Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌ ՉԻ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ

Հունվար 26,2007 00:00

 \"\"Ասում է ամերիկահայ վերլուծաբան
Ռիչարդ Կիրակոսյանը

– Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններն ու բողոքի հուժկու ալիքը, ոմանց գնահատմամբ, կարող են շրջադարձային լինել հայ-թուրքական հարաբերությունների իմաստով: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը:

– Հրանտ Դինքի սպանությունը շատ առումներով Թուրքիայի ներսում տեղի ունեցող գործընթացների, քան հայ-թուրքական հարաբերությունների հետեւանք էր: Այդ սպանությունը թուրքական ազգայնամոլության արդյունք էր, որն ուղղված էր Դինքի դեմ՝ ոչ միայն որպես հայի: Բայց սպանությանը հաջորդած իրադարձությունները հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից շատ հետաքրքիր են, որովհետեւ ակնհայտ դարձավ, որ Թուրքիայի կառավարությունը կանգնած է նոր մարտահրավերների առաջ: Դինքի մահը եւ դրա ազդեցությունը Թուրքիայի վրա՝ հասարակական կարծիքը, բնիկ թուրքերի ցույցերը Ստամբուլում, Իզմիրում եւ Անկարայում, նոր փոփոխություններ առաջ բերեցին նախեւառաջ հասարակական գիտակցության մեջ: Սպանությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները, կարծում եմ, կճնշեն Թուրքիային՝ կամք ցուցաբերել Հայաստանի հետ երկխոսություն սկսելու կամ սահմանը բացելու հարցում:

Մինչ օրս Թուրքիան Բաքվի՝ Ղարաբաղի խնդրով պայմանավորված քաղաքականության պատանդն էր: Ես լավատես եմ եւ կարծում եմ, որ այս հարցում առաջընթաց կլինի, քանի որ Եվրամիությունը, նաեւ ԱՄՆ-ն ճնշում են բանեցնում Թուրքիայի վրա՝ ապաշրջափակելու Հայաստանը, նաեւ Թուրքիայում շատերն են հասկացել, որ Հայաստանի շրջափակումը ձախողվել է: Բայց կարեւոր է նաեւ այն, որ Թուրքիայում Հայաստանի նկատմամբ մտածողության փոփոխությունը պայմանավորված է ոչ միայն Դինքի սպանությամբ, այլեւ Թուրքիայի արեւելյան քրդաբնակ շրջանների տնտեսական զարգացման մտահոգությամբ: Նախքան Հրանտ Դինքի սպանությունը, շատ թուրքեր ցանկանում էին սահմանը բաց տեսնել եւ դրա հիմնական պատճառը հենց իմ նշած շրջանների տնտեսական զարգացումն է, որովհետեւ հետամնաց քրդաբնակ այդ շրջանները վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար, իսկ սահմանների բացման եւ հիշյալ շրջաններում տնտեսական զարգացման ճանապարհով Թուրքիան ցանկանում է կայունացնել ու անվտանգ դարձնել դրանք: Արժե հիշել նաեւ, որ առաջին անգամ զինվորական որոշ շրջանակներ են ցանկություն հայտնել բաց տեսնել, Հայաստանի սահմանը՝ դրանով փորձելով զարգացնել ու վերահսկել Արեւելյան Թուրքիայի շրջանները: Այսինքն՝ հայ-թուրքական սահմանի բացումը բխում է հենց Թուրքիայի շահերից, սակայն դա դեռեւս դիվանագիտական հարաբերությունների հաստատում չի նշանակում, թեեւ, ըստ իս, ավելի կարեւոր է դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, քանի որ միայն սահմանի բացումը բավարար չէ տնտեսական կապերը զարգացնելու համար:

