Լրահոս
Օրվա լրահոսը

Մոռացված նվագարանները կվերականգնվե՞ն

Հունվար 15,2007 00:00

Թառահար Հովհաննես Սահակյանը Մատենադարանում ուսումնասիրում է միջնադարյան աղբյուրները, ինչը հնարավորություն կտա մասնագետների օգնությամբ վերականգնել մոռացված ժողովրդական նվագարանները:

«Հին ազգային նվագարանների մեծ մասն այսօր գոյություն չունի: Մի մասն էլ տարիների ընթացում թե տեսքով, թե հնչողությամբ վերափոխվել է այլ ժողովուրդների նվագարանների, ինչի հետեւանքով դրանցից որոշները սեփականացվել են օտար ազգերի կողմից»,- նշեց պրն Սահակյանը:

Զրույցի սկզբում նա հիշեցրեց, որ մեր նվագարանները բաժանվում են 3 խմբի՝ լարային, փողային ու հարվածային: Լարային գործիքներից են թառը, սանթուրը, սազը, քամանչան, քամանին: Հատկապես վերջինս այսօր քիչ է գործածվում: Հովհ. Սահակյանի նախաձեռնության նպատակներից մեկն էլ այն է, որ քիչ գործածվող նվագարանները՝ սազ, բլուլ, պկու, սանթուր, պարկապզուկ, ջնար, վին եւ այլն, մասսայականացվեն:

Նա տեղեկացրեց, որ ժամանակին ճանաչված երաժիշտ, քամանչահար Մարտին Խաչատրյանը, որ նաեւ ժողովրդական գործիքներ պատրաստելու շնորհ ուներ, ստեղծել էր բամբիռ. «Բայց դա այն բամբիռը չէր, քանի որ, ըստ Հովհաննես կաթողիկոսի, այն քթնտոցահար, աղեբախ նվագարան է: Սակայն այսօրվա բամբիռը ավելի շուտ թավ քամանի էր հիշեցնում: Քամանին էլ քամանչայի նման է, բայց արտաքինից ուղղանկյուն տեսք ունի»:

Հովհ. Սահակյանը ափսոսանքով նշեց, որ Մատենադարանում պահպանված միջնադարյան մանրանկարներում բազմաթիվ հայկական ժողովրդական գործիքներ են պատկերված, սակայն ոչ միշտ է նշված, թե որն ինչ գործիք է: «Խորենացին գրում է, որ Հայոց այբուբենը ստեղծած Մաշտոցին ժողովուրդը Հայաստանում դիմավորել է ծնծղաներով եւ փանդիռներով: Նախաքրիստոնեական շրջանում հայ արիստոկրատիան եւս խնջույքների ժամանակ փանդիռի նվագակցության տակ էր հարճերին պարեցնում: Քրիստոնեական եկեղեցին, սակայն, աստիճանաբար փանդիռը դուրս մղեց, այն պատճառաբանությամբ, թե այդ նվագարանը սատանայության եւ գինարբուքի գործիք է: Նույնիսկ ծիսական արարողություններին դրանցով հանդես եկող գուսաններին արգելեցին նվագել: Այդ պատճառով էլ մեր բազմաթիվ մշակութային ձեռքբերումները կորցրինք: Ազգագրագետ, բանահավաք, երաժշտագետ Երվանդ Լալայանցը գտնում է, որ փանդիռը հունական բանդուրան է: Փաստորեն, հայկական փանդիռը բանդուրայի նախատիպն է»,- ասում է երաժիշտը: Նա լավատեսորեն հույս հայտնեց, որ ազգային մոռացված նվագարանների վերածննդից հետո գուցե կստեղծվի նաեւ նվագախումբ՝ բառի իսկական իմաստով: Մանավանդ՝ արդեն նման մի փորձ արվել է: Հովհաննես Սահակյանը ղեկավարում է թառահարների նորաստեղծ անսամբլը, որտեղ աշխատում է 6- 27 տարեկան 5 թառահար:

«Իր ժողովրդական երգերի մշակումներում Կոմիտասը թառին մեծ տեղ էր տալիս՝ հաշվի առնելով վերջինիս հնարավորությունները: Անգամ հոգեւոր երաժշտությունը ոչ մի ազգային նվագարանով այնպես չի հնչում, ինչպես թառով: Ափսոս, որ թառը մի 50 տարի առաջ ինչ-ինչ պատճառներով հալածվեց: Շատ անվանի երաժիշտներ, այդ թվում եւ մեծն Թաթուլ Ալթունյանը թառ չի սիրել, մեր երգի-պարի անսամբլում էլ մինչեւ հիմա բացակայում է թառը: Մինչդեռ, օրինակ, Մակար Եկմալյանն ու անզուգական թառահար Սողոմոն Սեյրանյանը հիանալի մեղեդիներ էին նվագում թառով»,- փաստեց Հովհ. Սահակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել