
Այսուհանդերձ՝ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը շտապեց հերքել սատարման մասին պնդումը՝ Aravot.am-ին տված հարցազրույցում պարզաբանելով. «Կուսակցության դիրքորոշումն արտահայտում է կուսակցության նախագահը, իսկ այդ հարցի վերաբերյալ պարոն Ծառուկյանը բազմիցս է արտահայտվել, եւ ոչինչ չի փոխվել դրանից հետո»` նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանի «այդ մասին` հաջորդ դասին» ձեւակերպումը:
Մի թերեւս անկարեւոր ու փոքրիկ դիտարկում. Գագիկ Ծառուկյանը տվյալ ձեւակերպումն անցած տարվա մայիսի 23-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այդպես հանգավորված չէր արտահայտել: Այդպես նրա խոսքը փոխանցել էր լրատվամիջոցների մի մասը: Իսկ իրականում նա «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե միգուցե նախագահական ընտրությունների՞ էլ են գնալու, բարձրաձայն ծիծաղելով պատասխանել էր. «Մնացածը` մյուս դասին»: Ապացույցը՝ ձայնագրությունն է:48cdeca7-1ec3-4bae-b295-55ea2ca44399 Եվ առավել հետաքրքիր է, որ հետո ինքը՝ պրն Ծառուկյանը սեփական խոսքը մեջբերում էր ոչ թե այնպես, ինչպես իրականում ասել էր, այլ այնպես՝ ինչպես այն փոխանցել էին լրագրողները: Ինչպես ասենք «Ժամի» այս հարցազրույցում էր.
– Ո՞ւմ է պաշտպանելու ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում:
Կարդացեք նաև
– Սկզբում խորհրդարանական ընտրություններն են: Դա հիշեք: Ի դեպ, ես այս հարցին, ամիսներ առաջ կեսկատակ- կեսլուրջ պատասխանել եմ` «այդ մասին հաջորդ դասին». Պատասխանը մնում է ուժի մեջ:
Ինչեւէ՝ ԲՀԿ առաջնորդի գործն է, թե ինչպես է ներկայացնում սեփական խոսքը, հավատարի՞մ է ստորագրած հայտարարությանը, թե՞ ԱԺ ընտրություններից հետո պատռել-գցելու է այդ թուղթը: Նաեւ լրագրողների սրբազան իրավունքն է գնահատողական դատողություններ անելով՝ «ականներ» որոնել ու փորձել զբաղվել «ականազերծման» աշխատանքներով:
Բայց հետեւելով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության առնչությամբ հնչած գնահատականներին՝ վաղուց ուզում եմ հարց տալ, թե այդ տրամաբանությամբ՝ ուրեմն էլ ո՞վ ական չէ ՀԱԿ-ում: Թերեւս Հրանտ Բագրատյանը, քանի որ ասուլիսում դրական էր խոսել այդ վերլուծության մասին՝ նշելով. «Լևոն Տեր–Պետրոսյանն իր հայտարարությունով դրդեց, որ ԲՀԿ–ն և ՀՀԿ–ն իրենց հարաբերությունները շուտ պարզեն»: Գուցե նաեւ Լյուդմիլա Սարգսյանը, որը «Հրապարակին» ասել էր. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդամենը լայն հասարակությանը ներկայացրեց այն իրավիճակը, որ տիրում է Հայաստանում, եւ այն հեռանկարը, որ սպասում է ԲՀԿ-ին: Եվ միանշանակ ԲՀԿ-ն ստիպված է լինելու ընտրություն կատարել: Կարող եմ ասել, որ քաղխորհրդի նիստին մասնակցած կուսակցությունների ներկայացուցիչների 90 տոկոսը կողմ էր այդ վերլուծությանը»:
90 տոկո՞ս: Սակայն ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարների շարքում շատ ավելին են նրանք, որոնք հրապարակավ դեմ են հանդես եկել այդ հնարավոր համագործակցությանը: Մեկն, ասենք, «Այլընտրանք» նախաձեռնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն է, որը գրել էր. «Իմ քաղաքական գործունեության նպատակը ինչպես եղել, այնպես Էլ մնում է «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» կարգախոսի իրագործումը: Եվ, կարծում եմ՝ ընթացիկ քաղաքական շրջափուլում այդ կարգախոսի հրատապությունն ու արդիականությունը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է՝ դառնալով կրիտիկական։ Իմ այս դիրքորոշման մասին ով չգիտեր, թող իմանա»:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը մեր թերթին տված հարցազրույցում ասել էր. «Համագործակցության մասին հարցը կարելի է քննարկել միայն այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից եւ դառնա ընդդիմություն: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, ավելորդ են խոսակցություններն այդ հարցի շուրջ»:
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում հայտարարել էր. «Մենք ունենք տարաձայնություններ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ այդ առումով»:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ էր ասել «Ժողովուրդ» թերթին. «Մեր կուսակցությունում այս հարցի վերաբերյալ եղել է քննարկում: Մենք շատ ենք կասկածում, որ ԲՀԿ-ն կթոթափի օլիգարխիայի լուծն ու ազնվորեն՝ հանուն պետության, ժողովրդի շահերի, Կոնգրեսի հետ կհամագործակցի: Պետք չէ իշխանությունը տարանջատել օլիգարխներից»:
Ռուբեն Թորոսյանը, որը ՀԱԿ-ում հանդես է գալիս իբրեւ «Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահ՝ իր գլխավորած բազմաթիվ կազմակերպություններից մեկ ուրիշի՝ ՀՊԱԿ-ի անունից տարածել էր հաղորդագրություն, որում նշել էր. «ԲՀԿ-ն գլխիկոր մասնակցում է ՀՀԿ-ական բոլոր օրինախախտումներին եւ, առաջին հերթին, ընտրախախտումներին»:
ՀԱԿ-ում ներառված այլ կառույցների՝ ՀՀՇ-ի, ՀԼԿ-ի, Հայաստանի կանաչների, «Հայրենիք եւ պատիվ», «Հայոց Հայրենիք», «Ժողովրդավարական ուղի», ««Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» եւ Պահպանողական կուսակցությունների, «Հայ կամավորականների շարժում» եւ «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնությունների ղեկավարներն այս վերլուծության մասին կարծես թե կարծիք չեն հայտնել (նրանց մի մասն ընդհանրապես որեւէ հարցի շուրջ հրապարակավ կարծիք չի հայտնում) . համենայնդեպս՝ ինձ դրանք հայտնի չեն: Ու բացառված չէ, որ այստեղ էլ կան ականներ, բայց լավ թաքնված: 🙂
Ամփոփենք բազմաթիվ անհայտներով այս հավասարումը: ՀԱԿ անդամ 18 ուժերից ընդամենը երկուսի ղեկավարների խոսքը կարելի է գնահատել իբրեւ հօգուտ ԲՀԿ-ի, իսկ 5-ը դեմ են արտահայտվել առնվազն ներկա փուլում համագործակցությանը, եւ հենց այդ հնգյակի մեջ են ՀԱԿ-ի հիմնական ուժերը՝ ՀԺԿ-ն ու «Հանրապետությունը» մասնավորապես: Չի՞ ստացվում արդյոք, որ ՀԱԿ-ում «ականները» մի տեսակ ավելի շատ են, քան «չականները»:


















