– Դինքի սպանությանը հաջորդած հարյուր հազարանոց բողոքի ակցիային, ըստ ամենայնի, մասնակցում էին միայն առաջադեմ թուրքերը, մինչդեռ այնտեղ կան նաեւ արմատական ազգայնականներ, որոնց ձայնն այդ օրերին լսելի չէր: Արդյո՞ք նացիոնալիզմն այդ երկրում վերջնականապես նահանջ կապրի, մանավանդ որ՝ Ցեղասպանության ճանաչման հարցը դեռ օրակարգում է:

– Դինքի հիմնական նպատակը հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն էր, սակայն ավելի հետաքրքիր են նրա տեսակետները Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Նրա կարծիքով, Ցեղասպանության ճանաչման ճանապարհը չպետք է անցնի Վաշինգթոնով կամ Բրյուսելով: Դա պետք է լինի Թուրքիայի ներսում, եւ նրա մահը հաստատեց այդ միտքը, որովհետեւ այսօր Ցեղասպանության ճանաչման ասպարեզն այնտեղ է՝ Թուրքիայում, եւ դա ճիշտ է: Դինքի սպանությունը ցույց տվեց, որ այդ հարցի քննարկումը Թուրքիայում ակտիվացել է: Մի կողմում առաջադիմականներն են, որոնք ձգտում են ԵՄ, մյուս կողմում՝ ավելի փոքրաթիվ, բայց զորավոր համաթուրքական գաղափարների կրող ազգայնականները: Հիմնական վտանգն այս իմաստով այն է, որ Թուրքիան կարող է չմտնել ԵՄ: Այդ դեպքում նա կդառնա ավելի նացիոնալիստական եւ իր պանթուրքիստական հայացքը կրկին կուղղի դեպի Արեւելք, ինչը վտանգավոր է Հայաստանի համար: Երկրորդ, վերջին սգո ցույցերը, ըստ էության, ներկայացնում էին Թուրքիայի խոշոր եւ Արեւմուտքի ազդեցությունը կրող քաղաքների բնակչության վերաբերմունքը: Արեւելյան եւ գյուղական մյուս բնակավայրերում, որտեղ ավելի ազդեցիկ են ազգայնականները, հնարավոր է, որ մարդիկ այլ բան են կարծում: Ու որքան էլ կարեւոր է, որ Թուրքիայի մեծ քաղաքներում մարդիկ հանդես են գալիս Դինքի սպանության դեմ, բայց դա դեռեւս ամբողջ Թուրքիան չէ, եւ Արեւելյան Թուրքիայում հնարավոր է, որ դա նույնիսկ հակազդեցություն առաջացնի:

– Հայաստանում գերակայող է այն կարծիքը, թե Դինքի սպանությունը Ցեղասպանության շարունակությունն է, որ դա հետեւանք է Թուրքիայում տիրող անհանդուրժողականության: Կարծում եք Հայաստանում հասարակությունն ավելի՞ հանդուրժողական է նույն թուրքերի նկատմամբ:

– Նախ, առաջին դիտարկման հետ համաձայն չեմ: Երկրորդ, անպտուղ եւ անարդար է համեմատել հայերի եւ թուրքերի հանդուրժողականության մակարդակը, որովհետեւ հայերը Թուրքիայի կողմից ցեղասպանության եւ շրջափակման զոհի կարգավիճակում են, եւ հայերի անհանդուրժողականությունը թուրքերի հանդեպ, ըստ իս, բնական է: Առաջին հերթին Թուրքիան կարիք ունի կոտրելու ստեղծված կարծրատիպերը եւ վերջ տալու անհանդուրժողականությանը: Այդ առումով այսօր գնդակը Թուրքիայի դաշտում է: Երբ Թուրքիան ավելի հանդուրժողական դառնա՝ Հայաստանը նույնպես այդպիսին կդառնա: Եթե Թուրքիան խելացի լինի՝ կճանաչի Ցեղասպանությունը, իսկ դրան հասնելու համար Թուրքիան հասունացման կարիք ունի, որի ճանապարհին է այժմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել