Մոտակա ամիսներին ավելի ու ավելի արդիական կդառնա «ինչպես են կուսակցությունները պատրաստվում ընտրություններին» թեման: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են, կարծում եմ, մոտ 10-15 կուսակցություններ եւ դաշինքներ: Բոլորը, բնականաբար, հայտարարելու են, որ հեշտությամբ հաղթահարելու են 5 տոկոսանոց շեմը: Սակայն պարզ է, որ այդ 10-15-ի միայն կեսն է անկեղծորեն հավատում, որ կարող է հայտնվել խորհրդարանում, իսկ մյուս կեսը մասնակցելու է ընտրություններին միայն մի նպատակով՝ որ հետագա 5 տարիների ընթացքում նրանց ամբողջությամբ չմոռանան եւ մեկ-մեկ հացազրույցներ վերցնեն: Դա նորմալ մարտավարություն է եւ ամենեւին կշտամբելու չէ:
Իսկ նրանք, ովքեր իրական հնարավորություն ունեն՝ ապահովելու իրենց ներկայությունը ԱԺ-ում, այսօր փորձում են համախմբել իրենց բոլոր ռեսուրսները: Թե որոնք են ՀՀԿ-ի նախընտրական ռեսուրսները, բոլորին հայտնի է՝ դա ամբողջ բյուրոկրատիան է եւ բոլոր պետական հիմնարկները՝ սկսած մանկապարտեզներից, վերջացրած նախարարություններով: Չկա Հայաստանում, ենթադրենք, որեւէ դպրոցի տնօրեն, որը հրապարակավ կհայտարարի, թե նա ՀԱԿ-ի կամ «Ժառանգության» համակիրն է: Եթե նա նման բան անի, դպրոցը կհայտնվի այնպիսի անմխիթար վիճակում, որ այդ տնօրենը ստիպված կլինի հրաժարական տալ: Մոտավորապես նույն աղբյուրից, բայց, բնականաբար, ավելի փոքր մասշտաբով օգտվում են կոալիցիոն մյուս երկու կուսակցությունները: Այդ մեխանիզմն, ըստ էության, գործում է 95 թվականից: Շատ հնարավոր է, որ առաջիկա ընտրություններում ի հայտ գան փոքր-ինչ նոր երանգներ. կա հավանականություն, որ իշխանությունը կփորձի ի հայտ գալ քիչ թե շատ «մարդկային դեմքով» ու չի դրսեւորի, ինչպես առաջներում, ծայրահեղ կոպիտ եւ ամբարտավան կեցվածք՝ «մեր դեմ խաղ չկա» օպերայից: Հենց դրան են, հավանաբար, ուղղված վերջերս անցկացվող կադրային փոխատեղումները:
Ընդդիմադիր կուսակցությունները վերոհիշյալ ռեսուրսից զուրկ են՝ նրանք կարող են հույսը դնել բացառապես հասարակական ակտիվության վրա: Քանի որ Հայաստանում իրենց կյանքից դժգոհ մարդիկ մի քանի անգամ ավելի շատ են, քան նրանք, ովքեր կարողանում են իրենց գլուխը պահել, թվում է, թե ընդդիմադիրների մարդկային ռեսուրսը հսկայական է: Բայց իրականում այդ դժգոհներից քանի՞սն են գալիս հանրահավաքների, իսկ եկողներից քանի՞սն են պատրաստ որպես վստահված անձ կամ դիտորդ ընտրությունների ժամանակ պայքարել ընտրակեղծարարների դեմ: Ստացվում է, որ քանակական այդ առավելությունը միայն թվացյալ է: Այնուամենայնիվ, որոշակի հույսեր է ներշնչում այն, որ, մասնավորապես, ՀԱԿ-ը կարողացել է այս 4 տարում իր կողմը քաշել ակտիվ երիտասարդների: Թերեւս նրանք այնքան էլ շատ չեն, բայց եթե հավաքվի մոտ երկու հազար հոգի, նրանց տրվի տեսագրություններ կատարելու համար անհրաժեշտ տեխնիկա, ապա բացառված չէ, որ քվեարկության ժամանակ իշխանությունը կզգուշանա դիմել «վճռական» քայլերի:
Ընդդիմության ռեսուրսները, բնականաբար, չեն բավարարի ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելուն: Բայց եղած ռեսուրսների օգտագործումը, ինչպես նաեւ իշխանությունների որոշակիորեն նոր մոտեցումները, հույս կա, որ չեն բերի հայտնի «հետընտրական պրոցեսների»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































