Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ

Մարտ 03,2004 00:00 Share

ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ Իր վերջին ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը դժգոհեց. «Երբ այստեղ պատվիրակություններ, այլ երկրների նախագահներ են գալիս՝ ԱԺ-ում հանդիպումների ժամանակ մեր ընդդիմադիր պատգամավորները բամբասում են սեփական երկրի նախագահից։ Իսկ հետո կոլեգաներս ինձ ասում են, թե առաջին անգամ են նման երեւույթի հանդիպում։ 6 տարի նախագահ լինելուս ընթացքում եղել եմ տարբեր երկրների խորհրդարաններում։ Եղել են երկրներ, ուր նույնիսկ լուրջ ճգնաժամ ու սրված հարաբերություններ են եղել ընդդիմության եւ իշխանության միջեւ, բայց չեմ հիշում դեպք, որ խորհրդարանականների հետ հանդիպումներում, իսկ դրանցում նաեւ ընդդիմությունն է ներկայացված լինում, որեւէ մեկը սկսի բամբասել սեփական երկրի նախագահից եւ ներքաղաքական հարցերը փորձի ներկայացնել այլ կտրվածքով»։ Մինչդեռ Եվրախորհրդարանի պատգամավոր Պեր Գարթոնն իր զեկույցում մեջբերել է այն արտահայտությունները, որոնք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն արել են իրենց հիմնական մրցակիցների եւ ընդդիմության հասցեին: Մեր հարցին, թե սա ապացո՞ւյց չէ, որ մեզանում օտար պատվիրակների առջեւ բամբասել սիրում են ե՛ւ իշխանավորները, ե՛ւ ընդդիմադիրները՝ ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Նախ՝ ի՞նչ է նշանակում, թե ներքաղաքական խնդիրները չպետք է քննարկվեն դրսում: Մենք գնում ենք բաց հասարակություն դառնալու ճանապարհով եւ անդամակցել ենք Եվրոպայի խորհրդին՝ ուստի այդպիսի հարց չկա: Այլ խնդիր է, որ դեմ եմ դրսից «տղա բերելուն». այս իշխանություններին հեռացնելը մե՛ր խնդիրն է, եւ մենք կլուծենք այն: Քոչարյանը բողոքում էր, թե իրեն բամբասո՞ւմ են, բայց նա ոչ միայն ինքն էլ անընդհատ ու ամենուր բողոքում է մեր ընդդիմությունից, այլ ուզում եմ հիշեցնել՝ 1997-ին, երբ վարչապետ էր եւ դեկտեմբերին մեկնել էր Փարիզ՝ ամբողջ ուղեւորությունն անցկացրել էր իշխանությունից բամբասելով ու անընդհատ խոսելով, թե իր եւ Հայաստանի նախագահի միջեւ կան լուրջ հակասություններ: Ուստի առնվազն փարիսեցիություն եւ երեսպաշտություն են այժմ նման բողոքները»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031