – Այն արդեն պատրաստ է եւ երկուշաբթի կլինի վերաքննիչ դատարանում: Մի սկզբունքային հարց էլ կա. դատավորն իր նախաձեռնությամբ, առանց որեւէ հիմքի՝ կիրառեց արագացված դատաքննություն: Բայց այս որոշման մեջ դրա մասին էլ խոսք չկա: Այսինքն՝ դատավորը ստեց դահլիճում: Այս որոշումից պարզվում է, որ նա միայնակ փակ նիստ է արել՝ «գնահատելով գործի նյութերը, ուսումնասիրելով գործում գտնվող փաստաթղթերը», այսինքն՝ նա ապացույցների ուսումնասիրություն է կատարել՝ առանց կողմերի մասնակցության, ոչ հրապարակային: Սակայն քննությունը պիտի լիներ ոչ միայն հրապարակային, այլ անմիջական՝ բոլորիս ներկայությամբ: Բայց դատավորը դատարանում մի բան է հայտարարել, իսկ վճռում արտացոլել լրիվ այլ իրականություն: Ես չէի հանդիպել այսպիսի բան: Սա դատավոր չի: Եվ ես հայտարարում եմ՝ նա ենթարկվելու է քրեական պատասխանատվության: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել