Հայաստանի համայնքների մոտ 10 տոկոսը մեկ տարում ոչ մի որոշում չի ներկայացրել մարզպետարան
2009 թվականի սեպտեմբերի 3-ին՝ «Մարզպետներն ու ՏԻՄ-երը» հրապարակմամբ ներկայացրել ենք Հայաստանի համայնքների ղեկավարների ընդունած իրավական ակտերի նկատմամբ մարզպետների իրականացրած իրավական հսկողության արդյունքները՝ ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից ստացած տվյալների: Ներկայացված էր 2008-ը եւ 2009-ի առաջին կիսամյակը: Պատկերը հետաքրքիր էր: Օրինակ՝ եթե համայնքի ավագանին oրենuդրությանը հակաuող որոշումներ ընդունի, ապա մարզպետը կարող է դրանք փոփոխելու նպատակով ավագանու արտահերթ նիստ հրավիրելու առաջարկ անել համայնքապետին: Գեղարքունիքում մարզպետը նման ոչ մի առաջարկ չէր արել: Մարզպետը կարող է իր ցանկալի արդյունքին հասնելու համար դիմել դատարան: Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Շիրակում, Կոտայքում, Տավուշում եւ Սյունիքում մարզպետները համայնքի ավագանու որեւէ որոշում դատական կարգով բողոքարկելու հայց չէին ներկայացրել, ոչ մի մարզպետ լիազորությունները չկատարելու կամ իրավական ակտերը պարբերաբար խախտելու հիմքով որեւէ համայնքապետի պաշտոնանկ անելու առաջարկ չէր ներկայացրել: Այսքանից հետո ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը եզրակացրել էր, որ մարզպետների իրականացրած իրավական հսկողությունը ձեւական բնույթ է կրում: «Առավոտն» էլ գրել էր՝ «Մի կողմից կարելի է ուրախանալ, որ համայնքապետերը այնքան լավ են աշխատել, որ ոչ մի իրավական ակտ չեն խախտել, դատարան գնալու կամ պաշտոնանկության հարկ չի եղել: Կարելի է ուրախանալ, որ մարզպետները անհարկի չեն միջամտում համայնքային իշխանությունների աշխատանքին: Բայց մյուս կողմից, երբ հիշում ենք, որ շատ հաճախ համայնքապետը մարզպետի որդին է, հարազատը, կամ հիշում ենք, թե ինչպես են մարզպետը, համայնքապետն ու ավագանու անդամները միասին մասնակցում համապետական ընտրությունների կեղծմանը՝ հօգուտ օրվա իշխանությունների, այլ հետեւության է հանգեցնում մարզպետ-համայնքային իշխանություններ սահուն եւ համերաշխ աշխատանքը»:
Այս անգամ էլ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մեզ է տրամադրել ավագանու որոշումները մարզպետարաններ ներկայացնելու վերաբերյալ տեղեկանք: Պարզվում է, որ 2009-ին ՀՀ բոլոր տասը մարզերի բոլոր 914 համայնքները միասին մարզպետարաններ են ներկայացրել 15 039 որոշում: Ամենաշատ որոշումները կայացվել է Կոտայքում՝ 2310, ուր կա 67 համայնք: Ամենաքիչը՝ Արագածոտնում, ուր համայնքները մոտ երկու անգամ շատ են՝ 114: Ամենաշատ համայնք ունեցող Շիրակում (119) մարզպետարան է ներկայացվել ավագանու 1251 որոշում: Շիրակը այլ հարցում է առաջատար: Ներկայացված որոշումներից 503-ում կամ մոտ 40 տոկոսում մարզպետարանը խախտումներ է տեսել եւ որոշումը հետ վերադարձրել: Հայաստանին գլխավոր դատախազ տված Արագածոտնի մարզում էլ խախտումներ կան մարզպետարան ներկայացրած որոշումների 20,8 տոկոսում: Ամենաօրինացը Արարատի մարզի համայնքապետերն են. մարզպետարան ներկայացրած 2280 որոշումից միայն 42-ում կամ 1,8 տոկոսում են խախտումներ եղել: Ընդհանուր առմամբ, 10 մարզպետարան ներկայացված 15 039 որոշումից՝ հետ է վերադարձվել 1095-ը կամ 7,3 տոկոսը: Այս 1095-ից էլ միայն 958-ի դեպքում է ավագանու նիստ հրավիրվել եւ հարցը քննարկվել: 137 դեպքում համայնքապետերը անտեսել են մարզպետարանի դիտողությունը: Մեկ տարվա ընթացքում կայացված հազարավոր որոշումների պարագայում Տավուշում՝ մեկ եւ Վայոց ձորում՝ երկու դեպքում համայնքապետը չի համաձայնել մարզպետի դիրքորոշման հետ: Զուգադիպություն. Տավուշում՝ մեկ, Վայոց ձորում՝ երկու անգամ մարզպետը ավագանու որոշումը անվավեր ճանաչելու հայց է ներկայացրել դատարան: Նման երկու հայց էլ ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետը:
Հայաստանի 914 համայնքներից 85-ը ընդհանրապես որեւէ որոշում մարզպետարան չի ներկայացրել: Դրանք են. Արագածոտնի 114 համայնքներից՝ 22-ը, Գեղարքունիքի 92 համայնքներից՝ 15-ը, Շիրակի 119-ը համայնքներից՝ 48-ը:


















































